HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրիան Գոլդսթոն. «Հայաստանում շատ դժվար է աշխատել»

Adrian-Goldston_04-12-09«Deno Gold Mining» ընկերության ամենամեծ սոցիալական ձեռքբերումն այն է, որ ընկերությունն աշխատում է: Եթե ձեռնարկությունը կանգնի, ապա Կապանում սոցիալական վիճակը ծանր կլինի»,- հայտարարել է «Dundee Precious Metals» ընկերության կայուն զարգացման դեպարտամենտի փոխնախագահ Ադրիան Գոլդսթոնը նոյեմբերի 24-ին Լոնդոնում տեղի ունեցած Եվրոպական զարգացման եւ վերակառուցման բանկի (EBRD) աշխատանքային հանդիպան ժամանակ: Այդ հայտարարությունն Ադրիան Գոլդսթոնն արել է ի պատասխան «ԷկոԼուր»-ի այն հարցման, թե «Deno Gold Mining»-ը Կապանում ի՞նչ պատասխանատվություն է կրում այն բանի համար, որ Սյունիք, Շահումյան եւ Գեղանուշ համայնքները հայտնվել են էկոլոգիական եւ սոցիալական աղետի շեմին: «ԷկոԼուր»-ի փոխանցմամբ` Ադրիան Գոլդսթոնն ասել է, որ Կապանի իրավիճակը խորհրդային ժամանակաշրջանի ծանր ժառանգությունն է: «Հայաստանում շատ դժվար է աշխատել: «Deno Gold Mining»-ը մեծ ջանքեր է գործադրում, որպեսզի փոխի իրավիճակը»,- նշել է Գոլդսթոնը: Նա հայտնել է, որ ընկերությունը մտադիր է հանքը սկսել շահագործել բաց եղանակով (Շահումյանի հանքավայր), որի ընթացքում կօգտագործվեն նոր տեխնոլոգիաներ: Ինչպես փոխանցում է «ԷկոԼուր»-ը, «Dundee Precious Metals» ընկերությունը բրիտանական Վիրջինյան կղզիների օֆշորային գոտում գրանցված «Vatrin» ընկերության միջոցով անմիջական կապ ունի «Deno Gold Mining» ընկերության հետ: Այդ ֆինանսական շղթան հայտնաբերվում է, երբ հետեւում ես EBRD-ի վարկին, որը բանկը տրամադրել է «Deno Gold Mining»-ի կողմից շահագործվող Գեղանուշի պոչամբարի կառուցման համար: Լոնդոնյան հանդիպումը նվիրված էր հանքարդյունաբերական ոլորտում բնապահպանական եւ սոցիալական պատասխանատվությանը: Բացի EBRD-ից հանդիպմանը մասնակցել են հանքարդյունաբերական եւ կոնսալտինգային ընկերություններ, ինչպես նաեւ խումբ «CEE Bankwatch Net Work»-ից (Bankwatch ցանցը միջազգային հասարակական կազմակերպությունների ցանց է, որն անդամներ ունի Արեւելյան Եվրոպայի եւ ԱՊՀ-ի երկրներում եւ զբաղվում է միջազգային ֆինանսական ինստիտուտների, այդ թվում եւ EBRD-ի մոնիտորինգով): Միջոցառման ընթացքում «CEE Bankwatch Net Work»-ի խումբը, որի կազմի մեջ է մտել նաեւ «ԷկոԼուր» տեղեկատվաական ՀԿ-ն, առանձին հանդիպում է ունեցել EBRD-ի էկոլոգիայի եւ կայուն զարգացման կառավարման նախագծերի գնահատման գծով տնօրեն Դարիուշ Պրաշեկի,  EBRD-ի բնական ռեսուրսների բաժնի ավագ բանկիր Մայքլ Գրինի եւ EBRD-ի հասարակական կազմակերպությունների հետ աշխատանքի գծով մենեջեր Բիլիանա Ռադոնիչ Կեր-Լինդսեի հետ:  Քննարկումը շարունակվել է կլոր սեղանի շրջանակներում: Քննարկման ընթացքում ներկայացվել են Կապանում «Deno Gold Mining» ընկերության գործունեության հասարակական մոնիտորինգի արդյունքները, բարձրացվել են հարցեր այն մասին, թե համապատասխանո՞ւմ է ընկերության գործունեությունը EBRD-ի քաղաքականության հետ` կապված բանկի կողմից տրամադրած 4 միլիոն դոլլարանոց վարկի հետ, ինչպես նաեւ հարցեր, որոնք առնչվել են բանկի եւ ընկերության միջեւ բանակցություններին` կապված ապագայում հնարավոր նոր վարկերի տրամադրման հետ: Կարծիք է հնչել, որ «Deno Gold Mining» ընկերության գործունեությունը չի համապատասխանում միջազգային չափանիշներին, ազգային բնապահպանական օրենսդրությանը եւ խախտում է մարդկանց առողջության եւ առողջ շրջակա միջավայր ունենալու իրավունքները: Որպես ապացույց բերվել են հետեւյալ փաստերը` խախտվել է հասարակայնության իրավունքը` մասնակցելու որոշումների ընդունմանը Գեղանուշ գյուղում, որի բնակիչները 134 ստորագրություն էին հավաքել պոչամբարի կառուցման դեմ: Խախտվել է Սյունիք համայնքի բնակչության առողջության իրավունքը, որի հողերը թունավորված են Կապանի կոմբինատի պոչերով եւ արտանետումներով: Կյանքի համար ռիսկեր կան Կապանի հանքի վրա տեղակայված Շահումյան բանավանում, որտեղ իրականացվում են հանքահանման ստորգետնյա աշխատանքներ, բնակիչները պաշտպանության համար դատարան են դիմել: Ընկերության բնապահպանական միջոցառումների պլանը չի համապատասխանում ոչ մի չափանիշի` ո’չ միջազգային, ո’չ ազգային: Դոկտոր Դարիուշ Պրաշեկը նշել է, որ «Dundee Precious Metals»-ը լավ հեղինակություն ունի եւ աշխատում է բարձր չափանիշներով, բանկն ուղղում է իր միջոցները նրան, որպեսզի առաջին հերթին անցումային տնտեսության երկրներում լուծի աշխատատեղերի ստեղծման խնդիրը` թեկուզ եւ օգտագործելով հին տեխնոլոգիաներ, ինչպես նաև` փոքր վարկերի շրջանակներում հնարավոր չէ լուծել խորը էկոլոգիական խնդիրներ և EBRD-ի վարկով լուծվեց կոնկրետ խնդիր` գետի աղտոտման կանխում եւ ձեռնարկության արտահոսքերի տեղափոխումը նոր Գեղանուշ պոչամբար: Նա նաեւ հայտարարել է, որ վարկի շրջանակներում բանկին ներկայացվել են ե’ւ սոցիալական ծրագրերը, ե’ւ բնապահպանական միջոցառումների պլանը, որոնք խիստ տարբերվում են վերը նշված պլանից: Իր հերթին Մայքլ Գրինը հայտարարել է, որ 25 միլիոն դոլլարանոց միջնաժամկետ վարկի տրամադրման շուրջ բանակցություններն ընկերության հետ ընդհատվել են եւ պաշտոնական մակարդակով չեն վերականգնվել: Հասարակական մոնիտորինգի մասնակիցները կարծիք են հայտնել, որ սոցիալական պատասխանատվությունը չի նշանակում պարզապես աշխատանք տալ: Ընդհակառակը, պատասխանատվության նման ըմբռնումը «Deno Gold Mining»-ի նման հանքարդյունաբերական ընկերություններում աշխատող մարդկանց ծայրահեղ կախվածության մեջ է դնում, ովքեր ստիպված են համաձայնվել ընկերության ցանկացած պայմանի հետ, միայն թե չփակվի ձեռնարկությունը: Նաեւ ցանկություն է հնչել, որ բանկը հետեւի իր կողմից հայտարարված սոցիալական եւ բնապահպանական քաղաքականությանը եւ վարկ չտրամադրի այն դեպքում, եթե նախագիծը չի համապատասխանում այդ քաղաքականությանը: «CEE Bankwatch Net Work»-ի բանկերի գծով համակարգող Ֆիդանկա Բաչեւա Մակ-Գրատը մեկնաբանել է լոնդոնյան հանդիպումը` ասելով, որ EBRD-ի` հանքարդյունաբերական ոլորտին առնչվող ծրագրերի փաթեթը չի ուրախացնում: «Բանկն ընտրեց Dundee Precious Metals ընկերությանը որպես իր գործունեության շրջանակների միակ հանքարդյունաբերական ընկերություն, որը լավ փորձ ունի (Չելոպեչ, Բուլղարիա): Սակայն իրականում Չելոպեչում «Dundee Precious Metals»-ի ծրագրերը տարիներ շարունակ հետաձգվում են»,- ասել է նա: Ներկայումս, երբ ընկերությունը ստացել է համապատասխան թույլտվությունները, Բուլղարիայի էկոլոգիական կազմակերպությունները դիմել են դատարան եւ Եվրոպական հանձնաժողով: Բուլղարական դատարանը չեղյալ է համարել ընկերության բնապահպանական միջոցառումների պլանը: «Մենք հուսով ենք, որ Եվրոպական հանձնաժողովը հետաքննություն կսկսի թույլատրության խախտման վերաբերյալ, քանի որ ընկերության առաջարկները համապատասխան կերպով չեն քննարկվել հանքավայրի կողքով հոսող գետից ներքեւ տեղակայված համայնքների հետ»,- հայտարարել է Ֆիդանկա Բաչեւա Մակ-Գրատը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter