HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անի Հովհաննիսյան

«Մի լավ բան չկա՞ մեր հասարակական տրանսպորտի ոլորտում...»

gazel_27.11.09Այսօր Հայաստանի «Սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը բանավեճի էր հրավիրել քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության գլխավոր մասնագետ Կարեն Հակոբյանին` քննարկելու Հայաստանում հասարակական տրանսպորտի ոլորտում առկա խնդիրները: Բանավեճին ներկա էին նաեւ լրագրողներ տարբեր լրատվամիջոցներից: Ոլորտի խնդիրներից Արմեն Պողոսյանն առաջնային համարեց մետրոյի եւ տրոլեյբուսի` որպես տրանսպորտի միջոցների զարգացումը. - Փոխարեն անընդհատ նոր միկրոավտոբուսների ներկրման, զարգացրեք էլեկտրական տրանսպորտը: Դրանով կլուծվեն թե օդի աղտոտվածության, թե մի շարք այլ խնդիրներ,- ասաց Արմեն Պողոսյանը: - Եթե մարդիկ Բաղրամյանից  Երիտասարդական նախընտրում են  միկրոավտոբուսով գնալ, մենք ինչպե՞ս  ստիպենք, որ նրանք մետրոյից կամ տրոլեյբուսից օգտվեն,-  սրան ի պատասխան՝ նշեց Կարեն Հակոբյանը: - Փարիզում, Բեռլինում  ողջ ժողովուրդն օգտվում է տրոլեյբուսներից,  իսկ Հայաստանում տրոլեյբուսները 4 տարին մեկ անգամ են գալիս:  Իսկ ինչ վերաբերում է մետրոյին, ապա պետք է կայանները շատացնել: Ասում եք` մետրոյի կայան ավելացնելը մեծ ծախսերի հետ է կապված, համաձայն եմ, սակայն այնքան գումարները, որ ծախսվեցին տարբեր տեսակի ճանապարհներ, բլուրներ կառուցելու համար, կարող էին ծառայել մեկ մետրոյի կայան ավելացնելուն,- արձագանքեց «Սպառողների ասոցիացիայի» նախագահը: - Կառավարությունն էլ, նախագահն էլ, շատ լավ գիտեն` որտեղ ծախսել որ գումարը,- ասաց Կարեն Հակոբյանը: - Այդ գումարները  բոլորինս են,- նշեց Արմեն Պողոսյանը: - Բոլորինս են, բայց պետության փողերը հաշվելն անկոռեկտ եմ համարում,-հավելեց Կարեն Հակոբյանը: Էլեկտրական տրանսպորտի խնդիրը քննարկելուց հետո, ներկաներն անդրադարձան երթուղային միկրոավտոբուսների թերի կողմերին: - Պարոն Հակոբյան, իսկ ինչպե՞ս կմեկնաբանեք այն  փատը, որ երթուղային միկրոավտոբուսների  վարորդները, լիցենզիան անցնելուց  հետո, քշում են մինչեւ այնտեղ, որտեղ ուզում են, ծխում են մեքենայի մեջ,- նկատեց լրագրողներից մեկը: - Ծխելու վերաբերյալ օրենքը կա. եթե վարորդը կամ ուղեւորը հաշվի չեն առնում, դա արդեն քաղաքապետարանի մեղքը չէ եւ չի նշանակում, որ օրենքը չի գործում: Բացի այդ, թեժ գիծ կա. զանգեք թեժ գծին եւ բողոքեք,-պատասխանեց Կարեն Հակոբյանը: - Զանգում ես, վերահսկողություն չկա,- հավելեց լրագրողը: - Վերահսկողության  խնդիր կա, մեր վարչությունը չունի  տեսչական ֆունկցիա: Այս առումով  մենք «Երեւան Տրանսի» հետ ենք  աշխատում,-ասաց Կարեն Հակոբյանը: Իսկ այն հարցմանը, թե միգուցե քաղաքապետարանի տրանսպորտի վարչությունն այլեւս չաշխատի  «Երեւան Տրանսի» հետ, Կարեն Հակոբյանը պատասխանեց. - Ոչ, շարունակելու  ենք աշխատել, վերահսկողության  խնդիր չկա... Վերահսկողություն  չի իրականացվում նաեւ հասարակական տրանսպորտի հիգիենայի պահպանման ուղղությամբ: Քաղաքապետարանի ներկայացուցչի կարծիքով դա իրենց խնդիրը չէ. -Տնտեսվարող սուբյեկտները պայմանագիր են կնքել մեզ հետ, որում կա նաեւ հիգիենային վերաբերվող կետը: Ըստ դրա՝ ամեն օր տրանսպորտային միջոցները պետք է լվացվեն եւ մաքուր լինեն: Դա մասնավորները պետք է ապահովեն: Իսկ թե ինչպես է վերահսկում քաղաքապետարանը այդ սուբյեկտներին, Կարեն Հակոբյանն այդպես էլ չկարողացավ պատասխանել: Նա միայն նշեց. «Հասարակական տրանսպորտի ոլորտում մի լավ բան չկա՞… ինչու՞ եք ամեն ինչ այսքան գորշացնում: Ես ինքս երթուղային միկրոավտոբուսներից եմ օգտվում, երբեք չեմ հանդիպել, որ վարորդը ծխի…» -Երեւի Դուք փողկապով եք լինում, վախենում են,- արձագանքեց լրագրողներից մեկը: Իսկ մեկ այլ լրագրող, փորձելով հաստատել, որ իրավիճակն, իրոք, ծանր է, անդրադարձավ նաեւ երթուղային տաքսիների  բեռնվածության խնդրին. -Առավոտյան ժամերին, երբ աշխատանքի ես շտապում, հազիվ ես կարողանում բարձրանալ ճկռած երթուղային, երբեմն էլ ուղղակի տեղ չի լինում եւ չեն էլ կանգնում: Ինչո՞ւ նոր ավտոբուսներ չեն բերվում: -Ինչ վերաբերում է նոր ավտոբուսներ բերելուն, այդպիսի պլաններ կան, բայց չեմ կարող ասել` ինչ ժամկետներում: Ավտոբուսներ ներկրում են մասնավորները, մենք նրանց չենք կարող ստիպել, որ բերեն եւ վնասով աշխատեն: Այս պահին հասարակական տրանսպորտն աշխատում է վնասով, եւ ամբողջ աշխարհում է այդպես: Վարորդն օրենք է խախտում, ավել ուղեւորներ է վերցնում, ասում եք պետությունն է մեղավոր: Ինչո՞ւ է պետությունը մեղավոր, տեսնում եք երթուղայինը լիքն է, մի նստեք,- պատասխանեց Կարեն Հակոբյանը: - Ու այդպես, մինչ  կյանքի վերջ, մնացեք կանգառում,- հարցի  լուծումն առաջարկեց   Հայաստանի  «Սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter