HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Հայկական եւ ադրբեջանական բանակներ

Ուժեղ եւ թույլ կողմերը` ըստ Կոմանդոսի

Արցախյան գոյամարտի լեգենդար հրամանատարներից մեկի` Արկադի Տեր-Թադեւոսյանի կարծիքով` ադրբեջանական բանակի ամենաթույլ կողմը բազմազգ լինելն է. այն կազմված է տարբեր կրոններ դավանող եւ մշակույթ ունեցող ազգերից, այլ կերպ ասած` Ադրբեջանն ազգային բանակ չունի: Իսկ մենք, պայմանականորեն ասած` թույլ ենք նրանով, որ իսկապես ունենք ազգային բանակ, սակայն մեր ժողովրդին դրա մասին լավ չենք հասկացնում, անգամ մինչեւ հիմա լավ չգիտենք, թե ովքեր են եղել մեր 19-ամյա բանակի կորիզը:

«Շատ կարեւոր բան պետք է հասկանանք, թե ինչի վրա է հիմնվել մեր բանակը: Մենք մեկ ճանապարհ ենք անցել, բայց ով ինչ ուզում, գրում է»,- ասում է Կոմադոսը եւ որպես օրինակ մատնանշում դաշնակցականների նկարահանած ֆիլմերից մեկը, որում իբրեւ Տողի հրամանատար է ներկայացվում իր մտերիմ, զոհված ընկերներից մեկը:

«Ինքը ռայոնի ղեկավարն էր, մեզ օգնում էր, հետախուզություն էր անում: Բայց Դաշնակցությունը (ես բոլոր կուսակցությունների հետ էլ լավ եմ) կինո է նկարել, եւ ցույց են տալիս, որ ինքը հրամանատար է եղել, այս է արել, այն է արել: Տեսեք` մեր թշնամին սուտ է խոսում, բայց մենք ճիշտը շուռ ենք տալիս»,- ասում է Արկադի Տեր-Թադևոսյանը:

Կամ, բերելով Խոջալուի օրինակը, գեներալ-մայորը նշում է, որ ինչ-որ մարդիկ տարբեր բաներ են գրում, ֆիլմեր նկարում, սակայն իրենից կամ մյուսից, ովքեր կարող են ճշմարտությունը պատմել, ոչինչ չեն հարցնում:

«Մենք 19 տարվա մեջ մեր բանակի համար մի բան չենք ստեղծել, որ կարողանանք ամենքին մատակարարել: Խոսքը միայն ֆիլմերի մասին չէ, թող գրականություն լինի, բայց պետք է ինչ-որ կենտրոն լինի, դա մեր հարստությունն է»,- ասում է Կոմանդոսը:

Նա նշում է, որ թեեւ Հայրենական մեծ պատերազմից տասնամյակներ են անցել, Մոսկվայում կենտրոն է ստեղծվել, եւ հիմա էլ հավաքագրում են բոլոր կադրերն ու հիշողությունները: Իսկ Հայաստանում, եթե գիրք են գրում կամ ֆիլմ նկարում, անում են ինչ-որ մեկի պատվերով, մինչդեռ անհրաժեշտ է, որ պետության մակարդակով լուծվեն նման հարցերը:

«19 տարի է անցել, մենք մեր պատմությունը, մեր բանակի արմատները չգիտենք: Ասենք` Շիրխանյանին ո՞վ է հիշում: Ոչ ոք: Նա գուցե հիմա ընդդիմության հետ է, բայց նա Վազգեն Սարգսյանի կողքին էր, ստեղծել է կոմիտետ, բանակ, դրսից սպաների է հրավիրել: Նրա շնորհքով եկան Դալիբալթայանը, Խաչատուրովը»,- ասում է Արկադի Տեր-Թադեւոսյանը:

Պատերազմի վերսկսման պարագայում, Կոմանդոսի խոսքերով, սկզբնական շրջանում հաջողությունը կլինի Ադրբեջանի կողմում. նրանք կմտնեն մեր տարածքներ: Նախ` սա շատ բնական է, քանի որ մենք պաշտպանում ենք սահմանի ամբողջ երկայնքը, իսկ հարձակման դեպքում ադրբեջանցիները, ուժերը կենտրոնացնելով կոնկրետ մեկ հատվածում, ամեն գնով պաշտպանության տվյալ օղակը կճեղքեն եւ առաջ կշարժվեն:

Հետո` այստեղ կա նաեւ մարտավարական խնդիր. նրանց թույլ կտրվի առաջանալ այն տարածքներ, որոնք հարթ են, վտանգավոր զինտեխնիկայի համար եւ խոցելի` պաշտպանության տեսանկյունից: Արդեն երկրորդ փուլում, գեներալ-մայորի վստահեցմամբ, ամեն ինչ գլխիվայր կշրջվի. թշնամուն ոչ միայն հետ կշպրտենք, այլեւ կազատագրենք նորանոր տարածքներ:

Սրան, անշուշտ, նպաստելու է ադրբեջանական բանակի թույլ կողմերից երկրորդը` վախի գործոնը, պարտվածի հոգեբանությունը, որից, Կոմանդոսի խոսքերով, ադրբեջանցիները չեն ձերբազատվել: Մյուս կողմից էլ, ըստ նրա, ադրբեջանցիները մեզ շատ լավ ճանաչում են, ծանոթ են մեր ժողովրդի ստեղծագործ ու տաղանդավոր մտքին, ուստի հստակ գիտեն, թե ինչեր կարող ենք անել:

Իսկ թուրքական բանակը պատերազմի մեջ կներքաշվի՞: Հարցի առանչությամբ Արկադի Տեր-Թադեւոսյանն ասում է, որ եթե առաջ նման սցենարի հավանականություն կար, հիմա գրեթե իսպառ բացակայում է: Քանի որ այդ դեպքում միանշանակ իրար կբախվեն միջազգային երկու կառույցներ` ՆԱՏՕ-ն, որի անդամ է Թուրքիան, եւ ՀԱՊԿ-ը, որին անդամակցում է Հայաստանը:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter