HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Մսոտ բիզնես

Պետեկամուտների կոմիտեն «Հետքի» հարցին ի պատասխան հայտնել է, որ 2007-ից մինչեւ այս տարվա առաջին կիսամյակն ընկած հատվածում մաքսային ծառայությունը չի արձանագրել մաքսանենգ ճանապարհով Հայաստան միս-մսամթերք ներկրելու փորձ:

Իսկ գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչության սննդամթերքի անվտանգության բաժնի պետ Արթուր Վարժապետյանի փոխանցմամբ` այդ նույն ժամանակահատվածում եղել են դեպքեր, երբ լաբորատոր հետազոտության արդյունքներով ներկրված մթերքի մաքսազերծման գործընթացն արգելվել է:

Մասնավորապես` հետազոտությամբ հայտնաբերված խախտումների պատճառով Վրաստանից ներկրվող կիսապատրաստվածքների (կիսաֆաբրիկատ) մաքսազերծումը չի թույլատրվել տեսչության կողմից:

Եղել է դեպք, երբ Հայաստան ներմուծվել է կաթնամթերք Ռուսաստանից, նմուշառման ժամանակ հայտնաբերվել է, որ ամբողջ խմբաքանակը ժամկետանց է, եւ այն ոչնչացվել է: Վարժապետյանը, սակայն, մսամթերքին առնչվող նման դեպքեր չի նշել:

Մաքսանենգության դեպքերի բացակայությունը կարելի է բացատրել նրանով, որ Հայաստանն արտաքին աշխարհին կապող ցամաքային ուղիներն անցնում են միայն Վրաստանով ու Իրանով, ինչը տեսականորեն բավականին վերահսկելի է դարձնում ներկրման-արտահանման դաշտը: Բայց այս առումով ամենահետաքրքիրն այն է, որ հենց այդ ընթացքում` 2009-ի օգոստոսին, Կառավարության կողմից բացահայտվեց հնդկական գոմեշի մսի պատմությունը:

Սատկած գոմեշի պատմությունը

Այդ ժամանակ Կառավարությունը հրապարակեց Հնդկաստանից ներկրվող մսի վերաբերյալ արված ուսումնասիրության արդյունքները: Անձամբ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ ներկրված մսի մեջ «հաճախ լինում է սատկած գոմեշի սառեցրած միս»:

Այդ դեպքում ինչպե՞ս է եղել, որ սննդամթերքի անվտանգության մասնագետները լաբորատորիայում չեն կարողացել պարզել, որ դա ոչ թե սպանդի ենթարկված, այլ բնական մահով սատկած կենդանու միս է: Այս հարցին նրանք չունեն որեւէ պատասխան:

«Նախնական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ներմուծվողը գոմեշի միս է եւ գործածվում է երշիկեղենի արտադրության մեջ: Շատ երկրներ արգելում են Հնդկաստանից մսի ներմուծումն ընդհանրապես` հաշվի առնելով այն հանգամանքները, որ ռիսկերը կառավարելի չեն: Իսկ որ ռիսկայնության աստիճանն իսկապես բարձր է, դա է փաստում մեր ուսումնասիրությունը,- ասել էր վարչապետը:- Մենք պետք է թույլ տանք, որ ՀՀ ներկրվի միայն այնպիսի միս, որ արտադրվում է պատշաճ պայմաններում: Ու այս առումով պետք է լինենք կոշտ ու սկզբունքային: Կրկնում եմ` միայն համապատասխան սերտիֆիկացիա անցած ձեռնարկություններում արտադրվող միսը պետք է ներմուծվի Հայաստան»:

Սարգսյանն ասել էր, որ Հայաստան պետք է միս ներմուծվի այն ընկերություններից, որոնք ունեն 5-ից ոչ պակաս տարվա աշխատանքային փորձ, միջազգային չափանիշներին համապատասխանող սեփական սպանդանոց, ինչպես նաեւ որակական չափանիշները հաստատող սերտիֆիկատ:

Պարզվել էր նաեւ, որ Հնդկաստանում այդ չափանիշներին համապատասխանում են 17 ընկերություններ, որոնք մսի շուկայի 85 տոկոսն են ապահովում: Մինչդեռ Հայաստան ներմուծված մսի 21 տոկոսն էր միայն ձեռք բերվել վերը նշված չափանիշներին համապատասխանող ընկերություններից:

Ձեռնարկությունների հավաստագրման պահանջը Կառավարությունը մինչ այդ էր առաջադրած եղել, բայց ՊԵԿ-ը պարզել էր, որ տեղի է ունենում փաստաթղթերի կեղծում. այսինքն` Հնդկաստանից Հայաստան միս ներկրողները գոմեշի միսը ձեռք են բերել սերտիֆիկատ չունեցող ընկերություններից, սակայն ՀՀ սահմանն անց կացնելիս փաստաթղթերում նշված է եղել սերտիֆիկատ ունեցող ընկերության անուն:

Ընդ որում` պարզվել էր, որ չարտոնագրված ընկերությունից մսի 1 տոննան ձեռք է բերվում 2000 դոլարով, իսկ արտոնագրվածից` ընդամենը մի փոքր թանկ` 2150-2300-ով:

«Անցյալ տարվա տնտեսական անկման ֆոնի վրա, օրինակ, պահածոյի արտադրությունն ընկել էր շուրջ 37 տոկոսով, բայց մսամթերքի արտադրությունը զարմանալիորեն աճել էր մոտ 40 տոկոսով: Դա մեզ մոտ լուրջ ու հիմնավոր կասկածներ է առաջացրել,- ասում է «Հայաստանի սպառողների ասոցիացիայի» նախագահ Արմեն Պողոսյանը:- Մեր պատկերացմամբ` անվերահսկելի ձեւով Հնդկաստանից Հայաստան է ներկրվել կասկածելի որակի ու քանակի գոմեշի միս: Երբ մեր եւ հնդկական ընկերությունների միջեւ կնքվել են պայմանագրեր, ձեռք են բերվել համագործակցության համաձայնություններ, ցավոք սրտի, դրան մասնակցություն չի ունեցել գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժության պետական տեսչությունը: Սա մեզ համար մնում է մութ պատմություն. չէր կարող ու չպիտի նման բան լիներ»:

Գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչության պետ Գրիշա Բաղիյանն ասում է, որ իրենք ստուգումներ իրականացնում են ՀՀ սահմանի վրա. ներկրված կենդանական ծագման մթերքն անցնում է փաստաթղթային ստուգում եւ լաբորատոր հետազոտություն, ինչից հետո միայն թույլատրվում է մաքսազերծել այն:

Ինչ-ինչ կասկածների դեպքում տեսչությունը կարող է ստուգայց կատարել արտադրող ձեռնարկություն:

Հնդկաստան մեկնած հայկական հանձնաժողովը ստուգումներ էր իրականացրել հնդկական ձեռնարկություններում:

Պարզվել էր, որ մի շարք վերամշակող ընկերություններ միսը ձեռք են բերում ոչ վերահսկելի տարածքներից, մսամթերքը տեղափոխում սանիտարահիգիենիկ չափանիշներից զուրկ ավտոմեքենաներով:

Ընդ որում` «Mirha Exports» ընկերությունը, ում բաժին է հասնում Հայաստան ներկրվող գոմշամսի 57 տոկոսը, հրաժարվել էր ընդունել հայկական պատվիրակությանը:

Կառավարական խորհրդակցության ժամանակ որոշվել էր, որ հնդկական միսը ՀՀ պետք է ներկրվի միայն այն 4 կազմակերպություններից («Allanasons», «Al Kabeer Group of Companies», «Amroon Foods» եւ «Hind Agro Industries»), որտեղ ստուգողները թերություններ չեն գտել:

Իսկ այլ հնդակական ընկերությունների միսը ՀՀ կարող էր ներկրվել բացառապես աշխատանքային խմբի ուսումնասիրությունից հետո տրված դրական եզրակացության դեպքում: Որոշվել էր նաեւ, որ հայաստանյան ներկայացուցիչը պետք է լինի Հնդկաստանում եւ տեղում ամեն ինչ ստուգի:

Ուղիղ մեկ տարի անց` 2010-ի օգոստոսի 19-ին, Կառավարությունը հաստատել էր Հնդկաստան գործուղվող սննդի անվտանգության գծով իր ներկայացուցչի գործունեության կարգը, որոշվել էր նաեւ, որ Հայաստան միս արտահանող հնդկական ընկերությունը պետք է ունենա նվազագույնը 10 տարվա փորձ:

Գ. Բաղիյանի տեղեկացմամբ` հայաստանյան ներկայացուցիչն արդեն մեկնել է Հնդկաստան, եւ դեկտեմբերի 10-ից սկսած` միայն նրա թույլտվությամբ կարող է այդ երկրից միս-մսամթերք արտահանվել Հայաստան:

Ովքե՞ր են գոմեշի միս ներկրել Հայաստան

Մինչեւ սատկած գոմեշի մսի այս պատմությունը` 2008-ին եւ 2009-ի առաջին 6 ամիսներին, Հնդկաստանից Հայաստան միս էին ներկրել հայաստանյան 11 ընկերություններ: Դրանցից ամենաշատը ներկրել է պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս-գրիգ» (նախկին «Սալեքս գրուփ») ընկերությունը: Ալեքսանյանը 2008-ին Հնդկաստանից ներկրել է 7213 տ միս-մսամթերք, իսկ 2009-ի առաջին կիսամյակում` 2625 տ: Երկրորդը «Մոկոնաթ» ՍՊԸ-ն է, որը նշված 1,5 տարում ներկրել է 4314 տ միս, իսկ երրորդը` «Մուշը»` 2083 տ:

Ովքե՞ր են գոմեշի միս արտահանում Հայաստան

Ինչպես նշվեց, Կառավարության որոշմամբ` հնդկական 4 ընկերություն կարող է մեր երկիր գոմեշի միս արտահանել` «Allanasons», «Al Kabeer Group of Companies», «Amroon Foods» եւ «Hind Agro Industries»: Ի՞նչ կազմակերպություններ են սրանք:

«Allanasons Limited»-ը հիմնադրվել է 1865-ին Աբդուլլա Ալանայի կողմից Բոմբեյում (այժմ` Մումբաի):

Այն ներկայումս վերամշակված մրգեր, համեմունքներ, սուրճ, սառեցված միս ու ծովամթերք արտադրող եւ արտահանող հնդկական խոշորագույն ընկերություններից է:

«Allanasons»-ը, ըստ էության, գոմեշի ոսկրազատված «հալալ» (արաբական աշխարհում «հալալ» է կոչվում իսլամի կանոններին չհակասող միսը, «հալալ» չէ, օրինակ, անասունի հետնամասի կամ խոզի միսը) մսի խոշորագույն արտահանողն է:

Առաջնայնություններից են նաեւ պահածոներն ու սառեցված ներքին օրգանները:

«Allana Group»-ը, որի հիմնական ընկերությունը հենց «Allanasons»-ն է, 1969-ից արտահանում է գոմեշի ոսկրազատված եւ սառեցված միս:

Ներկայումս նրա արտադրանքից օգտվում է Հարավարեւելյան Ասիայի, Մերձավոր Արեւելքի, Աֆրիկայի, ԱՊՀ-ի 64 երկիր: «Allanasons»-ն ապահովում է հնդկական միս-մսամթերքի արտահանման շուրջ 60 տոկոսը: Ընկերությունը ժամանակակից սպանդանոցներ ունի Մումբաիում, Դելիում, Տալոջայում, Սահիբաբադում:

«Al Kabeer Group of Companies»-ը հիմնադրվել է մոտ 30 տարի առաջ: Հայտնի է որպես ոչխարի, հավի ու տավարի միս-մսամթերք արտադրող ընկերություն: Մասնաճյուղեր ունի շուրջ 10 երկրներում, ինչպես նաեւ 3000 առեւտրի կետեր: Տեսականին անցնում է 300-ից: Խմբի գլխավոր ընկերությունը Դուբայում գրանցված «Sahar enterprises» ՍՊԸ-ն է:

«Amroon Foods Private Limited»-ը Աբու Դաբիում հիմնադրված «EMKE» խմբի առաջատար ընկերություններից է, որը հայտնի է վերամշակված մսի արտադրանքով:

Տեսականու մեջ մեծ տեղ է զբաղեցնում գոմեշի միսը, դրա տարբեր մասերը: Արտադրվում է նաեւ հնդկական ոչխարի ոսկրոտ եւ ոսկրազատված միս:

Ընկերությունն իր պաշտոնական կայքում հատուկ նշում է, որ կենդանիներին աճի հորմոններ չեն սրսկում, կերակրում են բնական խոտով: Գրասենյակը գտնվում է Սահիբաբադում:

«Hind Agro Industries Limited» (HAIL)-ը հիմնադրել է հայտնի հնդիկ մահմեդական գործարար, քաղաքական գործիչ Սիրաջուդդին Քուրեշին Դելիում: Միակ հնդկական ընկերությունն է, որն ունի գոմեշների, ոչխարների ու այծերի համար նախատեսված հատուկ օբյեկտ, որտեղ միսը վերամշակվում է:

Ընկերությունը Ուտար Փրադեշ նահանգի կառավարության հետ 400 տ արտադրական հզորությամբ համատեղ ձեռնարկություն ունի նահանգի Ալիգարհ քաղաքում: Արտադրանքն արտահանում է հիմնականում արաբական երկրներ, ինչպես նաեւ Արեւելյան ու Արեւմտյան Աֆրիկա, ԱՊՀ:

Կառավարության 2009-ի ուսումնասիրության ժամանակ պարզ էր դարձել, որ հայաստանյան ընկերությունների գոմեշի մսի հիմնական մատակարարը «Mirha Exports Private Limited» ընկերությունն է, ում բաժին է հասնում մեր երկիր մտնող գոմշամսի 57 տոկոսը:

Այս ընկերությունը, սակայն, հրաժարվել էր ընդունել ուսումնասիրություն կատարող հայկական պատվիրակությանը: «Mirha Exports Private Limited»-ը հիմնադրվել է Դելիում: Ավելի քան 10 տարի զբաղվում է գլխավորապես գոմեշի ոսկրազատված մսի արտադրությամբ:

Տեսականու մեջ են մտնում նաեւ գոմեշի ոսկրոտ եւ ոչխարի միսը, կենդանիների ներքին օրգանները: Սպանդանոցները գտնվում են Հնդկաստանի հյուսիսային շրջաններում:

Ընկերության արտադրական հզորությունը ամսական 3000 տ է: Հայտնի է «Al Nisar» եւ «Amber» ապրանքանիշերով: Հիմնական ներկրողների թիվը հասնում է 25-ի: Դրանցից են Աֆղանստանը, Քուվեյթը, Բահրեյնը, Ուզբեկստանը, Անգոլան, Իրաքը, Սենեգալը, Հայաստանը, Պակիստանը, Տաջիկստանը, Ադրբեջանը, Քաթարը, Վրաստանը, Օմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter