HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Ինչու՞ ենք պայքարում կոռուպցիայի դեմ

Երկրում նորից մոլեգնում է կոռուպցիայի դեմ պայքարը, Ազգային անվտանգության ծառայությունը տարածել է տեսահաղորդագրություն, որտեղ Կոտայքի մարզպետարանի մի աշխատակից մի քաղաքացուց 60 հազար դրամ կաշառք է վերցնում: 60 հազար դրամով այդ կինը պետք է ներառվեր նպաստառուների ցուցակում:

Պայքարի առաջին շարքերում են նաեւ Ոստիկանությունը, Դատախազությունը, Ազգային ժողովը, Կառավարությունը: Պայքարին միացել են միջազգային կառույցները, նրանք դրամաշնորհներ են տալիս, որ կոռուպցիան վերանա մեր երկրից կամ գոնե նվազի ինչ-որ չափով: Այս պայքարի անվան տակ փոշիացվում են միլիոնավոր դոլարներ: Նորից երեւան է եկել կոռուպցիայի դեմ ազգային ծրագիրը, պարզվում է` նախորդը գերակատարել ենք եւ ունեցել փայլուն արդյունքներ: 


Իսկ եթե այդ արդյունքները շոշափելի չեն, մեղավորը հասարակությունն է: Նա չի ուզում տեսնել այդ արդյունքը, ավելին` այդ հասարակության մասին ասում են` ինքն է կոռումպացված, պատրաստ չէ փոփոխությունների, իսկ ամենավերջում լսում ենք, որ մեր «մենթալիտետը» այսպիսին է:

Պարոնայք, չի աշխատի հակակոռուպցիոն, ազգային կամ թեկուզ անդրազգային ոչ մի ծրագիր, կոռուպցիան չի կարող վերանալ մեր երկրում, որովհետեւ իշխանությունն ինքն է կոռումպացված: Եւ նման իշխանությունը, բնականաբար, չի ուզենա վերացնել կոռուպցիա կոչվածը:

Ինչպե՞ս պիտի վերանա, երբ դատարանի նախագահը մեկ մլն դոլարով ձեռք է բերում առանձնատուն, ինչպե՞ս պիտի վերանա, երբ դաշնակցական նախկին նախարարներից մեկն իր մի ազգականի անունով Երեւանի կենտրոնում` Կասկադում հող է ստանում քաղաքապետից եւ հետո այդ հողը քառակուսի մետրը հազար դոլարով վաճառում իր սփյուռքահայ կուսակցին, ինչպե՞ս պիտի վերանա, երբ պատգամավորները երկու հարյուր հազար դոլարով բնակարաններ են ձեռք բերում էլիտար շենքերում: Այս օրինակները կարելի է անվերջ թվարկել ու գրել բոլորի անունները, բայց դրանից ի՞նչ պետք է փոխվի:

Նորից սկսելու են խոսել օրենքներում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության մասին, որպեսզի իբր թե մարդիկ չկարողանան շրջանցել գործող օրենքները: Միամիտ ինքնախաբեություն, ավելի ճիշտ` փող աշխատելու նոր ասպարեզ: Զանազան կազմակերպություններ տարիներ շարունակ զբաղված են հենց դրանով` դրսի փողերով օրենք են գրում, նույն օրենքը նույնիսկ գրում են մի քանի անգամ, մի քանի տարբերակներով:

Հայաստանի Հանրապետությունը այս ոլորտում ստորագրել է միջազգային զանազան համաձայնագրեր` ստանձնելով բազմաթիվ պարտավորություններ: Իշխանությունները պիտի կատարե՞ն այդ փաստաթղթերում ամրագրվածը: Ոչ, մի երկու կոնֆերանս կանեն ու վերջ, դրա փորձն էլ ունեն: Իսկ միջազգային կազմակեպությունները կհամակերպվեն ստեղծված վիճակին:

Մի քանի տարի առաջ ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակը կոռուպցիայի դեմ պայքարի մի ծրագիր էր անում, խմբեր էին ստեղծել, այցելում էին հիվանդանոցներ, դպրոցներ. ի՞նչ եղավ այդ ծրագիրը, ի՞նչ արդյունքներ է ունեցել այն: Ոչ մի: Այսօր այդ նույն ՄԱԿ-ը նոր թափով է սկսել ծրագրեր անել եւ հակակոռուպցիոն շքերթի առաջին շարքերում է: Այս ամենը արդյունք չի տալիս, որովհետեւ այնտեղ էլ հավաքվել են մարդիկ, ովքեր ծրագրեր են փախցնում իրենց եւ այս կամ այն կազմակերպության համար: Եւ բոլորն ընդունել են խաղի կանոնները, իմիտացիա անելու կանոնները:

Վերջերս Գլխավոր դատախազությունում հ/կ-ների ներկայացուցիչների եւ լրագրողների հետ գլխավոր դատախազի հանդիպման ժամանակ, որտեղ քննարկվում էին կոռուպցիային առնչվող հարցեր, միջազգային մի կազմակերպության ներկայացուցիչ էր մասնակցում, որը մեկ ժպտում էր, մեկ` ծիծաղում: Սկզբում մտածեցի` երեւի իմ խոսքն է նրան հրճվանք պատճառում: Բայց հետո տեսա, որ նա ծիծաղում է նաեւ ուրիշների խոսքի ժամանակ: Հետո նա հեռացավ` հավանաբար հերթական հաշվետվությունը գրելու, թե հանդիպմանը կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ ինչ կարեւոր առաջարկներ եղան: Դա անհրաժեշտ է կոռուպցիայի դեմ պայքարի ծրագրի շարունակականության համար: Եւ միջազգային կազմակերպություն ներկայացնող այս երիտասարդը, կամ նրա նման մեկը կմնա խաղն ապահովող կարեւոր պտուտակներից մեկը:
Որովհետեւ միջազգային կազմակերպություններում էլ հավաքվել են նույն մարդիկ, ովքեր սովորել են իմիտացիա անել, թե պայքարում են, թե ձեռքբերումներ ունեն:

Երեք տարի առաջ հետաքրքրվում էի կառավարության բարեփոխումների ծրագրերից մեկով: Պարզվեց, որ այդ ծրագրերից երկուսում փոխնախարարներից մեկի կինը ձեւակերպված է մի դեպքում խորհրդական, մյուսում` թարգմանիչ, իհարկե` միաժամանակ: Եւ այդ փոխնախարարն այդ ծրագրերում առանցքային դերակատարում ուներ:

Կոռուպցիայի դեմ ի՞նչ պայքար կարող է տարվել Հայաստանում, երբ առայսօր ոչ մի կառավարություն, ոչ մի նախագահ չի հասել նրան, որ ցանկություն ունենա կամ պարտադրի հրապարակել Երեւանի քաղաքապետի բոլոր որոշումները: Փորձեք ձեռք բերել այդ որոշումները օրինական ճանապարհով, որեւէ արդյունքի չեք հասնի:

Երբ խոսում են կոռուպցիայի մասին, չգիտես ինչու` միանգամից մատնանշում են կրթական եւ առողջապահական համակարգը: Իբրեւ կոռուպցիան ամենից շատ այստեղ է ծաղկում:

Կոռուպցիան կառավարման համակարգում է, Ազգային ժողովում, կառավարության որոշումների մեջ: Տեսեք, թե ինչպես են օտարվել քաղաքի կենտրոնի` պետական գերակա շահ ճանաչված հողատարածքները: Կառավարության որոշմամբ, ուղիղ վաճառքի ձեւով: Ոչ մի դեպքում աճուրդ չի եղել, մրցույթ չի հայտարարվել: Պարզելով այդ կազմակերպությունների սեփականատերերին` տեսնում ես, որ դրանց հետեւում այս կամ այն պաշտոնյան է: Որեւէ պատահական մարդ չկա այդ ցուցակում:

Կոռուպցիայի դեմ ի՞նչ պայքարի մասին է խոսքը: Ո՞վ պետք է պայքարի դրա դեմ, հնարավո՞ր է, որ մարդիկ իրենք իրենց դեմ պայքարեն, բացահայտումներ անեն: Իհարկե, ոչ:

Եւ կարծում եմ` պետք է վերջ տալ այն հեքիաթներին, որ ամեն օր պատմում են մեզ մի շարք լրատվամիջոցներ: Եթե ուզում եք կոռուպցիայի օրինակների դիդակտիկ նյութ ունենալ, հրապարակեք քաղաքապետի բոլոր որոշումները հողհատկացումների մասին:

«Հետքը» կհրապարակի այդ եւ այլ որոշումներ:

Էլիտար որոշումներ

Հայաստանի կառավարությունն ընդունում է երկու տեսակ որոշումներ: Դրանք պայմանականորեն կարելի է անվանել` սովորական որոշումներ, որոնք հասու են բոլոր քաղաքացիներին եւ որոնց վրա նշագրվում է «Ն» տառը: Այդ որոշումները կարելի է գտնել Կառավարության կայքում եւ պաշտոնական տեղեկագրերում:

Մյուսը պայմանականորեն կարելի է անվանել էլիտար որոշումներ: Դրանք նշագրվում են «Ա» տառով: Կառավարության խորհուրդ ենք տալիս «Ա» տառը փոխարինել «Է» տառով: Այդպես ավելի ազնիվ կլինի: «Ա» նշագրումով որոշումները չեն հրապարակվում: Այս որոշումներն ընդունվում են «ազգային էլիտայի» համար: «Ա» նշագրումով որոշումներով կառավարությունը «ազգային էլիտային» է բաժանում ազգային հարստությունը: Եւ ի՞նչ որոշումներ են դրանք. միմիայն գույքի օտարման: Այսինքն` սեփականության ձեռքբերման: Սովորաբար դրանցով որոշվում է գույքը կամ հողատարածքը ուղղակի վաճառքի ձեւով օտարել որեւէ կազմակերպության կամ անհատի: Որոշման մեջ նշվում է նաեւ գինը, որը շուկայական գնից զգալի ցածր է լինում: Բայց այդ գինը որոշում է որեւէ անշարժ գույքի կազմակերպութույն: Այս վերջին կազմակերպություններն էլ պատկանում են նույն «ազգային էլիտային»: «Հետքի» հաջորդ համարում եւ այսուհետեւ պարբերաբար կներկայացնենք այդ որոշումները եւ դրանց տակ թաքնված իրականությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter