HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Ստուգված մսամթերքի 15 տոկոսը եղել է գենամոդիֆիկացված

Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմներ (ԳՁՕ) պարունակող սննդամթերքն այսօր մեծ տարածում է գտել ամբողջ աշխարհում, այդ թվում` Հայաստանում:

Չնայած ԳՁՕ-ների անվտանգության մասին մասնագիտական վեճերը շարունակվում են, եւ դեռեւս չի հաստատվել դրանց բացասական ազդեցությունը մարդու առողջության վրա, այնուամենայնիվ, միջոցներ են ձեռնարկվում ռիսկերից խուսափելու համար:

Մասնավորապես, Եվրոպական միության երկրներում մեծահասակների համար սննդի մեջ ԳՁՕ-ի թույլատրելի չափաքանակ է համարվում 0,9 տոկոսը, իսկ մանկական սննդում ընդհանրապես արգելվում է դրա կիրառումը:

Սակայն աշխարհահռչակ «Գրինփիս» ընկերության տվյալներով` իրենց արտադրության մեջ ԳՁՕ են կիրառում մանկական սնունդ պատրաստող «Nestle», «Unilever», «Danon» եւ «Similac» ընկերությունները:

Գենամոդիֆիկացված սննդի արտադրությունն այսօր բուռն թափով զարգացող ուղղություն է, ինչին զուգահեռ, բնականաբար, զարգանում են նաեւ գենամոդիֆիկացված օրգանիզմների ստեղծումն ու ուսումնասիրությունները, որոնք բավականին ծախսատար են:

Հայաստանում 2010-ի հուլիսից ԳՁՕ-ի ուսումնասիրմամբ զբաղվում է «Ստանդարտ դիալոգ» ընկերության լաբորատորիան, որը միակն է տարածաշրջանում: Լաբորատորիայի վարիչ Կարեն Դարբինյանն ասում է, որ իրենք ուսումնասիրում են թե բուսական, թե կենդանական ծագման սննդամթերք` ներկրված եւ տեղական արտադրության:

Հետաքրքիր է, որ լաբորատորիայի գոյության մասին դեռ անցյալ տարվա սեպտեմբերին տեղյակ չէին գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչությունում: Երբ «Հետքը» այդ մասին հայտնեց տեսչության սննդամթերքի անվտանգության բաժնի պետ Արթուր Վարժապետյանին, վերջինս տեղեկացրեց, որ հարկ եղած դեպքում կդիմեն ընկերությանը` իրենց ուշադրության կենտրոնում հայտնված սննդամթերքները ԳՁՕ-ի առկայության հետազոտման ենթարկելու համար:

Սակայն Կ. Դարբինյանն ասում է, որ առ այսօր իրենք պետության կողմից որեւէ պատվեր չեն ստացել: Վարժապետյանի պատասխանի նման մի հետաքրքիր պատասխան էլ մեզ տվել էր գյուղնախարարության բուսաբուծության, անտառային տնտեսության եւ բույսերի պաշտպանության վարչության պետ Գագիկ Մանուչարյանը, ով ասել էր, թե չգիտեն` Հայաստան ներկրվող սերմնացուն կամ մշակաբույսերը արդյոք գենետիկորեն ձեւափոխված են, թե ոչ:

Ըստ նրա` գյուղնախարարությունը պահանջում է միայն, որ մակնշման մեջ գրվի ապրանքի գենամոդիֆիկացված լինելու մասին: Նույն Վարժապետյանը նշել էր, թե արտերկրում օրենքը խիստ է, եւ ներկրվող սննդամթերքի վրա լինում է ԳՁՕ-ի մասին մակնշում, իսկ ահա տեղական արտադրությունում դրա կարիքը չկա, քանի որ Հայաստանում ԳՁՕ-ով սննդամթերք չի պատրաստվում:

Կարեն Դարբինյանն ասում է, սակայն, որ իրենց ուսումնասիրությունների ժամանակ, որոնք ներառել են Հայաստանում սպառվող ապրանքատեսակների մոտ 40%-ը, հայտնաբերվել են նաեւ ԳՁՕ պարունակող տեսակներ` թե ներկրված եւ թե տեղական արտադրության: Այսպես` ստուգված մսամթերքի մոտ 15%-ի մեջ հայտնաբերվել է ԳՁՕ, ընդ որում` մի մասի մեջ գտնվել է գենամոդիֆիկացված նյութ, իսկ մյուսների մեջ հենց միսն է եղել այդպիսին:

Օրինակ` ներկրված նրբերշիկի մեջ եղել է սոյա, որը պարունակել է այսպիսի գեներ` Agrobacterium tumefaciens միկրոօրգանիզմի NOS եւ ծխախոտի մոզաիկ հիվանդության վիրուսի դեմ կայունության 35S պրոմոտորներ: Հավի մսի մեջ էլ հայտնաբերվել է Lac Z օպերոն:

Հարցին, թե նման արդյունքներ գրանցելուց հետո արդյոք կարիք չկա հանրությանը տեղեկացնել տվյալ սննդամթերքի վտանգավորության մասին, Կ. Դարբինյանը պատասխանում է, որ ԳՁՕ-ի վնասակարության մասին հստակ եւ ստույգ տվյալներ չկան, իսկ նման մթերք արտադրողներից պահանջն այն է, որ մակնշման մեջ պարտադիր պետք է գրվի այդ մասին, մանկական սննդի մեջ բացառվի ԳՁՕ-ի օգտագործումը, իսկ մյուսների դեպքում` չգերազանցի սահմանված չափաքանակը:

Առողջապահության նախարարի 08.09.2010 թ. N16 հրամանով հաստատվել են գենամոդիֆիկացված տարրերի առկայության ստուգման ենթակա սննդամթերքների եւ ԳՁՕ պարունակող թույլատրելի սննդամթերքների ցանկերը:

Մասնավոր ընկերությունների մի մասը դիմում է «Ստանդարտ դիալոգ»-ին` այդ հրամանի պահանջներից ելնելով: Սակայն կան նաեւ պատվիրատուներ, որոնք սեփական նախաձեռնությամբ են ստուգման հանձնում ապրանքը` վերջինիս որակի գնահատման նպատակով:

Լաբորատորիայի վարիչի փոխանցմամբ` նախկին 42.000-ի փոխարեն այժմ հետազոտությունն արժե 22.500 դրամ, ինչը պայմանավորված է օգտագործվող նյութերի ու միջոցների էժանացմամբ, եւ այդ միտումը շարունակական է:

Հ.Գ. Արդեն իսկ պատրաստ է «Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով նախատեսվում է կարգավորել ԳՁՕ պարունակող սննդամթերքների ներկրման, տեղական արտադրության, իրացման դաշտը, ինչպես նաեւ վերահսկել ԳՁՕ-ի հնարավոր ազդեցությունը մարդկանց ու շրջակա միջավայրի վրա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter