HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Գործը ՀՔԾ-ում է

Բայց ոչ թե դատավորի, այլ կարգադրիչների պատճառով

Աշոտ Հարությունյանի գործի քննությունը ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնից տեղափոխվել է Հատուկ քննչական ծառայություն: Նա կենցաղային հողի վրա վիճել էր երիտասարդ դատավորներից մեկի` Արման Թովմասյանի հետ, ծեծվել, դարձել մեղադրյալ ու կալանավորվել: Սակայն դատավորը որեւէ կերպ մինչ օրս գործում ներգրավված չէ: Թե ինչո՞ւ, Հարությունյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը չի ուզում մեկնաբանել:

Վերջինս միայն մանրամասնում է գործը ՀՔԾ ուղարկելու հիմնավորումը. «Լոռու քննչական բաժնում նախաքննությամբ պարզվել է, որ Աշոտ Հարությունյանի մարմնական վնասվածքներն առաջացել են կարգադրիչներ Էդգար Խանվելյանի եւ Էդգար Չատինյանի հարվածների պատճառով, ինչը նշանակում է, որ նրանց գործողություններում առկա է ծեծի հատկանիշներ: Այսինքն` նրանց նկատմամբ քրեական հետապնդում կարող է իրականացնել ՀՔԾ-ն»:

Մյուս երկու կարգադրիչների անունները դարձյալ չեն հոլովվում, ինչի պատասխանը նույնպես փաստաբանը չունի:

Աշոտ Հարությունյանը հացադուլը դադարեցրել է: Առաջին ատյանի դատարանը դեկտեմբերի վերջին մեկ ամսով երկարաձգել էր նրան կալանքի տակ պահելու ժամկետը: Այս որոշումը վերաքննության կարգով վաղը կքննի վերադաս ատյանը` Սեւակ Համբարձումյանի նախագահությամբ:

«Ես իմ պրակտիկյում չեմ հանդիպել այնպիսի դեպք, երբ քննիչը ոչ մի փաստաթուղթ չի ներկայացնում դատարան` հիմնավորելու համար, թե ինչու է պետք տվյալ անձին պահել կալանքի տակ,- առաջին ատյանի դատարանի որոշմանն անդրադառնալով` ասում է փաստաբան Հայրապետյանը,- այսինքն` ոչ մի ապացույց չկար, որն անուղղակի կասեր, որ Աշոտ Հարությունյանի կողմից կատարվել է հանցագործություն»:

Փաստաբանի խոսքերով` առաջին ատյանը, օրենքի պահանջներով առաջնորդվելու փոխարեն, պարզապես հիմնվել է քննիչի բանավոր խոսքի վրա: Նա հույս ունի, որ վերաքննիչ դատարանը նման «տնավարի դատ չի անի» եւ Աշոտ Հարությունյանին ազատ կարձակի:

«Հակառակ դեպքում կստացվի, որ մեզ մոտ դատական համակարգն ընդհանրապես չի աշխատում»,- ասում է Տ. Հայրապետյանը:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter