HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

«Իրենց դերասաններով կինո են նայում»

05_11-PashinyanՆկատեց դատարանի դահլիճում գտնվողներց մեկը Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի դատավարությունը: Այսօր ևս դահլիճում ցուցադրվում էին մեղադրող կողմի ներկայացրած` Մարտի 1-2-ի իրադարձությունների մասին պատմող տեսանյութերը: Ցուցադրվում էին հիմնականում այն կադրերը, որոնք մարտիմեկյան իրադարձություններից հետո պարբերաբար հեռարձակվել են տարբեր հեռուստաընկերություններով, և դրանց ֆոնի ներքո ցուցարարները ներկայացվել` իբրև զանգվածային անկարգության մասնակիցներ: Նիկոլ Փաշինյանը դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ նախաքննական մարմինը Մարտի 1-2-ի իրադարձությունների կապակցությամբ հարուցված քրեական գործը ներկայացնում է հետևյալ տրամաբանությամբ. մարդիկ բաժանվել են երկու մասի` համազգեստավորներ և քաղաքացիական հագուստով անձինք: Վերջիններս ներկայացվում են որպես ընդդիմության կողմնակիցներ, հետևաբար` զանգվածային անկարգության մասնակիցներ: «Բայց բազմաթիվ կադրեր կան, որտեղ հստակ երևում է, թե ինչպես են քաղաքացիական հագուստով անձինք զինվում հենց իրավապահների կողքին: Այդ օրը ցուցարարների մեջ եղել են բազմաթիվ ոստիկաններ և ազգային անվտանգության աշխատակիցներ` քաղաքացիական հագուստով և զինված»,- ասաց Ն. Փաշինյանը` նկատելով, թե ընդդիմությունը չէ, որ ղեկավարել է նրանց հանցավոր գործողությունները: Ն. Փաշինյանի պաշտպան Լուսինե Սահակյանն էլ նկատեց, թե տեսանյութերից մեկում երևում է , որ «Պրադո» մակնիշի ավտոմեքենայի կողքին զինվորական համազգեստով անձանց մոտ կանգնած են նաև քաղաքացիական համազգեստով անձինք: Ավելի ուշ հենց այդ անձինք էլ ջարդում ու հրկիզում են նույն այդ «Պրադոն»: «Մենք գտնում ենք, որ մեղադրող կողմը դատարան է ներկայացրել փայլուն կարդրեր: Նույնիսկ դրանք ապացուցում են, որ հրկիզումները, ջարդերը և թալանը իրականացվել է իրավապահների կողմից»,- ասաց Լ. Սահակյանը: Տեսանյութերից մեկի դիտման ժամանակ փաստաբանն ուշադրություն հրավիրեց, որ կադրում երևացող անձը Լավրենտի Գասպարյանն է, և նկատեց, որ վերջինս թալանի մասնակիցներից է, սակայն ենթարկվել է, այսպես ասած` մեղմ պատժի, ու նրա նկատմամբ ազատազրկումը որպես պատժամիջոց այդպես էլ չի կիրառավել: Մեղադրող կողմն էլ նրան դատակոչել է իբրև վկա` հենվելով վերջիններիս ասածների վրա; «Այս տեսանյութի ցուցադրմամբ հիմնավորվեց Լավրենտի Գասպարյանի ասածների հավաստիությունը»,- հայտարարեց մեղադրող Կորյուն Փիլոյանը: «Միակ բանը, որ վկա Լ. Գասպարյանի ցուցմունքներից համապատասխանում է իրականությանը, այն է, որ ինքը զբաղվել է թալանով»,- հակադարձեց փաստաբան Լուսինե Սահակյանը: Իր հերթին Փաշինյանի մյուս պաշտպան Երվանդ Վարոսյանը, մարտի 1-ի առավոտյան տեղի ունեցած իրադարձությունների մասին պատմող ցուցադրված տեսանյութի կապակցությամբ հայտարարեց, թե տեսախցիկը եղել է Օպերայի շենքի հետնամասում` տեղադրված սյուներից մեկի վրա, և հստակ է, որ ինչ-որ մեկը, մոնիտորի առջև նստած, ղեկավարել է այն հեռակառավարման վահանակով: Փաստաբանը նշեց, թե շատ հետաքրքիր կլիներ դիտել այնպիսի կադրեր, որոնք ցույց կտային, թե ինչպես են իրավապահները մի քանի անգամ, զանգվածային միջոցառումը դադարեցնելու կոչով, դիմել Ազատության հրապարակում հավաքվածներին: Սակայն վերջիններս, ինչպես մատուցվում է պաշտոնական վարկածով, չեն ենթարկվել ու հարձակվել են ուժայինների վրա: «Եթե նման բան եղած լիներ, անպայման այդ կադրերն էլ կլինեին ու կներկայացվեին դատարան, այլ ոչ թե կցուցադրվեին հատվածաբար ներկայացվող ընտրովի կադրեր»,- նկատեց Վարոսյանը` հայտարարելով, թե, այնուամենայնիվ, եղած կադրերն էլ հիմնավորում են, որ Մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում իրականում տեղի է ունցել զանգվածային միջոցառման հարկադիր դադարեցում: Ցուցադրվեցին նաև այնպիսի տեսանյութեր, որոնցում պատկերված էր Պարոնյան, Գրիգոր Լուսավորիչ, Մաշտոցի պողոտայում տեղի ունեցող իրադարձություններ: Այդ ֆոնի ներքո լսվում էր Ն. Փաշինյանի ձայնը: Մեղադրող Կորյուն Փիլոյանն ուղղակի մեջբերեց նրա ասածներից որոշ հատվածներ. «Տղերք, շատ առաջ մի գնացեք, կանգնեք ձեր տեղերում, Ձկան խանութի մոտ տղերքը վերահսկում են դիրքերը, մի 200-300 հոգի առաջ գնացեք, ամրացրեք մեր դիրքերը... Մեր տղերքը գրավել են Պրոսպեկտի կամուրջը...... Ժողովուրդ, էսօր պետք է վերջացնենք, էլ ներվեր չկա, հավես չկա... »: Ըստ Կ. Փիլոյանի` այս կոչի արդյունքում է նաև, որ տեղի են ունեցել հայտնի իրադարձությունները: Սակայն փաստաբան Լ. Սահակյանը հայտարարեց, որ տեսանյութը մոնտաժված է, քանի որ Պարոնյան կամ Մաշտոցի պողոտայում տեղի ունցող իրադարձությունների ֆոնին հստակ լսվում է Փաշինյանի ձայնը, այն դեպքում, երբ վերջինս գտնվել է այդ տարածքներից բավականին հեռու` Մյասնիկյանի արձանի մոտ: Փաստաբանը նաև ասաց, որ տեսանյութում լսվող Ն. Փաշինյանի ձայնը 200-300 հագուն կոչ է անում առաջ գնալ «Իկառուսների»` ժողովրդի կառուցած բարիկադներից մեկի մոտ: Իսկ «Իկառուսները» գտնվել են ոչ թե Մաշտոցի պողոտայի հարևանությամբ, որտեղ ծավալվում են տեսանյութի իրադարձությունները, այլ Զաքյան փողոցի մոտ: «Մեղադրող կողմը փորձում է այնպես այնել, որ պաշտպանական կողմն անընդհատ լինի արդարացողի դերում: Կոնկրետ ես արդարանալու ոչ մի բան չունեմ: Թող արդարանան նրանք, ովքեր այդ օրը հանցագրոծություն են կատարել հայ ժողովրդի և Հայաստնանի Հանրապետության նկատմամբ»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: Դատավարությունը շարունակվւոմ է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter