HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Բանանային պատմություն բանանային Հայաստանում

Սեպտեմբերի 25-ին ՀՀ գլխավոր դատախազը լրագրողների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկում էր կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ հարցեր: Հանդիպման ժամանակ իմ խոսքում ասացի, որ դատախազությունը կոռուպցիայի դեմ պայքարում իրականում փոքր գործեր է բացահայտում, իսկ բոլոր մեծ գործերը փակվում են:

Եւ որպես օրինակ բերեցի «Հետքի» կատարած լրագրողական հետաքննության արդյունքները, ըստ որի` Հայաստանից «Քեթրին» ՍՊԸ-ն մի քանի հազար տոննա բանան է արտահանել Բահամյան կղզիներ եւ Վրաստան (Տես հոդվածը՝ Բանան արտահանող Հայաստանը):

Այս գործը փակվել է, քանի որ ընկերության ետեւում կանգնած էր Ազգային անվտանգության ծառայության պետի ֆինանսական գծով նախկին տեղակալ Գրիշա Հարությունյանը: Այս հայտարարությունից հետո տարբեր լրատվամիջոցներ, անդրադառնալով բանանի արտահանմանը, փորձել են պարզաբանումներ ստանալ նաեւ մաքսային ծառայությունից:

Սակայն, մինչ այդ շարունակելով մեր ուսումնասիրությունը, պարզել էինք, որ Բահամյան կղզիներ Հայաստանից բանան չի ներկրվել: Վրաստան, ըստ փաստաթղթերի, Հայաստանից արտահանվել է 100 տոննա բանան, սակայն ինչպես պարզել է Վրաստանի իմ գործընկերը, այդ 100 տոննա բանանը Վրաստանից, դարձյալ ըստ փաստաթղթերի, վերաարտահանվել է: Առայժմ չենք պարզել, թե վրացական ընկերությունը ուր է արտահանել հայկական բանանը, բայց դա արդեն էական չէ, քանի որ իրականում այդ բանանը Հայաստանից դուրս չի եկել:

Ըստ պաշտոնական տվյալների` 2005 եւ 2006 թվականներին Հայաստանից 3596,6 տոննա բանան է արտահանվել Բահամյան կղզիներ: Սակայն նման բան չի եղել, պարզապես կեղծվել են փաստաթղթեր, իսկ դա նշանակում է` կատարվել է հանցանք:

«Հայոց Աշխարհ» թերթին պարզաբանումներ տալով` Պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայության հետաքննության եւ իրավաբանական վարչության պետ Գեւորգ Ներսիսյանն ասել է. «Ես չգիտեմ՝ ով է հովանավորել կամ չի հովանավորել «Քեթրին» ընկերությանը, քննությամբ պարզվել են այդ ընկերության գործողությունները: Ըստ քննության տվյալների` 2005 թ. հունվարի 1-ից մինչեւ 2007 թ. հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության տարածք «Ժամանակավոր ներմուծում վերամշակման համար» մաքսային ռեժիմով ներմուծվել է 1 միլիարդ 386 միլիոն 591 հազար 486 դրամ մաքսային արժեքով ադամաթուզ (բանան)։

Քանի որ բանանի յուղը վերաարտահանում է ձեւակերպվել, իսկ այդ դեպքում հնարավոր չի լինում փակել «Ժամանակավոր ներմուծում վերամշակման համար» հայտարարագիրը, այն բաց է մնում, այդ իսկ պատճառով որպես տեխնիկական հայտարարագիր լրացվել է, թե իբրեւ այդ բանանը արտահանվել է։ Իրականում «Քեթրին» ընկերությունը ներկայացրել է բանանի յուղի արտահանում, երբեւէ բանան չի վերաարտահանվել»:

Հիշեցնենք, որ մինչ այդ մաքսային պետական կոմիտեի նախագահի տեղակալ Ա. Աֆրիկյանը մեր գրավոր հարցման պատասխանում նշել է, որ 2005-2006 թթ. «Քեթրին» ՍՊԸ-ի կողմից Բահամյան կղզիներ է արտահանվել 59,44 կգ բանանի յուղ, որի համապատասխան լրացվել է 775,4 տոննա «Ժամանակավոր ներմուծում վերամշակման համար» մաքսային ռեժիմով նախկինում ներմուծված բանանի վերաարտահանման հայտարարագիր։

«Քննությամբ պարզվեց, որ վերաարտահանվել է ոչ թե բանանի յուղ, այլ արեւածաղկի յուղ»,- «Հայոց աշխարհին» ասել է Գեւորգ Ներսիսյանը։

Իրականությունն այն է, որ «Քեթին» ընկերությունը 2005-2007 թթ. ներկրելով մոտ 6500 տոնա բանան «Ներմուծում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով` ազատվել է մաքսային վճարի, մաքսատուրքի եւ ավելացված արժեքի հարկի վճարումից։ Օրենքն այդպես է նախատեսում: Իսկ այդ մաքսային ռեժիմով բանանը ներկրելով` «Քեթրին» ՍՊԸ-ն պարտավոր էր վերամշակումից ստացած ապրանքը արտահանել Հայաստանից: Իսկ քանի որ վերամշակում չի եղել, ընկերությունը կեղծ փաստաթղթեր է սարքել` իբրեւ պատրաստել է բանանի յուղ եւ արտահանել Բահամյան կղզիներ: Այս գործարքի ադրյուքնում «Քեթրին» ՍՊԸ-ն պետությանը չի վճարել 443 711 516 դրամ (մոտ 1 միլիոն 479 հազար դոլար):

Իսկ սա նաեւ նշանակում է, որ միայն 6500 տոննա բանան Հայաստանում վաճառվել է առանց որեւէ տեղ երեւալու:

«Ինչու՞ «Քեթրինի» ղեկավարը կամ հիշյալ կեղծ գործարքի հետեւում կանգնած անձը չի ենթարկվել քրեական պատասխանատվության» «Հայոց Աշխարհ» թերթի թղթակցի հարցին ահա թե ինչ է պատասխանել Գեւորգ Ներսիսյանը. «Այս պարագայում, երբ մենք հաշվարկում ենք, այստեղ չկա մաքսանենգության դեպք: Որովհետեւ, երբ «Ժամանակավոր ներմուծում վերամշակման համար» մաքսային ռեժիմով ներկրել է բանանը, լրիվ օրինական ձեւակերպվել է։ Ապրանքն իրականում իրացվել է հայաստանյան շուկայում։ Հետարտահանման ժամանակ ընկերությունը բանանի յուղի փոխարեն արտահանել է արեւածաղկի յուղ, որի արժեքը 1 միլիոն դրամից ավելի չէ յուրաքանչյուր դեպքում, այսինքն՝ այստեղ մաքսանենգության խնդիր չկա, այստեղ կա հարկերից խուսափելու խնդիր։ «Քեթրին» ՍՊԸ-ն խուսափել է հարկերի վճարումից։

...Քրեական դատավարության օրենսգրքի 189-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն, 205-րդ հոդվածով նախատեսված արարքն առաջին անգամ կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նա հատուցում է հանցագործությամբ պատճառված վնասը եւ հաշվարկված տույժերն ու տուգանքները: Հիմա այս մարդը, ճիշտ է, հետագայում, բայց ամբողջությամբ վճարել է հարկերը, տուրքերը եւ դրանց չվճարման համար սահմանված տույժերը։ Այդ պատճառով էլ քրեական պատասխանատվության չի ենթարկվել։ Մասնավորապես վճարել է 443.711.516 դրամ մայր գումար, 200.844.487 դրամ տույժ։ Ընդհանուր մաքսային մարմնին վճարել է 644.556.003 դրամ մաքսային վճարների մայր գումար եւ տույժեր»։

Այս պատմությունը գուցե այսքանով ավարտված համարեինք, եթե չլիներ մեկ այլ հանգամանք` այս բոլոր գործարքները կատարելիս «Քեթրին» ընկերության նախագահը (որը նաեւ հիմնադիրն է) եղել է Միհրան Պողոսյանը: Նա այսօր Հանրապետության գլխավոր հարկադիր կատարողն է: Առայսօր էլ «Քեթրինի» կայքում դրված է նրա ողջույնի խոսքը. http://www.catherine.am/about_arm.htm:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter