HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Դատավորի հետ վիճողին չեն ազատում

Երիտասարդ դատավորներից մեկի` Արման Թովմասյանի հետ վիճաբանած 34-ամյա Աշոտ Հարությունյանի գործի քննությունը տեղափոխվել է Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ), սակայն դատավորը ոչ մեղադրյալ է, ոչ էլ տուժող: Փաստաբան Տիգրան Հայրապետյանի փոխանցմամբ` գործը ՀՔԾ- է ուղարկվել, քանի որ Լոռու մարզի քննչական բաժնում հանգել են հետեւության, որ Ա. Հարությունյանի ստացած բազմաթիվ վնասվածքներն առաջացել են կարգադրիչների ծեծի արդյունքում:

«Բայց հիմա ՀՔԾ-ն հերքում է սա եւ ասում` մենք դեռ կտեսնենք` կարգադրիչների արարքներում կա՞ն հանցագործության հատկանիշներ: Այսինքն` գործը նորից ուզում են հետ տանել այնպիսի դաշտ, որ կարգադրիչներն ամեն ինչ օրինական են արել»,- ասում է Տ. Հայրապետյանը:

Այսօր վերաքննիչ դատարանը քննարկել է վերջինիս բողոքը` կապված առաջին ատյանի դատարանի կողմից Աշոտ Հարությունյանի կալանքի ժամկետը մեկ ամսով երկարաձգելու հետ: Փաստաբանը հենց վերաքննիչ դատարանում էլ հանդիպել է ՀՔԾ-ի վարույթում այժմ գործը քննող Գաբրիել Պետրոսյանի հետ:
Նիստի ընթացքում հրապարակվել է դատավոր Արման Թովմասյանի ցուցմունքը, ըստ որի` Աշոտն իր հետ վիճել է հոր` Սամվել Հարությունյանի դեմ իր կայացրած որոշման պատճառով:

«Ես դատարանին ներկայացրի, որ նշյալ գործով նույնիսկ դատաքննություն չի անցկացվել, քանի որ Աշոտի հայրը` Սամվել Հարությունյանն ամբողջությամբ ընդունել է հայցվորի պահանջները եւ պարտավորվել պարտքերը մարել: Բայց այսօր քննիչ Պետրոսյանը նոր բան ասաց` դատավոր Արման Թովմասյանը նմանատիպ մի ուրիշ որոշում էլ է կայացրել Սամվել Հարությունյանի դեմ, որը վերջինս վերաքննիչ դատարանում բողոքարկել է: Այսինքն` այսպես կոչված վրեժխնդրությունը կապված է եղել հենց այս գործի հետ: Բայց սա մի բան է, որը մեղադրական եզրակացությունում չկա:  Նշանակում է` այն, ինչը որպես մեղադրանք թղթի վրա գրել են, չի հաստատվում, հիմա էլ նոր բան են որոշել եւ ուզում են հաշվեհարդար տեսնել»,- ասում է Տ. Հայրապետյանը:

Վերաքննիչի դատավորը հարցրել է, թե հետագայում վրեժխնդրություն ծնած այս մի գործը դատավոր Թովմասյանը ե՞րբ է լսել: Քննիչն էլ, ըստ փաստաբանի, պատասխանել է, թե քրեական գործի նյութերին այդքան ծանոթ չէ եւ չի կարող ասել` երբ, բայց այդ մասին լսել է:

«Այսինքն` արտանախաքննական փուլում հեռախոսային խոսակցություններ են տեղի ունեցել, որից քննիչը տեղեկացել է, եւ հիմա դրա վրա են ուզում հիմնվել: Մի հանգամանք, որ քրեական գործի նյութերով դեռ չի հաստատվել, բայց խոսակցություններում արծարծվում է: Սա չի՞ նշանակում, որ պատվեր է»,- հարցնում է փաստաբանը:

Այսօր վերաքննիչ դատարանը, Սեւակ համբարձումյանի նախագահությամբ, ուժի մեջ է թողել առաջին ատյանի որոշումը` Ա. Հարությունյանի կալանքի ժամկետի երկարաձգումը համարելով հիմնավոր: Տ. Հայրապետյանի խոսքերով` նոր քննիչը` Գ. Պետրոսյանը նույնպես Աշոըտին կալանքի տակ պահելու որեւէ հիմնավորում չի ներկայացրել: պարզապես շեշտել է, որ գործն իր վարույթ է տեղափոխվել գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի կարգադրությամբ, ինչն էլ, ըստ փաստաբանի, նպաստել է, որպեսզի դատավորը քննիչի ուզած որոշումը կայացնի:

Իր հերթին քննիչ Պետրոսյանը Տիգրան Հայրապետյանին տեղեկացրել է, որ նոր միջնորդությամբ դիմելու է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի Աշոտ Հարությունյանի կալանքի ժամկետը երկարեցվի եւս 2 ամսով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter