HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

«Հող տվողը ստեղ մի փնտրի, գնա Երեւանում փնտրի»

«Եթե նրանք մտածում են, որ այդ տարածքները տալով կարող են շարունակել հանգիստ ապրել, սխալվում են»- մեկ շաբաթ առաջ Ղարաբաղում` Մարտակերտում ասաց հաշմանդամ Գարիկը:

Ես փորձեցի նրան զրույցի մեջ ներքաշել` տեսնելու, թե ինչ են մտածում Արցախի ազատագրման համար կռված տղաները Ղարաբաղյան խնդրի կարգավորման վերջին զարգացումների մասին: Բայց իմ հարցերը կարծես թե հունից հանեցին պատերազմում գլխից վիրավորված զինվորին: Զգացի, որ սխալվել եմ` ասելով, թե ղարաբաղցիներին չեն էլ հետաքրքրում հողերի հանձնման մասին խոսակցությունները: Իսկ երբ ասացի, որ զարմանում եմ, որ կռված տղաները վախենում են խոսել այդ թեմայով, հասկացա, որ անցել եմ սահմանը: Ու նա սկսեց խոսել առանց դադարի:

«Ով ուզում է լինի, մենք` ղարաբաղցիներս, կխփենք: Ոչ մեկը չի կարող էդ տեսակ թուղթ ստորագրի: Դու գոնե պատկերացնու՞մ ես` ինչ է նշանակում հողերը ետ տալ: Բա էդ արյան գինը ո՞վ է վճարելու: Սերժը պատրա՞ստ է այդ գինը վերցնի իր վրա: Դու գիտե՞ս` ինչ է նշանակում դա. Ղարաբաղը նորից շրջապատված չորս կողմից, էստեղ մարդ չի մնա: Չէ, կմնա, կմնանք մահապարտների մի խումբ, բայց մի խումբ էլ կուղարկենք Երեւան, չմտածես, որ էդպես էլ կանցնի: Էնտեղ շա~տ, շա~տ անելիքներ կան: Էդ հարստությունները որ դիզել են, իմ, Նորիկի, Արմենի, Սամոյի, Մոնթեի, Պետոյի, Արջի, էլի հազարների արյան հաշվին է եղել, ու հիմա հողեր են ուզում հետ տան: Իսկ ինձնից հարցրե՞լ են, թե ես ինչ եմ ուզում, ընկերներիցս հարցրե՞լ են, էն զոհվածներից հարցրե՞լ են: Եթե հող եք ուզում հետ տաք, Երեւանը տվեք: Ինչու՞ եք պահում էդ քաղաքը, ինչների՞դ է պետք: Կգնաք Լոս, Ռուսաստան, Սոչի, գնացեք էնտեղ ապրեք, Երեւանն ի՞նչ եք անում: Ձեզ ուտել-խմելու տեղ չի՞ պետք, սաղ աշխարհը էդպիսի տեղեր են: Գնացեք, իսկական հայը էնտեղ կգտնեք, որովհետեւ գիտե՞ս ինչ` հայը իրա հայրենիքում չի կարողանում ապրել: Հայը պիտի փախչի, անընդհատ պիտի փախչի, փախչի, փախչիգ: Բայց էս աշխարհից հո փախուստ չունի, հայը մենակ իրա հայրենքից է փախչում:

Ես գիտեի, որ մի օր էս խոսակցությունը ինձ հետ լինելու է: Ու հիմա դու ես եկել էդ խոսակցությունը ինձ հետ տանում: Ինձնից չեն էլ հարցրել, էսքան տարի ինձնից չեն էլ հարցրել, ու հիմա դու ես եկել ու ինձ հարցնում ես, բայց ես գիտեի, որ մի օր հարցնելու են ինձնից: Ուրեմն լսիր. մի ժամանակ Լեւոնն էր ասում, հիմա էլ Սերժն է ասում: Էդ Հայաստանի սահմանները իրե՞նք են պահելու, իրենց տեղե՞րքն են պահելու, կամ էն ժամանակ իրե՞նք են պահել: Նրանց համար ի՞նչ, նրանք հացի խնդիր չեն էլ ունեցել, իսկ մենք հիմա մեր օրվա հացը չենք կարողանում գտնել: Էս տառապանքը իրա՞նք են քաշել, որ հիմա ուզում են մեզնից էդ էլ խլեն: Բայց էդ տառապանքը մենք ենք, չէ՞, ընդունել մեր վրա: Սերժը, Ռոբերտը կամ Լեւոնը ի՞նչ կապ ունեն մեզ հետ, որ հիմա մեր անունից խոսում են:

Ես գիշերները գոռգոռալով վեր եմ թռնում` քրտինքը վրես, գոռում եմ ամեն գիշեր: Տնեցիք ինձ փսիխ են ասում, ինչի՞ համար: Ինչի՞ համար, իմ երեխեքը չգիտեն, թե ես ինչ տառապանքներ եմ քաշել, ու չեմ էլ ուզում իմանան: Բայց էդ չիմանալու համար ենք, չէ՞, ձների մեջ ամիսներ անցկացրել: Դու գիտես, լսել ես պարտիզանների մասին: Գիտես, որ նրանք անտառնեորւմ էին ապրում, էս անտառներում, ու տարիներով ամեն ինչից զրկված: Ու հիմա հո՞ղն եք ուզում հետ տալ: Կպայթեցնենք բոլորիդ: Ձեզ էլ, որ սուտ բաներ եք գրում, սրանց էլ, որ ձենները գցել են փորները ու սաղին խեղճացրել: Էսօր գիտե՞ք ինչ վիճակում են էդ կռվող տղերքը, էսօր նրանց ոչ մեկը չի հասկանում: Նրանք էս երկրի մարդիկ չեն: Նրանք ձեզ հետ ոչ մի կապ չունեն: Բոլորը խմում են օրերով, խմում են, որ մոռանան, որ իրենցից հեռու մնան, որ իրանց լուրջ չընդունեն: Հա, ես էդպես եմ ուզում, ուզում եմ ինձնից հեռու մնան ու դրա համար էլ էսքան խմում եմ, որ հեռու մնան ինձնից: Ես էլ, ընկերներս էլ էլ աշխատել չենք կարողանում, չէ` ոչ թե աշխատանք չկա, այլ չենք կարողանում:

Դե արի բացատրի, որ չի թողնում, էդ գլխիդ մեջ եղածը քեզ չի թողնում մի գործ անես: Հասկանու՞մ ես, թե ինչ է նշանակում, որ գլխիդ մեջ եղածը քեզ խանգարում մարդավայել ապրել, քեզ չոքեցնում է, ու դատարակություն է լինում չորս կողմդ: Բայց ո՞վ է քեզ հասկանում, ո՞վ է ուզում հասկանալ քեզ: Իսկ հիմա հողերը տալու մասին ինձ հարցեր ես տալիս: Էստեղ հող պահողներն են, հող տվողը ստեղ մի փնտրի, նրանց գնա Երեւանում փնտրի ու ասա, որ վատ է լինելու, մեզ համար մեկ է, հիմա էլ վատ է, գրի, որ շատ վատ է լինելու իրենց համար»:

Սկզբում մտածում էի, որ նման հարցեր պիտի տամ նաեւ Ստեփանակերտում` պատգամավորներին եւ պաշտոնյաներին: Բայց Գարիկի հետ զրույցից հետո զգացի, որ նրանք ինչ էլ որ ասեն, անիմաստ է լինելու:

Լուս. Հակոբ Պողոսյանի

Տես նաեւ՝ Հայոց բանակի ճանապարհը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter