HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Ակա՞ն, թե՞ հզոր ուժ

ԺԿ առաջնորդը վստահեցնում է` «շատ բաների ենք հասնելու»

Մամուլում հնչում են գնահատականներ, որ Տիգրան Կարապետյանն իշխանության «պրոեկտն» է, այլ կերպ ասած` նա ական է ընդդիմության մեջ: Իսկ Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը մատնանշել է չափանիշներ, որոնցով կարելի է տարբերակել, թե ինչքանով է «Ժողովրդական» կուսակցությունն ընդդիմություն: «Եթե իրոք ընդդիմություն եք, ինչո՞ւ չեք միանում ՀԱԿ-ին»,- այսօրվա ասուլիսում հարցրին Կարապետյանին:

«Շատ տարօրինակ է, եթե միանում եմ իրենց, ական չեմ, եթե չեմ միանում, ական եմ: Դե, թող միանգամից ասեն` ուզում են, որ ես միանամ: Բայց ես չեմ ուզում,- ասում է ԺԿ նախագահը եւ հավելում,- ինչու պետք է ես, մաքուր մնալով այս տարիների ընթացքում, որ քրքրելով-քրքրելով մենակ ասեկոսեներ են ասում, ինչո՞ւ պետք է միանամ ՀՀՇ-ին: Ուրեմն, ՀԱԿ-ի հանդեպ ես վերապահում չունեմ. ընդեղ կան շատ լավ տղաներ: Բայց չէ՞ որ կորիզը ՀՀՇ-ն է, բոլորս գիտենք, ինչո՞ւ ենք մեր աչքերը կոծկում: Չէ՞ որ դա հատուկ է արվել»:

Բանախոսը հիշեցնում է ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքերը, որ եթե որեւէ ուժ կարող է ավելի հզոր հանրահավաք անցկացնել, ուրեմն թող անցկացնի: Կարապետյանն էլ նշում է, որ հիմա ինքը «սկսել է անել», բայց ընդդիմությունը խանդով է վերաբերվում:

«Մեկ ասում են` Կովալենկոն է մարդ բերել` Կոտայքի մարզպետը, մեկ ասում են` Կրակեմ Հրաչը: Ես, ճիշտն ասած` չեմ էլ ճանաչում, թե ով է: Ասում են` ազգային անվտանգությունից: Կրակեմ Հրաչը, չգիտեմ` Թնդանոթ Հրաչը… Ստերը չեն կարող լինել կիլոմետրանոց: Մարդիկ վիրավորվում են, ավելի շատ են համախմբվում իմ կողքը, որովհետեւ իրենց են վիրավորում: Այդ ժողովրդին ասում են, որ ձեզ բերել են, դուք անհայտ եք, չկողմնորոշված: Ի գիտություն` Հայաստանում բոլորն են կողմնորոշված: Մարդիկ կան, որ ուղղակի ձայն չեն հանում` հայտնի պատճառներով, մարդիկ էլ կան` այնքան են զզված այսօրվա իշխանություններից, որոնց ընդդիմությունը ձգտում է ական ներկայացնել: Որովհետեւ հասկանում են, որ ես ամեն հանրահավաքին ավելի շատ եմ հավաքում, ու դրա մեջ տեսնում են վտանգ»,- ասում է ԺԿ առաջնորդը:

Նա նշում է, որ ԺԿ հաջորդ` փետրվարի 15-ի հանրահավաքում հնարավոր է` ելույթ կունանա նաեւ Ժիրայր Սեֆիլյանը, բայց ինքը ոչ մեկին չի առաջարկել միանալ իր ղեկավարած կուսակցությանն ու նման առաջարկով չի էլ պատրաստվում դիմել Արամ Սարգսյանին եւ Ստեփան Դեմիրճյանին, ինչպես գրել է լրատվամիջոցներից մեկը:

«Որովհետեւ ես սյունը չեմ, ցողունը չեմ այդ ամեն ինչի: Ես ընդհանրապես դրդապատճառն եմ եւ նախաձեռնողը»,- ասում է Տ. Կարապետյանը: Նա մանրամասում է, որ հանրահավաքում իշխանություններին ներկայացվելիք պահանջների ամբողջական տեսքը դեռ պատրաստ չէ, բայց հստակ է, որ առաջին կետը լինելու է քաղբանտարկյալների ազատ արձակումը: Իսկ թե ինչ քայլերի է դիմելու ԺԿ-ն` իր պահանջների բավարարմանը հասնելու համար, բանախոսը չի մանրամասնում, «համենայնդեպս, շատ բաների ենք հասնելու»:

«Դուք ականատես կլինեք այնպիսի հանրահավաքների` իմ կողմից կազմակերպված, որը երբեւէ չեք տեսել, չեք էլ մտածում: Ինչ վերաբերում է այն մարդկանց, որոնք ուզում են իմ հեղինակությունը գցել, ես խորհուրդ կտամ` իրենք բարձրացնեն իրենց հեղինակությունը, որովհետեւ գցելով ուրիշին` սեփական հեղինակությունը չես բարձրացնի»,- ասում է Տիգրան Կարապետյանը եւ շեշտում, թե մեծ տեղ են հատկացնելու նաեւ երիտասարդությանը, ավելին` մարտին ԺԿ-ն հանրահավաք է անցկացնելու միայն երիտասարդների` 10-20 հազարի մասնակցությամբ:

Իսկ ինչո՞ւ է ԺԿ-ն պահանջում արտահերթ ընտրություններ` թե խորհրդարանական, եւ թե նախագահական: Որովհետեւ, ըստ Տ. Կարապետյանի, հերթական ընտրությունների դեպքում իշխանությունները հնարավորություն են ստանում կեղծիքներին լավ պատրաստվել, իսկ արտահերթի պարագայում մեծ է լինում ժողովրդի վերահսկողությունը: Ինքը` Կարապետյանը, մասնակցելու է բոլոր ընտրություններին եւ հույս ունի, որ նախագահականի ժամանակ ԺԿ թեկնածուն կլինի ինքը:

«Եթե հանկարծ իշխանությունները «Ժողովրդական» կուսակցության առաջարկեն մտնել կոալիցիայի մեջ, ինչպե՞ս կվարվեք»: Հարցին ի պատասխան` Տիգրան Կարապետյանն ասում է, թե ինքը վաղուց է կոալիցիայի մեջ, «բայց միայն ժողովրդի հետ»:

Ինչ վերաբերում է կոալիցիոն գործընկերներ ՀՀԿ-ԲՀԿ հակամարտությանը, ԺԿ նախագահի խոսքերով, եթե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարի, թե նախագահական ընտրություններում սատարելու է Սերժ Սարգսյանին, դրանով պարզապես կգցի ԲՀԿ-ի հեղինակությունը:

«Գուցեեւ Գագիկ Ծառուկյանը ցանկանում է դա անել, բայց խորհրդրանական ընտրություններից հետո, որովհետեւ դա կազդի նաեւ խորհրդարանական ընտրությունների վրա: Ես մտածում եմ, որ Գագիկ Ծառուկյանը դրան չի գնա, չի ասի, որ սատարում է Սերժ Սարգսյանին, որովհետեւ դա փչացնելու ձեւ է»,- ասում է Տ. Կարապետյանը:

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ըստ նրա, մեծ քաղաքականություն, այնուամենայնիվ, կվերադառնա. «Ես այդպես եմ պատկերացնում: Համենայնդեպս, այսօրվա խորհրդարանում, իշխանական ապարատում նա ունի հետեւորդներ: Փաստորեն, ունի ներուժ` թեկուզ գաղտնի, որի վրա կարող է հենվել, եթե ցանկանա»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter