Չորեքշաբթի, 26 սեպտեմբերի

Գեղամաբակը համայնքապետի ագարակն է



Համայնքապետի ընտանիքը քարկոծեց «սեփական» ագարակ ոտք դնող լրագրողներին

Հուլիսի 29-ին Գեղամաբակ էինք մեկնել համայնքապետարանի գործունեության վերաբերյալ նկարահանում կատարելու համար եւ, ի զարմանս մեզ, որ նախորդ այցերի ժամանակ համայնքապետարանի դուռը երբեք բաց չէինք տեսել, այս անգամ այն բաց էր:

Ինչպես քիչ հետո պարզվեց, պատճառն «անարդար ընտրությունների եւ համայնքապետի յուրացրած գումարների վերաբերյալ» գյուղի բնակիչների բողոքներն էին` ուղղված իշխանություններին, որի համար գյուղ գործուղված քննիչը համայնքապետարանում բացատրություն էր թելադրում մի երիտասարդի: 


Հունիսի 22-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիսի վարչատարածքի Գեղամաբակ գյուղում համայնքապետի ընտրություն էր տեղի ունեցել եւ վերընտրվել էր գործող համայնքապետ Գագիկ Բարսեղյանը, ով արդեն 9 տարի զբաղեցնում է այդ պաշտոնը: Ընտրությունների ավարտը, սակայն, ընդվզումի նոր ալիք էր բարձրացրել գյուղում. Գեղամաբակի տերը լինելու պայքարն ավելի էր թեժացել գյուղի մշտական բնակիչների` «օտարների» եւ գյուղում իրավաբանական գրանցում ունեցողների` «դաչնիկների» միջեւ:

Համայնքապետի ասելով` Գեղամաբակի 91 ընտրողներից ընտրություններին մասնակցել է 81-ը, եւ նրանցից 55-ը քվեարկել է իր, իսկ 23-ը` մրցակից թեկնածու Վարդան Սաղաթելյանի օգտին: Հենց այս թիվն էլ հունից հանել էր բնակիչներին, որոնք պնդում էին, որ գյուղում մշտապես բնակվողներից 48-50-ը ընտրելու իրավունք ունի, մյուսները Վարդենիս քաղաքի բնակիչներ են, համայնքապետի ազգականները, որոնց նա օգտագործում է ընտրությունների ժամանակ քվե ապահովելու եւ անհրաժեշտ այլ դեպքերում: Նրանց ասելով` Գեղամաբակն ամառանոց է ինչպես նրանց, այնպես էլ հենց իր` համայնքապետի համար, որը Վարդենիս քաղաքից է «կառավարում» գյուղը: «Նրանք տնօրինում են գյուղի հողերը, հիմա էլ տեղաբնակների համար համայնքապետ են ընտրում»,- վրդովված հայտնեցին մի խումբ կանայք: Վերջիններիս ասելով` գործող համայնքապետին դեմ քվեարկողները ենթարկվում են համայնքապետի ու նրա ընտանիքի, որ նույնն է թե` գյուղի ավագանու հաշվեհարդարին:

Գեղամաբակ գյուղի ավագանու 4 անդամներից 3-ը համայնքի ղեկավարի ընտանիքի անդամներն են` հայրը` Վիկենդի Բարսեղյանը, մայրը եւ կինը` Լյուբա եւ Անահիտ Բարսեղյանները: Ավագանու չորրորդ անդամը նրա ընկերն է` Հովիկ Թովմասյանը, ով հաշվառված է Գեղամաբակում, սակայն մշտապես բնակվում է Վարդենիս քաղաքում: Գեղամ Բարսեղյանի ասելով` ավագանու 5-րդ անդամի տեղը թափուր է մնացել «ցանկացող չլինելու պատճառով»: Սա, իհարկե, այն դեպքը չէ, երբ, իրոք, ցանկացողներ չեն լինում: «Երբ իմացանք, որ ավագանի պետք է ընտրվի, ուզեցինք թեկնածու առաջադրել, բայց համայնքապետն ասաց, որ տեղերն արդեն լրացել են, փաստաթղթերը չվերցրեց»,- ասաց բնակչուհի Գոհարիկ Սարգսյանը:

Գեղամաբակում եղած սակավաթիվ աշխատատեղերը, որից մեկը գյուղի ութամյա դպրոցն է, նույնպես նրա ընտանքի անդամներն են զբաղեցնում` հայրը եւ կինը: Համայնքային ենթակայության երկու հիմնարկները` ակումբն ու գրադարանը, ներկայումս չեն գործում: Բնակիչների ասելով` համայնքապետը քանդել է գյուղի ակումբը եւ իբրեւ շինանյութ վաճառել ոմն Մանվելի, որն այդ գործով է զբաղվում: «Մշակույթի տունը ե՛ւ քանդելու, ե՛ւ ծախելու պահին ներկա եմ եղել»,- հաստատակամ պնդեց գյուղի բնակիչներից Արամ Աֆյանը:
Գեղամաբակի բնակիչները 1989 թ. Ադրբեջանից բռնի տեղահանվածներն են: Նրանց մի մասը, տարիների ընթացքում չհամակերպվելով սահմանամերձ գյուղերում ստեղծված ծանր կացութաձեւին, հեռացել է, մյուսները, ինչպես համայնքապետը հայտնեց, համակերպվել են իրենց վիճակի հետ ու հաստատվել այնտեղ: Սակայն 19 տարուց ավելի տնօրինելով իրենց բաժին հասած տներն ու հողակտորները` այդպես էլ նրանց օրինական տերը դառնալու հնարավորություն չեն ստացել: Այդ հանգամանքը, բնակիչների ասելով, «անհնազանդներին» պատժելու հնարավորություն է տալիս գործող համայնքապետին` իրեն դեմ քվեարկողներից խլում է նրանց ունեցվածքը եւ այն համայնքային սեփականություն համարելով` տնօրինում կամ վաճառում: Հատկապես, երբ գյուղը ղեկավարող ընտանիքի մյուս անդամ-ավագանիների համաձայնությունն ու աջակցությունը կա այդ ամենի համար:

«Բնակչության հետ կապը ինչպե՞ս է իրականացվում, նրանք ի՞նչ հարցերով են դիմում ձեզ»,- հարցնում եմ համայնքապետ Գեղամ Բարսեղյանին: «Խնդիրներ գյուղում շատ կան: Գյուղացիները, պարզ է, պետք է զբաղվեին հողագործությամբ, կարտոֆիլ եւ հացահատիկ են ցանում, պիտի ասա` ինչի՞ է վառելանյութը թանկ, մենք գյուղում մեխանիզացիա չունենք, տրակտոր ենք բերել Վարդենիսից, որ աշխատանքը կատարեն: Վառելանյութը թանկանում է, իսկ գյուղմթերքների արժեքն իջնում է, բայց մարդիկ հարկադրված էլի մշակում են»,- ասաց համայնքապետը` իրեն չզատելով մյուս գեղամաբակցիներից:

Համայնքապետից փորձեցինք ճշտել, թե իրենց աշխատանքների, ավագանու նիստում քննարկվող հարցերի մասին ինչպե՞ս են իրազեկում բնակչությանը: «Հայտարարությունները համայնքապետարանի պատերին փակցնում ենք, որ մարդիկ կարդան»,- եղավ պատասխանը: Պատին փակցված գրություններից ուշադրությունս գրավեց անուն-ազգանունների մի ցուցակ: Ենթադրեցի, թե դա պարտք ունեցող հարկատուների ցուցակը կարող է լինել, սակայն համայնքապետը ճշտեց` «Հանրապետական» կուսակցությանն անդամագրված գյուղացիների ցուցակն է:

«Հարկերը նորմալ հավաքագրվում են, անցյալ տարի 100 % ենք հավաքագրել: Մարդկանց որ ասում ենք` կառավարությունն ուզում է, որ հարկերը հավաքենք` տալիս են: Բացի այդ, կառավարությունն էլ դոտացիա է տալիս, դոտացիան էլ իր լիազորությունները 100 %-ով կատարում է: Տարեկան 2 մլն դոտացիա ունենք, հարկերն էլ հետը բյուջեն մի կերպ հերիքում է աշխատավարձին, քանի որ շատ աղքատիկ բյուջե ունենք»,- հայտնեց Գ. Բարսեղյանը: Համայնքապետարանը 4 աշխատող ունի` համայնքապետ, աշխատակազմի ղեկավար, հաշվապահ, հավաքարար: Համայնքապետի աշխատավարձը 60 հազար դրամ է, աշխատակազմի ղեկավարինը` 35 հազար դրամ եւ այլն: Համայնքապետարանը նաեւ 3 մլն դրամ աշխատավարձի պարտք ունի, որը, համայնքապետի ասելով, 15 տարվա կուտակած պարտք է եւ ներկայումս մաս-մաս մարվում է:

Մեր հարցին, թե հարկերը 100 % հավաքագրելու դեպքում կարողանո՞ւմ եք ինչ-որ ձեւով աջակցել բնակիչներին, «չէի ասի»` եղավ անկեղծ պատասխանը: Մեկ ուրիշ դեպքում Գ. Բարսեղյանը հայտնեց, որ ամեն տարի ավագանու նիստով հաստատում են, թե ինչ է պետք անել համայնքի բարելավման համար եւ բյուջեով գումար են նախատեսում: Նրա ասելով` համայնքի զարգացման եռամյա ծրագիր կա: «Միշտ նույն բանն է: Մեր ցանկացած եռամյա ծրագրով, եթե գարուն է` նախատեսում ենք նորմալ սերմացուի ձեռք բերում եւ խմելաջրի խնդրի լուծում: Նույն կետերը մնում են ծրագրում: Գյուղի ութամյա դպրոցը վերանորոգման կարիք ունի, ոռոգման ջրի խնդիր ունենք: Մեր հիմնական ջուրը 17 կմ հեռավորությունից է գալիս եւ վերանորոգման խիստ կարիք ունի: Մարզպետարանի միջոցով լուծվեց` հիմա գյուղը ոռոգվում է պոմպակայանով: Խմելու ջրի խնդիրը շատ լուրջ է` գյուղում մի ծորակ կա, ջուրը մոտ 22 կմ հեռավորությունից է գալիս: Բազմաթիվ միջազգային կազմակերպությունների ենք դիմել, բայց դա ծախսատար է, եւ քանի որ բնակչության թվաքանակը փոքր է, չեն ցանկանում ներդրումներ անել»,- հայտնեց համայնքապետը:

Ջրի բացակայությունը գյուղի բնակիչների ամենացավոտ հարցն է, խմելու ջուրը նրանք բերում են 1 կմ հեռավորությունից` հարեւան Շատջրեք գյուղից:

«Ո՞րն է համայնքապետի դերակատարությունը գյուղի կյանքում: Ի՞նչ եք կարողանում անել բնակիչների համար» մեր հարցին ի պատասխան` համայնքապետը հայտնեց, որ ծրագրեր են բերում. ««Վորլդ Վիժն» կազմակերպությունը մի ծրագրով տների հիմքերն ամրացրեց, կենդանիներ տվեցին բնակիչներին` ոչխար, բազմազավակ մի ընտանիքի մեղվի 3 փեթակ տվեցին: Համայնքի պահուստային ֆոնդում մնացած վերջին 20 հա հողը տրամադրել ենք մի կազմակերպության, որ գյուղացիների համար առվույտ ցանի: Ձմռանը միջհամայնքային ճանապարհը պետք է բացենք` բուքը լցնում է»:

Արժե՞ սրա համար տարեկան մի քանի միլիոն դրամ աշխատավարձ հատկացնել մի քանիսին, փոխհատուցել համայնքապետի` «սեփական ագարակ» գնալ-գալու, բջջային հեռախոսի եւ մյուս ծախսերը:

«Ի՞նչ շահագրգռող բան կա համայնքապետի աշխատանքում, որ ընտրություններում այդքան թեժ մրցակցություն է եղել»,- մեր հարցին Գ. Բարսեղյանը պատասխանեց, որ եթե մրցակիցներն իմանան, թե ինչ դժվարություններ կան, չեն ցանկանա համայնքապետ դառնալ: «Բայց դուք գիտեք դժվարությունների մասին ու ցանկացել եք»,- նկատեցինք մենք:

Ավելին, համայնքապետը լրջորեն պատրաստվել էր ընտրություններում մրցակից 2 թեկնածուներին հաղթելու համար: Սեղանին դրված էր մեզ անծանոթ թերթի մի տրցակ, որտեղ նա ներկայացրել էր Գեղամաբակում ունեցած իր 9-ամյա ավանդը, եւ արդյունքը գոհացուցիչ է եղել` ընտրություններին մասնակցած 81 անձանցից 55-ը քվեարկել է իր օգտին:

Համայնքապետի ասելով` գյուղն ունի 150 բնակիչ, 28 ծուխ: Վերջին 5 տարիներին գյուղացիների թվաքանակը փոփոխության չի ենթարկվել` արտագաղթ չի եղել, աճ էլ չկա, հիմնականում տարեցներ են, բացի 2 ընտանիքից: Երիտասարդները հեռացել են, մնացածը հարմարվել են իրենց պայմաններին: Համայնքապետը, սակայն, հակասեց ինքն իրեն, երբ գյուղի բնակիչների վիճակագրությունը ներկայացրեց ըստ գրանցամատյանի, որտեղ աշխատունակ տարիքի 50-55 մարդ էր գրանցված:

Համայնքապետի այս վիճակագրության հետ համամիտ չեն Գեղամաբակում փաստացի բնակվողները: «Դրանք դաչնիկ են, ի՞նչ կապ ունեն գյուղի հետ: Իր հարազատներին գրանցել է գյուղի քանդված տներում: Ապրիլին գալիս են յուղ ու պանիր են սարքում, հոկտեմբերին գնում են: Վարդենիսցին ավելի շատ արտոնություններ ունի այստեղ, քան մենք, միայն գալիս են ընտրությանը մասնակցում, գնում: Համայնքապետն ասում է` սա իմ ագարակն է, իմ կռանտն է: Ճանապարհն էլ որ անցնում ենք, ասում է` դա մերն է: Ստրկուհի Իզաուրայի վիճակում ենք: Գյուղը բաժանել է մերոնց ու ձերոնց. ով ընտրել է` իրենն է, ով չի ընտրել` օտար է: Նա 9 տարվա մեջ ոչ մի լավ բան չի արել»,- ասաց Հերմինե Մանուկյանը:

Գ. Բարսեղյանի ասելով` բնակիչների բողոքի հիմքում, որի վերաբերյալ քննիչը քննություն էր վարում, 2000 թ. հեռուստատեսային «Համով լոտո» հաղորդաշարով շահած 200 հազար դրամն է, որը «գրվել է 400 հազար դրամ»: «Ինչի՞ն եք նպատակաուղղել գումարը»,- մեր հարցին պատասխանեց, որ դրանով բնակչության հողի հարկի պարտքն են մարել:

Հանրապետության գլխավոր դատախազին ուղղված գրությամբ բնակիչները տեղեկացրել են, որ համայնքապետի մայրը վիրավորում է երիտասարդ կանանց ու աղջիկների պատիվն ու արժանապատվությունը: ՀՀ նախագահին ուղղված դիմումով տեղեկացրել են բնակելի տները քանդելու ու վաճառելու մասին:

«Քանի որ գյուղում աշխատատեղ չկա, գնացել էի այլ տեղ աշխատելու, 2 ամիս բացակայել եմ գյուղից, գալիս-տեսնում եմ` տունս չկա: Սեփականության վկայական չունեմ, 2004 թ. գյուղապետերին հանձնարարել են սեփականաշնորհել մեր զբաղեցրած տները, բայց մեր գյուղում ոչինչ չեն արել եւ դրել քանդում են տները: Գյուղում բոստան ենք ունեցել, 19 տարի մշակել եմ եւ բարդի եմ աճեցնում, որ ձմռանը վառելիք ունենամ: Դրա համար ինձ ոստիկանություն են տարել եւ ասում են` բոստանը քոնը չէ: Համայնքապետն ասաց, որ դա համայնքին է պատկանում, եւ ոչ թե ինձ: 2002 թ. համայնքապետը, նրա հայրը, եղբայրը եւ փեսան ծեծել են իմ տարեց ծնողներին եւ ոչ մի պատասխանատվություն չեն կրել դրա համար»,- ասաց Արամ Աֆյանը:

Քանի որ այս մարդիկ գյուղից հեռանալու հնարավորություն նույնպես չունեն, որոշել են վերափոխել իրենց կյանքը` թոթափել համայնքապետի ստրկական լուծը եւ ապրելու տանելի պայմաններ ստեղծել: Համայնքապետի ընտրության պատեհ առիթն օգտագործելով` գյուղաբնակներն իրենց թեկնածուին են առաջադրել` Վարդան Սաղաթելյանին: «Նա ապրում է գյուղում, մեզ հետ կրում է բաժին հասած բոլոր դժվարությունները, օգնության ձեռք է մեկնում ցանկացած հարցում: Ձմռանը ճանապարհները փակվում են, նա է բացում, երեխայիս կույր աղին ցավում էր, նա է օգնել հիվանդանոց հասցնելու»,- ասաց Հերմինե Մանուկյանը:

«Մի տեղեկանք է պետք գալիս` ամիսներով համայնքապետ չենք տեսնում, որ վերցնենք, հետո էլ եթե չմերժի, արդեն ժամանակն անցել է, ոչ ոքի պետք չէ այդ տեղեկանքը: Մենք անտեղյակ ենք ամեն ինչից` սկսած մեզ ուղարկված հումանիտար օգնությունից, ավարտած ընտրություններով»,- ավելացրեց Մագդա Դավիդովան:

«Գյուղապետի հայրը եղանը վերցնում, հասնում է կանանց ու երեխաներին: Համայնքապետն ընտրություններից հետո մեզ հետ չի խոսում, որովհետեւ մենք նրան ձայն չենք տվել, հայրը սպառնում է ինձ` կյանքդ կխլեմ»,- ասաց Արամ Աֆյանը:

Իրենց սպառնալիքների ու բռնությունների ենթարկելու վերաբերյալ գեղամաբակցիների հայտարարությունների մասին ցանկացանք լսել համայնքապետի պարզաբանումները: Սակայն հարկ չեղավ, քանի որ րոպեներ անց նրանց սպառնալիքներին ենթարկվեցինք նաեւ մենք:

Երբ բնակիչների հետ մեր զրույցն ավարտելով նստեցինք մեքենան` նկատեցինք քիչ հեռվում հավաքված մարդկանց մի խումբ, որոնք անհանգիստ ետ ու առաջ անելով` մեզ էին սպասում: Նրանցից մի հաղթանդամ կին եւ համայնքապետի հայրը կանգնեցին մեքենայի առջեւ` փակելով մեր ճանապարհը: Մինչեւ կհարցնեինք պատճառը, համայնքապետի հայրը մոտեցավ ու բոթեց մեքենայի առջեւում նստած օպերատորին: Փորձեցի պաշտպանել գործընկերոջս` նրանից հեռացնելով ձեռքը, սակայն նա բռնեց թեւիցս ու դուրս քաշեց ընթացքի մեջ գտնվող մեքենայից: Նկատելով նրա ու հավաքվածների գազազած հայացքները` մենք հարկադրված էինք աշխատանքը կիսատ թողնելով արագ հեռանալ գյուղից` ամբոխի անկանխատեսելի գործողություններից խուսափելու համար: Նրանք սկսեցին քարեր նետել հեռացող մեքենայի հետեւից:

Համայնքապետ Գեղամ Բարսեղյանը դեպքից քիչ անց զանգահարել էր «Հետքի» խմբագրություն եւ հայտնել, որ ընտրություններից հետո գյուղի բնակիչները երկու մասի են բաժանվել, իսկ «Հետքի» աշխատակիցը գյուղում լսել է բնակիչների միայն մի մասի կարծիքը ու հեռացել:

Գեղամաբակի կացութաձեւը բնորոշ է նաեւ շրջակա մյուս գյուղերին, որտեղ բնակություն են հաստատել Ադրբեջանից բռնագաղթածները: Վարդենիսի վարչատարածքի շուրջ 8 գյուղական համայնքների ղեկավարների փաստացի բնակության վայրն ուրիշ է: «Գյուղապետը ամռանը գյուղում է լինում, իսկ ընդհանրապես Վարդենիսում է բնակվում»,- համայնքապետին գտնելու ձեր հարցմանը կպատասխանի ցանկացած ոք: Մինչդեռ այս մարդկանց համար կյանքն ավելի անտանելի է դառնում հատկապես ձմռանը, երբ ձյունը փակում է բոլոր ճանապարհները: Համայնքի ղեկավարը դա չի տեսնում, որովհետեւ ինքն այնտեղ չի ապրում: Ամռանը տեղափոխվում են գյուղ, որովհետեւ, ինչպես տեղացիներն են ասում, գյուղում անասնապահությամբ են զբաղվում, կաթնամթերք են արտադրում, արոտավայրեր ունեն եւ այլն: Իսկ ամենակարեւորը` աշխատատեղ ունեն` աշխատավարձ են ստանում, օգտվում ի պաշտոնե իրենց ընձեռված հնարավորություններից, ապրում են անհամեմատ ավելի բարեկեցիկ կյանքով, քան իրենց շրջապատում գտնվող ցանկացած ոք: Երաշխավորված է նաեւ նրանց ապահով ծերությունը, որովհետեւ այսօրվա ստացած բավականին լավ աշխատավարձը նրանց համար ապագայում լավ կենսաթոշակ կապահովի: Այդ ամենի դիմաց ի՞նչ են նրանք տալիս համայնքի բնակչությանը, որն իր չունեցած միջոցներից հարկեր է վճարում համայնքապետերի բարեկեցությունն ապահովելու համար:


Գլխավոր էջ

Տպել    |  In English


Տես նաև՝

    ավելին



    Մեկնաբանել
    Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

    Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

    Լրահոս

    Բոլոր նորությունները

    Արխիվ