HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Եթե մինչև նոյեմբերի 22-ը միջազգային շուկայում պղնձի գների փոփոխություն չլինի, մարդիկ կազատվեն աշխատանքից»

Հարցազրույց «ԷյՍիՓի» ընկերության տնօրեն Գագիկ Արզումանյանի հետ

-Միջազգային ֆինանսական ճգնաժամն ի՞նչ ազդեցություն է ունեցել «Վալլեքս» խմբի ընկերությունների վրա:

-Գտնում եմ, որ միջազգային ֆինանսական ճգնաժամն ուղեկցվում է հանքային ռեսուրսների, այդ թվում նաեւ մետաղական օգտակար հանածոների, մետաղների համաշխարհային գների բավականին էական նվազեցմամբ, բնական է, դա չի կարող իր ազդեցությունը չունենալ նաեւ աշխարհի ցանկացած ծայրում գործող հանքարդյունաբերության ձեռնարկությունների վրա: Այդ ազդեցություններից զերծ չեն նաեւ Հայաստանում գործող ձեռնարկությունները եւ, մասնավորապես, մեր ընկերությունը: Որքանով էական կլինի այդ ազդեցությունը, կամ որքան շարունակական կլինի, կախված Է նաեւ նրանից, թե որքան կշարունակվի եւ որքան կխորանա, կամ ինչ մակարդակի վրա կկայունանան մետաղների միջազգային գների այդ տատանումները:

-Որքա՞ն Է այս պահին միջազգային շուկայում պղնձի գինը:

- Պղնձի գինն այս պահին 1տ մոտավորապես 4000 դոլար է:

-Այսօր Ալավերդիում բավականին խուճապային իրավիճակ է: «ԷյՍիՓի» (Արմենիան Քափըր Փրոգրամ) ընկերության գրեթե բոլոր` 700 աշխատողներն էլ խուճապի մեջ են` շրջանառվում են կրճատումների մասին լուրեր: Նախատեսվու՞մ են, արդյոք, մետալուրգիական արտադրամասում, ֆաբրիկայում եւ հանքերում աշխատողների կրճատումներ:

-Մետալուրգիական արտադրամասի հետ կապված անորոշությունների առնչությամբ մենք մի քանի անգամ նշել ենք, նախքան մետաղների գների հետ կապված այս վերջին զարգացումները: Պղնձաձուլության հիմնական եկամուտը ձեւավորվում է հիմնականում պղնձի վերամշակման դիմաց գանձվող վճարներից, դրանք ֆիքսում են պայմանագրերով, հաստատագրված վճարների չափով, հաստատագրված գումարներ` արտահայտված ԱՄՆ դոլարով: Մետալուրգիական արտադրությունը չի եղել առանձնապես շահութաբեր գործունեություն, եւ մենք միշտ էլ ասել ենք, որ հատկապես 2009-ից սկսած` պղնձաձուլության մասով գործունեության շարունակման հեռանկարները խիստ անորոշ են` պայմանավորված բազմաթիվ գործոններով` դրանց մեջ են նախ բնապահպանական խնդիրները:

Հաշվի առնելով, որ մեզ այդպես էլ չհաջողվեց գտնել դրա լուծումը, որը թույլ կտար շատ թե քիչ տնտեսական գործունեություն իրականացնելով՝ էապես նվազեցնել ծծմբի երկօքսիդի արտանետումները, միաժամանակ շահութաբեր գործունեություն իրականացնել: Այս պայմաններում 2009 թ. հունվարի մեկից մոտ 3 անգամ ավելանում է արտանետումների համար սահմանված բնապահպանական վճարների չափը: Սա առաջին խնդիրն է եղել:

Երկրորդ խնդիրն այն է, որ բնական գազի սակագների ավելացման միտում կա, մենք ենթադրում էինք, որ 2009 թ. հունվարի մեկից այդ ավելացումը տեղի կունենա, այժմ պարզվեց` դա հետաձգվում է 2-3 ամսով, սակայն անխուսափելի է, իսկ պղնձաձուլության մեջ մետալուրգիական արտադրամասում արտադրական ծախսերի մոտ մեկ երրորդը կազմում են բնական գազի ծախսերը: Եվ, եթե այդ ծախսն էապես ավելանում է, ապա դուք ինքներդ կարող եք պատկերացնել, թե ինչ է դա նշանակում:

Երրորդ` խիստ կարեւոր գործոնն այն է, որ այդ հաստատագրված վճարի չափի մակարդակը պայմանավորված է միջազգային շուկայում նույն այդ տարի ձեւավորված մակարդակով: Վերջին մի քանի տարիների ընթացքում վերամշակման վճարները, չնայած պղնձի միջազգային գների էական ավելացմանը, էապես նվազել են: Այս երկուսը, փաստորեն, հակադիր ուղղություններով են շարժվել, դա նշանակում է` մենք չէինք կարող ակնկալել մեր մատակարարներից նույնպիսի վճարներ, ինչպիսին ստացել ենք այս տարի, դա էապես փոխում է մետալուրգիական գործունեության տնտեսական նպատակահարմարության խնդիրը:

Կան գործոններ` պայմանավորված ավելացված արժեքի հարկի գերավճարների վերադարձման հետ. այդ գումարների վերադարձը մեզանից պահանջում է լուրջ ջանքեր: Եվ, իհարկե, վերջին տարիներին ազգային արժույթի` հայկական դրամի արժեւորումը նույնպես ցանկացած արտահանողի համար բավականին լուրջ վնասներ է նշանակում: Այս գործոնների փունջն է պատճառը, որ հատկապես վերջին մեկ տարվա ընթացքում մենք մշտապես ասել ենք, որ այս բոլորը շատ մշուշոտ են դարձնում Ալավերդիում պղնձաձուլություն շարունակելու հեռանկարը: Ինչ վերաբերում է հանքին եւ ֆաբրիկային, ապա Ալավերդու հանքը բավական բարդ հանքավայր է, որովհետեւ ստորգետնյա պայմաններում արտադրություն է իրականացվում բավականին նեղ հանքային երակներով, լուրջ ջանքեր են պահանջվում այդ երակներից հանքաքարի պաշարներով հաստատված պարունակություններով հանքաքար արդյունահանելու համար:

Պետք է անկեղծորեն խոստովանեմ, որ նույնիսկ պղնձի գնի 8,5 հազ. դոլարի պայմաններում անհնարին էր Ալավերդու հանքավայրում կիրառել արդյունահանման այն եղանակը, որը թույլ կտար, այդ հանքավայրի առանձնահատկությունը հաշվի առնելով, արդյունավետ գործունեություն ծավալել: Պարզ է, որ եթե 8,5 հազար դոլար գնի պայմաններում մեզ չի հաջողվել հանքավայրում գտնել արդյունահանման այն եղանակը, որը թույլ կտար այդ հանքավայրում շահութաբեր գործունեություն իրականացնել, 4 հազար դոլար գնի պայմաններում նույնպես չի հաջողվի: Նաեւ ակնհայտ է, որ եթե այս գինը շարունակական մնա եւ որոշակի տեսանելի ժամանակահատվածում կայունանա, Ալավերդու հանքավայրը չի կարող շարունակական աշխատել, ինչպես որ աշխատել է:

- Այդուհանդերձ, այս պահին ի՞նչ իրավիճակ է Ալավերդու հանքում եւ ֆաբրիկայում:

-Ֆաբրիկան այս պահին աշխատում է, հանքում աշխատանքը շարունակվում է:

-Կրճատումներ կլինե՞ն առաջիկա օրերին կամ ամիսներին, որոշակիացվա՞ծ է, արդյոք, թե որքա՞ն մարդ կկրճատվի:

-Ես ասացի` բացառված չէ, սակայն մենք այս պահին դեռ վերջնական որոշում չունենք, այդ ամենը կախված կլինի նրանից, թե ինչպիսի զարգացումներ կլինեն միջազգային շուկայում:

-Մենք հավաստի տեղեկություն ունենք, որ Ալավերդու հանքի եւ հարստացուցիչ ֆաբրիկայի աշխատողների՝ ընկերության հետ կնքված աշխատանքային պայմանագիրը, որն այս տարվա նոյեմբերի 1-ին ավարտվել է, երկարաձգվել է 21 օրով` մինչեւ նոյեմբերի 21-ը, սակայն աշխատողներին նաեւ տրվել է ծանուցում նոյեմբերի 22-ից աշխատանքից ազատված լինելու մասին: Ի՞նչ է սա նշանակում:

-Սա նշանակում է, որ եթե մինչեւ նոյեմբերի 22-ը միջազգային շուկայում պղնձի գների փոփոխություն չլինի, այս մարդիկ կազատվեն աշխատանքից, եւ ծանուցմամբ նախազգուշացվում են: Իսկ եթե միջազգային շուկայում կայունացում լինի, մենք այդ նույն մարդկանց հետ պայմանագիրը նորից կկայացնենք:

-Մեր տեղեկություններով` Ախթալայի «Մեթըլ Փրինս» ընկերության բաժնետերերը որոշել են իրենց շահույթների հաշվին նույն ձեւով շարունակել ընկերության գործունեությունը: «Վալլեքսը» չունի՞, արդյոք, նման հնարավորություն:

-Մենք կհրապարակենք այս տարվա մեր ֆինանսական հաշվետվությունը Ալավերդու բնակչությանը, թող բոլորը կարդան եւ տեսնեն «ԷյՍիՓի» ընկերության գործունեության արդյունքները, թող մարդիկ մատնանշեն այն աղբյուրները, որոնք մեզ թույլ կտան մեր գործունեությունը շարունակել եւս մեկ տարի, եւս 10 տարի, մեծ ուրախությամբ ցանկացած այդ աղբյուրից կօգտվենք մեր գործունեությունը շարունակելու համար: Ձեզ կամ որեւէ մեկին թող չթվա, թե մենք մեր առջեւ նպատակ ենք դրել, որպեսզի հնարավոր ամենակարճ ժամկետներում դադարեցնենք մեր գործունեությունը, իհարկե, եթե մենք ունենք Ալավերդիում հանքի շահագործման եւ պղնձաձուլության զարգացման ծրագիր, արտադրության ցանկացած դադարեցում բազմապատկում է վերագործարկման ծախսերը, իսկ եթե մենք ասում ենք` անորոշություն է, դա նշանակում է, որ մենք որոնում ենք եղանակներ ճգնաժամին դիմակայելու համար:

-Եթե Ալավերդիում մետալուրգիական արտադրամասը փակվի, որտե՞ղ է մշակվելու Դրմբոնի խտանյութը:

-Հայաստանում տարեկան արտադրվում է 25 հազար տ պղինձ, դրանից Ալավերդիում մշակվում է 6-7 հազար տ., մնացած պղինձը խտանյութում ՀՀ-ից արտահանվում է: Արտահանման վաճառքի հետ կապված որեւէ խնդիր չկա: Մենք պղինձը ոսկու խտանյութով վաճառում ենք ճիշտ նույն գներով, ինչ գնով նույն խտանյութը մեզ վաճառում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանը: Մենք չենք կարող պահանջել, որ որեւէ ընկերություն Ալավերդու պղնձաձուլական գործարանը աշխատացնելու համար մեզ բարեգործական հիմունքներով օգնություն հատկացնի: Իսկ այն պահին, երբ կբացահայտվի, որ Դրմբոնը շահագործող ընկերության համար խտանյութը դրսում վաճառելը ավելի ձեռնտու է, քան ՀՀ-ում վաճառելը, անկախ նրանից` դա տրվում է Ալավերդու պղնձաձուլական գործարանին, թե մեկ որիշի, այդ պահից խտանյութը կարտահանվի: Ախթալայի լեռնահարստացուցիչ ֆաբրիկան չնայած մեզնից 30-40կմ հեռավորության վրա է գտնվում, սակայն արտահանում է իր խտանյութը: Ձեզ չի՞ զարմացնում այդ հանգամանքը. իրեն դա է ձեռնտու, մենք այդտեղ որեւէ խնդիր չենք տեսնում:

-Ի՞նչ վիճակում է Թեղուտի հանքավայրի շահագործման ծրագրի իրականացումը: Միջազգային շուկայում պղնձի գնի անկումը չի ազդու՞մ, արդյոք, ծրագրի իրականացման վրա:

-Ես չէի ասի: Գուցե այս պահին մենք զգում ենք որեւէ ազդեցություն Թեղուտի հանքավայրի հետ կապված, այնուամենայնիվ, հեռանկարների ակնկալիքները պահպանվում են դրական: Թե’ մենք, թե’ շահագրգիռ կողմերն ակնկալում են, որ այն պահին, երբ նախատեսված է Թեղուտի հանքավայրի արտադրանքի ապահովումը, իսկ դա 2010-ն է, այդ պահին իրավիճակը կարգավորված կլինի: Բայց, իհարկե, դրանք դեռ կանխատեսումներ են, որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ 2012թ. պղնձի գինը կվերադառնա այն նույն մակարդակին, ինչպիսին էր այս տարվա հունիս ամսին:

-Պրն Արզումանյան, հասարակության մեջ լուրեր են շրջանառվում, որ ՎՏԲ բանկը հրաժարվում է վճարել Թեղուտի հանքավայրի շահագործման համար նախատեսված 275 մլն դոլար վարկը:

-Ինձ այդպիսի լուր հայտնի չէ:

-Որքա՞ն անտառահատում է կատարվել Թեղուտում այս պահի դրությամբ:

-Այս պահի դրությամբ հատվել է 21-22 հա անտառ:

-«Վալլեքսը» նման ճգնաժամային վիճակների համար կանխատեսումների հակաճգնաժամային միջոցառումների ծրագիր ունեցե՞լ է, թե՞ ոչ:

-Թեղուտի հետ կապված, բնականաբար, մենք ունեցել ենք սցենարներ, քննարկումների ժամանակ ներկայացրել ենք այն, սակայն այս պահին պղնձի գինը, ցավոք, մեր կանխատեսումներից ավելի է իջել, այս պահին գործող գինն ավելի վատատեսական վիճակ է ստեղծել, քան մենք կանխատեսել էինք:

-Այս իրավիճակը եթե շարունակվի, ի՞նչ եք կարծում, ծրագիրը չի ձախողվի՞:

-Քննարկումներից մեկի ժամանակ մենք բանավիճել ենք այդ մասին, իհարկե, բացառված չէ, եթե դա տեւի 5 տարի, 10 տարի, ոչ միայն Թեղուտը, այլեւ շատ ու շատ, անուններ չտանք, գործող ընկերություններ կդադարեցնեն իրենց գործունեությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter