HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հավաքականը կատարեց սեպտեմբերյան առաջադրանքի 50 տոկոսը

Երեկ «Եվրո-2012»-ի ընտրական 2-րդ խմբի պատասխան խաղում մրցակցի հարկի տակ անդորրացիներին հաղթելով 3:0 հաշվով՝ Հայաստանի հավաքականը կատարեց սեպտեմբերյան առաջադրանքի 50 տոկոսը: Ինչու՞ 50, որովհետեւ գալիք երեքշաբթի Սլովակիայի Ժիլինա քաղաքում մեր թիմը հերթական պատասխան հանդիպումը կանցկացնի արեւելաեվրոպացիների հետ: Մեր թիմի համար մեծապես հենց այդ խաղում կորոշվի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրին հավակնել-չհավակնելու հարցը, քանի որ պարտության դեպքում գործնականում Հայաստանի ընտրանին դուրս է մնում այդ պայքարից:

2-րդ խմբի առաջատարի դերը ստանձնել է Ռուսաստանի ընտրանին, որը 7 խաղից հետո ունի 16 միավոր: 14-ական միավոր են վաստակել իռլանդացիներն ու սլովակները, մեր թիմի հաշվին կա 11, մակեդոնացիների՝ 4, իսկ անդորրացիների՝ 0 միավոր: Հոկտեմբերի 7-ին մեր թիմը Երեւանում կընդունի մակեդոնացիներին, իսկ 11-ին կխաղա Իռլանդիայում՝ Դուբլինում:

Անդորրացիների հետ խաղում մեզ համար ամենակարեւորը ոչ թե խաղի որակն էր, այլ 3 միավորը, ինչը շեշտել էր գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը: Պաշտպանական տակտիկայով խաղացող մրցակցի հետ խաղը բարդ էր նաեւ այնքանով, որ Անդորրայի «Կոմունալ» մարզադաշտը միջազգային ստանդարտներից փոքր է, խոտածածկն էլ՝ ցածրորակ:

Առաջին կեսում նկատելի էր հայ ֆուտբոլիստների լարվածությունը, քանի որ ավելի քան 30 րոպե չէր հաջողվում գոլ խփել, իսկ որքան ժամանակն անցներ, այնքան մրցակիցն ավելի էր սեղմվելու սեփական դարպասին ու ամեն կերպ փորձելու էր պահել 0:0 հաշիվը: Այդուհանդերձ, 35-րդ րոպեին Մարկոսը հեռվից գեղեցիկ հարվածով բացեց հաշիվը, ինչը ոչ լիովին, բայց որոշ չափով հանգստացրեց մերոնց խաղը: Անդորրան չդավաճանեց իր պաշտպանական մարտավարությանը, եւ երկրորդ կեսում Հայաստանի հավաքականը ավելի ակտիվ սկսեց գործել: Արդյունքում՝ 75-րդ րոպեին գեղեցիկ կոմբինացիայից հետո Գեւորգ Ղազարյանը խփեց երկրորդ գնդակը: Սա խաղի ավարտն էր: Մնում էր զերծ մնալ ավելորդ դեղին քարտերից՝ առաջիկա կարեւոր խաղերը բաց չթողնելու համար: Մարզչի այս առաջադրանքն էլ կատարվեց հաջողությամբ, իսկ վերջին րոպեին Կառլեն Մկտչյանը վաստակեց նաեւ 11-մետրանոց, որը հստակ իրացրեց Հենրիխ Մխիթարյանը:

Չգրված օրենքի նման Ղազարյանն ու Մխիթարյանը աչքի են ընկնում նույն խաղերում, այդպես եղել է 4 հանդիպման ժամանակ. Հայաստան-Էստոնիա, Հայաստան-Սլովակիա, Հայաստան-Անդորրա, Անդորրա-Հայաստան: Հույս ունենանք, որ գալիք խաղերում էլ հավաքականի հարվածային ուժը՝ Մովսիսյան-Մարկոս-Մխիթարյան-Ղազարյան-Մանուչարյան հնգյակը, արդյունավետ կգործի: Հենց այս 5-ն են խփել այս փուլում մեր թիմի բոլոր 13 գնդակները, ինչը լավագույն ցուցանիշն է խմբում: Առաջին 4-ը դարձել են 3-ական, իսկ Մանուչարյանը՝ 1 գոլի հեղինակ:   

 


Խաղ

Հաղթանակ

Ոչ-ոքի

Պարտություն

Գոլեր

1

Ռուսաստան

7

5

1

1

10-4

16

2

Իռլանդիա

7

4

2

1

11-6

14

3

Սլովակիա

7

4

2

1

6-4

14

4

Հայաստան

7

3

2

2

13-7

11

5

Մակեդոնիա

7

1

1

5

5-9

4

6

Անդորրա

7

0

0

6

1-16

0

Լուս.՝ ffa.am-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter