HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեւորգ Դարբինյան

Արդյոք Տեր-Պետրոսյանը գործա՞րք է առաջարկում. կամ «առակս ինչ կցուցանե»

23_11-l_ter-petrosyanԼեւոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթում Եղիազար Այնթապցի կաթողիկոսի մասին հիշատակումն ավելի լայն հասարակական ուշադրության արժանացավ, քան ելույթի բուն բովանդակությունը։ Միամտություն է կարծել, թե Տեր-Պետրոսյանն այս պատմությունը ելույթում հիշատակելուց առաջ չէր հաշվարկել դրա հնարավոր հետեւանքները եւ առաջացնելիք ռեզոնանսները։

Այդպես կարող է մտածել միայն հասարակական գիտակցության վրա ազդելու նրա պոտենցիալի մասին պատկերացում չունեցող միամիտը։ Իրականում դրանով առաջին նախագահը հասարակական ուշադրությունը շեղեց դեպի այլ, հիպոթետիկ հարթություն, միաժամանակ բուն ելույթի միջոցով կարողացավ տեղ հասցնել մի քանի հիմնական ուղերձներ։ Այլ կերպ ասած՝ նա դիմեց դասական մանիպուլյացիայի օգնությանը։ Նախ՝ բուն ակնարկի էության մասին։ Տեր-Պետրոսյանն իր ելույթում իշխանությունների հետ ինչ-որ գործարքի գնալու որեւէ ուղղակի ակնարկ չի անում։ «Ի՞նչն է նրան խանգարում, այդչափ նվաստանալու փոխարեն, ցանկալի այդ լեգիտիմությունը խնդրել սեփական ժողովրդից եւ ստիպված չլինել այդպիսի զիջումներ կատարելու»,- ասում է նա եւ ելույթի վերջում ավելացնում. «Ինչո՞ւ է Սերժ Սարգսյանին թվում, թե հայ ժողովուրդն ընդունակ չէ, հանուն ազգային նպատակների, եւս մեկ անգամ նման լայնախոհություն եւ իմաստնություն դրսեւորելու»։ Պարզ է, որ նա խոսում է հանրությունից լեգիտիմություն խնդրելու քաղաքական կամքի բացակայության մասին։ Եթե նա Էջմիածնի միաբանների տարբերակով «գործարք առաջարկելը» նկատի ունենար, ապա նույն ելույթում բառացի չէր ասի հետեւյալը. «Հայ-թուրքական հարաբերությունների եւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բնագավառներում վտանգավոր զարգացումների կասեցման միակ միջոցը իշխանափոխությունն է, որի իրագործումը...»։ Կամ՝ «քաղաքական ուժերի ջրբաժանը Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցն է...»։ Ողջ խնդիրն այն է եւ մանիպուլյացիան հենց այդտեղ է, թե հատկապես ի՞նչ նկատի ունի առաջին նախագահը, երբ Սերժ Սարգսյանին հուշում է դրսի փոխարեն լեգիտիմություն ստանալ սեփական ժողովրդից։ Ուշադրություն դարձնենք մի կարեւոր իրողության։ Տեր-Պետրոսյանը երբեւէ, այդ թվում նաեւ իր վերջին ելույթում չի նշել, թե իրենք հրաժարվում են իշխանությանն առաջադրած նախապայմաններից։ Դրանք են՝ ա. անխտիր բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակում, բ. արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացում։ Գործնականում, բացի այս երկու միջոցներից, լեգիտիմությունը վերականգնելու այլ ռացիոնալ տարբերակ գոյություն չունի։ Եվ հենց սա է, որ իր ելույթի տողերի տակ հմտորեն թաքցնում է Տեր-Պետրոսյանը։ Իսկ ինչու՞ է նա ընտրել արտահայտվելու հենց այս` մանիպուլյատիվ միջոցը։ Դա երկու հիմնական նպատակ ունի։ Ա. Տեր-Պետրոսյանի ելույթի առաջին մասն ամբողջությամբ Հայ հեղափոխական դաշնակցության եւ «հայդատականության» դեմ էր։ Տեր-Պետրոսյանի ելույթի ողջ միտքն այն էր, որ իրական վտանգը տեսնում է այս գաղափարախոսության հանրային ընկալման մասշտաբների ընդլայնման եւ քաղաքական գործոն դառնալու մեջ։ Մի կողմից այն, որ արտաքին քաղաքականության ոլորտում Կոնգրեսի առաջատար ուժերի եւ իշխանության մոտեցումները գրեթե նույնական են, եւ որ կամա թե ակամա հենց այդ խնդիրներն են ձեւավորում քաղաքական օրակարգը, ՀԱԿ-ին մեխանիկորեն զրկում է ինքնադրսեւորման լայն հնարավորություններից։ Դրան նպաստում է նաեւ այն հանգամանքը, որ քաղբանտարկյալների առկայության հարցը գրեթե ամբողջությամբ կորցրել է իր արդիականությունը։ Դա պայմանավորված է առանցքային խաղացող հանդիսացող համախոհների ու ակտիվիստների ազատ արձակման, դրանից հասարակության ուշադրության շեղման իրողություններով։ Գործողության դաշտի ու մոտիվացիայի այսպիսի սահմանափակման պարագայում ՀԱԿ-ի հիմնական այլընտրանքը սկսում է դառնալ ոչ թե Սերժ Սարգսյանը, այլ իրենց համար սկզբունքորեն անընդունելի «հայդատականության» գաղափարախոսությունը։ Այսինքն՝ Կոնգրեսի համար սկսում է սկզբունքային հարց դառնալ ոչ թե այս իշխանության փոփոխությունը, այլ նոր, իրենց համար ավելի վատ իշխանության գալը կանխելը։ Այդ մասին Տեր-Պետրոսյանն ակնարկել է Կոնգրեսի քաղխորհրդի դռնփակ նիստի ժամանակ։ Ըստ «Հայկական ժամանակ» օրաթերթի` այդ ժամանակ ՀԱԿ առաջնորդը մասնավորապես ասել է. «Ամբողջ խնդիրն այն է, որ «այդ բռնապետիկներին (նկատի է առնվում գործող իշխանությունը-հեղ.) չփոխարինեն նոր բռնապետիկներ»։ Այսինքն՝ թուլացնելով ճնշումները նախագահի վրա եւ նրան դեպի ժողովուրդը շրջվելու հնարավորություն տալով` Տեր-Պետրոսյանը փորձում է կանխել «հայդատականության» ռոմանտիկ հեղափոխության հնարավորությունը, ինչի արդյունքում թե ՀԱԿ-ը, թե հհշ-ական ու հհշածին ուժերը վերջնականապես դուրս կմղվեն քաղաքական արենայից։ Բ. Նման մոտեցում որդեգրելով՝ Տեր-Պետրոսյանը ձերբազատվում է ընթացող վճռորոշ պրոցեսների եւ դրանց հետեւանքների համար ուղղակի պատասխանատվություն ստանձնելուց։ Մի կողմից նա խորացնում է անվստահությունը ՀՅԴ-ի, նրա առանցքի շուրջը պտտվող ազգային ուժերի եւ գործող իշխանության միջեւ, մյուս կողմից, թույլ է տալիս, որ իշխանության ներսում «հայդատական» ճնշումների մեծացման ներքո իշխանությունն արտաքին ճակատում գնա զիջումների։ Տեր-Պետրոսյանը հույս ունի, որ դրանից հետո վերջնականապես կմարի Սարգսյանի «պահանջարկը» միջազգային հանրության մոտ։ Այդ մասին նա շատ թափանցիկ ակնարկել է Կոնգրեսի քաղխորհրդի նույն դռնփակ նիստի ընթացքում։ «Լեւոն Տեր-Պետրոսյանն ասել է, թե այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանը կհանձնի իրենից պահանջվածը՝ ԼՂ եւ հայ-թուրքական հարաբերությունների հարցում, նա այլեւս ոչ մեկին պետք չի լինի։ Իսկ մինչ այդ, առաջին նախագահի խոսքերով, Սերժ Սարգսյանի ձեռքերը ազատ են թողնված եւ նրան թույլ են տվել երկրի ներսում անել ցանկացած բան՝ միայն թե նա լուծի այդ երկու հարցը»,-տեղեկացնում է «Հայկական ժամանակը»։ Այսպիսով, բացահայտվում է Տեր-Պետրոսյանի որդեգրած մարտավարության տրամաբանությունը։ Այն է՝ հնարավորություն ընձեռել Սերժ Սարգսյանին կատարել միջազգային հանրության երկու պահանջները, ինչից հետո նա դրսին այլեւս պետք չի լինի։ Պարզ է, որ դրանից հետո Հայաստանի ժողովրդավարացման խնդիրը կրկին կմղվի առաջին պլան։ Եվ դրանով ՀԱԿ-ը` որպես Արեւմուտքի համար ավելի նախընտրելի քաղաքական ուժ, կստանա իշխանության գալու քարտ բլանշ։ Ներկայիս մանեւրող մարտավարության շնորհիվ պահպանած լինելով իր հիմնական ընտրազանգվածը՝ ՀԱԿ-ը կփորձի ակտիվացնել համաժողովրդական շարժումը։ Հեշտությամբ հաղթահարելով արդեն թուլացած, արտաքին լեգիտիմության ռեսուրսից զրկված իշխանությանը` այն վերցնելու ամենաիրական շանսը ձեռք կբերի հենց Կոնգրեսը։ Ահա եւ ամբողջ տրամաբանությունը, որի մասին Տեր-Պետրոսյանը բացահայտորեն, իհարկե, խոսել չէր կարող։ Ահա թե ինչ կցուցանե, կամ ավելի ճիշտ կթաքցնե փառամոլ ու իշխանատենչ հոգեւորականի ամբիցիաների եւ Էջմիածնի ճարահատ միաբանների «լայնախոհ ու իմաստուն քայլի» մասին «առակը»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter