HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առաջադրված 2 թեկնածուից մեկը գրեթե քարոզչություն չի անում և նախընտրական շտաբ չունի

Սեպտեմբերի 11-ին Ալավերդի քաղաքում տեղի կունենան քաղաքապետի ընտրություններ: Հիշեցնենք, որ քաղաքապետի պաշտոնը Ալավերդիում թափուր է մնացել այս տարվա հուլիսի 28-ից՝ Ալավերդու արդեն նախկին քաղաքապետ Արթուր Նալբանդյանին Լոռու մարզպետ նշանակելուց հետո:

Ալավերդու քաղաքապետի պաշտոնի համար առաջադրվել է երկու թեկնածու՝ քաղաքապետի տեղակալ Արտավազդ Վարոսյանը և Ալավերդու ներքաղաքային տրանսպորտը կարգավորող «Քարափ-Տրաս» ՍՊԸ-ի տնօրեն Կամո Բաբայանը:

Թեկնածու լինելու շրջանում Արտավազդ Վարոսյանը դադարել է պաշտոնավարել որպես քաղաքապետի տեղակալ: Նա Հանրապետական կուսակցության անդամ է և կուսակցության Թումանյանի տարածքային կառույցի փոխնախագահը:

Քաղաքապետի թեկնածու Կամո Բաբայանը թեև Կոմունիստական կուսակցության անդամ է, սակայն ըստ ՀԿԿ-ի Թումանյանի տարածքային կառույցի ղեկավար Անուշ Էվոյանի՝ ինքնաառաջադրմամբ է դարձել քաղաքապետի թեկնածու և ըստ այդմ էլ քաղաքապետի ընտրություններում որպես թեկնածու իր կուսակցության աջակցությունը չի ստանալու:

«Մեր տարածքային կազմակերպությունը Կամո Բաբայանին քաղաքապետի թեկնածու չի առաջադրել: Չեմ կարող ասել, թե ինչու է նա, առանց կուսակցության համաձայնության, առաջադրվել թեկնածու»,- ասաց Անուշ Էվոյանը:

Թեև օգոստոսի 30-ին մեկնարկել է քաղաքապետի ընտրությունների քարոզարշավը, այդուհանդերձ թեկնածու Կամո Բաբայանը գրեթե քարոզչություն չի իրականացնում: Նրա հետ զրուցել «Հետքին» այսօր չհաջողվեց, քանի որ թեկնածուի բջջային հեռախոսը անջատված էր: Քաղաքապետարանում մեզ հայտնեցին, որ Կամո Բաբայանը նախընտրական շտաբ չունի:

Իսկ թեկնածու Արտավազդ Վարոսյանի նախընտրական երկու շտաբից մեկը տեղակայված է Ալավերդու քաղաքապետարանի շենքի առաջին հարկում գտնվող Հանրապետական կուսակցության Թումանյանի տարածքային կառույցի գրասենյակում, մյուսը՝ Սարահարթ թաղամասում:

Ընտրությունների կազմակերպական աշխատանքների հետ կապված «Հետքի» հարցերին թիվ 30 ընտրատարածքային հանձնաժողովի փոխնախագահ Սասուն Խեչումյանը պատասխանեց, որ քաղաքապետի ընտրությունների համար օրենքով սահմանված կարգով արդեն ձևավորվել է 15 տեղամասային հանձնաժողով:

«Հանձնաժողովները ունեն թվով 7 անդամներ, ովքեր խորհրդարանական՝ Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց երկիր», ՀՅԴ և «Ժառանգություն» կուսակցությունների անդամներ են: Թվով երկու հոգով էլ տեղամասային հանձնաժողովները համալրվել են տարածքային ընտրական հանձնաժողովի կողմից»,- հավելեց Սասուն Խեչումյանը:

ՀՀ ընտրական օրենսգրքի համաձայն՝ քաղաքապետի ընտրությունների տեղամասային հանձնաժողովի նախագահներին և քարտուղարներին ընտրել է համակարգիչը:

«Ներկայացված կազմից համակարգիչը տեղամասային 15 ընտրական հանձնաժողովից 7 հանձնաժողովի նախագահ ընտրել է Հանրապետական կուսակցությունից, 3-ին՝ ՀՀԴ-ից, 3-ին՝ «Բարգավաճ Հայաստան», 1-ին՝ «Օրինաց երկիր» և 1-ին՝ «Ժառանգություն» կուսակցություններից»,- ասաց Սասուն Խեչումյանը:

Առաջիկա օրերին «Հետքն» ավելի մանրամասն կանդրադառնա Ալավերդու քաղաքապետի թեկնածուներին և նրանց քարոզչական աշխատանքներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter