HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ու՞մ է պատկանում «Մանես գունավոր մետաղների գործարանը»

«Հետքում» նոյեմբերի 24-ին  հրապարակված «50-ից ավելի մետալուրգների առողջությանը հասցված վնասը չի փոխհատուցվել»,  հրապարակմանը արձագանքել էր ««Վալլեքս» խմբի ընկե­րու­թյունների տեղեկատվու­թյան և հա­սա­րա­կայնության հետ կապերի բա­ժինը:

«Հետքը» «Էյ-Սի-Փի» ընկերության տնօրեն Գագիկ Արզումանյանից փորձել է պարզաբանումներ  ստանալ «Վալլեքս» խմբի ընկերությունների եւ  «Մանես գունավոր մետաղների գործարան» ՓԲԸ-ի կապի մասին:

-«Վալլեքս» խմբի ընկերությունները չեն  ընդունում, որ «Մանես գունավոր մետաղների գործարան» ՓԲԸ -ն  իրենց սեփականությունն է: Գործարանն ու՞մ է պատկանում իրականում:

-«Վալլեքս» խմբի ընկերությունները «Մանես գունավոր մետաղների գործարան» ՓԲԸ-ում ունեն 16տոկոս բաժնետոմսեր, այսինքն մենք  մեծամասնության բաժնետերեր չենք: Այնուամենայնիվ ունենք որոշակի ազդեցության լծակներ այդ ընկերության վրա, այդ թվում Ձեր հրապարակումներից տեղյակ լինելով գործարանում առկա խնդիրների մասին, (գործարան, իհարկե դա դժվար է ասել, որովհետև չնայած անվան մեջ կա գործարան, բայց որևէ գործող ստորաբաժանում այդ ձեռնարկությունում չկա): Մենք տեղյակ ենք այն խնդիրներին, ընդամենը մի քանի օր առաջ մենք դրամական որոշակի ներհոսքներ ենք կատարել այդ ընկերություն, որը հնարավորություն կտա  խեղման թոշակների փոխհատուցման մի քանի ամսվա խնդիր լուծել` մինչև խնդրի  համակարգային լուծումը, որը ես կարծում եմ կգտնվի:

-ՀՀ Կառավարությունը  2010թ.-ից խնդրի լուծման որոշում ունի, որը նաև  սահմանում է  լուծարված ձեռնարկության միջոցներով աշխատողների առողջության վնասի փոխհատուցման կարգը: Այդուհանդերձ, ինչով կբացատրեք այն փաստը, որ թեև  «Մանես գունավոր մետաղների գործարան» ընկերությունը  Ձերը չեք համարում, բայց նրա գրասենյակը տեղավորված է «Վալլեքսին» պատկանող «Էյ-Սի-Փի» ընկերության վարչական շենքում:

-Չէ, մեր վարչական շենքում չեն նստում: Պարզապես այդ ընկերության տնօրենը նաև մեր ձեռնարկությունում հանդիսանում է արտադրական  տնօրենի տեղակալ: Այսինքն իր հիմնական աշխատավայրը մեր ձեռնարկությունում է:

-Ձեզ նորություն հայտնած չեմ լինի,  որ «Մանես գունավոր մետաղների գործարան» ընկերության մյուս բաժնետերերը մշտապես դժգոհում են, որ ընկերության կառավարման գործում իրենք խաղի մեջ չկան: Այդ մասին հրապարակում ունի նաև «Հետքը»: Այդ ընկերությունում, եկեք խոստովանենք, թելադրողը «Վալլեքսն» է:

-Այ, էդ բողոքողներին մենք ևս հաճույքով կմիանանք, որովհետև մենք ևս փոքրամասնություն բաժնետեր ենք և մեր շահերը պաշտպանված կամ ոտնահարված են ճիշտ այնքան, որքան մնացած բոլոր բաժնետերերի շահերն են պաշտպանված կամ ոտնահարված:

-Մենք նկատել ենք, որ Ալավերդու նախկին լեռնամետալուրգիական կոմբինատից ժառանգություն մնացած «Վալլեքս» խմբի  ընկերություններին անցակալի և խոցելի խնդիրները «Վալլեքս» խմբի ընկերությունների կողմից  միտումնավոր թողնվել է այդ ընկերության վրա: Այդ թվում մկնդեղի գերեզմանոցը, նախկին լուծարված Ալավերդու լեռնամետալուրգիական կոմբինատի առողջության վնասի փոխհատուցման գումարները:

-Էլ ինչ գիտեք: Երրորդն էլ ասեք:

-Երրորդն էլ այն է, որ այդ ընկերության բաժնետերերի մեծ մասը դժգոհում են, որ իրենց բաժնետոմսերից շահույթ չեն ստանում:

-Ես կառաջարկեմ, որպեսզի  դուք զրուցեք այդ ընկերության տնօրենի հետ: Ես այդ ընկերության տնօրենը չեմ:

-Այդ ընկերության տնօրենը փաստորեն հարցեր չի լուծում: Իրենց կորցած առողջության համար վնասի փոխհատուցում պահանջող և 1 տարուց ավելի այն չստացող մարդիկ ամեն օր գնում են այդ տնօրենի մոտ , նա այդ  մարդկանց պատասխանում է. «Դե, ինձ պետք է փող տան, որ ես էլ Ձեզ վճարեմ»:

-Նույն հաջողությամբ դուք այդ հարցը կարող եք տալ այստեղ հավաքված 30 հոգուց ցանկացածին, որովհետև նրանք կարող են նույնկերպ պատասխանել «Մանես գունավոր մետաղների գործարանին» վերաբերվող հարցերին, ոնց որ ես: Այնտեղ 354 բաժնետեր կա:  Դուք հո տեղյակ եք, ինչպես է այդ ամենը տեղի ունեցել: Ժամանակին այդ ձեռնարկությունում եղել է ամեն ինչ: Այսինքն, սա եղել է իրավահաջորդը Ալավերդու լեռնամետալուրգիական կոմբինատի: 1996-97թ.թ.-ին, երբ որ նոր սեփականատեր է եղել(Վալերի Մեջլումյանը) հիմնադրվել է նոր ձեռնարկություն` «Մանես և Վալլեքս» անվանմամբ: Ձեռնարկությունը վերցրել է ակտիվների մի մասը, մնացած ակտիվների  մասը մնացել է էստեղ (Մանես գունավոր մետաղների գործարանում): Հետագայում առանձնացված ձեռնարկությունում տեղի է ունեցել բաժնետերերի փոփոխություն: Այսինքն` «Մանես և Վալլեքս», որը հիմա  կոչվում է «Էյ-Սի-Փի» ընկերություն և  «Մանես գունավոր մետաղների գործարան» ընկերությունների բաժնետերերը այլևս տարբեր են: Միմյանց հետ փոխկապակցված անձինք չեն: Հիմա ասել, որ գիտեք ինչ կա, ինչ որ մեկը միտումնավոր մկնդեղի գերեզմանոցը կամ թոշակառուների խնդիրը թողել է  եւ այլն, ես չեմ կարծում, որ նման միտում պետք է այստեղ տեսնել:

-Բայց  այդ դեպքում ինչու՞  «Մանեսի» հետ կապված հրապարակումներում բարձրացված խնդիրները միայն դուք եք լուծում, մյուս բաժնետերերը անտեղյակ են լինում դրանց:

-Ալավերդու հետ կապված շատ խնդիրներ ենք մենք լուծում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter