HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մկնդեղի գերեզմանոցը» շարունակում է մնալ վտանգավոր արտահոսքերի աղբյուր

Անցյալ դարի 80-ականների սկզբին Ալավերդու լեռնամետալուրգիական կոմբինատի Լեն-հանքեր կոչվող տեղամասից մոտ 1կմ հեռավորության վրա կառուցված «գերեզմանոցում» թաղված են խորհրդային տարիներին կոմբինատի արտադրության ընթացքում առաջացած մկնդեղի թափոնները: Բնակիչներն այս վայրը նաեւ անվանում են «մագիլնիկ»:

2008 թ. գերեզմանոցում թաղվել են նաեւ «Արմենիան Քափըր Փրոգրամ» («Էյ-Սի-Փի») ընկերությանը պատկանող, զմռսված տակառները: Գերեզմանոցի հարեւանությամբ բնակվող Մադան թաղամասի բնակիչները պատմել են, որ 3 բեռնատար ավտոմեքենայով կապրոնե եւ երկաթե զմռսված տակառներ են բերվել գերեզմանոց: Բնակիչների վկայությամբ` դրանք թաղվել են գերեզմանոցում: Նրանք տեսել են, թե ինչպես են տրակտորով հող լցրել տակառների վրա: «Էյ-Սի-Փի» ընկերության արտադրության գծով տնօրեն Նիկոլայ Ֆեոֆանովը «Հետքին» տեղեկացրել էր, որ տակառների մեջ թաղվել են ընկերության պղնձաձուլական գործարանի լաբորատորիայի քիմիական այն նյութերը, որոնք գործածության համար այլեւս պիտանի չեն: «Հետքի» հրապարակումներից մեկին արձագանքելով` ընկերությունը տեղանքը ցանկապատել էր: Նոյեմբերի 18-ին` մեր հերթական հանդիպման ժամանակ, Նիկոլայ Ֆեոֆանովը ամեն կերպ համոզում էր, որ թաղված մկնդեղի թափոնները մարդկանց առողջության եւ շրջակա միջավայրի համար վտանգավոր չեն: Եւ որպեսզի ավելի համոզիչ դարձնի իր ասածը, ավելացրեց. «Չե՞ք հիշում` կոմբինատի խորհրդային տարիների տնօրեն Նորիկը կերավ էդ մկնդեղից, ի՞նչ եղավ Նորիկին: Մկնդեղը իրենից որեւէ վտանգ չի ներկայացնում»: «Էյ-Սի-Փի»-ի արտադրության գծով տնօրենը նաեւ հավաստիացնում էր, որ զմռսված տակառների նյութերը եւս վտանգավոր չեն. «Դրանք ընդամենը երկաթի փոշի են. սովորական երկաթի փոշին ի՞նչ վնաս կարող է տալ մարդուն»: Քանի որ Նիկոլայ Ֆեոֆանովը իր աշխատասենյակում այնքան էլ բարյացակամ չէր եւ գերեզմանոցին վերաբերող հարցերին դժկամությամբ էր պատասխանում, ավելորդ համարեցի հարցնել, թե այդ դեպքում այդ անվնաս երկաթի փոշին ինչո՞ւ են հատուկ զմռսած տակառներում թաղել, գուցե այդ «սովորական երկաթի փոշին» լցնեին սովորական աղբարկղերի՞ մեջ:

30_11-madan-1

 

«Այ, տեսեք, դուք «Հետքում» գրեցիք, որ գերեզմանոցը ցանցապատված չէ, մենք հասկացանք, որ դա ճիշտ է, եւ ցանցապատեցինք: Ինչ վերաբերվում է գերեզմանոցի անվտանգությանը, այն այսօր որեւէ վտանգ չի ներկայացնում շրջապատի համար. այնտեղ ամեն ինչ կարգին է»,- պնդում էր Նիկոլայ Ֆեո ֆանովը:

Երբ օրերս այցելեցինք Մադան, տեսանք, որ «մկնդեղի գերեզմանոցի» պատնեշների հիմքերը քայքայվել են, իսկ մակերեսի տարբեր հատվածներում մեծ խոռոչներ են առաջացել: «Դուք ի՞նչ գիտեք, որ երկաթբետոնե պատնեշները քայքայվել են, դրանք հողի մեջ են»,- հարցին հարցով պատասխանեց Նիկոլայ Ֆեոֆանովը: Անձրեւաջրերը հուն են բացել եւ իրենց հետ տանում են մկնդեղի եւ այլ թունավոր նյութերի միացությունները, որոնք էլ իրենց հերթին խառնվում են գերեզմանոցի ներքեւի կիրճով հոսող ջրերին: Վերջիններս էլ գնում թափվում են Դեբեդ գետը: Մենք զրուցեցինք ժամանակին այդ գերեզմանոցում շինարարական աշխատանքներ իրականացրած «Ախթալշին» տրեստի ղեկավարներից մեկի` Ալավերդիում ճանաչված շինարար Մարտուն Ազատյանի հետ: «Ես կատարել եմ մկնդեղի գերեզմանոցի միայն հողահարթեցման աշխատանքները, բայց չեմ կարծում, որ երկաթբետոնե պատերն այս ժամանակահատվածում կարող էին քայքայվել: Ուրիշ հարց է, որ ցուրտ ու մութ տարիներին պատերը քանդելու փորձեր են արել այն մարդիկ, ովքեր մտածում էին, թե գերեզմանոցում ոսկի պարունակող նյութեր կան: Ես հիշում եմ` այն ժամանակ ոստիկանությունը կանխեց դա: Սակայն այդ պատերը կարող էին քայքայվել մկնդեղի ազդեցությունների հետեւանքով, եթե մկնդեղի իզոլյացիան ժամանակին վատ լինի կատարված»: Որեւէ երաշխիք չկա, որ խորհրդային տարիներին մկնդեղի մեկուսացումը որակով է կատարվել: Մեր նախորդ այցելության ժամանակ գերեզմանոցի վրա առաջացած խոռոչների մասին զրուցել էինք նաեւ մադանցիների հետ: «Հնարավոր է` մարդիկ բացած լինեն, հնարավոր է` կենդանիները փորած լինեն. մի քանի տարի առաջ գերեզմանոցի տարածքում շատ մարդկանց կարելի էր տեսնել: Հայաստանում ռայոն չկար, որտեղից մարդիկ մեքենաներով չգային` էստեղից շլամ տանելու: Մարդկանց թվում էր, թե այնտեղ թաղված շլամի մեջ ոսկի կա. պարկերով տանում էին` ոսկի ստանալու համար: Շրջափակող բետոնե պատերի արմատուրաներն էլ քանդեցին տարան»,- պատմել էին գերեզմանոցի հարեւանությամբ բնակվող Շուրիկ եւ Լաուրա Կիրակոսյանները: «Հատուկ ուշադրություն պետք է դարձնել թափոնակուտակիչ այն վայրերին, որտեղ թաղված են հանքարդյունաբերության նախկին չվնասազերծված թափոնները: Օրինակ` Ալավերդու մկնդեղի թափոնների գերեզմանոցը, որը տեղադրված է Լալվար գետի հյուսիսային մասում` բարձր նիշերի վրա, ներկայումս լցված է եւ գտնվում է անմխիթար վիճակում: Այնտեղ գտնվող թափոնները մինչ թաղելը հիմնականում վնասազերծվում էին` սկզբում կրաջրով, իսկ վերջին տարիներին սուլֆիդային եղանակով, սակայն գերեզմանոցի վերին շերտը ծածկված է օքսիդացված նյութերով եւ վտանգավոր արտահոսքերի պոտենցիալ աղբյուր է: Ամբողջ գոտին գտնվում է ակտիվ սեյսմիկ ճեղքվածքներում, ինչը վտանգ է ներկայացնում աղտոտման անվերահսկելի տարածման համար: Անհրաժեշտ է նախատեսել «գերեզմանոցի» հերմետիկացման աշխատանքներ»: Այս տեղեկությունը վերցված է «Գեո-Ալավերդի» ծրագրից: Ալավերդու քաղաքապետ Արթուր Նալբանդյանը վերջերս հայտարարեց, որ 2010թ.-ին գերեզմանոցի հարակից տարածքում նախատեսվում է կառուցել Ալավերդու աղբավայրը: Սակայն կարծում ենք, որ աղբավայրը կառուցելուց առաջ այդ տարածքում անհրաժեշտ է հետազոտություն կատարել: Ըստ մասնագետների (տես` "Вредные химические вещества", Ленинград, 1989, էջ` 82-102)` մկնդեղը (արսենը) եւ նրա միացությունները նվազեցնում են բջիջների էներգետիկ պաշարները, առաջացնում են հյուսվածքային շնչառության խախտում, ընդհանուր ացիդոզ, օրգանիզմի ջրազրկում, արյունալուծություն, սակավարյունություն, հյուսվածքների դեգեներացման եւ մահացման ախտահարում, սաղմնաթունավորություն, հրեշածնություն, մաշկի քաղցկեղ, փսիխոզ, հիշողության եւ խոսքի խախտում, քթի արյունահոսություն, խռպոտություն, թուլություն, գլխացավ, սրտխառնոց, գլխապտույտ: Ի դեպ, Ալավերդու մկնդեղի գերեզմանոցում ընդամենը կես ժամ մնալուց հետո զգացի թուլություն, գլխացավ եւ սրտխառնոց: Մինչդեռ Նիկոլայ Ֆեոֆանովը հավաստիացնում է, որ իր հայրը գործարանում աշխատել է 50 տարի եւ արտադրության հետ կապված առողջական խնդիրներ չի ունեցել: «Ես 60 տարեկանն անց եմ, բայց, փառք Աստծու, երկար տարիներ աշխատելով գործարանում` առողջ եմ, առողջական լուրջ խնդիրներ չունեմ»,- ասաց նա: Նիկոլայ Ֆեոֆանովին մաղթելով հետագա էլ ավելի ամուր առողջություն` ավելորդ չենք համարում նրան հիշեցնել Ալավերդու մետալուրգիայի երախտավորներ եւ մետալուրգիական արտադրամասի պետեր Իլիբխան Մարանյանի, ՎոլոդյաՎերանյանի եւ գործարանի բազմաթիվ այլ աշխատողների մասին, ովքեր իրենց մահականացուն կնքել են չարորակ ուռուցքներից, այն էլ ոչ մեծ տարիքում: Ալավերդիում առ այսօր չի կատարվել մարդկանց եւ շրջակա միջավայրի վրա թունավոր արտանետումների եւ արտադրական թափոնների ազդեցության լուրջ ուսումնասիրության` չնայած դրա անհրաժեշտությունը վաղուց կա: Սակայն այսօր դա կառավարությանն ամենեւին էլ պետք չէ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter