HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Թրաֆիկինգի հոդվածով հետախուզվում է 16 մարդ

Հայաստանում նախորդ տարիների hամեմատ կտրուկ նվազել են թրաֆիկինգի հոդվածով քրեական եւ դատական գործերը: Այսինքն` կա՛մ պակասել են այս հանցատեսակով դեպքերը, կա՛մ էլ իրավապահների համար դժվարացել է դրանց բացահայտումը:

«Հետքը» շաբաթներ շարունակ այս ու նմանատիպ հարցերի շուրջ պարզաբանումներ ստանալու ակնկալիքով դիմում էր Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչություն: Փորձում էինք պայմանավորվածություն ձեռք բերել թրաֆիկինգի դեմ պայքարի բաժնից որեւէ պատասխանատուի հետ հարցազրույց անցկացնելու համար: Բայց լրատվության վարչության պատասխանատուներն անդրդվելի էին` «հարցերն ուղարկեք գրավոր, մենք ամենայն մանրամասնությամբ կտրամադրենք սպառիչ պատասխաններ»,- վստահեցնում էին նրանք:


Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունը նպատակահարմար չգտավ հարցազրույցը կազմակերպել եւ 21 օր անց մեր գրավոր հարցմանը պատասխանեց: Դրանում բացակայում էր մեր այն հարցադրման պատասխանը, թե ինչու՞ է նվազել թրաֆիկինգի հոդվածով քրեական գործերի հարուցումը: Վարչության պետ Սայաթ Շիրինյանը տեղեկացնում է, որ այս տարվա սեպտեմբերի 24-ի դրությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 132, 132 պրիմ հոդվածների հատկանիշներով (թրաֆիկինգ) հարուցվել է 8 քրեական գործ:

Մեր տեղեկություններով` այս տարի Հայաստանում բացահայտվել է թրաֆիկինգի ենթարկված ռուս կանանց խումբ: Խնդրել էինք մանրամասներ հաղորդել տվյալ գործի առնչությամբ:

«ՌԴ Վոլգոգրադ քաղաքի բնակչուհի Ե.-ն ամուսնու` Վ.-ի եւ դստեր` Ա.-ի հետ, հիմնելով աշխատանքի տեղավորման գործակալություն, 2005 թ. սկսած Վոլգոգրադում խաբեությամբ հավաքագրել եւ Հայաստան է փոխադրել մի շարք կանանց, որտեղ, օգտագործելով վերջիններիս անօգնական վիճակը, բռնություն գործածելու սպառնալիքով, շահագործման են ենթարկել` հարկադրելով մերկապարուհիներ աշխատել Երեւան քաղաքի տարբեր գիշերային ակումբներում:
Ե.-ն եւ Ա.-ն կալանավորված են»,- փոխանցում է ոստիկանությունը:


«Ներկայումս ՀՀ ոստիկանության կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 132, 132 պրիմ հոդվածի հատկանիշներով հետախուզման մեջ է գտնվում 16 մարդ»,- տեղեկացնում է ոստիկանությունը` ի պատասխան մեր այն հարցերի, թե ովքե՞ր են հետախուզվողները, ե՞րբ է հայտարարվել հետախուզումը եւ կոնկրետ ի՞նչ գործով:

Այս հարցադրումը արել էինք, որովհետեւ մեր ունեցած տեղեկություններով` հետախուզման մեջ գտնվող մի անձ գտնվում է Հայաստանում: Սակայն մեր հեռախոսազրույցի ժամանակ Սայաթ Շիրինյանը հայտնեց, որ հետախուզվողների անունները չեն կարող տալ, որովհետեւ դա գաղտնի է:
Սա, իհարկե, տարօրինակ է, քանի որ հետախուզում հայտարարելու ժամանակ ոչ միայն անուն-ազգանուններն են հրապարակվում, այլ նաեւ լուսանկարները: Որովհետեւ շատ հնարավոր է, որ այդ մարդիկ այսօր Հայաստանում շարունակում են իրենց գործունեությունը:

Խնդրել էինք նաեւ տրամադրել վիճակագրական տվյալներ, թե հատկապես ո՞ր երկրներում են թրաֆիկինգի ենթարկվում հայ կանայք:

«Հայ կանանց շահագործման հիմնական նպատակային երկրներ են համարվում Արաբական Միացյալ Էմիրությունը եւ Թուրքիան»,- «սպառիչ կերպով» պատասխանել է Ս. Շիրինյանը: Չնայած` այդ երկրների ցանկում պետք է լինի նաեւ Ռուսաստանը, որտեղ աշխատանքային թրաֆիկինգի ենթարկված երեք հայերի դատական մի գործ եղել է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter