HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերոբ Տեր-Պողոսյանը պարգեւատրվեց վարչապետի հուշամեդալով

Սեպտեմբերի 20-ին Լոռու մարզի Ախթալա քաղաքում նշվեց Լեռնահարստացման կոմբինատի (ԼՀԿ) 245- ամյակը: Հանդիսավոր արարողություններին մասնակցելու համար Ախթալա էր ժամանել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Մինչ հանդիսավոր արարողությունը կսկսվեր, մենք փորձեցինքի իմանալ ախթալացիների կարծիքը սեպտեմբերի 18-ին «Հայլուր» լրատվական ծրագրով Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի գլխավոր տնօրեն Սերոբ Տեր-Պողոսյանի` իր սեփական գործարանի պոչամբարից մի բաժակ ջուր խմելու մասին, որից հետո, ինչպես կատակով հայտնում էր «Հայլուր»-ը, շտապ օգնություն կանչելու կարիք չի եղել: «Հետքը» բազմիցս գրել է, թե ինչպես են կոմբինատի թունավոր նյութերն առանց պոչամբար մտնելու լցվում Դեբեդ գետը (Տես հոդվածները` Կառավարությունը պարտավոր է անմիջապես դադարեցնել Ախթալայի լեռնահարստացուցիչ ֆաբրիկայի գործունեությունը

Ինչու՞ է սպիտակել Դեբեդը, Քմ-ը 25 դրամով հող են գնում ոսկի արդյունահանելու համար, «Մեթըլ փրինսը» վաճառվում է):

Ախթալայի բնակիչուհի Ս. Մ.-ն, որի ամուսինը 70 հազար դրամ աշխատավարձով աշխատում է հանքում, աշխատավարձը չկորցնելու համար խնդրեց չհրապարակել իր ազգանունը եւ գետը թափվող պոչանքների մասին ասաց. «Ես դիտել եմ «Հայլուր»-ի ռեպորտաժը, սակայն չեմ նկատել, որ պրն Սերոբը խմեց այդ ջուրը: Ես այդ կողմերով միշտ անտառ եմ գնացել, այդ ջուրը, որ դուք ասում եք , խմելու բան չի, կողքին անգամ կանգնել չի լինում, ինչպե՞ս կարող էր պրն Սերոբը խմել»:

Ախթալացիների աչքից չէր վրիպել նաեւ այն փաստը, որ թունավոր նյութերի հետեւանքով պոչանքների առվակին հարող բույսերից ամայացած, լերկ տարածքը ռեպորտաժում մոնտաժվել էր: Ի դեպ, երբ Ախթալայում գտնվող վարչապետ Տիգրան Սարգսյանին էինք հանձնում լեռնահարստացման կոմբինատի ուղիղ խողովակաշարով Դեբեդ թափվող պոչանքների իրական լուսանկարները, Սերոբ Տեր-Պողոսյանը վարչապետին բողոքեց. «Այս տիկինը դիտավորյալ խողովակը մեծ է նկարել»: Եթե այդ խողովակով հոսողը թույն չէ, ապա խողովակի մեծությունն ինչու՞ էր անհանգստացնում պրն Սերոբին:

Իսկ տոնակատարության ընթացքում աննկատ չմնացին ՀՀ սոցիալական հիմնադրամի նախագահ, ախթալացի Վազգեն Խաչիկյանի ու լեռնահարստացման կոմբինատի գլխավոր տնօրեն Սերոբ Տեր-Պողոսյանի լարված հարաբերությունները Ախթալայի քաղաքապետ Սուրեն Թամազյանի հետ, որի պատճառով, ախթալացիների բնութագրմամբ, Ախթալան բաժանվել է 50-50-ի:
Քաղաքապետ Սուրեն Թամազյանն ակնհայտորեն մեկուսացված էր տոնակատարությունից: Հավանաբար զրկված լինելով ելույթի իրավունքից` հանդիսավոր նիստին շնորհավորանքի խոսք չուղղեց իր ղեկավարած համայնքի բնակիչներին ու ԼՀԿ-ի աշխատողներին: Տոնական միջոցառումներին չէին մասնակցում նաեւ քաղաքապետի թիմակիցները, ասել է թե` Ախթալայի բնակիչների կեսը: Հանդիսավոր նիստին Ախթալայի լեռնահարստացման կոբինատի 245-ամյակի կապակցությամբ կոմբինատի աշխատակիցներին ուղղված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձն ընթերցեց վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նախագահն իր ուղերձում ԼՀԿ-ի աշխատակիցներին շնորհավորում էր տոնի առթիվ եւ նշում. «Այսօր` հիմնադրումից շուրջ 2,5 դար անց, երբ օրվա թիվ մեկ հրամայականը մեր երկրի շարունակական զարգացումն է, ես ապավինում եմ Ձեր նվիրումին, որի շնորհիվ Ախթալան եւ ողջ տարածաշրջանը նոր վերածնունդ կապրեն»:

Բերենք միայն մի փաստ «երկրի շարունակական զագացման գործում» Սերոբ Տեր- Պողոսյանի ավանդից. Ախթալայի «Մեթըլ փրինս» ընկերությունը Ախթալայի համայնքապետարանին այսօր էլ զլանում է վճարել 5 մլն դրամ գույքահարկի իր պարտքը:

Իր ելույթում Սերոբ Տեր-Պողոսյանն ասաց. «Մեծարգո պրն վարչապետ, Ձեր աջակցությամբ «Մեթըլ փրինս» ընկերությունը կշարունակե աշխատանքը` զարգացնելու հանքարդյունաբերությունը Հայաստանի շրջաններում` Ախթալայում, Ստեփանավանում եւ Դաստակերտում եւ կմասնակցե շրջաններու տնտեսական եւ սոցիալական քաղաքականությանը»: Հանդիսավոր նիստում տեղի ունեցավ նաեւ պարգեւատրման պաշտոնական արարողություն: Վարչապետ Տիգրան Սարգսյանն Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի 245-ամյակի առթիվ եւ հանրապետության տնտեսության հանքարդյունաբերական ճյուղի զարգացման գործում ակտիվ մասնակցության համար ՀՀ վարչապետի 19.09.08թ. թիվ 737-ա որոշմամբ Ախթալայի ԼՀԿ-ի տնօրեն Սերոբ Տեր-Պողոսյանին պարգեւատրեց ՀՀ վարչապետի հուշամեդալով: Ախթալայի Սուրբ Աստվածածին եկեղեցու ճանապարհին վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ «Մեթըլ փրինս» ընկերության գլխավոր տնօրեն Սերոբ Տեր-Պողոսյանը պատասխանեցին լրագրողների հարցերին:

Ս. Տեր-Պողոսյանը լեռնահարստացման կոմբինատի մասին մասնավորապես ասաց. «Կոմբինատում աշխատում է 550 աշխատող, միջին աշխատավարձը կազմում է 137 հազար դրամ: Մինչեւ հիմա տարվա սկզբից ամսական 250 տ խտանյութ ենք մենք արտադրել, հիմա արդեն 400 տ կարտադրենք, հույս ունենք` երեք ամսեն կարտադրենք ամսական 1000 - 1300 տ. խտանյութ»: Պարզվեց` արտադրանքը չի արտահանվում. «Մենք չենք արտահանե, կծախենք, գնորդը կուգա Հայաստան, կգնե մեզնից, կտանե Արեւելյան Եվրոպա` այնտեղ ձուլելու, ձուլարանները Ռումինիա, Բուլղարիա կըլլան»:

Ֆաբրիկայի պոչամբարի մասին լրագրողների հարցին Ս. Տեր-Պողոսյանը պատասխանեց. «Կըսվի, որ մենք պոչամբար չունինք: Գործող պոչամբարը դեռ 2-3 ամսվա կյանք ունի, երկրորդ պոչամբարը այս բլրի ետեւն է, երրորդ պոչամբարը` 8 կմ հեռու է»: Վերջինս Այրում եւ Ճոճկան գյուղերի միջեւ տեղակայված, պարոն Տեր-Պողոսյանին խորհրդային տարիներից ժառանգություն մնացած պոչամբարն է, որտեղ շուրջ մեկ մետրանոց ծառեր են աճել, եւ որը ֆաբրիկայի հետ կապ չունի խողովակների ապամոնտաժված լինելու պատճառով:

«Մի քանի անգամ բնապահպանության նախարարությունից եկել նկարել են, մեզ էլ հարցուփորձ են արել ու գնացել, պոչամբարը թեեւ Սերոբինն է, բայց անտեր է»,- մեր հարցմանն այսպիսի պատասխան տվեց Ճոճկանի գյուղապետ Վարուժան Թամազյանը:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը լրագրողների խնդրանքով անդրադարձավ նաեւ տարածաշրջանի էկոլոգիական խնդիրներին. «Մենք հետեւում ենք էկոլոգիական խնդիրներին, գիտեք, որ հասարակական կազմակերպությունների հետ մենք անցած շաբաթ հանդիպել ենք եւ քննարկել ենք նաեւ Ալավերդու կոմբինատի աշխատանքի արդյունքները, համատեղ միջոցառումների ծրագիր ունենք հասարակական կազմակերպությունների հետ, մինչեւ տարեվերջ մի շարք համատեղ քայլեր պետք է անենք էկոլոգիական նորմատիվների շուրջ, ինչը կդառնա նաեւ հանրության քննարկման առարկան»,- ասաց վարչապետը:

Այն հարցին, թե ինչու՞ Ալավերդու բնապահպանական նորմատիվները չպահպանող գործարանի սեփականատիրոջը վստահվեց Թեղուտի գործը, վարչապետ Տիգրան Սարգսյանը պատասխանեց. «Դուք ոչ թե հարց եք տալիս, այլ գնահատականներ»: Իսկ Ալավերդու պղնձաձուլական գործարանի հնարավոր փակման մասին նա ասաց. «Գործարանը փակելու խնդիրը կարող է առաջանալ միայն այն պարագայում, եթե գործարանը չկատարի իր կողմից ստանձնած պարտավորությունները: Այժմ մենք ուսումնասիրում ենք եւ բիզնես ծրագիրը, եւ նրա կողմից այդ ծրագրով նախատեսված էկոլոգիական նորմերի պահպանման խնդիրը, եթե ծրագրից որեւէ շեղում արձանագրենք, հասարակությունը կտեղեկացվի դրա մասին»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter