HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

ՊՆ-ի դեպքում «ինքնասպանությունը շատ «լավ» նպատակներ է հետապնդում»

Բանակում գրանցվող մահացության դեպքերի առնչությամբ պաշտպանության նախարարությունը կարծես մի նոր բան է գտել. քրեական գործերի մեծ մասը հարուցվում է «ինքնասպանության հասցնելու» հոդվածով, ինչի «շնորհիվ» ՊՆ-ն պատասխանատվությունից խուսափում է, եւ ամբողջ խնդիրը դնում ծնողի վրա: Սա «Լրագրողները հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանի կարծիքն է:

Այսօր մի շարք իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ ասուլիս էին հրավիրել՝ արտահայտելու իրենց մտահոգությունը հայկական բանակում տիրող իրավիճակի կապակցությամբ:

«Երեկ զինդատախազն իր ասուլիսի ժամանակ ասաց, որ իրենք գործը հարուցում են այդ պահին առկա ապացույցների հիման վրա: Բայց նախաքննության ընթացքում, մեր դիտարկումներով, չի փոխվել որեւէ գործ, որը կարող էր սպանության վերաորակում ստանալ կամ մեկ ուրիշ բան: Ամեն դեպքում, գործը դատարան է հասնում ինքնասպանության շրջանակներում»,- ասում է Ժ. Ալեքսանյանը:

Ըստ նրա՝ չի կարելի ասել, թե հուզականության պատճառով է, որ մահացած զինվորների ծնողներն ինքնասպանության վարկածը մերժում են: Իրականում կասկածահարույց հանգամանքները սովորաբար շատ են. «Այսինքն՝ հիմնավոր են ծնողների մտահոգությունները, որ կատարվածը ոչ թե ինքնասպանություն է, այլ սպանություն»:

Ալեքսանյանի խոսքերով՝ գրեթե բոլոր դեպքերում «ինքնասպանության» գործերով հայտնաբերվում են գրություններ, որոնք էլ հիմնավորում են ինքնասպանության վարկածը. «Ընդ որում՝ բոլոր դեպքերում ձեռագրաբանական փորձաքննությունները հաստատել են, որ դա ինքնասպանություն է: Այսինքն՝ նաեւ նախաքննության ընթացքում փաստաբանը կամ ծնողը հնարավորություն չունի այդ գրությունը ներկայացնել մեկ այլ փորձաքննության, որպեսզի հակառակն ապացուցի»:

Նման վարքագծի հիմնական պատճառներից մեկը, բանախոսի կարծիքով, զոհված զինվորի իրավահաջորդին փոխհատուցում չտրամադրել է: Ալեքսանյանը նշում է, որ թեմայի շուրջ խոսել է նույնիսկ ՊՆ իրավաբանական վարչության պետի հետ: Վերջինս էլ հաստատել է՝ ինքնասպանության դեպքում փոխհատուցում չի տրամադրվում:

«Սա եւս պատասխանատվությունից խուսափելու միջոց է, այսինքն՝ ինքնասպանությունը շատ «լավ» նպատակներ է հետապնդում. տղան ինքնասպան է եղել, նշանակում է՝ զորամասում բռնության մթնոլորտ չկա»,- ասում է Ժաննա Ալեքսանյանը:

Նրա փոխանցմամբ՝ ինքնասպանության վարկածն առաջ քաշելուց բացի, որը «ծնողին կոտրելու ձեւ է», վերջինիս նկատմամբ դրսեւորվում է նաեւ բացասական վերաբերմունք: Օրինակ՝ դատախազությունը, որ ի պաշտոնե պետք է պաշտպանի տուժողի շահերը, տուժողին վերաբերվում է շատ վատ:

«Այսինքն՝ պրոբլեմն ամբողջությամբ բանակից դուրս են հանում: Սա (ՊՆ-ին) շատ ձեռնտու տարբերակ է, եւ դեպքերն էլ շատ-շատ են»,- ասում է Ժաննա Ալեքսանյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter