HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԳՈՐԴԻՈՒՍՆ ԷԼ Ա ՀԱՅ կամ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆԳՈՒՅՑ

k-gharslyan_5.11.09Կարեն Ղարսլյան

Ես իմ կայսրության սահմանները խախտած նացիստներին ոչնչացնելով էի զբաղված, երբ կինս աննկատելիորեն քունքիս դեմ տվեց իր անջատված ֆենը: Մյուս ձեռքով ականջակալներս ականջներիս ծակերից դուրս քաշելով ու հսկայական աչքերն ինձ հառելով՝ պահանջեց, որ շտապ հագնվեմ ու ուղեկցեմ իրեն դեպի Ուիլշայր փողոց՝ ցույցի: «Թե չէ կմիացնեմ»,- եզրափակեց նա՝ թունոտ ժպիտով մատը տանելով ֆենի միացուցիչին:

«Ի՞նչ ցույց»,- հարցրի ես՝ փորձելով վերադառնալ ХХI դարի առաջին տասնամյակի վերջերը: Հոկտեմբերը նոր էր սկսել: Հոկտեմբերյան շոգ առավոտ էր: Հիշեցնելով Սերժ Սարգսյանի հյուրախաղերի մասին՝ կինս ինձնից պահանջեց վերջնական պատասխան: Ես գլխով ու թևերով բացասական շարժում արեցի, ու նացիստները, որոնց ժամեր շարունակ չէի կարողանում գլխովին ոչնչացնել, ի զարմանս ինձ, վայրկենապես հօդս ցնդեցին: Ֆենի միացուցիչը սեղմելու փոխարեն, կինս վարդակից դուրս էր քաշել համակարգչիս լարը: Իսկ ես Battlefield 1942 համակարգչային խաղում միանգամայն անբարեխղճորեն նկարված գորշազգեստներին ոչնչացնելու ժամեր շարունակ ապարդյուն փորձերով միայն հաջողացրել էի լացացնել նոփ-նոր ստեղնաշարիս մաման: «Մի հատ նոր պոեմ գրելու փոխարեն»,- դառնությամբ կավելացներ կինս, որը մի քանի րոպե անց դուռը հետևից փակեց ու գնաց Բևերլի Հիլզ: Տանը մնացի մենակ՝ անջատված համակարգչի էկրանի դիմաց: Չնայած ակնթարթ տևած զայրութիս, ես անչափ ուրախ էի, որ մի կերպ ձերբազատվեցի խաղի հիպնոսից, որին երբեմն հոժարակամ ենթարկվում եմ, երբ ստեղծագործելիս մի ինչ-որ խրթին կետի եմ հասնում, որի ճշգրիտ լուծումը ոչ այլ ինչ, քան ուղեղի ժամանակավոր ցրում է պահանջում: Նացիստների նկատմամբ կնոջս կայծակնային հաշվեհարդարն ինձ հիշեցրեց գորդյան հանգույցի մասին: Մինչև աշխարհի տիրակալը դառնալը Ալեքսանդր Մակեդոնացին անուն հանեց որպես առաջին մարդը, ով լուծեց գորդյան հանգույցի «գաղտնիքը»: Ինչպես հայտնի է, սերնդե սերունդ աշխարհի լավագույն ուղեղներին չէր հաջողվում քանդել Փռյուգիայի Գորդիուս արքայի հյուսած խրթնագույն հանգույցը: Երբ խորամանկ ժպիտով խնդրի լուծումը գտնել առաջարկեցին Ալեքսանդր Մակեդոնացուն, նա երկար-բարակ բզբզեց, հետո գորդյան հանգույցը քանդեց թրի մեկ հարվածով: Ըստ մի պատգամախոսի՝ այդ հանգույցը քանդողը պիտի տիրեր Ասիային: Ալեքսանդրը հետագայում ապացուցեց այդ գուշակության ճշգրտությունը: Իսկ հանգուցալուծման եղանակը վճռեց Ասիային տիրանալու եղանակը՝ սրով: Այս հայտնի դեպքից հետո տեղի ունեցավ «գորդյան հանգույց» արտահայտության իմաստի փոփոխություն: Եթե առաջ այն նշանակում էր անլուծելի խնդիր, ապա այժմ՝ դժվար խնդիր, որի լուծումը պահանջում է ուժային միջամտություն կամ՝ եթե չես կարողանում գտնել խնդրի լուծումը, վերացրու այն: Ումպ արեցի սառած թեյիցս ու փորձեցի մտաբերել նմանօրինակ այլընտրանքային այլ լուծումներ: Առաջինը, իհարկե, միտս եկավ այս մտազուգորդումների շարանի հիմնական գեներատորը՝ կնոջս ձեռքի սրընթաց շարժումը, ինչի հետևանքում վարի գնացին ֆաշիստների աննկուն գումարտակները: Ապա մտաբերեցի հայելու հակառակ կողմում հայտնված Ալիսային, որն իր բերած որևիցե խելամիտ փաստարկով չկարողանալով կասեցնել խաղաքարտերի վարած դատավարության կործանիչ դատավճիռները՝ հարցը լուծեց պարզապես խորը քնից արթնանալով: Հիշեցի նաև այն ղարաբաղցի զինվորին, որը չէր կարողանում կատարել նահանջի հրամանը, քանի որ իր մի ձեռքը մնացել էր շուռ եկած տանկի շղթայի տակ: Տեսնելով մեծաթիվ թշնամու սրընթաց առաջխաղացումը՝ նա իր սվինով կտրել էր սեփական ձեռքն ու վազել մարտընկերների հետևից: Ապա միտս եկան Օսմանյան կայսրության վերջին ղեկավարները, և… հայկական հարցն ինձ պատկերացավ որպես նորագույն պատմության գորդյան հանգույցի պես մի բան: Օսմանյան կայսրությունը երկար ժամանակ գլուխ էր ջարդում հայկական հարցի լուծումը գտնելու համար, մինչև որ Սուլթան Համիդը բացահայտորեն ակնարկեց, իսկ երիտթուրքերը գլխի ընկան, թե ինչպես: Վճռված էր շարունակել գլուխ ջարդել մեկ տարբերությամբ՝ բառացիորեն և գլխովին… մեկ էլ, հա՝ ոչ թե սեփականը, այլ հայերինը: Մինչ Բևերլի Հիլզի «Հիլթոն» հյուրանոցի առաջ հավաքված սփյուռքահայությունը ճչում էր. «Դա-վա-ճան» Սերժ Սարգսյանի հասցեին, ես փորձում էի գլուխ հանել իմ մտազուգորդումների լաբիրինթոսից: Եթե դիտարկենք հայկական հարցը գորդյան հանգույցի «զանգակատնից», ապա հետաքրքրաշարժ ընդհանրություններ կտեսնենք: Ստածվել է մի հետաքրքիր պատկեր հետևյալ դերաբաշխմամբ.

Օբյեկտ. Գորդյան հանգույց - հայկական հարց

Սուբյեկտ. Ալեքսանդր Մակեդոնացի - Համիդ/Թալեաթ

Ակնկալիք. Ասիայի տիրակալ - Ասիայում միացյալ պանթուրքական կայսրություն Մակեդոնացու օրինակով օսմանյան ղեկավարները նախ փորձեցին գտնել հայկական թոկի այն ծայրերը, որոնցով կարելի կլիներ առանց ուժի գործադրման քանդել հայկական հանգույցը, որ անհիշելի ժամանակներից քարկապված էր արևելյան Անատոլիային: Իսկ քանդելն ինքնանպատակ չէր: Պարգևը միատարր պանթուրքական կայսրության գաղափարի իրագործումն էր, հետևաբար՝ Ասիայի տիրակալ դառնալու հեռանկարը: Բոլոր նախադրյալները դրական ելք էին ավետում: Միայն թե նրանք գլուխ չհանեցին հայկական հանգույցի բարդ մեխանիզմից, մանավանդ որ հանգույցը քարկապած թոկերի մոլեկուլները մեծ վաղեմությունից շուտվանից հասցրել էին պառկապնդվել, սերտաճել՝ դառնալով մեկ ամբողջություն: Հետևաբար որոշվեց կիրառել Մակեդոնացու հրապուրիչ բանաձևը: Սակայն պատմությունը ցույց տվեց, որ Ասիայի տիրակալի թուրք թեկնածուների ո՛չ թուրն էր Մակեդոնացու թրի չափ սուր, ոչ էլ հայերի վիզն էր գորդյան հաստ թոկի պես բարակ: Թրի ուժգին հարվածից փռթվել էին հայկական քարկապը հանգուցած թոկերը բաղադրող բոլոր թելերը… Գրեթե բոլորը: Մնացել ենք էսքանս:

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑ vs. ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆԳՈՒՅՑ Հայոց Ցեղասպանությունից հետո կարելի է ֆիքսել «հայկական հանգույց» արտահայտությունը: Ի տարբերություն «գորդյան հանգույց» արտահայտությանը, «հայկական հանգույց»-ը նշանակում է անլուծելի խնդիր, որի լուծումն անգամ ուժային միջամտությամբ է անհնար: Անհրաժեշտ է նաև տարբերակում մտցնել «հայկական հարց» և «հայկական հանգույց» հասկացությունների միջև (միակ նմանությունն այն է, որ երկուսն էլ անհաղթահարելի փորկապ են հիշեցնում): Հայկական հարցը, որն այսօր մասնավորապես ենթադրում է Հայոց Ցեղասպանության ճանաչում, բարոյական և/կամ ֆինանսական և/կամ տարածքային փոխհատուցում, ինչպես նաև պանթուրքական կայսրության կայացումը խոչընդոտող «շլագբաումի» դերի շարունակականություն, ապա հայկական հանգույցը դրա բացարձակ հակազդեցությունն է՝ Հայոց Ցեղասպանության ժխտում, դրանից բխող բոլոր պատասխանատվություններից հրաժարում, ինչպես նաև պանթուրքական կայսրության «շլագբաումի» չեզոքացում: Հայկական հարցը առաջ է քաշում հայկական կողմը, իսկ հայկական հանգույցը՝ թուրքականը որպես հակակշիռ, հակազդեցություն: Սա Նյուտոնի քաջ հայտնի երրորդ օրենքի փայլուն օրինակ է քաղաքական դաշտում: 1913 թ. Թումանյանն իր «Հայկական հարցը ու իր լուծումը» հոդվածում կանխատեսում է. «Թյուրքիան, դիմել է, դիմում է ու կդիմի ամենահրեշավոր միջոցների՝ վերջ դնելու էդ ժողովրդին իր հարցի հետ միասին, հայի հայրենիքի ու ազգային իրավունքների խնդիրը միանգամ ընդմիշտ փակելու համար»: Այսինքն՝ քանի դեռ կա հայկական հարց, կլինի հայկական հանգույց: Իսկ քանի կա հայկական հանգույց միշտ կգտնվեն այն քանդել բաղձող ինքնակոչ Ալեքսանդր Մեծեր: Որպես վերջիններիս հախից գալու համար լավագույն միջոց նույն հոդվածում Թումանյանը բոլոր հնարավոր մատներով մատնանշում է Ռուսաստանը: Երբ այս խոսքերից հետո մեր նախնիները փորձեցին հայկական հարցը լուծել մեր հյուսիսային «հարսնացուի ոռով» (մասնավորապես ապահովելով առաջին աշխարհամարտի կովկասյան ֆրոնտում Էնվեր փաշայի ջախջախիչ պարտությունը), հետևանքում Թալեաթ Մակեդոնացին կիրառեց հայկական հանգույցի մակեդոնյան լուծումը՝ Հայոց Ցեղասպանությունը: Իսկ երբ հետագայում հյուսիսային հարսնացուից հույսները կտրած՝ մեր նախնիները փորձեցին հայկական հարցը լուծել Ուիլսոնի փափկամասերով (Սևրի պայմանագրով), քիչ էր մնում Քեմալ Մակեդոնացին փռթեր հայկական թոկի այն վերջին բարակ թելիկը, սակայն բավարարվեց Կարսի պայմանագրի ընձեռած խորտիկներով: Արդյո՞ք այսօրվա հայ-թուրքական արձանագրությունները «հերթական կործանիչ պայմանագրի» նախաբանն են: Կարսի պայմանագրից 90 տարի անց հայերին հաջողվել է փոքր-ինչ հաստացնել հայկական հանգույցից մնացած այն բարակ թելիկը՝ Արցախի միջոցով: Այնպես որ հայ ժողովրդի առանց այն էլ հաստ վիզն էլ ավելի է հաստացել: Այսինքն հայկական հանգույցը ճեղքելը, կարծես, էլ ավելի դժվար կլինի: Սակայն, ահ կա հայ ժողովրդի մեջ, թե արձանագրությունների գինը Թուրքիան հայերին պարտադրում է վճարել Ղարաբաղը Ադրբեջանին հանձնելով և Ցեղասպանության ճանաչման խնդիրը սառույցի վրա դնելով: Միգուցե: Գուցե ոչ: Գուցե այոչ: Նախ և առաջ պետք է մտապահել, որ սա հայկական կողմի պարտադրած խաղն է: Ապացուցելով, որ հայկական հանգույցը գորդյան հանգույց չէ, և որ թրի զարկը տվյալ պարագայում անզոր է, հայկական կողմը փաստորեն պարտադրել է իր խաղի կանոնները՝ շարունակել գլուխ կոտրել, սակայն փոխաբերաբար և փոխադարձաբար: Կրկին սրությունն է կարևորը, բայց ոչ թե թրի, այլ՝ մտքի: (Զարմանալի է, որ սերնդե սերունդ թուրքերին թերամիտ, բարբարոս, ապաշնորհ պիտակող հայերի մի ստվար հատված այսօր վախից դողում է, որ թուրքերը հայերին մատների արանքով կֆռացնեն դիվանագիտական մտքի թռիչքի շնորհիվ): Նախ, ինչ վերաբերում է սահմանների ճանաչմանը, ինչպես բազմիցս նշվել է, դրանք բազմիցս արդեն ճանաչվել են զանազան միջպետական պայմանագրեր կնքելիս (ԱՊՀ, ՄԱԿ, ԵԽ և այլն): Այդ կետը հավանաբար ամեն անգամ լռության է մատնվել ժողովրդի շրջանում ավելորդ հուզումներ չառաջացնելու նպատակով: Անտրամաբանական է, որ մի պետություն, որն ի վիճակի չէ տանելի կյանք ապահովել իր ենթակայության տակ գտնվող հողերում, ավելի շատ հող պահանջի: Տվյալ հողերի պատմական պատկանելությունը միմիայն նախապայման է դրանք պահանջելու համար: Եթե մտավախությունը թուրքական ղեկավարության անփութությունն է հայկական հուշարձանների նկատմամբ, ապա հայկական ղեկավարությանը դժվար կլինի ստել, թե ավելի հոգատար կլինի, այն բանից հետո երբ Անիի հուշարձանների «վերջին մոհիկաններն» առաջին անգամ երերացին մոտակա հայկական հանքավայրում տեղի ունեցած կոմերցիոն պայթյունից: Մինչ օրս շարունակվող այդ պարբերական պայթյուններից երերալիս՝ Անիի հուշարձանները կարծես գլուխները տարուբերեն՝ թուրքերի փոխարեն Հայաստանի պահանջատիրությանը ասելով ո՛չ: Հայաստանի հողային պահանջատիրությունն ինձ երբեմն հիշեցնում է հայաստանցիների դիպլոմ առնելու ու բարձի տակ կամ սերվանտի մեջ դնելու ազգային ավանդույթը: Քանի դեռ վերջինս հանդուրժվում է, ուրեմն մեր հուշարձաններն ավելի լավ ձեռքերում են գտնվում: Քանի որ սովորաբար նախընտրելի է սպանվելը, քան ինքնասպանվելը: Պետք է նաև գիտակցել, որ Սևրի պայմանագրով Հայաստանին հատկացված տարածքը ՀՀ ազգային ժողով չէ, որտեղ մեկ ճարպիկ պատգամավորը, սեփական մի մատով կոճակներ սեղմելով, կարող է ապահովել ջախջախիչ մեծամասնություն: Հայերը Հայաստանում կդառնան ազգային փոքրամասնություն: Պետք չէ սփյուռքահայերի վրա հույս դնել, նրանք գլխաքանակ չեն: Այդ պայմանագրին համապատասխան վիլայեթների վերադարձը կլինի Քուրդիստանի հիմնադրման ամենակարճ ճանապարհը, եթե, իհարկե, իշխող կուսակցությունը կրկին չկեղծի ընտրությունները՝ Հայաստանի նախագահի քրդազգի թեկնածուներին զրկելով 10-15 միլիոն քվեից: Թող միայն փորձի, և այս անգամ սարերից կիջնի մի խումբ ձիավոր… քուրդ ձիավոր ու ժամանակ չի վատնի հանրահավաքների վրա: Իսկ եթե իրոք Սևրի պայմանագրի իրականացումը Քուրդիստան պետության հիմնադրում է հետապնդում, ապա շնորհակալ գործ է: Նոր հարևան կունենանք ու երևի իրար հետ ավելի լավ լեզու կգտնենք: Մեր պես ճնշված, կոտորված ազգ են, ինչպես հայերն էին Ռուսաստանին օգնում կոտորել թուրքերին ու քրդերին, այնպես քրդերն էին թուրքերին օգնում կոտորել մեզ ու ռուսներին: Բայց քրդերին ավելի ուժեղ գցեցին. հայերը հիմա գոնե պետականություն ունեն: Ինչ վերաբերում է արձանագրությունների աղմուկ հանած երկու հիմնական խնդիրներին՝ Ղարաբաղն ու Ցեղասպանությունը, ապա հայկական կողմի համար դիվանագիտական արժանի հակահարվածի բազմաթիվ հնարավորություններ են ընձեռում: Նախ՝ Թուրքիայի պահանջը, որ Հայաստանը զորքը դուրս բերի Ղարաբաղից ու տարածքը Ադրբեջանին հանձնի, կարելի է հակադարձել Կիպրոսի հյուսիսային հատվածից թուրքական զորքերը դուրս բերելու և տարածքը Կիպրոսի ենթակայությանը վերադարձնելու պահանջով: Ակնկալում եմ առավել հնարամիտ ու ճկուն մանևրներ հայ դիվանագետների կողմից: (Ես ո՛չ դիվանագետ եմ, ո՛չ էլ քաղաքագետ: Մայակովսկին ասում էր ՝ պոետ կարող ես և չլինել, բայց քաղաքացի լինել պարտավոր ես: Ես միշտ հակառակ դիրքորոշում եմ ունեցել անձնական կյանքում. քաղաքացի կարող եմ և չլինել, բայց պոետ չլինել չեմ կարող: Սա այն հազվադեպ պահերից է, երբ «չպարտավորված» քաղաքացիություն եմ անում): Ինչ վերաբերում է Ցեղասպանությանը, կա պայմանավորվածություն ստեղծել երկկողմանի հանձնաժողով, որը կփորձի գլուխ հանել դառը եղելությունից: Հիանալի՛: Ի՞նչն է դրդել հայ ժողովրդի ճնշող մեծամասնությանը գլխովին բացառել այդ նախաձեռնությունը: Մեր նախնյաց ոսկորները սակարկման ենթակա չեն: Պաթետիկ պոռոտախոսություն: Համոզվածությունը, որ ճշմարտությունը ապացույցի կարիք չունի: Դատարկաբանություն: Իսկ ինչո՞վ է ողջ հայությունը զբաղված եղել վերջին 95 տարիների ընթացքում: Բոլոր հնարավոր միջոցներով՝ նկարելով, երգելով, ողբալով, պարելով, գրելով, թարգմանելով, նկարահանելով, տեռորիստական ակտերով, քանդակելով, թանգարանաշինություններով, մեր ինքնության անքակտելի մասը դարձնելով, այդ զուլումի եղելությունը ողջ աշխարհին ապացուցելով, և անխոնջ այն ընդունել տալով: Եվ այն աստիճան ենք տարվել այդ գործընթացով, որ այժմ մեզնից շատերը ենթագիտակցորեն ավելի շատ ուզում են, որ Թուրքիան ճանաչի հայոց ցեղասպանությունը, քան կուզեին, որ այն առհասարակ իրագործած չլիներ (տես՝«Ինչ կա չկա»): Հայոց Ցեղասպանությունը դարձել է ազգային սպորտաձևի պես մի բան: Ամբողջ հայությունը աշխարհով մեկ ազարտով հետևում է խաղի ընթացքին ու հաշիվ պահում: Խաղադաշտը ողջ Երկրագունդն է, պայքարում են Հայոց Ցեղասպանությունը ճանաչած ու չճանաչած երկրները, հաշիվը բացվել է՝ 20-173 հօգուտ չճանաչած երկրների: Սա բարձրագույն խումբն է, կան նաև առաջին, երկրորդ խմբեր, որոնք, թեև փոքրամասշտաբ, նույնքան դիտարժան են, օրինակ՝ ամերիկյան ճանաչող և չճանաչող կոնգրեսմենների պայքարը, որոնց հրահրում են «սակարկել մեր նախնյաց ոսկորները» վերջիններիս հետնորդները: Այս մենամարտը հաղթելու վճռականությամբ վառ ենք պահում հիշատակը ու անտրտունջ, անձնազոհաբար շարունակում ենք ապացուցել ողջ աշխարհին ամեն աստծո օր, որ եղել է: Այդ տեսակ եռանդը համեմատելի է միայն սիրո հետ. ինչպես սերը, Ցեղասպանությունը պետք է ապացուցել ամեն օր, ամեն ժամ, ամեն վայրկյան… ինձ սպանել են, ինձ սպանել են, ինձ սպանել են, ինձ սպանել են, ինձ սպանել են, ինձ սպանել են, ինձ սպանել են, ինձ սպանել են, ինձ սպանել են, ինձ սպանել են… Հենց սա է, որ կա Ցեղասպանության շարունակությունը: Սակայն այդ անդադար ու աննկուն ապացույցների պատճառած հոգեբանական ցավը թույլ պատճառ է ևս մեկ անգամ դրանք ներկայացնելուց հրաժարվելու համար: Չէ՞ որ չի բացառվում, որ այդ մեկ անգամը կարող է ազատել հայ ժողովրդին անվերջ ապացույցներ աշխարհով մեկ շաղ տալու ինքնակտտանքից: Հարցն անհրաժեշտ է դիտարկել տարբեր կողմերից: Չէ՞ որ կիսով դատարկ բաժակը անպայմանորեն նաև կիսով լի է: Երևի 95 տարի առաջ ավելորդ լիներ թուրք ղեկավարությանը ապացուցել եղելությունը, սակայն այսօր այլ է իրողությունը: Ներկա ղեկավարները ցեղասպանություն չեն իրագործել, նրանց վաղ մանկությունից սովորեցրել են, որ նման բան չի եղել, հիմա էլ իրենք են նույնը հրամցնում նոր սերունդներին՝ անգամ գիտակցված ինքնախաբեության գնով: Դա էլ նրանց ինքնության բաղադրիչն է դարձել: Խնդիրը քննարկելու Թուրքիայի առաջարկությունը պետք է դիտել նաև որպես սեփական պատմության հետ հաշտվելու համար օգնության քողարկված մուրում: Թուրքիայի ղեկավարությունն այնպիսի վախի մթնոլորտ է ստեղծել սեփական երկրում, որ ինքն էլ է սկսել վախենալ: Գնալ, ձեռքը բռնել, որ չվախենա սեփական ստվերից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter