HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Հայկական հանքարդյունաբերությունը դարձավ տնտեսական ճգնաժամի զոհ

«Սեփականատերերի հետ համաձայնության ենք եկել` առաջիկա երեք ամսվա ընթացքում կրճատումներ չեն լինելու, եւ հնարավորինս պահպանվելու է աշխատարվարձի չափը: Երեք ամիս անց կրկին կվերլուծենք իրավիճակն ու այդ ժամանակ նոր որոշում կկայացնենք»,- անցած հինգշաբթի կառավարության նիստում հայտարարել է Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:

Վարչապետի որոշմամբ` նոյեմբերի 10-ին Սյունիքի մարզ գործուղված երեք նախարարները հինգշաբթի օրը վարչապետին եւ կառավարության մնացած անդամներին հաշվետվություն էին տալիս: Նախարարները Սյունիք էին գործուղվել` տեղի լեռնահանքային արդյունաբերության ոլորտի ձեռնարկությունների ղեկավարների հետ ուսումնասիրելու, բանակցելու եւ քննարկելու աշխատակիցների կրճատումների, աշխատավարձերի նվազեցման հարցերը եւ կանխելու աշխատավորների բողոքի ակցիաներն ու գործադուլները:

Վերջին ամիսների ընթացքում համաշխարհային տնտեսական ճգնաժամի արդյունքում միջազգային շուկայում արձանագրվել է մետաղների գների կտրուկ անկում: Պղնձի միջազգային գինը 8 հազար դոլարից դարձել է 4 հազար, մոլիբդենինը` 80 հազարից դարձել է 24-34 հազար, ցինկինը` 2800-ից իջել է մինչեւ 1100 դոլար: Սեփականատերերը որոշել են դադարեցնել աշխատանքները` սպասելով գների կարգավորմանը: Իսկ թե ե՞րբ կգան այդ ժամանակները, ոչ ոք այսօր չի կարող նույնիսկ գուշակել: Եւ մինչ այդ ժամանակների գալը, հավանաբար շատ ընկերություններ պարզապես կսնանկանան:

Որպեսզի պատկերացնենք, թե ինչ հետեւանքներ կլինեն, եթե Սյունիքում չաշխատեն լեռնահանքային երեք` Կապանի, Քաջարանի եւ Ագարակի ձեռնարկությունները, մեջբերենք կառավարության նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանի ելույթից մի հատված. «Այս պահին երեք խոշորագույն կոմբինատներում աշխատողների թիվը մոտավորապես 6 հազար է, «արբանյակ» ձեռնարկություններում` շուրջ 10 հազար: Մարզում մենք ունենալու ենք լուրջ խնդիր, քանի որ պաշտոնապես 25 հազար գրանցված աշխատողներից շուրջ 10 հազարի աշխատանքը պայմանավորված է այս երեք խոշոր ձեռնարկությունների աշխատանքով: Դրանցից 6 հազարը անմիջական կոմբինատներում են, եւ շուրջ 200 ձեռնարկություն էլ զբաղված է սպասարկմամբ»:

Անցած շաբաթ միաժամանակ բողոքի ակցիաներ եւ գործադուլներ եղան Ագարակում եւ Կապանում: «Դանդի Փրեշիուս Մեթալս» (Dandee Precious Metals) (DPM) կանադական ընկերությունը Չելոփեչ Մայնինգի (Chelopech Mining EAD) սեփականատերն է, որը արդյունահանում է ոսկի, պղինձ եւ արծաթ Բուլղարիայում, Սոֆիայից մոտ 70 կմ հեռավորությամբ դեպի արեւելք գտնվող հանքավայրում:

Մեկ այլ ոսկու հանքավայր ընկերությունն ունի Բուլղարիայի Կրումովգրադ քաղաքում, որը շահագործում է «Բալկան Միներալ եւ Մայնինգ» ընկերությունը (Balkan Mineral and Mining EAD):

Այս ընկերության 100 %-ը պատկանում է DPM-ին: DPM-ին միակ սեփականատերն է նաեւ Կանադայի Նունավուտում գտնվող Բեք Ռիվեր (Back River) ոսկու ծրագրի, ինչպես նաեւ` երեք տեղամասերի` Սերբայի ամենամեծ ոսկու եւ պղնձի հանքային ռեգիոնում: Իսկ այժմ այդ ընկերության` Հայաստանին վերաբերող հատվածի մասին: DPM-ին է պատկանում «Վաթրին Ինվեսթմենթ Լիմիթիդ»-ի (Vatrin Investment Limited-VIL) 95 %-ը:

Մեր հավաստի տեղեկություններով` օվշորային գոտում գրանցված այս ընկերության 5 %-ի բաժնետերերը Հայաստանի բարձրաստիճան երկու պաշտոնյաներ են: VIL-ը Կապանում գործող «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ-ի (Deno Gold Mining Company CJSC) (Կապանի նախկին լեռնահարստացման կոմբինատ) միակ սեփականատերն է:

Սա այնքանով է կարեւոր, որ տնտեսական ճգնաժամի այս փուլում այդ բաժնետերերը ստիպված են լինելու բանակցել կառավարության հետ, որպեսզի մեղմեն Կապանում արդեն սկսված եւ ժամանակավորապես դադարեցված բողոքի ակցիաները: Սակայն «Դինո Գոլդը» միակը չէ DPM-ի համար:

Վերջինս լուրջ խնդիրներ ունի աշխարհի տարբեր երկրներում գտնվող իր հանքերում: Սա է պատճառը, որ դեռեւս նոյեմբերի 6-ին DPM-ի սեփականատերերի խորհուրդը ընդունել է որոշում, որը տեղադրված է նաեւ ընկերության կայքէջում: Այնտեղ նշվում է, որ. «Ընկերությունը ժամանակավորապես կդադարեցնի գործունեությունը «Դինո Գոլդում»: 2008 թ. նոյեմբերի սկզբից սկսվել է «Դինո Գոլդի» գործունեության կազմակերպված դադարեցում սարքավորումները խնամքի ու պահպանման հանձնելու նպատակով` մետաղների գներում զգալի բարելավում ակնկալելով»:

2005 թ. դեկտեմբերի 22-ին «Դինո Գոլդը» 4,5 մլն դոլար վարկ է ստացել Եվրոպայի Զարգացման եւ վերակառուցման (ԵԶՎԲ) բանկից: Այս վարկը դեռ մարված չէ: «Քննարկումները Հայաստանի կառավարության պաշտոնյաների եւ ԵԶՎԲ-ի ներկայացուցիչների հետ շարունակվում են` սահուն անցում ապահովելու եւ դրական ու կառուցողական հարաբերություններ պահպանելու նպատակով:

DPM-ը հետամուտ է իր նեդրմանը տարածաշրջանում եւ ընդունում է զգալի աշխատանքային բարելավումները, որ կատարվել են շատ կարճ ժամանակահատվածում, եւ անհամբեր սպասում է գործունեության եւ իր զարգացման պլանների վերսկսմանը, երբ կբարելավվի տնտեսական մթնոլորտը: DPM-ը դադարեցրել է ուսումնասիրության եւ հորատման իր բոլոր գործողությունները հայկական եւ սերբական հանքավայրերում եւ Բեք Ռիվերի ծրագրում: Միաժամանակ, ընկերությունը սկսել է քննարկումներ իր Բեք Ռիվերյան ծրագրի զարգացման համար ռազմավարական հնարավորությունների շուրջ:

Ընկերությունը քայլեր է ձեռնարկում, որպեսզի ապահովի իր իրավունքների ու լիցենզիաների պահպանումը: DPM-ը հետամուտ է իր երկարատեւ ծրագրերին եւ իր ռազմավարությանը»,- տեղեկացնում է DPM-ի կայքէջը: Այս հաղորդագրությունից հետո վարչապետի որոշմամբ Կապանում գտնվող երեք նախարարներն անցած շաբաթ թե ի՞նչ են քննարկել, այնքան էլ պարզ չէ: Սակայն արդյունքը, որ երեք ամիս կրճատումներ չեն լինելու, իսկապես մեծ ձեռքբերում է:

Բոլոր դեպքերում տնօրեն Ռոբերտ Ֆալետան չէր կարող ինքնուրույն նման որոշում կայացնել, իսկ սեփականատերերն ինչու՞ են համաձայնել հետաձգել նախապես կայացրած իրենց որոշումը` դժվար է մեկնաբանել: Մեր տեղեկություններով` երեկ գիշեր Հայաստան են ժամանել ընկերության սեփականատերերը: Նրանք, ամենայն հավանականությամբ, այսօր կհանդիպեն վարչապետի հետ: Մի բան պարզ է, որ կառավարությունը հայտնվել է ծանր կացության մեջ, նա այս ոլորտում որեւէ ձեւով չի կարող դիմակայել համաշխարհային ճգնաժամին:

Հանքարդյունաբերությունը կաթվածահար է ամբողջ աշխարհում: Նախարար Ա. Մովսիսյանի հայտարարած երեքամսյա ժամանակահատվածն ապահովելու միակ տարբերակը կարող է լինել հանկարծակի հայտնված ռեսուրսները: Ի՞նչը կարող է լինել ռեսուրսների երեքամսյա ծախսերն ապահովող աղբյուր: Ինչպես հայտնի է, տարիներ շարունակ արտահանվող խտանյութերի ավելացված արժեքի հարկը պետությունը ետ չէր տալիս արտահանող ընկերություններին:

Պետությունը միլիոնավոր դոլարների պարտք ունի այդ ոլորտի բոլոր ձենարկություններին, եւ ոչ միայն այդ ոլորտի: Մեկ տարի առաջ Հետքին տված հարցազրույցում այդ ձեռնարկություններից մեկի` «ԷյՍիՓի» (ACP) ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Արզումանյանը տեղեկացրել է, որ իրենց ավելացված արժեքի հարկի գերավճարը կազմում է հինգ միլիոն դոլար: Իսկ դա նշանակում է, որ պետությունը այդքան պարտք է ընկերությանը (Տես նաեւ` Կփակվի՞, արդյոք, Ալավերդու պղնձաձուլարանը):

Կառավարության մեր աղբյուրներից մեկը հայտնեց, որ կառավարությունը «Դինո Գոլդին» խոստացել է վերադարձնել ավելացված արժեքի հարկի պարտքը, որը հնարավորություն կտա երեք ամիս ապահովել կրճատվող աշխատակիցների աշխատավարձը: Բայց հարց է` կգնա՞ն, արդյոք, սեփականատերերը նման քայլի. եթե նրանք պետության ունեցած պարտքը համարում են կորած, ապա կարող է գնան այդ քայլին, իսկ եթե այդպես չեն համարում, ապա «Դինո Գոլդը» չի կատարի իր խոստումը եւ, ի հակառակ նախարարների` կառավարության նիստում արած հայտարարության, նրանք կգնան նախապես որոշած կրճատումներին եւ աշխատավարձերի նվազեցմանը:

Իսկ եթե, այնուամենայնիվ, համաձայնեն այդ քայլին, ապա կառավարությունը կհայտնվի մեկ այլ վտանգավոր իրավիճակում` մյուս բոլոր ձեռնարկությունները նույնպես պետությունից կպահանջեն իրենց պարտքերը: Տնտեսական ճգնաժամն արդեն Հայաստանում զգացնել է տալիս իրեն եւ, իսկապես, այն կործանարար է լինելու շատ ընտանիքների համար: Տասնյակ հազարավոր մարդիկ վաղը կանգնելու են հացի խնդրի առաջ, իսկ մենք, կարծես թե, պատրաստ չենք դիմակայելու նման հարվածների:

Հ.Գ. Այսօր մեզ հայտնի դարձավ, որ կառավարության` «Դինո Գոլդ»-ին ունեցած ավելացված արժեքի պարտքը կազմում է 8 հարյուր մլն դրամ (մոտ 2 մլն 600 հազար դոլար), եւ ուրբաթ օրը պետբյուջեից «Դինո Գոլդ»-ի բանկային հաշվին է փոխանցվել 510 մլն դրամ (մոտ 1,6 մլն դոլար):

Տես նաեւ՝ Տնտեսական ճգնաժամի հայաստանյան արձագանքները «Կրճատումներն անխուսափելի են»,- հայտարարեց «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ընկերության գլխավոր տնօրենը

«Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի»-ի հանքերից հանում են գործիքները,

«Եթե մինչև նոյեմբերի 22-ը միջազգային շուկայում պղնձի գների փոփոխություն չլինի, մարդիկ կազատվեն աշխատանքից»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter