HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Միակ իրականությունը

«Բոլորս էլ շատ լավ գիտենք, որ մեր իրականության մեջ տեղի են ունենում դեպքեր, երբ առանձին մարդիկ որոշում են հանդես գալ ուժի դիրքերից, որոշում են, որ իրենց կարելի է փողոցում, բազուկների ուժով ինչ-ինչ հարցեր լուծել: Հստակ հայտարարում եմ, ինձ համար դա հասկանալի չէ, ինձ համար դա անընդունելի է: Ոչ ոք Հայաստանի Հանրապետությունում չի կարող իրեն անպատժելի համարել, ոչ ոք Հայաստանի Հանրապետությունում չի կարող պետության գործառույթները վերագրել իրեն: Ես բոլորին առաջարկում եմ ձեռնպահ մնալ արմատավորված արատավոր երեւույթներից, որովհետեւ հետեւանքները, իսկականից, իսկապես տեսանելի են լինելու»: Հատված Սերժ Սարգսյանի հոկտեմբերի 2-ի ուղերձից

Երկու շաբաթ առաջ լրագրողների եւ հասարակական կազմակերպությունների հետ հանդիպման ժամանակ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին ասացի, որ մարդիկ չեն հավատում իրավապահ համակարգին` դատախազին, քննիչին, ոստիկանին, մի պարզ պատճառով, որովհետեւ չեն վստահում:

Այսօր ես կրկնում եմ նույնը` մարդիկ չեն հավատում ո'չ գլխավոր դատախազին, ո'չ ոստիկանապետին, ո'չ երկրի նախագահին: Որովհետեւ երկրի նախագահը ուղերձ է հղում խորհրդարանի ամբիոնից, իսկ նրա դիմաց նստած են զինված խմբավորումներ պահող օլիգարխները: Ինչու՞ են զինված սափրագլուխների խումբ պահում Ալրաղացի Լյովիկը (Լեւոն Սարգսյան), Լֆիկ Սամոն (Սամվել Ալեքսանյան), Դոդի Գագոն (Գագիկ Ծառուկյան), գեներալ Սեյրանը (Սեդրակ Սարոյան) ... Ինչու՞ են այս մարդիկ պահում զինված ջոկատներ. որովհետեւ վախենում են մենակ շրջել: Իսկ վախենում են նրանք իրենց բազմաթիվ անօրինական գործարքներով, ապօրինություններով ձեռք բերած հարստությունը կորցնելուց: Նրանցից յուրաքանչյուրը գիտի, թե ինչպես է հարստացել, պետությունից ինչ է գողացել, որքան հարկ չի վճարել, ումից ինչ է թալանել, կողոպտել: Նրանք վախենում են այդ ճանապարհով ձեռք բերածը կորցնելուց: Դրա համար էլ քաղաքում պտտվում են մի քանի մեքենաներով, տասնյակ թիկնապահներով: Իրենց թիկնապահներով հանդերձ` նրանք այս տարիների ընթացքում հասարակության մեջ դարձել են անպատիժ, ամենակարող, սպանող սոցիալական մի խավ, որն օր-օրի հզորանում ու կատարելագործվում է: Խնդիրը սա է, եւ Սերժ Սարգսյանն այդ ամենը շատ լավ իմանալով` նրա'նց առջեւ է ելույթ ունենում, նրա'նց է զգուշացնում: Բայց այս դեպքում զգուշացնելու անհրաժեշտություն չկար, այս դեպքում նա պարտավոր էր իրենից առաջ խորհրդարան ուղարկել գլխավոր դատախազին, որը պետք է պատգամավորներից ստանար Ալրաղացի Լյովիկին անձեռնմխելիությունից զրկելու համաձայնությունը: Այս օլիգարխ պատգամավորը սեպտեմբերի 21-ին իր սափրագլուխներին հրահանգել է ծեծելով սպանել 35-ամյա Անդրանիկ Բաբայանին: Ըստ որոշ տեղեկությունների` նա ինքն էլ է մասնակցել այդ ծեծուջարդին: Լյովիկը, որին միայնակ մի գիշեր նույնիսկ կապկպած չես կարող պահել սահմանի մոտ մի բլինդաժում, թե չէ վախից լեղաճաք կլինի, իր ոհմակով մեկի վրա է հարձակվել ու դաժանաբար ծեծել: Եւ ահա այս օլիգարխների մեջ ամենավախկոտը, որն արածների համար վաղուց պիտի ազատազրկման վայրում պատիժ կրեր, իր տոնական օրը որոշել է ավարտել մարդասպանությամբ: Մի կողմ թողնենք դրան նախորդած միջադեպը` կապված լրագրող Արթուր Սահակյանի եւ պաշտոնյաների կերուխումի հետ: Սա այլ հարց է, թե ինչպես են լրագրողները սերտաճել իշխանությանը, օլիգարխներին: Եթե այդ օրը գլխավոր դատախազը նախագահի ուղերձից առաջ մտներ եւ խորհրդարանից պահանջեր Ալրաղացի Լյովիկին զրկել անձեռնմխելիությունից, գուցե սկսեի հավատալ նրան, գուցե: Բայց այդպիսի բան չի կարող տեղի ունենալ, համոզված եղեք: Ու եթե Ալրաղացի Լյովիկն այդ սպանությունից հետո հայկական հեռուստաեթերում խորհրդարանից տրված ռեպորտաժներում պիտի երեւա քահքահ ծիծաղելիս, ապա սարսափելի մի բան էլ է տեղի ունենում մեր երկրում` մարդասպանը նոր որակներ է ձեռք բերում... Առայժմ սա է միակ իրականությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter