HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Մեկ տարի ութ ամիս գերության մեջ

42-ամյա Արարատ Մուրադյանը արդեն մեկուկես տարի է իր պատիժն է կրում «ԱՐԹԻԿ» քրեակատարողական հիմնարկում: Նա 2006 թ. դեկտեմբերին դատապարտվել է 5 տարվա ազատազրկման ՀՀ Քրեական օրենսգրքի 132 հոդվածով (Մարդկանց վաճառք): Մեր հանդիպմանը նա այդպես էլ չկարողացավ բացատրել, թե ինչու՞ է բանտում, ո՞րն է եղել իր հանցանքը:

«Էդ հոդվածը, որ դրել են իմ վրա, անհեթեթություն է: Մինչեւ դատարան ես էդ բառը չէի լսել: Հիմա մոտավորապես գիտեմ, թե ինչ ա թրաֆիկինգը. առեւանգում է... որպես ստրուկ եմ պահել... էդպես բաներ է դրած իմ վրա: Ես էդքան բանը գիտեմ, ինձ չեն էլ բացատրել, թե դա ինչ կնշանակե»,- գաղութում մեր հանդիպման ժամանակ ասաց Արարատը: 

Սա Հայաստանում առաջին եւ առայժմ միակ աշխատանքային թրաֆիկինգի գործն է: Ինքը` Արարատ Մուրադյանը, իրեն մեղավոր չի ճանաչել, նա չի հասկացել, որ իր կատարած արարքը` Ռոբերտ եւ Էդգար Կարապետյաններին, Աշոտ Գրիգորյանին հավաքագրելը եւ Ռուսաստանի Դաշնության Թաթարստանի Ալմետեւսկ քաղաքում ավելի քան մեկ տարի աշխատանքային շահագործման ենթարկելը քրեորեն դատապարտելի է:

Ռոբերտ Կարապետյանը երկրաշարժից հետո, երբ փլվել է տունը, ընտանիքով ապրում էր տնակում: Սոցիալապես ծանր վիճակում էր ընտանիքը:

Կինը` Հայկանդուխտ Կարապետյանը, այդ ժամանակները հիշելիս արտասվում է: «Մեծ տղես ծանր վիրահատություն էր տարել, ապրում էինք տնակում, Գյումրիում աշխատանք չկար, մեծ տղես պետք է ինստիտուտ տար թղթերը: Ամուսնուս մորաքրոջ տղեն` Արարատը, առաջարկեց աշխատանք Ռուսաստանում: Որոշեցինք, որ ամուսինս գնա, բերած փողը կդնենք պետության տված սերտիֆիկատին եւ տուն կառնենք, իսկ որդուս` Էդգարիկիս աշխատանքով էլ եղբոր` Փայլակի ուսման վարձը կտանք: Մտածեցինք` դե լավ է, բարեկամ ենք, հարազատ, լավ կլինի»,- հիշում է Հայկանդուխտը:

Դատարանում մեղադրանքը ներկայացնող դատախազ Արմեն Բոշնաղյանը բացատրում է մեխանիզմը, որով սովորաբար դառնում են զոհեր. « Անպայման լինում է հավաքագրող: Դա մեկն է, որը տվյալ բնակավայրում` Շիրակի մարզի տվյալ բնակավայրում, ունի հարուստ կենսափորձ ունեցող մարդու համբավ, կյանքը ճանաչող մարդու համբավ, որը բազում տարիներ զբաղվել է արտագնա աշխատանքներով, դեռեւս տարիներ առաջ սկսել է իր այդ գործունեությունը: Նա առաջարկել է, որ եկեք, ես ձեզ կազմակերպեմ, տանեմ Թաթարստանի Ալմետեւսկ քաղաք, որտեղ դուք կզբաղվեք շինարարությամբ, ամսական կվաստակեք 11-ից 12 հազար ՌԴ ռուբլի, որն այն ժամանակ համաչափ էր 350-400 ԱՄն դոլարին:

«Մենք գումար չունենք, ճանապարհածախս բացարձակ չունենք: Հարսիս ոսկեղենը վերցրինք, շահ դրեցինք: Արան, թե` մի 15-20 օրվա (եթե հասնին բան, էլի) 500 դոլար փող կուղարկենք, դուք շահը կփակեք, պրոբլեմ չունիք: Անցավ... գնացին, նույնիսկ մենք տեղեկություն չունեինք: Ավտոբուսով գնացին, քանի որ մենք ինքնաթիռի տոմսի փող չունեինք»,- հիշում է Հայկանդուխտ Կարապետյանը:

Արարատ Մուրադյանն էլ հաստատում է Հայկանդուխտի ասածը. «Հելանք, ինքն էլ տոկոսով փող վերցրավ` ոսկեղեն դրեց, ես էլ քրոջս ոսկեղենները բերեցի դրեցի, տոկոսով փող վերցրինք, ավտոբուսով գնացինք Արմավիր, Արմավիրից գնացինք Սամարա, Սամարայից տաքսով գնացինք Թաթարստան` Ալմիտեւսկ քաղաք»,- ասում է Արարատը:

Արմեն Բոշնաղյան. «Տուժողները` 3 հոգի, ընդ որում` մեկն անչափահաս, գտնվել են ծայրահեղ ծանր նյութական կաց ության մեջ: Տուժողներն իրենց միջոցներով` պարտք անելով, գրավ դնելով սակավ գույքը, գումար են ձեռք բերել` տոմսի արժեքը, գնացել են Թաթարստանի Ալմետեւսկ քաղաք: Անմիջապես, ուրեմն, անձնագրերն այդ հավաքագրողը վերցրել է, թե` գիտե՞ք ինչ, այ անհրաժեշտ է, որ դուք այստեղ գրանցում անցնեք, հաշվառվեք. անձնագրերը տվեք, ես այդ խնդիրները կլուծեմ, հետո կվերադարձնեմ ձեզ: Սկսել են աշխատել»:

«Մայիսը չենք աշխատել, ասենք` ըդպես թեթեւ, մեզ ուտելու համար, ասենք, փող ենք վաստակել, գնացել ենք քիչ-քիչ գործեր ենք էրե, հետո էդ վեռանտը որ շարեցինք, չկըրցան գործ էնեն, իրանք չկըրցան շարեն, էդպես մի 2-3 ամիս իրար հետ էդպես աշխատել ենք: էդից հետո մի 2 ամիս, 3 ամիս իրանք չաշխատեցին, պառկան, չէին աշխատե, գնացին իմ ընկերոջ ախպոր` Մուրադյան Բաղդասարի մոտը: էսավ` գործ կա, ես ըսի իրանք կուզեն գան աշխատին: Աշոտ Գրիգորյանն աշխատել է Մուրադյան Սամվելի մոտ, Ռոբերտն ու Էդգարն աշխատել են Մուրադյան Բաղդասարի մոտ: Դե, հըմի իրանք փողը տվել են, չեն տվել, ես ըդոր հետ արդեն գործ չեմ ունեցել»,- պատմում է Արարատ Մուրադյանը:

«Ուրեմն, կարողացել էր համոզել այդ հավաքագրողը, որ գիտե՞ք ինչ, ես ձեր վաստակածն ուղարկում եմ Հայաստան ձեր ընտանիքներին: Երկար ժամանակ իրենք համոզված են եղել (նկատի ունեմ տուժողներին), որ, իրոք, այդպես է: Եվ դա բացահայտվել էր պատահական, երբ տուժողներից մեկի կինը մեծ դժվարությամբ կարողացել էր կապվել Ալմետեւսկի հետ, զրուցել էր ոչ թե իր ամուսնու հետ, այլ մեկ այլ հայ մարդու հետ, եւ ասել էր, որ դժբախտություն է պատահել` հարազատներից մեկն է մահացել, կա՛մ թող գա, կա՛մ էլ գումար ուղարկի: Տուժողի մոտ անմիջապես այդ հարցը ծագել է` բայց եթե գումարն ուղարկվել է, հիմա ինչո՞ւ են նորից գումար ուզում: Դժգոհել են, պահանջել են գումարը տալ, եւ իրենց նկատմամբ կատարվել է հավաքագրողի կողմից ֆիզիկական բռնություն, հոգեբանական բռնություն, ավելի կոնկրետ` ծեծ, սպառնալիքներ»,- ասում է դատախազ Արմեն Բոշնաղյանը:

«Առավոտ 7-ից, երբեմն էլ 6-ից գնում էինք աշխատելու: Չնայած նախապես պայմանավորվել էինք աշխատել մինչեւ իրիկվա 7-ը կամ ամենաուշը 8-ը, լինում էր գիշերը 1-ին ու 2-ին էինք գալիս: Նորմալ հաց չէինք ուտում: Մի անգամ էլ հիվանդացա, ոչ դեղ առավ, ոչ էլ բժիշկ կանչեց: Որ մի բան էլ ուզում էինք, ասում էր փող չունեմ, լավ չեք աշխատում, փողը քիչ ա: Բայց երդում էր ուտում, որ աշխատածներս տուն ա ուղարկում»,- այսպիսի ցուցմունք է տվել դատարանում Աշոտ Գրիգորյանը:

«Ամուսինս շատ հոգատար էր: Մենք զարմացանք, որ ոչ զանգ եկավ, ոչ բան: Ամիսն անցավ, երկուս, հեչ, ձեն չկա: Տղես` Փայլակս, կիսուրիս վերցրավ գնաց Արարատենց տուն, որ իմանան ինչ կա, չկա: Բա` մամ, հասել են տեղ, լավ են (հուզմունքից կդողամ), պրոբլեմ չկա պապայենց հետ, պրոստը չեն կրա հլը զանգեն: Աղջկաս ծնունդն էր: Աղջկաս ամուսինս ուրիշ ձեւի կպաշտեր` սրբություն է իրա համար: Աղջկաս ծնունդին չզանգեց: Մենք շատ շոկի մեջ էինք: Միակ հույսը, որ կար, էդ օրն էր, որ պիտի զանգեր: Հետո մեր հարազատներից մեկն ըսավ, թե` Հայկան, ճի՞շտ է, որ Արարատի հետ ես ուղարկել ձերոնց: Ասի` հա: Բա` էս ի՞նչ ես արել, տունդ քանդել ես, իրանք խմբեր կտանին, կաշխատցնեն»,- պատմում է Հայկանդուխտ Կարապետյանը:

Ռոբերտ Կարապետյանի` դատարանում տված ցուցմունքից. «Յոթ հոգով մի փոքր սենյակում էինք մնում, որտեղ նույնիսկ տարրական կոմունալ հարմարություններ չկային: Համարյա միշտ կիսասոված էինք. օր էր լինում` ցամաք հաց էինք ուտում, լինում էր` կաղամբի կոթեր, օր էլ է եղել` բան չենք կերել: Ութ ամիս այդպես արդեն աշխատել էինք, երբ իմացանք, որ Արարատը ոչ մի կոպեկ մեր տուն չի ուղարկել, չնայած որ եղբոր գերեզմանով էր երդվում, որ տնեցիք ամեն ամիս փողը ստանում են»:

«Ինքը չէր կըրնա էներ ինչ-որ ինքը խոստացել էր: Կարապետյան Ռոբերտ` ինքը ոնց որ ըստեղ խոստացել էր ինձ վարպետ` ամեն ինչ կարամ էնեմ, բայց հեչ բան չէր կարա էներ ինքը: Մենք բանվորություն կենեինք արդեն, փոս կփորեինք: էդ փոս փորելն էլ վարպետի չափ չեն վարձատրի»,- արդարանում է Արարատ Մուրադյանը:
«Արարատի ծնողները ինձ ասացին` բա ձերոնք չեն աշխատի, կաֆել շարել չգիտեն, մետլախ շարել չգիտեն, ասացի` լավ, չգիտեն-չգիտեն, իմ երկու քուրս էլ իրանց ընտանիքներով, ամուսիններով Ռուսաստան կապրեն, ասացի` թույլ տվեք ես Ռոբերտի հետ խոսամ, մենակ էդ քաղաքից թող դուրս գան, իմ փեսեքս կամ քրոջս երեխեքը` տղերքը, կգան կտանեն իրանց: Բա` չէ, թե կերթան, թող երթան Ալմետեւսկից տանեն: Դե, ես արդեն գիտեի, թե ում ձեռքն են: Ես էլ չէի կարող քրոջս երեխեքին ղրկել մահվան: Աստված չաներ` մի բան լիներ, հետո մինուճար երեխեք են, ես ի՞նչըղ կարայի պատասխան տալ: Հերը ծաղրեց, նույնիսկ հերը` 80-ն անց մարդ, թե` ձեզի միլիցիա կուտամ կամ գողականի կդիմեմ: Կզարմանաս` հասկանալո՞վ կասի: Տարել 16 տարեկան երեխիս կաշխատցնե, աշխատանքը կուտե, մի բան էլ մեզի ահ կուտան: Խնդրեցի, թե` գոնե դափ-դատարկ, առանց որեւէ կոպեկի հետ ուղարկեք, գան: Միակ իմ ձգտումս առանց որեւէ խոչընդոտի դուրս բերեմ ընտանիքիս»:

Դատարանում Ռոբերտ Կարապետյանի տված ցուցմունքից.
«Երեխեն ասել էր փող տուր տուն զանգեմ, տեսնեմ ինչ կա: Նա էլ ծեծել էր երեխուն: Հետո էլ մի փչացած հեռախոս էր նվիրել ու խոստացել, որ կլիցքավորի, բայց ոչինչ էլ չէր արել: Ընդհանրապես շատ էր լինում, որ խմած գալիս էր ու ծեծկռտուք սարքում: Իսկ բողոքել չէինք կարող, քանի որ ոստիկանների հետ լավ հարաբերությունների մեջ էր»:

«Դիմեցի ես էն ժամանակ Ռոբերտ Քոչարյանին, արդարադատության նախարարություն, չգիտես` ինչ, ամեն տեղ, ստեղ միլիցիա: Ինչըղ ըսեմ: Նախ` եկավ ընդամենը թուղթ, թե` ամուսինդ ու որդիդ հայտնաբերվել են, նրանց հետ ամեն ինչ լավ է, աշխատում են, ու վերջ: Հետո արդեն Արարատի ահազանգերն եկան: Թե` չերթաս ընտանիքս անհանգստացնես, կամ եթե մյուս անգամ որեւէ քայլ էրիր, Էդգարիկիդ գլուխն ուպակովկով կղրկեմ: Ու ես Արարատին էդ ժամանակ էլ ասեցի` գիտե՞ս ինչ, եթե Էդգարիկիս գլխից մի մազ պակասի, կամ Ռոբերտի ու Աշոտի, Աստծով կերդվեմ, 2 երեխուդ էլ կսպանեմ: Ու 4-րդ անգամ նամակով դիմեցի Պուտինին: Հետո դիմեցի Թաթարստանի պրեզիդենտին: Տղերքը շատ լավ կաշխատեին: Լավ փողով կկաշառեին, սաղ տեղերը փակած էր, հեչ մը ելք չէի գտնի, չկար, հեչ մը ելք: Հետո դիմեցի դեպարտամենտին Ռուսաստանի` գեներալ-մայոր Կոդենկոյին: Ֆաքս ուղարկեցի, որ տվյալ մարդիկ համագործակցեն գը տեղի մաֆիայի հետ, 16 տարեկան երեխես չկա, ես որպես օրինական ներկայացուցիչ եւ մայր պահանջում եմ երեխայիս»:

Հույսը կտրած Հայկանդուխտը շարունակում է նամակներ գրել Հայաստանի, Ռուսաստանի զանազան գերատեսչություններ, եւ սայլը տեղից շարժվում է: Իրավապահները նրա հարազատներին հայտնաբերում են եւ մի քանի ամիս անց արտաքսում Հայաստան: Նրանք գերության մեջ մնացել են մեկ տարի ութ ամիս: Ամիսներ անց` 2006-ի ապրիլի 19-ին, Հայաստան է վերադառնում Արարատ Մուրադյանը եւ կարճ ժամանակ անց հայտնվում մեղադրյալի աթոռին: 2006 թ. դեկտեմբերի 12-ին դատարանը Արարատ Մուրադյանին դատապարտեց 5 տարի ազատազրկման եւ պարտավորեցրեց Ռոբերտ եւ Էդգար Կարապետյաններին ու Աշոտ Գրիգորյանին վճարել 11 հազար 400 ԱՄՆ դոլար:

«Իրանց երեսից սաղ, եթե իրանք ինձի չխաբեին, թե` ես վարպետ եմ, ես ըսպես եմ, էս բանը կըրնամ ենեմ: Ես իրանց հետ գործ չէի ունենա: Ես կերթայի իմ շոֆերությունը կենեի, էլի իմ փողս կառնեի, կգայի իմ գոյությունս, իմ ընտանիքս նորմալ կապրեր, հըմի էլ ստեղ կալանավորված չէի էղնի: Ես էլ չեմ հասկընա, թե ի՞նչ էր` կատարվավ»,- հարցնում է Արարատ Մուրադյանը:

«Եկան, բայց գիտե՞ք ինչըղ: Չեմ ցանկանա նույնիսկ թշնամուս: Երեք ամիս հեր ու տղա իրար հետ չէին խոսա: Կամ չգիտեիր` մեռա՞ծ են, թե՞ սաղ: Անընդհատ... նույնիսկ ամուսինս, ասենք, շատ դժվարությամբ կհուզվի: Աչքի արտասունքը չէր կտրի, ու մինչեւ հիմի էլ: Նախ` վատառողջ, ներվերները քայքայված, հուզված: Մինչեւ հիմի էդ դառն աշխատանքից մենք ոչ մի կոպեկ չենք տեսել: Չորս միլիոն քանի հարյուր հազար դրամ պիտի տան, ճանաչեցին սնանկ, 400 հազար մնաց իբր (էդ տունն ու հողն էդքան գնահատեցին), էդքան էլ ԴԱՀԿ-ն, էդ էլ 180 հազար դրամ է, էդ էլ տուր, տակը ի՞նչ կմնա, էդ էլ հարց է: 100 հազար դրամն էլ էդ 3 հոգուն կհասնի՞, թե՞ չէ: Էտի՞ է արդարությունը»,- ասում է Հայկանդուխտ Կարապետյանը:

Լուսանկարում` Հայկանդուխտ Կարապետյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter