Հինգշաբթի, 18 դեկտեմբերի

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ուսանողը Հայաստանի բուհերում տեսել է բաներ, որոնք գոյություն չունեն իր բուհում

Սոնա Ավագյան


11:02, 8 սեպտեմբերի, 2011

Անկախությունից ի վեր MIT-ի բակալավրիատ է ընդունվել հայաստանցի 5 աշակերտ

2000 թ.-ից մինչեւ հիմա Տիգրանը միակ աշակերտն էր Հայաստանից, ով 2 արծաթե մեդալի է արժանացել մաթեմատիկայի միջազգային օլիմպիադաներում: Այս տարի Ֆիզմաթ դպրոցի աշակերտներից մեկը սահմանել է Տիգրանի ռեկորդը` արծաթե մեդալ շահելով մաթեմատիկայի եւ բրոնզե մեդալ` ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադաներում:

Տիգրանն ափսոսում է, որ 10 տարի անց արծաթե մեդալի արժանացած տղայի հաջողությունը պետական մոտեցման ու աջակցության արդյունք չէ: «Պարզ երեւում է, որ դա անհատի արդյունք է, որ ինքը իր ծնողների, իր համառության, խելացիության շնորհիվ է կարողացել արդյունքի հասնել»,- ասում է Տիգրանը:

24-ամյա Տիգրան Սլոյանն այս ամռանն ավարտել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (Massachusetts Institute of Technology (MIT)) բակալավրիատը, սեպտեմբերից ուսումը շարունակելու է մագիստրատուրայում եւ խորացնելու իր մասնագիտությունը` ծրագրավորումը: Նա ստացել է եւս մեկ մասնագիտություն` մաթեմատիկա, եւ մեկ «կիսամասնագիտություն»` տնտեսագիտություն (minor in Economics):

Տիգրանը նաեւ դասավանդում է MIT-ում` որպես սեմինարավար: MIT-ում ընդունված է, երբ ուսանողները գնահատում են դասախոսներին: Տիգրանն ուսանողների կողմից ամենաբարձր գնահատականն է ստացել` գործնական պարապմունքներ անցկացնելու համար:

MIT-ը համարվում է առաջին տեխնոլոգիական բուհն աշխարհում: Հայաստանի անկախությունից ի վեր MIT-ի բակալավրիատ է ընդունվել 5 հայաստանցի աշակերտ, բոլորը` միջազգային առարկայական օլիմպիադաների մեդալակիրներ: Տիգրանն ասում է, որ MIT ընդունվելու գաղտնիքը հենց միջազգային օլիմպիադաներում բարձր արդյունքներ ունենալն է եւ ոչ թե տվյալ երկրից բերված դիպլոմները:

Ամեն տարի MIT է ընդունվում 100-120 արտասահմանցի ուսանող, ինչը կազմում է տվյալ տարի այդ բուհ ընդունվածների առավելագույնը 10%-ը: MIT-ը վճարում է արտասահմանցի ուսանողի ուսման եւ ԱՄՆ-ում ապրելու վարձը` տարեկան 50-60 հազար դոլար, եթե ուսանողը դրա կարիքն ունի:

ԱՄՆ-ի բուհերի հայկական միություններից քչերն են Հայաստանի հետ կապված որեւէ միջոցառում կազմակերպում

2009-ին MIT-ում սովորող իր ընկերների` Սահակ Պետրոսյանի եւ Արսեն Մամիկոնյանի հետ Տիգրանը ստեղծեց Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հայկական միությունը (MIT Armenian Society (MITAS)), որի նախագահն է:

Հայկական միությունը սկսվեց MIT-ում սովորող 3 հայաստանցիներով, բայց այժմ ունի մոտ 25 անդամ: «Մոտավորապես 2 տարվա ընթացքում մենք բացահայտել ենք հայազգի նոր ուսանողների, որոնք պարզապես Ամերիկայում են ծնվել մեծացել ու ի տարբերություն մեզ` խանդավառությամբ չեն ամեն տեղ ասել, որ «մենք հայ ենք»«,- ասում է Տիգրանը: Միության անդամների կեսը Բոստոնի հայկական համայնքից աջակիցներ են:

Հայկական միության հիմնական նպատակն է MIT-ում Հայաստանը ճանաչելի դարձնել օտարերկրացիներին: Մյուս նպատակն է Հայաստանի հետ կապը պահպանելը: Տիգրանի խոսքերով` ԱՄՆ-ի բուհերում հայկական շատ միություններ կան, սակայն շատ քչերն են Հայաստանի հետ կապված որեւէ միջոցառում կազմակերպում:

MIT-ի Հայկական միության միջոցառումների շարքում ամենանշանակալիներից էին ՀՀ անկախությանը նվիրված միջոցառումները 2009 եւ 2010 թթ. սեպտեմբերին, որոնք կազմակերպվել են Հարվարդի համալսարանի Հայկական միության հետ: Միջոցառումներին մասնակցել է մոտ 150 մարդ ոչ միայն MIT-ից, այլեւ Բոստոնից, այդ թվում նաեւ` շատ այլազգիներ:

«Մենք շատ հաճախ հենց շեշտը դրել ենք, որ մասնակիցների գոնե կեսը այլազգի լինի, որ եւ իմանան ՀՀ-ի մասին, եւ իմանան, որ մենք հպարտ ենք, որ ունենք հանրապետություն` կապ չունի, թե այդ հանրապետությունում հիմա ինչ խնդիրներ կան»,- ասում է Տիգրանը:

Այս ապրիլի 24-ին MIT-ի Հայկական միությունը կազմակերպեց Ցեղասպանությանը նվիրված փաստագրական ֆիլմի դիտում, որին ներկա էր մոտ 350 մարդ, մեծ մասը` ոչ հայեր: Ֆիլմի դիտմանը ներկա էր MIT-ի Թուրքական միության նախագահը եւ միության այլ անդամներ: Տիգրանն ասում է, որ նրանք հանգիստ են իրենց պահել միջոցառման ժամանակ, քանի որ MIT-ում սովորող ուսանողներն առաջնորդվում են փաստերով:

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի Հայկական միությունը Facebook-ի միջոցով կապ է պահպանում հայաստանցի ուսանողների հետ, պատասխանում MIT ընդունվելու վերաբերյալ նրանց հարցերին: Տիգրանը Երեւանում էլ է հանդիպել երիտասարդների ու նրանց ներկայացրել MIT-ը, պատմել, թե ինչպես կարելի է ընդունվել այդ բուհ:

Ըստ MIT-ի ուսանողի` Հայաստանում մթնոլորտը չի տրամադրում սովորելուն

Տիգրանը Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ է ընդունվել Հայաստանում դպրոցն ավարտելուց հետո: Նա որոշեց Հայաստանում բարձրագույն կրթություն չստանալ, քանի որ այստեղ չէր տեսնում մի բուհ, որտեղ կարելի է լուրջ հաջողությունների հասնել: MIT-ի ուսանողի կարծիքով` Հայաստանում բարձրագույն կրթության ցածրորակ լինելու հիմնական պատճառը միջավայրն ու մթնոլորտն են:

«Հիմա այն դարն է, որ պարտադիր չի` շատ ուժեղ պրոֆեսորներ կամ դասընթացի շատ ուժեղ մեթոդներ ունենաս, որովհետեւ այդ ամենը ինտերնետում տեղադրված է: Հենց հիմա դուք կարող եք մտնել ինտերնետ, եւ MIT-ի, եւ Հարվարդի դասախոսություններ լսել: Բայց ինչ պակասում է Հայաստանում, մթնոլորտն է, որտեղ ուսանողները շահագրգռված են սովորելու: Հայաստանում երբ դու գնում ես համալսարան դասի, այն մթնոլորտը չի ստեղծված, որտեղ սովորելը ամենաբարձր արժեքն է»,- ասում է Տիգրան Սլոյանը:

Հայաստանի բուհերի մոտով անցնելիս Տիգրանը տեսնում է դրսում հավաքված շատ տղաների, ովքեր մտածում են` էսօր ով է ավելի լավ հագնվել, ով է ավելի լավ մեքենա քշում, ով ավելի լավ ընկերուհի ունի:

«MIT-ում այդպիսի բան գոյություն չունի: MIT-ում քո մեջ սեր են դաստիարակում դեպի սովորելը: Բոլորը մրցակցում են մի բանում` ով է ավելի լավ սովորում: Ու այդ մթնոլորտը քեզ մղում է, որ սովորես: Իսկ Հայաստանում ընդհակառակը, երբ մեկը շատ է սովորում, ասում են` դու կդառնաս պրոֆեսոր, ես կդառնամ ինչ-որ մի օլիգարխ, եւ ո՞վ ավելի բարձր ստատուս կունենա Հայաստանում: Ես դպրոցում սովորելիս արդեն գերադասում էի շատ ավելի շատ դասի չգնալ, տանը պարապել, որովհետեւ դասի գնալով` ավելի շատ ժամանակ էի կորցնում եւ ուրիշ բաներով էի զբաղվում` ընկերների հետ ֆուտբոլ խաղալով, կռիվ անելով կամ նմանատիպ բաներով»,- հավելում է Տիգրանը:

Միաժամանակ նա համամիտ չէ «մինչեւ ամբողջ հասարակությունը չփոխվի, կրթությունը չի փոխվի» թեզին, եւ համարում է, որ կարելի է փոփոխությունները սկսել հենց կրթությունից` համալսարանում ստեղծել մի մթնոլորտ, որտեղ ուսանողի համար ամենաբարձր արժեքը կդառնա հնարավորինս լավ սովորելը:

«Մի տեղից պետք է սկսել: Եթե ասենք, որ եկեք ամբողջ Հայաստանը փորձենք փոխել, որ կրթությունը փոխվի, երեւի դա ավելի դժվար խնդիր կլինի, քան թե փորձել սկսել ավելի փոքր բանից, դա փոխել ու փորձել դա տարածել հասարակության վրա»,- ասում է Տիգրանը:

MIT-ում ուսանողն օրական քնում է միջինը 4-5 ժամ, իսկ մնացած ժամերը` սովորում: Բուհից դուրս չմնալու համար օրական 8-9 ժամ սովորելն էլ կբավականացնի, բայց շատ քչերն են, որ սովորում են միայն դուրս չմնալու համար:

MIT-ի ուսանողների միջեւ ուժեղ մրցակցություն կա, քանի որ բոլորը գիտեն, որ լավագույն ուսանողները ամենաբարձր աշխատավարձով աշխատանքի առաջարկ կստանան ԱՄՆ-ի լավագույն ընկերություններից: Տիգրանն ինքն էլ աշխատանքի առաջարկներ է ստացել Google-ից, Facebook-ից եւ նման այլ ընկերություններից, բայց որոշել է նախ սովորել MIT-ի մագիստրատուրայում, նոր մտածել աշխատելու մասին: «Բուհ է, որտեղ իրոք ուզում ես ժամանակ անցկացնել»,- ասում է նա:

Միջազգային օլիմպիադաների արդյունքներով Հայաստանը հետ է մնում հարեւաններից

Տիգրանի կարծիքով` Հայաստանում պետք է փոխվի միջազգային օլիմպիադաների նկատմամբ պետության անտարբեր վերաբերմունքը: Մաթեմատիկայի աշակերտական միջազգային օլիմպիադաներում Հայաստանի արդյունքները բավականին ցածր են` համեմատած հարեւան երկրների` Թուրքիայի, Իրանի, նույնիսկ Ադրբեջանի արդյունքների հետ, քանի որ այդ երկրներում պետությունն է պատրաստում աշակերտներին:

«Իրանում հունիսին պատրաստում են թիմը, որը հաջորդ տարի գնալու է միջազգային օլիմպիադայի, ու թիմի հետ մի տարի շատ լուրջ պարապում են: Դրա համար Իրանի թիմը համարյա միշտ առաջին տասնյակում է: Հայաստանում հունիսին թիմը պատրաստ է լինում, մի ամիս էդ երեխեքի հետ զբաղվում են կամ չեն զբաղվում, հուլիսին գնում են օլիմպիադայի: Մի ամսում հնարավոր չի մաթեմատիկա սովորել կամ միջազգային օլիմպիադայի համար պարապել»,- ասում է Տիգրան Սլոյանը:

Միջազգային օլիմպիադաներում իր հաջողության գաղտնիքը Տիգրանը համարում է համառությունն ու աշխատասիրությունը: Սկզբում նրան դպրոցում շատ օգնել է հայրը, հետո Տիգրանն ինքնուրույն է սովորել:

«Հաստատ էնպես չէ, որ ես Հայաստանի ամենախելոք աշակերտն եմ եղել: Ես շատ աշակերտների գիտեմ, որ կարող է` իրենց բնական ունակություններով ավելի ուժեղ են: Բայց չկան դասախոսներ, ուսուցիչներ, որոնք սիստեմատիկորեն պարապեն Հայաստանի թիմի հետ, չկա պետական մոտեցում, չկա ֆինանսավորում կրթության նախարարության կողմից»,- ասում է նա: 

MIT-ի հայաստանցի ուսանողները կվերադառնա՞ն Հայաստան

Այս պահին MIT-ի բակալավրիատում սովորում է 3 հայաստանցի: Տիգրանն ասում է, որ նրանք բոլորն էլ շատ կցանկանան Հայաստան վերադառնալ գոնե մի քանի տարի հետո, բայց ներկայում Հայաստանում գրեթե անհնար է, որ նրանք գիտության ոլորտում բարձունքի հասնեն: Նրանցից երկուսը շատ լուրջ հետաքրքրվում է ֆիզիկայով, եւ Հայաստանում չկան այն լաբորատորիաները, պրոֆեսորները, որ կարողանաս ֆիզիկայի ոլորտում նոր խոսք ասել:

Տիգրանի նպատակն է ստեղծել բարձր տեխնոլոգիաների ոլորտում իր ընկերությունը, որը կաշխատի ոչ միայն Հայաստանի, այլեւ ԱՊՀ բոլոր երկրների շուկայում: Նա ասում է, որ Հայաստանում ինչ-որ բան ստեղծելու, բիզնեսով զբաղվելու ռիսկերը շատ մեծ են, այդ պատճառով հույս ունի դա անել ապագայում:

«Ընկերություն ստեղծելու վերաբերյալ ես մոտավորապես գաղափարներ ունեմ` ինչ շուկայի վրա պետք է աշխատեմ, ինչ ոլորտում պետք է լինի: Դրա համար դա արդեն դառնում է նպատակ: Իսկ այն, ինչ չես պատկերացնում` ոնց պետք է անես, ավելի շատ երազանք է: Ես միշտ նպատակներ եմ դնում, ոչ թե երազանքներ: Երազանք կարելի է անվանել տեսնել հզոր Հայաստանի Հանրապետություն»,- ասում է Տիգրանը:

Նրան շատերն ասում են, որ ԱՄՆ-ում հաստատվելուց հետո չի վերադառնա Հայաստան: Տիգրանը համամիտ է, որ դժվար կլինի, բայց հուսով է, որ կվերադառնա:

«Ինչքան ուզում է դու Ամերիկայում մեծ հաջողության հասնես, ամեն դեպքում դու մնում ես արտասահմանցի, դու ոնց որ քոնը չես զգում: Ես երբեք չեմ ուզենա ինչ-որ մեծ բան ձեռնարկել, որ ԱՄՆ-ն առաջ տանեմ, որովհետեւ դա իմ պետությունը չի, եւ ես չեմ զգում ինձ այդ պետության քաղաքացի: Իսկ երբ ես կարողանամ իմ մեջ ներուժ գտնել, որ Հայաստանի Հանրապետությունը առաջ տանեմ, հաստատ կուզենամ»,- ասում է Տիգրանը:


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (5)
1. Adeyemo Tosin Opeyemi17:22 - 8 սեպտեմբերի, 2011
Am a nigerian,i wish 2 study in MIT,wat are the requirement for international students and how do i apply?how do i get there?
2. PU03:41 - 9 սեպտեմբերի, 2011
Just a few comments since I tutored one of the other current MIT students.... You get into MIT - rated the top or near the top in the whole world - by being smart. So I presume Tigran is smart when it comes to mathematics. Yet, I don't think he's walked around all the Armenian universities to see the scenes he's described perfectly. There are a couple places which are more like MIT than he may understand. And the graduates -- about 2 dozen -- are currently studying across Europe and the US for master's and PhD diplomas. What I've always told my classes -- which are predominately female -- is that they (the girls) are the real idiots in all of this because they want to attract one of those stupid boys standing outside smoking cigarettes, eating sunflower seeds and eyeing up girls. Then they'll get married and stay at home, letting the uneducated idiot who never attended classes - nor learned anything from the internet other than this week's top-rated song or new car release - run the country. Another point Tigran makes is about feeling like an outsider in America. Well, I'll tell you that, whenever the first generation migrates anywhere, they always feel like an outsider. This is probably especially true in a school where there are only 2 more people like you. This is only natural. It's not easy, but it's natural. And people who leave Armenia for any other country do so because they believe there are more opportunities "there" than here for themselves and for their children. I have several close friends, educated quite well in Armenia, who left with thoughts of really being successful "there." It's not so easy, but they are sticking it out because they want a better future for their children.
3. Bedo12:35 - 9 սեպտեմբերի, 2011
@PU - "There are a couple places which are more like MIT than he may understand." Please enlighten us with the names of these MIT wannabees here in Armenia.
4. PU15:39 - 10 սեպտեմբերի, 2011
The one institute I'm thinking of is the Agribusiness Teaching Center, where Georgians and Armenians study economics, finance, management and marketing. The department for college juniors and seniors was established at the Armenian Ag University by Texas A&M University nearly 11 years ago with funding from USDA. Its graduates are either employed (all except maybe about 10 of them right now because they're either serving in the military or staying at home to raise their children.) There are also some 25 or so either studying or just finished studying for either master's or PhDs in Europe or US. Almost a year ago, the ATC also started a master's in agribusiness. 99% of the faculty are either ex-pats or Armenians, educated in Europe or US, and continually updating their methods, lectures, research and so on. Students receive textbooks - new ones - and have theory as well as practical experience and applications in real-life settings. There are also fieldtrips to view what's going on in Armenian agriculture today, and to see some of the country and culture that mostly Yerevan kids don't have a chance to see. Friday afternoon special lectures are conducted by visiting agriculturalists (such as ag economists or Extension horticulturalists or Armenian farmers from US), local CEOs (such as Ralph Yerikian from VivaCell), returning graduates who now have their master's or PhDs, alumni who have interesting jobs in many spheres in Armenia, alumni who have participated in the European Volunteer Service, etc. etc. etc. The boys attend classes, too, not just the girls -- though not more than a handful of boys do go outside for a smoke between classes.
5. Robert 18:15 - 14 սեպտեմբերի, 2011
Well, first of all, I welcome Tigran and his achievements....!!!! Well done my friend !!!! Second of all, @PU mentions ATC, well in comparison to other Armenian Universities of course ATC is highly ranking University but it will be a joke to say that it is close to MIT education level. And thirdly, since I am also Armenian University Graduate I can 100 % agree with Tigran what he observed at our local Universities including the "Learning Environment" ....let's hope one day the society will really change and young people will finally understand that Education should not be wasted but put all energy towards getting most out of it.
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ