HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անի Հովհաննիսյան

Քայլ առ քայլ դեպի խնդիրների լուծում

sayla-19.11.09Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության միամսյակի առիթով այսօր ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ջեմմա Բաղդասարյանը եւ հաշմանդամության խնդիրներով զբաղվող 4 հասարակական կազմակերպությունների նախագահներ հանդիպեցին լրագրողներին` քննարկելու հաշանդամության խնդիրներին ուղղված արդեն իրականացված եւ իրականացվելիք ծրագրերն ու գործողությունները:   «Ունիսոն»ՀԿ նախագահ Արմեն Ալավերդյանը կարեւորեց հաշմանդամություն ունեցող անձանց տեղաշարժվելու եւ զբաղվածության խնդիրը. «Այդ խնդրի լուծմանն ուղղված որոշակի ծրագրեր արդեն իրականացնում ենք, սակայն ուզում եմ եւս մեկ անգամ կոչ անել բոլոր ձեռնարություններին, որ միամսյակի ընթացքում յուրաքանչյուրը գոնե մեկ հաշմանդամություն ունեցող մարդու աշխատանքի ընդունի»: Սակայն աշխատանքի ընդունվելը դեռեւս հարցի լուծում չէ, քանի որ հաշմանդամություն ունեցող  անձինք դժվարություն ունեն տեղաշարժվելու, առավել եւս` աշխատանքի գնալու: Այս առումով, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ջեմմա Բաղդասարյանը նշեց, որ քայլեր արվել են, բայց շոշափելի արդյունքների դեռ չեն հասել. «Երբ Երեւանում շինարարական աշխատանքներ էին սկսվում, մենք Արդարադատության նախարարության հետ քննարկեցինք այն հարցը, որ բոլոր նոր շինությունները պետք է հարմարեցված լինեին հաշմանդամություն ունեցող մարդկանց համար: Քննարկում էինք նաեւ պատժամիջոցներ սահմանել այն բոլոր ընկերությունների համար, ովքեր չեն հարմարեցնի իրենց շինությունները: Սակայն պատժի չափերը դեռ որոշված չէ»: Ջեմմա Բաղդասարյանը նշեց նաեւ, որ սոցապ նախարարությունը խնդրել էր նոր անցումներ կառուցող ընկերություններին թեքահարթակներ տեղադրել անցումներում, սակայն նրանց խնդրանքը չկատարվեց: Որոշ անցումներ էլ ունեն թեքահարթակներ, որոնք, սակայն, օգտագործելի չեն հաշմանդամություն ունեցող մարդկանց համար: Լրագրողներից մեկի առաջարկին, թե կարելի է ակցիա իրականացնել` գործարարներից պահանջելով թեքահարթակների կառուցում, «Ունիսոն» ՀԿ նախագահը պատասխանեց. «Իրականում մեր խնդիրը չէ խայտառակել որեւէ մեկին: Եթե զբաղվենք այս կամ այն գործարարի անունը նշելով, գովազդ կամ հակագովազդ կանենք նրան: Եղել են դեպքեր, երբ գործարարներին առաջարկել ենք շքեղ շենքերում ավելացնել թեքահարթակներ, նրանք հրաժարվել են` ասելով, որ ոչ մի փոփոխություն էլ չեն անի»: Իսկ «Հույսի կամուրջ» ՀԿ նախագահ Սուսաննա Թադեւոսյանը  կարեւորեց ՀԿ-ների մոտեցումը այս խնդրին. «Այս հարցը պետք է տրվի հասարակական կազմակերպություններին, քանի որ կարեւոր է, թե ինչպես են նրանք արձագանքում խնդրին: Կարծում եմ, այժմ արդեն այդ մշակույթը ձեւավորվել է ՀԿ ոլորտում»: «Փյունիկ» ՀԿ նախագահ Հակոբ Աբրահամյանն էլ կարծում է, որ խնդիրը լուծում կգտնի միայն  օրենսդրական ակտերի կիրառմամբ. «Ամոթ ձեզ» տարբերակն արդեն վաղուց է, ինչ չի գործում, եւ դա բոլորս էլ գիտենք: Պետք է հստակ օրենքով սահմանված կարգով պատժել մարդկանց»: Եթե հաշմանդամություն ունեցող մարդու աշխատավայրը հարմարեցված  լինի նրա կարիքներին, ապա նրա համար  երկրորդ խնդիրը աշխատավայր հասնելը  կլինի: Այսօր չունենք տրանսպորտային  որեւէ միջոց, որը նախատեսված լինի հաշմանդամություն ունեցող մարդու տեղափոխման համար եւս: Այս խնդրին Ջեմմա Բաղդասարյանն անդրադարձավ. «Տրանսպորտի  նախարարության հետ քննարկել ենք  այս խնդիրը եւս, առաջարկելով, որ յուրաքանչյուր երթուղային գիծ ունենա 1-2 մեքենա, որոնք հարմարեցված կլինեն հաշմանդամություն ունեցող մարդկանց համար: Սակայն գիտենք, որ մեքենաները պետք է անցնեն Պետական գնումների կոմիտեի մրցույթը, այսինքն օրենքի փոփոխություն պետք է կատարվի: Ամեն ինչ պետք է քայլ առ քայլ արվի: Եթե ձեզ ասեմ, որ 1-2 տարի անց այս ոլորտում լուրջ փոփոխություններ կլինեն, ճիշտ չի լինի»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter