HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հայկական ֆուրոր, սլովակյան ֆիասկո

Այն, ինչ տեղի ունեցավ երեկ Ժիլինայի մարզադաշտում, կարելի է մեկ արտահայտությամբ ներկայացնել՝ հայկական ֆուրոր: «Եվրո-2012»-ի ընտրական փուլի 2-րդ խմբում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը խոշոր հաշվով երկրորդ հաղթանակը տարավ՝ 4:0 հաշվով հաղթելով սլովակներին: Մեր թիմը միայն գաճաճ Անդորրային էր անցյալ տարի հաղթել նույն հաշվով, էլ չասենք, որ իրենից վարկանիշով բարձր թիմերին Հայաստանը հաղթել է միայն մեկ գնդակի տարբերությամբ, բացառություն է եղել անցյալ տարվա նույն սլովակների հետ հանդիպումը՝ 3:1: Սա, իրոք, աննախադեպ արդյունք է:

Հայկական թիմն իր պատմության մեջ առաջին անգամ ընտրական փուլի վերջում իրապես հավակնում է Եվրոպայի առաջնության եթե ոչ եզրափակիչ, ապա գոնե փլեյ-օֆ դուրս գալուն: Սլովակիայում հայ ֆուտբոլիստները իրենց համար միանգամից մի քանի ռեկորդ սահմանեցին: Դեռ նախորդ՝ Անդորրայի հետ խաղում մերոնք վաստակեցին 11 միավոր՝ գերազանցելով մինչ այդ երբեւէ ունեցած լավագույն արդյունքը՝ 9 միավորը (12 խաղում): Այս անգամ հայ ֆուտբոլիստները թարմացրին այդ հաջողությունը. նրանք արդեն ունեն 14 միավոր (8 խաղում): Մերոնք ներկայում զարմացնում են իրենց հարձակողական խաղով ու գոլերի քանակով: Եթե նախկինում լավագույն արդյունքը եղել է ընտրական փուլում 8 գոլ խփելը (10 խաղում), ապա հիմա՝ 8 խաղից հետո, երբ դեռ ընտրական փուլը չի ավարտվել, հայերի հաշվին կա արդեն 17 գնդակ: Հիացնում է հարձակողական քառյակը՝ Մովսիսյան-Մխիթարյան-Ղազարյան-Մարկոս. առաջին երեքը այս փուլում խփել են 4-ական, Մարկոսը՝ 3, իսկ Մանուչարյանն ու Սարկիսովը՝ 1-ական գնդակ: Խմբում 17 գոլը լավագույն արդյունքն է, լավագույնն է նաեւ մեր թիմի խփած ու բաց թողած գնդակների տարբերությունը՝ 17-7, այսինքն՝ + 10: Եվ այսքանից հետո էլ ցուցանիշները կարող են բարելավվել. հոկտեմբերի 7-ին Երեւանում ազգային ընտրանին ընդունելու է մակեդոնացիներին, իսկ 11-ին խաղալու է իռլանդացիների հարկի տակ՝ Դուբլինում:   

Այդուհանդերձ, ի՞նչը նպաստեց մեր թիմի նման հաջողությանը: Առաջին. մարզիչների կողմից ընտրված ճիշտ մարտավարությունն ու ֆուտբոլիստների կողմից դրա գերազանց իրականացումը: Օդի պես անհրաժեշտ 3 միավորի ու ռեւանշի ձգտող տանտերերի մեկնարկային ճնշումները Բերեզովսկին, պաշտպաններն ու մյուսները, չնայած փոքր վրիպումներին, հաջողությամբ հետ մղեցին: Հասկանալի էր՝ որքան ժամանակն անցներ, սլովակները ավելի հախուռն էին գրոհելու ու թիկունքում ազատ տարածություններ թողնելու: Այդպես էլ եղավ: Երկրորդ. առաջին անգամ այսքան մեծ հնավորություն կա հայտնվել Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում, իսկ դրան հասնելու համար մինչեւ աշնանային խաղերը կար մեկ տարբերակ. հաղթել մնացած բոլոր 4 խաղերում: Առաջադրանքի առաջին մասն արված է գերազանց. 7 անպատասխան գնդակ՝ Անդորրայի ու Սլովակիայի դարպասները, ու ճակատագրի բերումով՝ նույն գոլահարները, շատ նման դիրքերից, ինչպես Երեւանում, ու կրկին նույն ակնկալիքները երկրպագուներից, ինչպես անցյալ տարվա աշնանը: Երրորդ. այս խաղը միանշանակ ազգային ընտրանու պատմության մեջ լավագույն խաղն է ոչ միայն հաշվի, այլեւ խաղի տեսանկյունից: Միայն պետք է ծափահարել դժվար հարվածների ճանապարհին կանգնող Բերեզովսկուն, նրան անընդհատ փոխօգնության հասնող պաշտպաններին, որոնք մասնակցում էին նաեւ գրոհներին, մրցակցի անցումները կասեցնող հենակետային կիսապաշտաններին ու սուր ճեղքումներ կատարող հարձակողական խմբին: Չորրորդ. մեր թիմը մրցակցին միանշանակ գերազանցեց իր տեխնիկական պատրաստվածությամբ. մանր ու միջին փոխանցումներին եւ խաբքերին ինչպես Երեւանում, այնպես էլ Ժիլինայում Վայսի կոլեկտիվը չգտավ հակախաղ: Խոստովանենք, սլովակներից սպասում էինք ավելին, սակայն թիմը չկարողացավ ցույց տալ երկար օդային փոխացումների ու արագության վրա հիմնված արդյունավետ խաղ, ինչի գլխավոր պատճառը թերեւս այն էր, որ հյուրերը չէին թողնում տանտերերին թելադրել սեփական խաղը: Փոխարենը 6 դեղին քարտերը խոսում են սլովակների՝ կոշտ, երբեմն էլ կոպիտ սլավոնական ֆուտբոլ դավանելու մասին, որն առավել ցայտուն արտահայտվում է պարտվելու դեպքում: Հինգերորդ. չի կարելի հերքել, որ մարզական բախտը երեկ մեր ֆուտբոլիստների կողմն էր, որոնք մի քանի դրվագում փրկվեցին անպաշտպան դարպասը գոլ ընդունելուց: Բայց, ինչպես ասում են, բախտը ուժեղին է ժպտում, եւ հաղթողներին չեն դատում:

Այս պահին մեր թիմը 14 միավորով 3-րդն է, խմբի առաջատարը ռուսներն են (17 միավոր), հետո՝ իռլանդացիները (15 միավոր), սլովակներն էլ ունեն 14 միավոր, սակայն մերոնց զիջում են լրացուցիչ ցուցանիշներով, իսկ մակեդոնացիներն (7) ու անդորրացիները (0) վաղուց դուրս են մնացել պայքարից:

 

 

Խաղ

Հաղթանակ

Ոչ-ոքի

Պարտություն

Գոլեր

Միավոր

1

Ռուսաստան

8

5

2

1

10-4

17

2

Իռլանդիա

8

4

3

1

11-6

15

3

Հայաստան

8

4

2

2

17-7

14

4

Սլովակիա

8

4

2

2

6-8

14

5

Մակեդոնիա

8

2

1

5

6-9

7

6

Անդորրա

8

0

0

8

1-17

0

Սակայն անկախ Եվրոպայի առաջնության եզրափակիչում հայտնվել-չհայտնվելուց՝ մեր ազգայինը արդեն իսկ հասել է աննախադեպ արդյունքների, որը պետք է հետագայում էլ ավելի զարգացնել: Դրա համար բոլոր նախադրյալները կան. մեր երիտասարդականը իր հասակակիցների Եվրոպայի առաջնության ընտրական փուլում շարունակում է նույնքան հաջող ելույթները: Վերջին խաղում մեր թիմը դրսում 1:1 խաղաց խմբի առաջատարի համարում ունեցող չեխերի հետ ու 7 միավորով (2 հաղթանակ, 1 ոչ-ոքի) պահպանեց առաջին տեղը: Հիշեցնենք, որ նույն՝ 3-րդ խմբում են նաեւ Ուելսը, Չեռնոգորիան, Անդորրան:    

Լուս.՝ Getty Images-ի

Մեկնաբանություններ (6)

Վահե
Կարենին. Շնորհակալություն դիտարկման համար: Խոսքը տոկոսային արդյունավետության մասին է: Բնականաբար, 10 խաղում 8 գոլն ավելի բարձր ցուցանիշ է, քան 12 խաղում 9-ը:
Կարեն
Մինչ այս նախընտրական փուլը, խփած գնդակների առումով մեր լավագույն արդյունքը եղել է ոչ թէ 8 գնդակ 10 խաղում, այլ 9 գնդակ 12 խաղում (2006 թվականի աշխարհի առաջնության նախընտրական փուլում): Մակեդոնիա - Հայաստան 3:0, Հայաստան - Ֆինլանդիա 0:2, Ֆինլանդիա - Հայաստան 3:1, Հայաստան - Չեխիա 0:3, Հայաստան - Ռումինիա 1:1, Հայաստան - Անդորրա 2:1, Հոլանդիա - Հայաստան 2:0, Հայաստան - Մակեդոնիա 1:2, Ռումինիա - Հայաստան 3:0, Հայաստան - Հոլանդիա 0:1, Չեխիա - Հայաստան 4:1, Անդորրա - Հայաստան 0:3:
Hayk
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
W. Wallace
Սա հայկական ֆուրոր չէր, այլ՝ ազգային միասնության եզակի պահերից, ինչի համար պետք է երախտապարտ լինենք մեր մարզիկներին:
Արցախցի
Ամելավը Բերեզովսկին էր: Պաշտպանությունը մի քիչ ուծանում էր: Բռավո տղաներ: Ամենադժվարը խաղը Իռլանդիայի հետ է լինելու: Եղած թերությունները հարկավոր է վերացնել: Մանուչարյանը խաղի մեջ լավ չմտավ, մի քիչ ժլատություն արավ: Մովսիսյանը, Մխիթարյանը, Եդիգարյանը շատ լավ խաղացին: Վստահ եմ, որ Սարկիսովն էլ իրեն ցույց կտա, տղան ուզում է խաղալ: Առաջին խաղակեսից էի վախենում: Սլովակիայի խաղը երկրորդ խաղակեսում լրիվ փլվեց: Կարևորը լավ կուրաժ ենք բռնել: Ու հիմա մենք անկասելի ենք: Շնորհավորում եմ բոլորին ու բոլորին:
Vahagn
Սենց որ գնա, լեյ օֆ չէ, եզրափակիչ էլ դուրս կգա: Մի քիչ բան է մնացել: Որ ուզենան կանեն մեր հավաքականի տղերքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter