HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Պատուհանը բացված է

Ես ֆուտբոլասեր չեմ, բայց դիտելով Հայաստան-Թուրքիա խաղը` այն տպավորությունը ստացա, թե Հայաստանի ազգային հավաքականի անդամները սեպտեմբերի 6-ին Հրազդան մարզադաշտում առաջին անգամ էին իրար հանդիպել: Ֆուտբոլն, իհարկե, իմ քննելիք հարցը չէ, սրանով Հայաստանում զբաղվում են կարկառուն դեմքեր:

Ֆուտբոլը մի փոքրիկ պատուհան բացեց հայ-թուրքական հարաբերություններում: Այդ պատուհանը շատ նեղ է, բայց հաշվի առնելով մոտ հարյուր տարվա թշնամանքի պատը երկու հասարակությունների միջեւ` այն կդառնա կարեւոր պատուհան: Թուրքական մի քանի լրատվամիջոցներ Գյուլի այցից երկու շաբաթ առաջ ինձ հետ հարցազրույց անելու խնդրանքով էին դիմել: Հարցերը գրեթե նույնն էին` հարաբերություններ կհաստատվե՞ն, թե՞ ոչ, կբացվի՞, արդյոք, սահմանը, ինչպե՞ս է վերաբերվում հայ հասարակությունը Գյուլի այցին, ինչպե՞ս են առհասարակ հայերը վերաբերվում թուրքերին: 

Հարցերին պատասխանելով` նշեցի, որ երկու հասարակություններն ավելի են պատրաստ հարաբերությունների հաստատմանը, քան քաղաքական եւ պետական գործիչները: Դա ես զգացել էի այս տարվա հունիսին Ստամբուլում ունեցած հանդիպումներիս ընթացքում: Դա իմ առաջին այցելությունն էր Թուրքիա: Վերջին տասնհինգ տարիների ընթացքում հարյուր հազարավոր հայեր են եղել Թուրքիայում:

Առանց դիվանագիտական հարաբերությունների հասարակությունները շփվում են, հիմնականում առեւտուր են անում, հայերը զանազան ապրանքներ են ներկրում Թուրքիայից, մի մասն էլ աշխատում է այնտեղ:

Հազարավոր թուրքահայեր, որոնք Թուրքիայի քաղաքացիներ են, այցելում են Հայաստան: Ավելի քիչ քանակությամբ նաեւ թուրքեր են գալիս Հայաստան: Նրանք հիմնականում բեռնատարների կամ տուրիստական ավտոբուսների վարորդներ են: Այնպես որ, մինչ իշխանավորները վախվորած մտքեր էին հայտնում հայ-թուրքական հարաբերությունների մասին, հասարակությունները շփվում էին, ու ստացվում է, որ նրանք ավելի համարձակ են: Թուրքիա իմ այցելությունից հետո անընդհատ մտածում եմ այնտեղ գտնվող հայաստանցիների եւ թուրքահայերի մասին: Թերեւս աշխարհի ոչ մի երկրում հայերն այդքան մեկուսացած չեն Հայաստանից, որքան Թուրքիայում ապրողները: Նրանք վախի մթնոլորտում են ապրում, բացարձակ չեն զգում Հայաստանի ներկայությունը:

Եւ այսպես` սեպտեմբերի 6-ը դարձավ պատմական օր երկու երկրների համար: Երկու երկրներում տարիներ շարունակ միմյանց ներկայացնում են թշնամու կերպարով: Հայերը չեն կարող մոռանալ իրենց պատմության ամենաողբերգական էջը` ցեղասպանությունը, մեկուկես միլիոն զոհերին: Թուրքիան չի ուզում ընդունել, որ նման բան եղել է: «Ցեղասպանություն» բառն արգելված է օգտագործել Թուքիայում, դրա համար մարդկանց բանտ են նետում: Թուրքիան այսօր պատրաստ չէ ստանձնելու պատասխանատվությունը, բայց վաղ թե ուշ դա լինելու է:

Ու հիմա ստեղծվել է մի իրավիճակ, երբ երկու երկրներն իրար հետ շփվելու հնարավորություն են ստացել: Այդ հնարավորությունը չօգտագործելը նույնիսկ վտանգավոր է երկու երկրների համար: Աշխարհը լի է ողբերգություններով, հակամարտություններով, եւ երկու երկրների հարաբերությունների հաստատումը նման մի հակամարտության կանխարգելման լավ օրինակ կարող է դառնալ: Թուրքիայում նաեւ հասկացել են, որ Ղարաբաղի հարցը ռազմական ճանապարհով լուծելն այլեւս անհնար է:

Հարեւան երկրներ ենք եւ լրագրողական մակարդակով գրեթե շփումներ չունենք: Երբ ես Ստամբուլում էի, չգիտեի, թե լրագրողներից ում հետ կարող եմ շփվել, ի վերջո, Հայաստանի նկատմամբ գոյություն ունեցող պաշտոնական դիրքորոշումն արտացոլվում է լրատվամիջոցներում, իսկ այն բարյացակամ չէ, իր մեջ վտանգավոր դրսեւորումներ ունի: Նախագահների այցը ազդանշան կլինի նաեւ հայ եւ թուրք լրագրողների շփումների, հասարակությունները միմյանց ներկայացնելու համար: Թուրքիայում մանավանդ հայ լրագրողների համար գրելու շատ բան կա:

Նախագահ Սերժ Սարգսյանը համարձակ քայլ արեց, եւ անիվը սկսեց պտտվել: Այն արդեն չի կանգնի:

Երկու երկրների հասարակությունների համար իսկապես դժվար է կոտրել մեկ դար ձեւավորված կարծրատիպերը: Իմ դիտարկմամբ` ազգայնականությունը Թուրքիայում գերակշռող է: Հայաստանում այդպես չէ, ես, իհարկե, դրա բացատրությունն ունեմ, բայց սա այլ նյութ է: Այնպես որ, պետք է նաեւ հաշվի առնենք, որ հասարակությունների մեջ այս ամենը հակազդեցություն կարող է առաջացնել:

Հայերիս մեջ կա մի շատ փխրուն կողմ` սփյուռքը: Ամենադժվարը սփյուռքին բացատրություններ տալն է լինելու: Ինչպե՞ս է սփյուռքն ընդունելու Թուրքիայի նախագահի այցելությունը, առանց որեւէ նախապայմանի հայ-թուրքական հարաբերությունների հաստատումը: Սա շատ նուրբ հարց է: Սփյուռքը դեռ չի խոսել, կարելի է նույնիսկ ենթադրել, որ ինքն էլ իր հերթին շատ զգույշ է: Այս հարաբերությունները, կարծում եմ, Թուրքիայում ապրող շատ հայերի մեջ կարթնացնեն իրենց ինքնության հարցը, համայնքը շունչ կքաշի, ազատությունները կընդարձակվեն:

Ստամբուլը միշտ եղել է բազմազգ քաղաք: Քաղաքակրթությունների այս խաչմերուկը հմայիչ է նախ եւ առաջ դրանով: Բայց Թուրքիայում կա մի մեծ խնդիր` լրատվամիջոցները խուսափում են պատմության խրթին էջերը ներկայացնել այնպես, ինչպես եղել է: Շատ քիչ թուրքեր այսօր գիտեն 1955 թ. սեպտեմբերի 5-6-ի դեպքերի մասին, երբ բռնություններ սկսվեցին ոչ մուսուլմանական ազգերի նկատմամբ:

Այդ դեպքերից հետո հույների զանգվածային բռնագաղթ է եղել, տասնյակ հույներ սպանվել են: Շատ քիչ թուքեր գիտեն, որ այդ ժամանակ թալանվել ու ավերվել են խանութներ, եկեղեցիներ:

Շատ քիչ թուրքեր գիտեն, որ այսօր Թուրքիայի տարածքում ապրում են հայեր, գործում են հայկական եկեղեցիներ, դպրոցներ: Մի կողմ թողնենք, թե ինչ կարգավիճակ ունեն այդ դպրոցները, եկեղեցիները: Շատ քիչ թուրքեր գիտեն, որ հայկական դպրոցները, որտեղ կրթությունը թուրքերեն է, մյուս դպրոցների նման պետության կողմից չեն ֆինանսավորվում:

Թուրքիան ազգային, կրոնական փոքրամասնությունների նկատմամբ խտրական քաղաքականություն է վարում: Ավելին, լրատվամիջոցները չեն ներկայացնում այդ խնդիրները, նման խնդիրներ բարձրացնողները համարվում են թուրքական պետության թշնամիներ, շատերն են հայտնվում բանտերում կամ ստիպված լքում են իրենց հայրենիքը: Բայց սրանք այլ խնդիրներ են եւ ֆուտբոլի հետ, կարծես, կապ չունեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter