HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Վարդան Այվազյանը` պատասխանող կողմ Առեւտրի միջազգային պալատի արբիտրաժում

Նյու Յորքի Առեւտրի միջազգային պալատի արբիտրաժն այս տարվա սեպտեմբերի 5-ին որոշել է ՀՀ բնապահպանության նախկին նախարար, այժմ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանին ճանաչել պատասխանող կողմ մի գործով, որի մասին «Հետքը» գրել է այս տարվա սկզբին:

Գործի համարն է 14770/ EBS, գործին հնարավոր է ծանոթանալ արբիտրաժի կայքում` www.iccarbitration.org: Գործը վերաբերում է Հանքավանի ոսկու հանքավայրին: Վարդան Այվազյանն ուսումնասիրման լիցենզիա է տվել միաժամանակ երկու տարբեր ընկերությունների: Ընկերություններից մեկի` «Գոլդեն Օրե» ՍՊԸ-ի (ընկերության մասին կարդացեք այստեղ` Ինչպես աշխատել միլիոն) իրական սեփականատերը Տրանսպորտի եւ կապի նախկին նախարար, այսօր ՀՀ նախագահի խորհրդական Անդրանիկ Մանուկյանն է:

Կարճ ժամանակում այս ընկերությանն օրենքի բազմաթիվ խախտումներով Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարությունը տվել է շահագործման լիցենզիա: Դրանից կարճ ժամանակ անց այն վաճառվել է «Գեոպրոմայնինգ» ռուսական ընկերությանը: Այս ընկերությունը գրեթե նույն ժամանակահատվածում ձեռք է բերել նաեւ հնդիկ միլիարդատեր Անիլ Ագարվալին պատկանող «Արարատի ոսկու արդյունահանման ձեռնարկությունը»` Սոթքի եւ Մեղրաձորի ոսկու հանքավայրերը: Մի խոսքով, սա եղել է մի փաթեթային գործարք: Ա. Մանուկյանը, ըստ մեր ունեցած հավաստի տեղեկությունների, Հանքավանի ոսկու հանքավայրը վաճառել է 30 միլիոն դոլարով:

Այս վաճառքից պետությունը ոչ մի լումա չի ստացել: Համենայնդեպս, այդպես են վկայում «Գոլդեն Օրե»-ի հարկային ցուցանիշները: Առեւտրի միջազգային պալատի արբիտրաժում Վարդան Այվազյանի հետ պատասխանողներ են ճանաչվել Հայաստանի եւս երեք քաղաքացիներ` Մայրեն Բատոյանը, Էդվարդ Ջանիբեկյանը, Յուրիկ Լալազարյանը: Ի՞նչ է սպասվում այս դատավարությունից:

Անկախ նրանից` ՀՀ քաղաքացիները կներկայանա՞ն դատավարությանը, թե՞ ոչ, դատական գործընթացը շարունակվելու է եւ հանգելու է վճռի: Եթե արբիտրաժը վճիռ կայացնի ՀՀ քաղաքացիների դեմ, բնականաբար, նրանց նկատմամբ կկիրառվեն պատժամիջոցներ. նրանք խնդիրներ կունենան այն երկրներ այցելելիս, ում հետ ԱՄՆ-ն ունի փոխհամաձայնագիր, կալանք կդրվի նրանց բանկային հաշիվների եւ գույքի վրա:

Միանշանակ է, որ ամենախոցելի վիճակում Վարդան Այվազյանն է, քանի որ հայ քաղաքացիներից նա է եղել կառավարության անդամ եւ ուսումնասիրության լիցենզիաներ տրամադրող լիազոր մարմնի ղեկավարը:

Նա բարձրաստիճան պաշտոնյա է եւ կարող է զրկվել արտասահմանյան շրջագայություններից կամ պաշտոնական այցելության մեկնելու հնարավորությունից: Վարդան Այվազյանն առայժմ միակ հայ բարձրաստիճան պաշտոնյան է, ով հայտնվել է միջազգային արբիտրաժային դատարանում: Անկախ նրանից, թե ում հովանավորությունն է վայելում Վ. Այվազյանը, որ կուսակցության անդամ է, միեւնույն է, եթե արբիտրաժի վճիռը նրա դեմ լինի, այն պետք է իրագործվի, քանի որ Հայաստանի Հանրապետությունը պարտավորություն է ստանձնել` կատարելու Առեւտրի միջազգային պալատի արբիտրաժի վճիռները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter