HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«Նորից գրում եմ տողեր քո մասին…»

Banastexc_27.10.09«Առաջին բանաստեղծություններս գրել եմ 15-16 տարեկանում: Գրում էի հիմնականում գիշերները, երբ մտքերով էի ընկնում, խանգարող էլ չկար,- պատմում է շարքային Ռաֆիկ Մելքոնյանը,- Բանակում էլ եմ ստեղծագործում: Գրում եմ դիրքերում` հանգստի ժամերին»: 19-ամյա Ռաֆիկը 16 ամիս է, ինչ ծառայում է ԼՂՀ Պաշտպանության բանակի N զորամասում: Նրա հետ ծանոթությունը պատահաբար ստացվեց: Երբ հետաքրքրվեցինք մեր այցելած` փոխգնդապետ Հովիկ Դանիելյանի հրամանատարությամբ գործող ստորաբաժանման ստեղծագործող, արվեստասեր տղաներով, անմիջապես կանչեցին «բանաստեղծին»: Ռաֆիկն իր ծառայակից ընկերների հետ արդեն 10 ամիս մարտական հերթապահություն է իրականացնում հանրապետության արեւելյան սահմանագծում: Պատմում է, որ հենց դիրքերում է դասակի հրամանատարը նկատել, որ ոտանավորներ է գրում: Ծառայության ընթացքում արդեն հասցրել է մորն ու քրոջը նվիրված, նաեւ սիրո թեմայով 15-20 բանաստեղծություն գրել, որոնք խնամքով արտագրել է տետրերում ու ուղարկել տնեցիներին: Մեր այցելության ժամանակ դրանցից միայն մեկն էր նրա մոտ, որում սիրո մասին ստեղծագործություններ էին: …Դու մի աշխարհ ես, արեւ ինձ համար, Իմ կյանք, իմ գարուն, իմ երազ անմար, Նվիրում եմ ես քեզ մի կարմիր վարդ, Վարդը քեզ կասի իմ սիրո մասին, Գուցե հասկանաս, գուցե ինձ սիրես, Եվ գուցե դու էլ խենթ սիրով ապրես, Լսիր իմ խոսքը, երգը իմ սրտի, Ախր առանց քեզ գարուն չի բացվի, Ախր առանց քեզ աչքս կթացվի, Ախր քո կողքին սիրտս կծաղկի: Ռաֆիկը նաեւ նկարում է: Տետրում` բանաստեղծությունների կողքին, խաչի տեսքով սրբապատկերներ են` նվիրված մորն ու քրոջը` Անիին: Պատահել է` վաշտի տղաները, կարդալով ու հավանելով Ռաֆիկի գործերը, խնդրել են գրել նաեւ իրենց համար: Նա էլ չի մերժել: Ընթերցելով մի երկու բանաստեղծություն` հարցնում եմ Ռաֆիկին. «Ընկերուհի ունե՞ս: Երբեւէ սիրե՞լ ես»: «Չունեմ, բայց սիրել եմ»,-պատասխանում է Ռաֆիկը: Նորից գրում եմ, Նորից գրում եմ տողեր քո մասին, Ու նորից սիրտս քեզ է որոնում, Նորից աչքերս քեզ համար լալիս, Ու նորից դու ես մտքիս մեջ գալիս: Նորից սպասում եմ, Նորից սպասում եմ քո ճանապարհին, Ու նորից սիրտս կարոտ է զգում, Նորից կանչում եմ քեզ հեռվից անվերջ, Ու նորից փնտրում երազներիս մեջ… Ութ ամսից Ռաֆիկը կզորացրվի: Տանը նրան սպասում են ծնողները, քույրն ու եղբայրը: Վերջինս ատամնատեխնիկ է: Ռաֆիկն ասում է, որ երեւի ինքն էլ կգնա եղբոր հետքերով, ամեն դեպքում դեռ մտածելու ու վերջնական որոշում կայացնելու ժամանակ ունի: Իսկ մինչ այդ դեռ բանակն է` հրամանատարներն ու զինվոր ընկերները, զորամասն ու դիրքերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter