HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մուլտի գրուպը» սկսել է լայն թափով շահագործել Մղարթի ոսկու հանքավայրը

Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանի չքնաղ բնաշխարհում հանքահումքային արդյունաբերությունն անարգել ծավալվում է: Այստեղ պղնձի եւ ոսկու հարուստ պաշարները վերահսկում են Հայաստանի 3 խոշոր կազմակերպություններ: Թեղուտի հանքավայրը պատկանում է «Վալլեքս գրուպ»-ին, Շամլուղի 12 հանքավայրերըգ «Մեթըլ Փրինս Էլ-թի-դի» կորպորացիային, իսկ Մղարթի ոսկու հանքավայրըգ «Մուլտի գրուպ»-ին:

Վաճառելով հանքանյութերը` այս ընկերությունները ստանում են մեծ շահույթներ: Դրանցից «Մեթըլ Փրինս Էլ-թի-դի» կորպորացիան համայնքին չի վճարում հանքավայրերի զբաղեցրած հողատարածքների հարկը: Վտանգավորության աստիճանի համեմատ` խիստ ցածր է այս ընկերությունների կողմից աշխատողների սահմանված աշխատավարձը: Թվում է` այստեղ գրեթե բոլոր բնակավայրերն ընդգրկող վտանգավոր արտադրության ծավալների համեմատ, բնակչությունը սոցիալական հիմնախնդիրներ չպետք է ունենար, մինչդեռ այս տարածաշրջանում բնակչությունն ամենաաղքատն է: Վերջերս «Մուլտի գրուպ» ընկերությունը (սեփականատեր` Գագիկ Ծառուկյան) Մղարթում, կրկին առանց հանրային իրազեկման, վերսկսել է ոսկու 40 հա տարածք ընդգրկող բաց հանքավայրի շահագործումը, իսկ նրան պատկանող Մղարթի ոսկու խտանյութի հարստացուցիչ կոմբինատի վարչական տարածքում, հին պոչամբարի կողքին, արդեն գործում է 2-րդ պոչամբարը:

 «Հանքը վնասից եդը, մեր գեղին օգուտ էլ չի տալիս: Արոտավայրերը չիմ փչացրել ա: Բլդուզերներով հանքը բացելիս արոտավայրերի ճամփեքը արոտի համար լրիվ փակել ա: Մի էրկու մարդ ա գեղիցն ընդի ըշխատում»,- ասաց մղարթցի Սամսոն Դալլաքյանը: «Մուլտի գրուպը» երկրաբանահետախուզական աշխատանքների համար Մղարթի համայնքապետարանից վարձակալել է եւս 447 հա արոտավայր, որտեղ նույնպես լայնածավալ աշխատանքներ են նախատեսվում: Ընկերությունը հետախուզական աշխատանքներ է կատարում նաեւ Արդվի եւ Հագվի գյուղերում: 16_11-v_avdalyan

«Նախկինում կոմբինատը էլի է աշխատել: Այս տարվա մայիսից վերագործարկվել է հարստացուցիչ կոմբինատը, որը պատկանում է «Մուլտի գրուպ» կոնցեռնին»,- տեղեկացրեց կոմբինատի տնօրեն Վարուժան Ավդալյանը:

«Հետքը» 2008 թ. փետրվարի 4-ին անդրադարձել է Գագիկ Ծառուկյանին պատկանող «Ջի Էմ Մաղարո» ընկերության` Մղարթի ոսկու հանքավայրում 46 աշխատակիցների 2007 թ.-ից չվճարված աշխատավարձի խնդրին: Վ. Ավդալյանից փորձեցինք պարզելգ այդ մարդիկ ստացե՞լ են իրենց աշխատավարձը, թե` ոչ:

«Ես տեղյակ չեմ դրանից: Ես այդ ժամանակ չեմ աշխատել, այդ ժամանակ հանքավայրը չի պատկանել «Մուլտի գրուպ» կոնցեռնին: Էդ ժամանակ «Ջի Էմ Մաղարոն» «Մուլտի գրուպ»-ին պատկանող այդ ոսկու հանքավայրը օգտագործել է վարձակալությամբ, որի դեպքում նրա գործունեության համար մեր ընկերությունը պատասխանատվություն չի կրում»,- ասաց Վ. Ավդալյանը:

Տնօրենը տեղեկացրեց, որ ներկայումս հարստացուցիչ կոմբինատը հանքաքարից արտադրում է ոսկու խտանյութ:

«Իրացում առայժմ չկա, հանքում եւ կոմբինատում միասին աշխատում են 54 աշխատողներ: Մոտ 10 աշխատող գործուղմամբ են աշխատում կոմբինատում: Աշխատողներ ունենք Երեւանից, Արարատից, Մղարթից եւ էս կողքի Ղաչաղան գյուղից: Միջին աշխատավարձը 40-50 հազար դրամ է, 30 հազար էլ կա»,- տեղեկացրեց տնօրենը: Նա չափազանց զուսպ էր կոբինատին վերաբերող տեղեկատվություն տալու հարցում:

«Որքա՞ն արտադրանք է տալիս կոմբինատը» հարցին պրն Ավդալյանը պատասխանեց. «Ուրեմն, քանակը ես չեմ կարող ասել` որքան ենք արտադրում, բնական է, գաղտնիք էլ չէ, բայց նպատակահարմար էլ չենք գտնում ասել: Բայց արտադրանքը հանքաքարի ոսկու խտանյութն է, մենք, ասենք, այն տարիներին իրացրել ենք, մենք տեղափոխել ենք Ալավերդի` Վալերի Մեջլումյանի հիմնարկը, նրանց մոտ արդեն բաժանվել ա, ոսկին, պղինձը եւ առկա այլ հանքանյութերը: Էսպես է եղել, իսկ այժմ մայիսից որ աշխատում ենք, իրացում չենք արել, ապրանքը մեզ մոտ է»: Վ. Ավդալյանից փորձեցինք տեղեկանալ նաեւ 2007 թ.-ին Ալավերդու «Էյ-Սի-Փի» ընկերության եւ «Մուլտի գրուպի» միջեւ առաջացած վեճին:

Հիշեցնենք, որ «Էյ-Սի-Փի» ընկերությունը հայտարարել էր եւ դիմում ներկայացրել դատախազություն, որ «Մուլտի գրուպ»-ից ստացած խտանյութի մեջ ոսկու պարունակությունը սահմանվածից ցածր էր, եւ ինքը կրել է մոտ 2 մլն դոլարի վնաս: Այդ ժամանակ «Էյ- Սի-Փի»-ի ղեկավարությունը աշխատանքից հեռացրեց ընկերության մի քանի պատասխանատու աշխատողների: «Ես տեղյակ չեմ դրանից»,- պատասխանեց Վ. Ավդալյանը: 16_11-mghart-1

Ըստ կոմբինատի տնօրենի` ոսկու խտանյութի արտադրությունը շրջակա միջավայրի վրա բնապահպանական վնասակար ազդեցություն չի թողնում. «Ամեն ինչ նորմալ արված ա, մենք քիմիական ցիանացում, ոչ մի բան չունենք, ամբարները, ամեն ինչ տեղը տեղին է»: Պոչամբարների պարունակության մասին էլ ասաց. «Ամենակարեւորը` շրջակա միջավայրի համար վնասակար ոչինչ չկա»: Մղարթ համայնքի բյուջեին հողի հարկի պարտավորությունները ընկերությունը կատարել է: Մղարթի համայնքապետարանից մեզ տեղեկացրին, որ ոսկու հանքավայրի զբաղեցրած 40 հա տարածքի համար «Մուլտի գրուպը» արդեն վճարել է այս տարվա 1մլն 444 հազար 500 դրամ հողի հարկը եւ արոտավայրերի վարձակալության շուրջ 1,4մլն դրամ վճարները: Մղարթի համայնքապետարանին ցուցաբերած աջակցությունների ու կոմբինատի այլ բարեգործությունների մասին էլ Վ. Ավդալյանն ասաց. «Ինչ հարցով կոմբինատին դիմել են` ապահովել ենք»: Որպես դրա վկայություն նա հիշատակեց, որ մի քանի տարի առաջ իրենցից գյուղի կարիքների համար հող տեղափոխելու ավտոմեքենաներ էին խնդրել, իրենք էլ տրամադրել էին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter