HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եթե բարեկամություն անելն ավելի դժվար է, քան թշնամությունը

Հրանտ Բագրատյան

Դեռ հայտնի չէ` հայ-թուրքական արձանագրությունները կվավերացվե՞ն, թե՝ ոչ: Դեռեւս մի քանի օր առաջ, դրանց ստորագրման նախօրյակին, Հայաստանի կառավարիչներն ավելի լավատես էին:

Ադրբեջանում իսկական պանիկա է. բողոքում են հայ-թուրքական սահմանի բացման դեմ (կամ ձեւացնում են): Ես կարծում եմ, որ հայ-թուրքական սահմանը հնարավոր է, որ բացվի: Բանն այն է, որ թուրքերը դեմքով շուռ են եկել դեպի Արեւելք: Մենք օգնեցինք Եվրոպային, միառժամանակ փակեցինք Թուրքիայի ճանապարհը դեպի Արեւմուտք: Թույլ տվեցինք, որ Ցեղասպանության հարցը մանրադրամի նման օգտագործվի: Բրյուսելներում միտինգ էինք անում, փող ծախսում, ասում էինք` եվրոպացիք, էս թուրքերը ձեզ արժանի չեն:

10 տարի այսպիսի հիմար քաղաքականություն վարելուց հետո հիմա էլ մյուս ծայրահեղության մեջ ենք. արդեն զիջեցինք Ցեղասպանության հարցը, հերթը Ղարաբաղինն է: Չեմ բացառում, որ Ղարաբաղի հարցում մենք համառենք: Բայց միեւնույն է, Թուրքիան շուռ է եկել դեմքով դեպի մեզ, եւ սահմանը վաղ թե ուշ բացելու է: Կարծում եմ, որ բոլոր դեպքերում հայ-թուրքական քաղաքական սահմանը դեռեւս շատ երկար տարիներ (տասնյակներով հաշված) փակ է լինելու: Տնտեսական սահմանը, հնարավոր է, բացվի: Եվ այդ 1-2 տասնամյակի ընթացքում կձեւավորվի հայ-թուրքական քաղաքական հարաբերությունների նոր օրակարգ: Եվ ուրեմն, այդ մի քանի կամ մի քանի տասնյակ տարին վճռորոշ նշանակություն են ունենալու հայ ժողովրդի հետագա գոյության ու կարգավիճակի առումով:

Եվ այսպես, Թուրքիան անթաքույց ձգտում է բացել Հայաստանի հետ տնտեսական սահմանները: Ինչքան էլ որ այդ երկրի կառավարիչները զգուշություն են հանդես բերում, Ղարաբաղից են խոսում, մտքներում մի բան է՝ սահմանը բացել: Թուրքիան մինչեւ հիմա Հայաստանին ճնշել է արտաքնապես: Թուրքական կապիտալը 0-ական դերակատարում ունի Հայաստանի տնտեսական կյանքում: Հայաստանի ներսում քաղաքական դաշտը ձեւավորվում է առանց Թուրքիայի միջամտության:

Մինչդեռ հայկական քաղաքական գործիչների մեծ մասը իրենց քաղաքական նկրտումները դրսեւորում են Ռուսաստանի, Եվրոպայի, ԱՄՆ-ի կամ Իրանի կողմից հավանություն ստանալուց հետո: Դա մեր տեսակին բնորոշ է: Այսպիսով, Թուրքիայի հետ տնտեսական սահմանի բացումը 100 տոկոսով բխում է այդ երկրի շահերից եւ երկրաքաղաքական նկրտումներից:

Ինչքան էլ մենք քաղաքականացնենք իրավիճակը Հայաստանում, խոսենք իշխանությունների սխալներից, հետագա գործողությունները կատարվելու են այնտեղից, ուր այսօր դրանք հասել են: Եվ ուրեմն, ի՞նչ է հնարավոր անել հետայսու, որեւէ ձեւ կա՞ օգուտ քաղել Թուրքիայի հետ առաջիկայում տնտեսական հարաբերությունները զարգացնելուց` սահմանը բացելու պարագայում:

Հայաստանի տնտեսական ռազմավարությունը: Հայաստանը Թուրքիայի հետ տնտեսական հարաբերությունները զարգացնելիս կշահի միայն այն ժամանակ, երբ հայ-թուրքական տնտեսական հարաբերություններն իրենց հերթին կլինեն մասնիկը ավելի լայն տարածաշրջանային կամ եվրոպական ինտեգրացիոն համագործակցության: Այդպիսի մի օրինակ կարող է լինել դեպի Եվրոպա անցնող երկաթգիծը, գազատարը կամ նավթատարը, օդային կամ հեռահաղորդակցության տրանզիտ ուղին:

Միայն այս դեպքում Հայաստանը Թուրքիայի համար կդառնա ոչ միայն ցանկալի, այլեւ շահաբեր գործընկեր: Ի վերջո, եթե ասվածն ամփոփենք մեկ նախադասությամբ, Թուրքիայի հետ տնտեսական սահմանի բացումը թույլ է տալիս Հայաստանին վերջապես օգտվել իր խաչմերուկային դիրքից. Հայաստանը տարածաշրջանում (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Թուրքիա եւ Իրան) միակ երկիրն է, որը էական սահմաններ ունի մյուս չորսի հետ (Ադրբեջան-Նախիջեւան-Թուրքիա սահմանը ես համարում եմ ոչ էական):

Հայաստանի խնդիրները (մարտավարությունը): Արտահանման նոր հնարավորությունների ձեռք բերում, դեպի Եվրոպա տնտեսական ճանապարհի կրճատում, ներդրումների նոր աղբյուրներ, թուրքական մեծածավալ շուկայով պայմանավորված ՏԱԸ (տրանս-ազգային ընկերություններ) գործունեության ակտիվացում Հայաստանում, Ռուսաստանի հետ «պահեստային» ճանապարհի ստացում, տարանցիկ առեւտրի զարգացում (հատկապես Իրան-Թուրքիա եւ Ադրբեջան-Թուրքիա առեւտրի միջնորդություն) եւ այլն:

Թուրքիայի տնտեսական ռազմավարությունը: Արեւելք-Արեւմուտք կոմունիկացիոն ուղիների տիրապետում (երկաթգիծ, գազամուղ, նավթամուղ եւ այլն), տարածաշրջանային տնտեսական շուկա ստեղծելու առաջատարի դերակատարում, դեպի Ադրբեջան ու թյուրքական աշխարհ, առանց Իրանի, ցամաքային կապ ստեղծելու հնարավորություն, Հայաստանում տնտեսական (իսկ ապա նաեւ քաղաքական) ազդեցության ստացում: Թուրքական մարտավարական խնդիրների մեջ կարելի է նշել հետեւյալը. երկրի արեւելքի զարգացումը: Ներկայումս առավել հրատապ է Հարավ-արեւելյան Անատոլիայի եւ Արեւելյան Անատոլիայի ռեգիոնների զարգացումը, որը թույլ կտա այդ տարածքներում երկրի արեւմուտքից որոշ թուրք բնակչություն տեղափոխել:

Խնդիր կա մեղմելու քրդական բնակչության ժողովրդագրական ճնշումն այդ շրջաններում: Ի դեպ, նախկին հայկական վիլայեթների հողերը բաշխված են՝ Արեւելյան Անատոլիայի՝ 152.4 հազ. քառ. կմ եւ 5.916 հազ. մարդ բնակչություն եւ (մասամբ) Հարավ-արեւելյան Անատոլիայի՝ 73.3 հազ. քառ. կմ եւ 5.673 հազ. մարդ բնակչություն շրջանների միջեւ:

Դրանք ներկայումս կառավարվում են 23 վարչական իլեւերի (Թուրքիայում 81 իլ կա) միջոցով: Նշված 11.5 մլն բնակչությունից մոտ 6.5 մլն-ը քրդեր են եւ 4-ը՝ թուրքեր: Կառուցվածքային համեմատություն: Աղյուսակ 1-ից երեւում է Հայաստանի եւ Թուրքիայի հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների տարբերությունը:

Աղյուսակ 1 Հայաստան եւ Թուրքիա, հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համեմատությունը, 2007 թ.

02_11-tab-1

Ընդհանուր առմամբ, Թուրքիան 2.9 անգամ ավելի զարգացած պետություն է, քան Հայաստանը: Հարկ է, սակայն, նշել, որ եթե Թուրքիայի արեւմուտքը (տարածքային առումով գրեթե կեսը եւ բնակչության առումով 75 տոկոսը) զարգացած է Հայաստանից ավելի քան 3.2 անգամ, ապա արեւելքը զիջում է Հայաստանին մոտ 1.5 անգամ:

Այսպիսով, ստացվում է, որ Թուրքիայի արեւելյան շրջանների զարգացումը հիմնականում պայմանավորված է Հայաստանի եւ վերջինիս միջոցով Ադրբեջանի տնտեսությունների հետ համագործակցության թափով: Դրա հետ մեկտեղ Թուրքիայի տնտեսության ծավալները գերազանցում են Հայաստանի թվերը 70 անգամ:

Սա նշանակում է, որ եթե սահմանը բացվի, ապա սկզբնական շրջանում (2010-2013 թթ.) այն կհանգեցնի ապրանքների ու ծառայությունների միակողմանի հոսքի՝ Թուրքիայից Հայաստան: Սկզբնական շրջանում Հայաստանի արտահանումը կարող է իրացվել միայն տարանցիկ փոխադրումների ծառայություններ մատուցելով, այն էլ միայն Թուրքիայի եւ Վրաստանի միջեւ: Այսպիսով, սահմանը բացելուց հետո (եթե դա տեղի ունենա) թուրքական կողմը փորձելու է Հայաստանին ստիպել բացելու Հայաստան-Ադրբեջան հաղորդակցությունը եւ անպայման ուժեղացնելու է ճնշումը Ղարաբաղի հիմնախնդրի լուծման ուղղությամբ:

Աղյուսակ 2 Հայաստանի եւ Թուրքիայի արտահանման եւ ներմուծման կառուցվածքը ըստ հիմնական հոդվածների, 2006 թ.

02_11-tab-2

Սկզբնական շրջանում, 1-2 տարի, միակողմանիորեն կավելանա թուրքական արդյունաբերական (էլեկտրատեխնիկա, կենցաղային ապրանքներ, քիմիական արտադրանք, հագուստներ, կաշվի արտադրանք, կոշկեղեն, սննդի, շինանյութերի արտադրության մեքենաներ եւ սարքավորումներ) եւ սննդի արդյունաբերության ու գյուղատնտեսական արտադրության մթերքների արտահանումը դեպի Հայաստան:

Աղյուսակ 2-ի տվյալները, հաշվի առնելով աղյուսակ 1-ի բացարձակ թվերը, թույլ են տալիս ենթադրել, որ շատ կարճ ժամկետում վերը նշված թուրքական ապրանքների արտահանումը Հայաստան մոտավորապես կարող է կազմել 350-400 մլն դոլար (2009 թ. գներով) 2010-2011 թթ. եւ հասնել 650-800 մլն դոլարի 2013 թ.-ին:

Պարզ ասած` տեղի կունենա իրանական, ռուսական եւ այլ արտադրության ապրանքների ներմուծման փոխարինում թուրքականով: Հայաստանն այստեղ կշահի մասնակիորեն. կէժանանան ներմուծումները, փոքր-ինչ կավելանան մեր արտահանման հնարավորությունները դեպի Եվրոպա: Սկզբնական շրջանում Հայաստանը կօգտվի նաեւ դեպի Եվրոպա նոր ճանապարհների առումով, կմեծանա մեր երկրի նկատմամբ միջազգային բիզնեսի հետաքրքրությունը:

Այս փուլում Հայաստանն ի վիճակի չի լինելու դեպի Թուրքիա արտահանման լուրջ ծավալներ ապահովել: Հայաստանի գյուղատնտեսությունն ու սննդի արդյունաբերությունը, որոնք, թվում է, ի վիճակի պետք է լինեին լուրջ զարգացումներ ունենալու այս ուղղությամբ, ընդհակառակը, ավելի մեծ կախվածության մեջ են ընկնելու: Նույնիսկ այն ոլորտները, ուր մենք բնական առավելություն ունենք (խաղողի, տոմատի, դեղձի եւ ծիրանի արտադրություն), այսօր մրցունակ չեն:

Նախ` Թուրքիան այդ ճյուղերի համաշխարհային համբավ ունեցող առաջատար է (Թուրքիան, օրինակ, ունի 485 հազ. հա խաղողի այգի, արտադրում է 3.8 մլն տոննա խաղող): Երկրորդ` Թուրքիայում գործում են բազմաթիվ ծրագրեր, որոնց նպատակն է ուժեղացնել թուրքական արտահանումը. արտահանման վարկավորումը թուրքական Էքսիմբանկի կողմից (այս ալիքով ֆինանսավորվում է արտահանման 10 տոկոսը), արտադրողին աջակցող պետական ծրագրերը (գործում են շուրջ 8 ծրագրեր, այդ թվում թուրքական ապրանքանիշերը խթանելու եւ հեղինակությունը բարձրացնելու պետական աջակցության ծրագիրը):

Թուրքիան այսօր Եվրոպան ու Ռուսաստանը ողողել է ինքնարժեքից ցածր գնով գյուղատնտեսական մթերքներով: Ընդ որում` այդ վնասը ծածկում է պետությունը: Մարդիկ հաշվել են, որ արտահանման պարագայում գյուղացիների զբաղվածությունը եւ եկամուտներն ավելի կարեւոր են ու ծավալով մեծ, քան պետական սուբսիդավորումը: Բացի դա, դեպի Թուրքիա արտահանումը բարդ խնդիր է. առկա է մաքսային փաստաթղթավորման, ապրանքի որակի հավաստագրման, տեխնիկական կանոնակարգերի վերահսկման բարդ համակարգ: Հայ ձեռներեցներին այս ամենը յուրացնել է պետք:

Մանավանդ որ առ այսօր նման դասընթացներ չկան: Այնպես որ, արտահանման հայկական ծավալները սկզբնական շրջանի համար 35-50 մլն դոլարից ավելի չի կարելի գնահատել: Թուրքիան հիմնականում ներմուծում է էներգակիր եւ կապիտալ ապրանքներ, իսկ կարճ ժամկետներում Հայաստանը նման ապրանքների արտահանում կամ դրանց միջնորդավորված վերավաճառք չի կարող իրականացնել: Կաշի, կենդանի անասուններ, ցեմենտ, շինանյութ, լեռնահանքային արտադրանք, ալյումինե փայլաթիթեղ, կոնյակ եւ այլն. լավագույն դեպքում ահա թե ինչն է հնարավոր արտահանել առաջիկայում: Իհարկե, եթե Հայաստանը լավ կազմակերպված լիներ, ապա կարելի կլիներ արտահանել քիմիական արտադրանք, բժշկական տեխնիկա, ծառայություններ բարձր տեխնոլոգիաների գծով, գինի եւ այլն: Սակայն սա գրեթե բացառված է: Վրաստանի գինեգործներն, օրինակ, այդպես էլ թուրքական շուկա չկարողացան մտնել: Պարզվեց, որ թուրքական շուկան ավելի բարդ է, քան ռուսականը: Հայաստանի համար սա ավելի մեծ խնդիր է. մենք գինու համար նախատեսված բարձրորակ խաղող չունենք, միջինից բարձր որակի գինի՝ առավել եւս: Տնտեսության կառուցվածքի համեմատական վերլուծությունը ցույց է տալիս (տես ստորեւ բերված դիագրամը), որ Թուրքիայի տնտեսության կառուցվածքը (երրորդ սյունաշար) ավելի վատն է, քան համաշխարհային միջինը (առաջին սյունաշար), սակայն շատ ավելի լավն է, քան Հայաստանինը (երկրորդ սյունաշար):

02_11-tab-3

Դիագրամի յուրաքանչյուր սյունաշարում ձախ կողմի սյունակը գյուղատնտեսության, մեջտեղինը՝ արդյունաբերության եւ աջկողմյանը ծառայությունների տեսակարար կշիռն է ՀՆԱ մեջ: Այսպես, ՀՀ գյուղատնտեսության տեսակարար կշիռը ՀՆԱ-ում կազմում է 18, իսկ Թուրքիայինը՝ 15 տոկոս (համաշխարհային միջինը 3 տոկոս է): Բացի այդ, Թուրքիայի տնտեսության մեջ արդյունաբերությունը կազմում է 28%, շինարարությունը` 6% եւ ծառայությունները` 51%: Զարգացած է ամեն ինչ: Վերջին տարիներին անկում է ապրում տեքստիլ արդյունաբերությունը հարավ-արեւելյան Ասիայի երկրների կողմից սուր մրցակցության պատճառով, դրա փոխարեն արագորեն աճում են ավտո եւ քիմիական արդյունաբերությունները: Ավանդական թերի կողմը ֆինանսական ծառայությունների եւ հատկապես բանկերի թույլ զարգացած լինելն է: Գյուղատնտեսության եւ սննդի ոլորտներում Թուրքիան ինքնաբավ է: 2008 թ. գյուղատնտեսական արտադրանքի արտահանումը՝ 22մլրդ դոլար, գերազանցել է դրա ներմուծումը՝ 3մլրդ դոլար:

Հայաստանի պարագայում հակառակը՝ այդ հոդվածով ներմուծումը (755 մլն դոլար) 3.6 անգամ գերազանցել է արտահանումը (208մլն դոլար): Նկատի ունենալով, որ 2009 թ. տնտեսական ճգնաժամը Հայաստանում 2.5 անգամ ավելի խորն է, քան Թուրքիայում (2009 թ. առաջին 8 ամիսներին Հայաստանում տնտեսական անկումը կազմել է 18.4%, իսկ Թուրքիայում՝ 7%), Թուրքիայի տնտեսությունն անհամեմատ ավելի բարվոք վիճակում է եւ շատ ավելի լավ է կառավարվում, պետք է ենթադրել, որ Հայաստանի վիճակն էլ ավելի է վատթարացել: Ցավալին այն է, որ ծառայությունների տեսակարար կշիռը Հայաստանում (38%) ավելի ցածր է, քան Թուրքիայում (51%): Չնայած թվում էր, թե գոնե այստեղ մենք համեմատական առավելություն ունենք: Օրինակ` 7 մլն-ոց սփյուռքի առկայությունը:

Այդուհանդերձ, յուրաքանչյուր տարի Հայաստան է ժամանում 0.5 մլն զբոսաշրջիկ, իսկ Թուրքիա՝ 27 մլն: Ընդ որում` յուրաքանչյուր տարի 67 հազ. ՀՀ քաղաքացիներ (2008 թ.) այցելում են Թուրքիա, իսկ Թուրքիայից հանդիպակաց հոսքը բացակայում է: Ընդհանուր առմամբ, տնտեսության կառուցվածքով Հայաստանը Թուրքիայից ետ է մնում 20, իսկ համաշխարհային միջինից՝ 30 տարով: Այնպես որ, հայ-թուրքական սահմանը բացելու դեպքում սկզբնական շրջանում վճարման հաշվեկշռի բացասական մնացորդը կավելանա. սպասվում է, որ 1-2 տարում Թուրքիա այցելող հայերի թիվը (ինչպես բուն Հայաստանից, այնպես էլ սփյուռքից) կավելանա 18-20 անգամ եւ կանցնի 1 մլն-ի սահմանը: Զարմանալի ոչինչ չկա. անցյալ տարի 850 հազ. վրացի է այցելել Թուրքիա: Այդ նույն շրջանում թուրքերի այցելությունները Հայաստան մի քանի տասնյակ հազարից չեն անցնի եւ բացառապես կապված կլինեն ձեռնարկատիրական գործունեության հետ:

շարունակելի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter