HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Նախկին տնօրենը՝ ընդդեմ ԿԳ նախարարի

Վարչական դատարանը, Արծրուն Միրզոյանի նախագահությամբ, քննում է Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի արդեն նախկին տնօրեն Մերուժան Ենգիբարյանի հայցը` ընդդեմ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի:

Ենգիբարյանի ղեկավարած հատուկ դպրոցի ուսուցիչներից մեկը` Լևոն Ավագյանը, անցյալ տարի դատապարտվեց 3 տարվա ազատազրկման` աշակերտուհիների նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու համար: Իսկ գործի նախաքննության ընթացքում դպրոցի նախկին սաները պատմել էին նաև տնօրենի դաժան ծեծերի և պատժամիջոցների մասին:

Լեւոն Ավագյանի համար որպես պատիժ առաջին ատյանի դատարանը սահմանել էր 2 տարվա ազատազրկում: Սակայն ավելի ուշ Վերաքննիչ դատարանը պատժաչափը 1 տարով ավելացրեց: Միայն սրանից հետո ԿԳ նախարարությունում կազմել էին զեկուցագիր, ներկայացրել նախարարին, ինչի հիման վրա էլ վերջինս որոշել էր դպրոցի տնօրեն Մերուժան Ենգիբարյանին աշխատանքից հեռացնել` նրա նկատմամբ վստահությունը կորցնելու հիմքով: Հատուկ դպրոցի նախկին տնօրենը դատարանում վիճարկում է հենց այս հրամանը եւ պահանջում այն ճանաչել անվավեր ու իրեն վերականգնել նախկին պաշտոնում:

Ենգիբարյանի ներկայացուցիչ Մելս Մանուկյանն այսօրվա նիստում դատարանին հանձնեց մի շարք փաստաթղթեր, որոնք, իր ձեւակերպմամբ, բնութագրում են Մերուժան Ենգիբարյանի բարոյական կերպարը: Դրանք թերթերում հրապարակված դպրոցին վերաբերող հոդվածներ էին, տնօրենի մասին կրթօջախի կոլեկտիվի տված դրական բնութագիրը եւ ինչ-որ մեկի կարծիքը, որը, ինչպես հենց Մ. Մանուկյանը նկատեց, հավանաբար, դպրոցի նախկին շրջնավարտներից է: Այս վերջին եւ մի քանի այլ փաստաթղթեր եւս դատավորը վերադարձրեց հայցվոր կողմին` անստորագիր լինելու պատճառով:

Իսկ Մանուկյանը հայտարարեց, որ իր վստահորդը մանկավարժի 37 տարվա ստաժ ունի, նույն ԿԳ նախարարության կողմից պարգեւատրվել է ոսկե մեդալով, ունի ամբասիր կերպար եւ այն, որ դպրոցի ուսուցիչներից մեկը դատապարտվել է, տնօրենի նկատմամբ վստահությունը կորցնելու հիմք չէ եւ «չի կարելի մեկ օրում զեկուցագիր գրել, հրաման տալ եւ մարդուն աշխատանքից հետացնել»:

«Նախարարը հրամանը կայացրել է զուտ սուբյեկտիվ նկատառումներով եւ որ ամենակարեւորն է, այն չի բխում օրենքի պահանջներից»,- նիստից հետո լրագրողներին ասաց Մելս Մանուկյանը:

Եթե դպրոցի մանկավարժներից մեկը մանկապղծության մեղադրանքով դատապարտվում է, նախարարը սխա՞լ է վարվել` տնօրենին ազատելով պաշտոնից: Հարցին ի պատասխան` Մանուկյանը նշեց, թե ինքն էլ է դեմ «այդ կարգի մանկավարժին դպրոցում պահելուն», իսկ նախարարի գործողության կամ նախկին տնօրենին աշխատանքից հեռացնելու գնահատականը պետք է տա միայն դատարանը:

«Կարծում եք` որ դատարանը հաշվի չի՞ առնի, որ մանկապիղծ ուսուցչին ոչ թե տնօրենն է հեռացրել, այլ նա աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն»,- շարունակեցին լրագրողները:

«Դրա վերաբերյալ որեւէ եզրահանգում տալ դժվարանում եմ, որովհետեւ միջադեպին ծանոթ չեմ»,- ասաց Մանուկյանը` հավելելով, որ նախկին տնօրեն Ենգիւբարյանը նիստերին չի գալիս վատառողջության պատճառով:

Դատարանում ԿԳ ներկայացուցիչ, նախարարության իրավաբանական վարչության գլխավոր մասնագետ Լիլիթ Վարդանյանն էլ նշում է, որ եթե ինքն իմանար հայցվոր կողմի այսօրվա ներկայացրած փաստաթղթերի մասին, իր հերթին կներկայացներ որոշ փաստեր, մասնավորապես «նախկին շրջանավարտների բացասական հիշողությունները, որ Մերուժան Ենգիբարյանի կողմից ծեծի են ենթարկվել, արժանացել կոպիտ վերաբերումնքի»:

«Ես ավելի հստակ, օրենքի հոդվածներին եմ ուզում հղում անել, որ տնօրենը պետք է իր պարտականությունները պատշաճ կատարեր, վերահսկեր իր ընտրած կադրերի գործողությունները: Եվ այդ պարտականությունը սահմանված են եւ օրենքով եւ նախարարի հրամանով հաստատված կանոնադրությամբ»,- ասում է Լ. Վարդանյանը:

Այսօրվա նիստում դատավոր Միրզոյանը հայտարարեց նախաքննական փուլի ավարտի եւ դատաքննությունը սկսելու մասին: Նիստին ներկա էր նաեւ ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը: Վերջինիս կարծիքով` դատարանը հենց այսօր պետք է հայցը չբավարարեր, քանի որ նախկին տնօրենին հայտնած նախարարի անվստահության հիմքերն ակնհայտ են ու շատ հիմնավոր:

«Վտանգավոր կլինի, եթե հանկարծ դատարանը որոշի վերականգնել նախկին տնօրենին իր պաշտոնում: Իմ կարծիքով` հասարակության համար անբարոյականությունը խրախուսող քայլ կլինի»,- ասում է պատգամավորը եւ հավելում, որ թեեւ նման հանգուցալուծմանը չի հավատում, այնուամենայնիվ, մեր երկրում անբացատրելի քայլեր արվում են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter