HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սյունիքում ակտերը գրանցելու համար վճարում են ՔԿԱԳ բաժնի պետերին հավատալով

Մեղրիի Քաղաքացիական կացության ակտերի գրանցման (ՔԿԱԳ) տարածքային բաժնում քաղաքացիներին մատուցվող ծառայությունների մասին իրազեկող որեւէ տեղեկատվություն չկար:

Բաժնի պետ Լիաննա Ահարոնյանի խոսքով` 2007 թ. խորհրդարանական ընտրությունների օրերին բաժնին պատկանող հարմարավետ տարածքը հատկացրել են Հանրապետական կուսակցության տարածքային կառույցին, եւ բաժինը տեղափոխվել է մի փոքր սենյակ:

«Քաղաքացիները գալիս են, հարցնում, պատասխանում եմ: Սեղանիս կան սակագները, եթե հետաքրքրվում են` տալիս եմ: Ճիշտն այն է, որ մարդիկ վճարում են` որքան ասում եմ, դե ես էլ վերցնում եմ այնքան, որքան սահմանված է օրենքով»,- ասում է տիկին Լիաննան: Իսկ թե քաղաքացին որտեղի՞ց պետք է տեղեկանա, թե ՀՀ-ում որքան է սահմանված բազային տուրքը, բաժնի պետն ասաց, թե մարդիկ իրեն հավատում են: Նա նաեւ հավելեց, որ իրենց բաժնի մատուցած ծառայության ծավալները բավական փոքր են: Թվերի մասին բաժնի պետը հրաժարվեց խոսել` ասելով, որ ՀՀ Կառավարության հրահանգ է եղել (ինքն էլ դժվարացավ հիշել, թե քանի տասնամյակ առաջ), որ որեւէ մեկին տեղեկություն չտան ու խորհուրդ տվեց այդ հարցով դիմել վիճակագրական բաժին:

«Քիչ ամուսնանում են, շատ բաժանվում»,- այս «հարուստ» տեղեկատվությամբ զրույցը եզրափակեց ՔԿԱԳ Մեղրիի բաժնի պետը: Քաղաքացիական կացության ակտերի գրանցման Սիսիանի տարածքային բաժնի պետ Ասյա Հախվերդյանը եւս նշում է, որ քաղաքացիական կացության տարբեր ակտերի գրանցման համար սահմանված տուրքերի չափի մասին ինքն է տեղեկացնում քաղաքացիներին: Ըստ նրա` լրացուցիչ ցուցատախտակների անհրաժեշտություն չկա, մանավանդ, որ դրա համար հարմար տարածք չունեն:

«Փոքր քաղաք է, բոլորն անգիր գիտեն, թե ծննդյան, մահվան, ամուսնության վկայականների համար որքան սակագին է սահմանված, այնպես որ, մենք չէ, որ պիտի քաղաքացիներին տեղեկացնենք: Իրենք բաժին են գալիս արդեն նախապես տեղեկացված, իսկ եթե որեւէ մեկին հետաքրքրում է, կարող եմ ցույց տալ պետտուրքի սահմանված չափը հաստատող փաստաթուղթ» (նշենք, որ ծննդյան ակտը գրանցելու համար պետուրք չի պահանջվում): Կապանի եւ Գորիսի ՔԿԱԳ տարածքային բաժիններում քաղաքացիների իրազեկության համար առանձին ցուցատախտակներ կան: Կապանի բաժնի մասնագետ Ելենա Ավետիսյանի ասելով` դրանցում տեղադրված նյութերի միջոցով են քաղաքացիներն իրազեկվում, եւ իրենք լրացուցիչ ժամանակ չեն ծախսում նրանց հարցերին պատասխանելու համար: Գորիսի ՔԿԱԳ տարածքային բաժնի պետ Լորետա Բարսեղյանը նշում է, որ տեղեկատվական վահանակների առկայության պայմաններում էլ քաղաքացիները սակագների համար հաճախակի դիմում են` ցանկանալով պարզաբանում ստանալ, թե, օրինակ, ինչո՞ւ է ծննդյան վկայական տրամադրելու համար որոշ դեպքերում պետտուրք սահմանվում:

«ՔԿԱԳ Գորիսի բաժինն ընդամենը մեկ աշխատակից ունի եւ, եթե հաշվենք, որ օրական մեզ դիմում է 40-ից ավելի մարդ, ապա հասկանալի կլինի, որ լրացուցիչ տեղեկատվության տարածման հնարավորություն, բացի «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով նախատեսված դրույթներից, մենք չունենք եւ սահմանափակվում ենք պետտուրքի չափերի մասին գրասենյակում տեղեկատվություն տեղադրելով»,- ասում է տիկին Լորետան,- սակայն, երբ տեղեկանում են, որ ծննդյան վկայականն առաջին անգամ տրվում է անվճար, իսկ կրնօրինակի համար պետական տուրք պիտի վճարեն, սկսվում է հարցերի տարափը, եւ այս դեպքում ստիպված ես յուրաքանչյուրի հարցին առանձին պատասխանել»:

Որ աշխատանքի ծանրաբեռնվածությունն անհամեմատելի է աշխատակիցների թվի հետ, հաստատում է նաեւ Սիսիանի ՔԿԱԳ բաժնի պետ Ասյա Հախվերդյանը` միաժամանակ գոհունակություն հայտնելով, որ արդեն լուծվել է տարածքային կենտրոնը համակարգչային սարքավորումներով ապահովելու հարցը, ինչը մասամբ թեթեւացնում է աշխատանքը: Ոլորտի աշխատակիցների կարծիքով` աշխատանքի հիմնական ծանրաբեռնվածությունը կապված է ուղղումների հետ: Մինչեւ քաղաքացիական կացության ակտերի գրանցումների, այսպես ասած, կենտրոնացումը, գրեթե առանց բացառության, մասնավորապես գյուղական բնակավայրերում, այդ գործընթացն իրականացվել է տնավարի, անգամ սիրողական մակարդակով:

Արդյունքում` այսօր գործակալությունը մշտապես սխալների ուղղում, լրացում է կատարում: Հետաքրքրական է, որ հաճախ ոչ միայն քաղաքացիական կացության ակտերի գրանցման համար այդ փաստը հաստատող ակտի գրանցումը չի պահպանվել, այլեւ այն ընդհանրապես բացակայում է:

Ճշտումների մեծ մասը վերաբերում է անուն-ազգանունների անհամապատասխանությանը, ուղղագրական սխալներին, ոչ ճիշտ լրացնելուն, առանց ամուսնության գրանցման կամ հայրության ճանաչման հիմքի երեխաների ազգանունների փոփոխությանը, գրանցման մատյաններում ծննդյան տարեթվերի բացակայությանը եւ այլն: ՔԿԱԳ-ի տարածքային բաժինների ղեկավարների ասելով` բավական ցածր է մարդկանց իրավական գիտելիքների մակարդակը: Աշխատանքային օրվա ծանրաբեռնվածության զգալի մասը բաժին է ընկնում քաղաքացիներին տրվող խորհրդատվությանը:

Մարդկանց դժգոհության հիմնական թեմանայն է, որ ՀՀ Կառավարության որոշմամբ կանոնակարգված ՔԿԱԳ ակտերի գրանցումների վերականգնումը` սկսած անվան փոխման կարգից ու պայմաններից մինչեւ գրանցման փաստը հաստատող այլ ակտեր, որոշակի փաստաթղթեր են պահանջում, առանց որոնց հնարավոր չէ դրական պատասխան տալ քաղաքացուն:

Այդ փաստաթղթերի բացակայությամբ հիմնավորված մերժումը, մանավանդ փոքր քաղաքում, այլ մեկնաբանություն է ստանում: Նրանց մտահոգում է նաեւ այն հանգամանքը, որ վերջին տարիներին մեծ թիվ են կազմում այն քաղաքացիները, ովքեր բնակություն հաստատելով Հայաստանից դուրս` փորձում են հարազատների միջոցով կարգավորել իրենց փաստաթղթերը` ձգտելով շրջանցել այդ գործընթացի համար պահանջվող լիազորագրի անհրաժեշտությունը:

Համայնքի բյուջեի ձեւավորման աղբյուրներից մեկը քաղաքացիական ակտերի գրանցման, դրանց մասին քաղաքացիներին կրկնակի վկայականներ, քաղաքացիական կացության ակտերում կատարված փոփոխություններ, լրացումներ, ուղղումներ կատարելու եւ վերականգնելու կապակցությամբ վկայականների տրամադրման համար գանձվող պետական տուրքն է, որը, անկախ քաղաքացու բնակության վայրից, մուտքագրվում է այն համայնքի բյուջե, որտեղ գտնվում է ՔԿԱԳ-ի տարածքային բաժինը:

Հակասություններ կան այն առումով, որ մասնավորապես գյուղական համայնքների ղեկավարները, շահագրգռված չլինելով բյուջեի եկամտային մասն ավելացնելու խնդրով, չեն համագործակցում ՔԿԱԳ գործակալության տարածքային բաժինների հետ` բնակչությանն իրազեկելու առումով, քանի որ նախատեսված վահանակները, որոնք պետք է տեղադրվեն ՔԿԱԳ տարածքային բաժիններում, չեն կարող լիարժեք տեղեկատվության աղբյուր լինել գյուղաբնակների համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter