HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Հունան Պողոսյան. «Պետք է զենք կրելու անձնական պատասխանատվություն ունենալ»

27_10-H-PogosyanՀոկտեմբերի 5-ին ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանը կրակել էր Դվին գյուղի բնակիչ Արթուր Զադոյանի վրա: Վերջինս, դիմումներ գրելով պատկան մարմիններին, պահանջում է, որպեսզի նախաքննական մարմինն իրեն տուժող ճանաչի, իսկ ԱԺ պատգամավորը պատժվի օրենքով սահմանված կարգով: Այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ Հունան Պողոսյանն անդրադարձավ նաև այս դեպքին: «Հարուցվել է քրեական գործ «Ծանր մարմնական վնասվածք հասցնելու» և «Ապօրինի զենք-զինամթերք պահելու» հոդվածներով: Կան իրարամերժ ցուցմունքներ: Այլ մանրամասներ չեմ կարող ասել»,- նշեց Հ. Պողոսյանը: Վարչության պետը «կիսում է յուրաքանչյուրի մտավախությունը» Ասուլիսի ժամանակ լրագրողները նկատեցին նաև, որ վերջին տարիներին Հանրապետությունուն գրանցված աղմկահարույց հանցագործությունների մեջ զգալի տեղ են զբաղեցնում պետական բարձր պաշտոններ զբաղեցնող անձինք, ովքեր իրենց ամրակցված անվանական (հիմնականում` վարչապետի նվիրած) զենքերով հրազենային վնասվածքներ են պատճառում այս կամ այն անձին: Սովորաբար տվյալ անձանց նկատմամբ կա՛մ քրեական գործ չի հարուցվում, կա՛մ էլ հարուցված գործերը կարճվում են: Իսկ ի՞նչ ճակատագրի են արժանանում նրանց ամրակցված զենքերը: Եթե նորից վերադարձվում է տերերին, մտավախություն չկա՞, որ տվյալ անձինք, օրինակ` Ստեփանավանի քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանը կամ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը նորից դրանք «գործի չեն դնի»: «Սահմանված կարգի համաձայն` առգրավված զենքը քրեական գործի քննության շրջանակներում ուղարկվում է փորձաքրեագիտական վարչություն` համապատասխան փորձագիտական հետազոտության: Դրանից հետո արդեն դատարանի որոշմամբ ճանաչվում է գործով որպես իրեղեն ապացույց, և դատարանի որոշմամբ տնօրինվում է նրա հետագա ճակատագիրը: Եթե կա մասնավոր դեպք, որով վերադարձվել է զենքը (ես չեմ բացառում նման դեպք), ուրեմն դա քննիչի կամ դատարանի որոշումով է եղել»,- ասաց Հունան Պողոսյանը: Ինչ վերաբերում է մտավախությանը, ըստ նրա, մարտական ատրճանակ կրող ցանկացած ոք, լինի դա ուժային կառույցի ներկայացուցիչ, թե սովորական քաղաքացի, պետք է զենքը կրելու անձնական պատասխանատվություն ունենա: «Զենք ունեցող ցանկացած մարդու հետ կապված յուրաքանչյուրս էլ կարող ենք մտավախություն ունենալ: Ես էլ եմ կիսում այդ մտավախությունը: Դրա համար օրեցօր օրենսդրական բարեփոխումների շրջանակներում զենքի կրման կարգն էլ է խստացվում: Ժամանակին ոստիկանությունն այդ ուղղությամբ լուրջ առաջարկներ է արել, որոնց մի մասն ընդունվել է, մի մասը` ոչ»,- նշեց Հունան Պողոսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter