HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Օլիգարխների հարազատները նույնպես սոցիալական նպաստ են ստանում

Տավուշի մարզի Կոթի գյուղի բնակիչ Մուշեղ Ջանվելյանին մարզի առաջին ատյանի դատարանը 2009 թ. ապրիլի 7-ին խարդախության համար դատապարտել է երկու տարվա ազատազրկման` պատժի պայմանական կրումով:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության վերահսկողության սոցիալական մոնիտորինգի վարչությունը ստուգումներ կատարելիս հայտնաբերել է, որ նպաստառու համարվող Մուշեղ Ջանվելյանի ընտանիքը սոցիալական ծառայությունից թաքցրել է իրական եկամուտները: Սկսած 2005 թ. մարտ ամսից` Մ. Ջանվելյանը թաքցրել է «Արզնու տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ում աշխատելու, ինչպես նաեւ Կոտայքի մարզի Պտղնի գյուղում սեփականություն ունենալու փաստը: Մուշեղ Ջանվելյանի ընտանիքը սոցիալական նպաստ է ստացել 2001-07 թթ.-ին: 2006 թ. սոցիալական նպաստների համակարգում փաստագրման ժամանակ Մ. Ջանվելյանը տեսուչի պահանջով Պտղնիի համայնքապետարանից, ուր նա մշտական հաշվառման մեջ է գտնվում, տեղեկանք է ներկայացրել իր ունեցվածքի վերաբերյալ, որում նշվել է 2140 քմ տնամերձ հողամասի եւ երկհարկանի առանձնատան մասին: «Տեղեկանքում, սակայն, չի նշվել Մ. Ջանվելյանին պատականող 1209 քմ գյուղատնտեսական նշանակության եւ 800 քմ տնամերձ հողատարածքների մասին»,- ասվում է Գլխավոր դատախազությանը ներկայացրած Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության գրության մեջ: Սկսած 2003 թ.-ից Մ. Ջանվելյանի ընտանիքը պետությունից 678.000 դրամ նպաստ է ստացել, որը դատարանը բռնագանձել է մինչեւ դատաքննության ավարտը: 12_10-mushegh«Ինձ ասեցին` քեզ մեղավոր ճանաչո՞ւմ ես, ասեցի` մեղավոր եմ ճանաչում, որ սահմանային գոտում 3 երեխա եմ մեծացնում: Ստացածս ամբողջ փողը տարա տվեցի»,- ասաց Մուշեղ Ջանվելյանը: Նպաստը դադարեցնելու պատճառը, նրա ասելով, Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղում գտնվող հողամասն է եղել, որը նա գնել է 2003 թ.-ին: «Դատարկ հող է, ծառ չկա մեջը: Դա պատճառ բերեցին ու գումարը ետ գանձեցին, տվեցի, որ խայտառակ չլինեմ: Ասում են, թե տվյալների բազայում չեք ներկայացրել, որ հողամաս ունեք: Ոչինչ էլ չեմ թաքցրել, 3 անչափահաս երեխա ունեմ, հետն էլ` սահմանամերձ գյուղ, կրակակետից փլված տուն: Ախպորս բանով էրգ»,- խոսքը կիսատ թողեց Մուշեղը: Մեր հարցին` դժվա՞ր չէր սոցիալական վատ վիճակում գտնվող ընտանիքի համար միանգամից 678.000 դրամ պետբյուջե վերադարձնելը, վերջինս հայտնեց, որ գումարը եղբայրն է տվել` «Արզնի» Տոհմային թռչնաբուծական, տոհմաբուծական, խոզաբուծական ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Մարատ Ջանվելյանը: 12_10-tun

Պտղնի գյուղում բոլորը գիտեն, որ երկհարկանի առանձնատունը` 2140 քմ տնամերձ հողամասով եւ 1209 քմ գյուղատնտեսական նշանակության հողամասը, պատկանում են հայտնի օլիգարխ Մարատ Ջանվելյանին, սակայն կադաստրում այն գրանցված է եղբոր` Մուշեղ Ջանվելյանի անունով: Պտղնիի համայնքապետ Առաքել Վիրաբյանը հայտնեց, որ Մարատ Ջանվելյանը իրենց գյուղում այդ հողամասը գնել է խորհրդային տարիներին եւ վերակառուցել է տունը, իսկ 1209 քմ գյուղատնտեսական նշանակության հողը նա ստացել է սեփականաշնորման ժամանակ, եւ ինքը տեղեկանքում գրել է այն, ինչը հաշվառված է իրենց համայնքապետարանում: Մուշեղ Ջանվելյանը սոցիալական տեսուչին տեղեկանք է ներկայացրել միայն Պտղնիի համայնքապետարանից, սակայն չի հայտնել իր անունով Վերին Պտղնի գյուղում գրանցված 800 քմ տնամերձ հողամասի մասին, որի վրա նաեւ կիսակառույց շինություն կա: Վերին Պտղնիի համայնքապետի տեղակալ Յուրի Գեւորգյանի ասելով (Մուշեղը մեզ հայտնել էր, որ այն դատարկ հող է)` նա շինարարության թույլտվություն չի ստացել համայնքապետարանից եւ իրենց պահանջով դադարեցրել է անօրինական կառույցի շինությունը: 12_10-tun-1Մեր այցելության ժամանակ բակում «Նիվա» մակնիշի մեքենա կար կանգնած ու մի խոտհնձիչ: «Մեքենան իմ անունով չէ, սա Երեւանի վրա է գրանցված, իմ վրա ոչ մի բան չկա գրած»,- հայտնեց Մուշեղը: Կինն էլ շտապեց ավելացնել, թե խոտհարքները սահմանի վրա են, կարգին խոտ էլ չկա, մարդիկ էլ փող չունեն, որ խոտհնձիչը տանեն հնձեն: Այդուհանդերձ, Մուշեղն ու կինը` Մարինեն, անարդարացի էին համարում իրենց նպաստից զրկելը: «Չեմ աշխատում, հողերը սահմանի վրա է եւ չենք մշակում, ցորեն, գարի ենք ցանում, բայց աստծու հույսին Է` անձրեւ եկավ` կլինի, չէ` չէ: Փոխանակ ասեն` սահմանի վրա գյուղ էգ, բա ինչո՞ւ չեք գալիս էս տունս տեսնեք, որ անընդհատ հողն եք շեշտում»,- ասաց նա: «Մենք միամիտ ստացել ենք, հետո եկան ասեցին` դուք հանցագործ եք, ամիսը 20.000 դրամ նպաստ էինք ստանում, հեռախոսի, լույսի վարձ էր, մեզ համար մեծ փող էր»,- ավելացրեց կինը: Մ. Ջանվելյանի տունը կրակակետի թիրախ է դարձել 1990-94 թթ. հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ: Գյուղում նման մի քանի վթարված տներ են եղել, որոնք անցյալ տարիներին վերականգնվել են պետական միջոցներով: «Գյուղում միայն մերն է այս վիճակում: Ոչինչ չեն տվել, ամեն տարի եկել են նկարել ու ոչ մի բան: Գնահատում էլ չի արվել, բայց իբրեւ վթարային տուն հաշվառված է մարզպետարանում»,- հայտնեց Մուշեղը: 12_10-tun-2Տան վթարային դառնալուց հետո նրանք ապրում են հայրական տանը: Մ. Ջանվելյանի հարազատները վաղուց են հեռացել գյուղից, մնացել է միայն նրա ընտանիքը, ինքն էլ հաշվառված է Կոտայքի մարզում: Մեր հարցին` եթե Կոթիում ապրելու պայմաններ չկան, ինչո՞ւ իրենք էլ չեն հեռանում գյուղից, պատասխանեց. «Մայրս այստեղ է, եւ հայրական տունը չենք լքում»: Նոյեմբերյանի տարածքային սոցիալական ծառայությունում, ըստ էության, տեղյակ են եղել Մ. Ջանվելյանի «Նիվա» մակնիշի մեքենայի ու նրա աշխատելու մասին: ««Նիվայով», բեռնատարով գնում էր Բագրատաշենից անասնակեր էր բարձում, որ տանեին ֆերմայի համար, ինքն էլ գիշերը գալիս էր տանը քնում: Նրա աշխատավարձը, ըստ փաստաթղթերի, հիմնականում 30.000 դրամ էր»,- հայտնեց սոցիալական ծառայության պետ Սամվել Բեգլարյանը: Սակայն, «Արզնու տոհմային ԹՏԽ»-ում նա իբրեւ աշխատող մեկ տարի է հրամանագրված է եղել: Սամվել Բեգլարյանը, որ 2000 թ.-ից զբաղեցնում է Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սոցիալական ծառայության պետի պաշտոնը, ասում է, որ ընտանիքին նպաստի համակարգում հաշվառելիս իրենք պետք է հաշվի առնեն նրա փաստացի բնակության վայրը, եւ այստեղ` Կոթիում, Ջանվելյանները բարեկեցիկ կյանքով չեն ապրում: «Մուշեղ Ջանվելյանն այսպես է մտածում` «ես 3 երեխա ունեմ, սահմանամերձ գոտում եմ ապրում, ինձ հասնում է` իմ փողը տվեք», իր համար դա իրեն հասանելիք գումարն է»,- մեկնաբանում է ծառայության պետը: Մ. Ջանվելյանի նպաստառու լինելն արտառոց է համարվում, քանի որ հանրապետությունում այս ընտանիքը հայտնի է իր բիզնեսով: Մուշեղ Ջանվելյանի եղբայրը` Մարատ Ջանվելյանը, հանրապետության հայտնի օլիգարխներից է: Նրան է պատկանում Կոտայքի մարզի Արզնի գյուղում գտնվող «Արզնու տոհմային ԹՏԽ»-ն, եւ նրա անունը, մասնավորապես Տավուշի մարզում, հաճախակի է հիշատակվում իբրեւ բարեգործի: «2007-08 թթ. նպաստների համակարգում ստուգման ամբողջ գործերը հանձնեցինք դատախազություն. 21 հատ ակտ էր` յուրաքանչյուրում առնվազն 10 գործ, որոնցում շահառուները, մեր կարծիքով, խախտել էին օրենքը եւ անօրինական կերպով գումարներ էին ստացել պետությունից»,- հայտնեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության վերահսկողության սոցիալական մոնիտորինգի վարչության պետ Վահան Բաղդասարյանը: «Դա արտառոց գործ է, եթե օլիգարխի եղբայրը նպաստ է ստանում` դա արտառոց է, այստեղ բարոյականության խնդիր է»,- մեզ հետ ունեցած զրույցում հայտնեց Վ. Բաղդասարյանը` միաժամանակ նշելով, որ հիշյալ ստուգման արդյունքում նմանօրինակ 10 դեպք է բացահայտվել: Իրականացված ուսումնասիրության արդյունքում տվյալների բազան համադրելու ժամանակ նպաստների համակարգում հաշվառված 16.000 ընտանիքներում 17.000 աշխատող է հայտնաբերվել, որոնց թվում է նաեւ Մուշեղ Ջանվելյանը: Վարչությունը ստուգումը կատարել է 5 տարվա կտրվածքով, եւ ներկայացված արդյունքներով միայն Նոյեմբերյանի տարածքում 3,8 մլն դրամի ետ գանձում պետք է կատարվեր: 12_10-h_gishyan«Մեզ մոտ այդպիսի 14 դեպք հայտնաբերվեց, որոնց մի մասը կամովին վերադարձրեց ստացած գումարը, մյուս մասի համար Կառավարությունը որոշում է կայացրել` գանձել գումարը հայտնաբերման պահից ետ գնալով մեկ տարի (2009 թ., հունիսի 26, թիվ 723-ն): Ինչպես նաեւ 2 քրեական գործ է հարուցվել, որոնցից մեկը` Մ. Ջանվելյանի նկատմամբ, մյուսը` Նոյեմբերյանցի մի բնակչի, որը զորամասում կոշկակար է աշխատել: Մենք որտեղի՞ց պետք է իմանայինք նրանց աշխատելու մասին»,- հայտնեց Նոյեմբերյանի սոցիալական ծառայության տեսուչ Հռիփսիմե Գիշյանը: Մ. Ջանվելյանի նկատմամբ հարուցված քրեական գործով քննության ընթացքում նախարարության վերահսկողության սոցիալական մոնիտորինգի վարչության պետ Վ. Բաղդասարյանը ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետ Ա. Նիկողոսյանին ուղղված գրությամբ տեղեկացրել է. «Եթե Մ. Ջանվելյանը 2001 թ.-ից սահմանված կարգով սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունում ներկայացներ հավաստի հայտարարագիր` նշելով Կոտայքի մարզի Պտղնի գյուղում իր անվամբ ունեցած գյուղատնտեսական նշանակության 1209 քմ հողատարածքը, 2140 քմ տնամերձ հողատարածքը երկհարկանի առանձնատնով եւ 800 քմ տնամերձ հողատարածքները, ապա Մ. Ջանվելյանի ընտանիքը միանշանակ պետք է ճանաչվեր բարեկեցիկ սոցիալական ծառայությունների կողմից եւ չընդգրկվեր նպաստառու ընտանիքների ցուցակում»: Դրան էլ հավելենք այն, որ Մ. Ջանվելյանը 2005 թ. մարտից մինչեւ 2006 թ. մարտ ամիսը աշխատել է «Արզնի տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ում ու թաքցրել է ընտանիքի զբաղվածության եւ եկամտի փաստը»: 2006 թ. փաստագրման ժամանակ տեսուչի պահանջով Մ. Ջանվելյանը մշտական հաշվառման վայրից` Պտղնիի համայնքապետարանից տրված տեղեկանք է ներկայացրել, որտեղ նշվել է 2140 քմ տնամերձ հողամասը եւ կից երկհարկանի առանձնատունը: Այդ ժամանակ է գործակալությանը հայտնի դարձել հիշյալ սեփականության մասին, որը նա թաքցրել է նախորդ տարիների փաստագրման ժամանակ` այդ մասին չնշելով իր լրացրած դիմում-հայտարարագրում: Ըստ էության, տեսուչը, ինչպես նշել են դատախազությանն ուղղված հիշյալ գրության մեջ, անապահովության համակարգում մուտքագրել է 2140 քմ տնամերձ հողամասից ստացվող համապատասխան եկամուտը, սակայն երկհարկանի առանձնատան առկայությունը հաշվի չի առել: «Մենք միամիտ ձեւով ենք ստացել: Եկան տնային այցելության` նպաստը նշանակեցին: Մենք էլ հավ ու ձու էինք խոստացել, տարանք տվինք` նորից ստացանք, ուզեցին` մենք էլ տվինք, բա ասեի՞ն, որ ձեզ չի հասնում»,- մեզ հետ զրույցում հայտնեց Մուշեղ Ջանվելյանի կինը` Մարինեն: Քրեական գործով մեղադրանք է առաջադրվել նաեւ սոցիալական ծառայության տեսուչ Հռիփսիմե Գիշյանին, որն այնուհետեւ կարճվել է: Դատարանում իբրեւ վկա հրավիրված Ռ. Գիշյանը հայտնել է, որ 2003 թ. Մուշեղ Ջանվելյանի անվամբ սեփականության իրավունքով գրանցված 1209 քմ եւ 800 քմ հողատարածքների վերաբերյալ ինքն ընդհանրապես տեղեկություն չի ունեցել, եւ դրանց վերաբերյալ վերջինս որեւէ տեղեկանք չի ներկայացրել, որը պարտավոր էր: ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն յուրաքանչյուր եռամսյակը մեկ պետք է տեղեկատվություն տրամադրեր քաղաքացիների անշարժ գույք ձեռք բերելու գործարքների վերաբերյալ, սակայն այդ տեղեկատվությունը Նոյեմբերյանի ՍՏԾԳ-ն չի ստացել, ինչի պատճառով նաեւ Մ. Ջանվելյանի հողամաս ձեռք բերելու փաստն իրենց հայտնի չի դարձել: 12_10-s_beglaryanՏավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սոցիալական ծառայության պետ Սամվել Բեգլարյանը համակարգի անկատարությունն է համարում այդ ամենի պատճառը, որով արդարության պահպանումը վստահվել է դրամական օգնության պահանջ ներկայացնող քաղաքացուն: Նպաստի համակարգում ընդգրկվող քաղաքացուն առաջարկվում է դիմումը լրացնելիս լինել ազնիվ ու հայտարարագրել ողջ ունեցվածքը, որով պետք է որոշվի նրա նպաստառու լինել-չլինելը եւ այդ ամենը մեկ անգամ էլ հավաստել պահանջվող տեղեկանքներով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter