HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սովորելու միակ օգուտը կրթաթոշակն էր

14_12-samvelՍամվել Պետրոսյանի ընտանիքը վառելափայտ չունի, ստիպված կտրել են տան մուտքի թթենիներից մեկը: «Ամբողջ ամառ թթով եմ կերակրել թոռներիս, եթե եկող տարի էլ ապրելու ուրիշ միջոց չունենանք, չգիտեմ` ինչ եմ անելու»,- ասում է Սամվելի կինը` Գալյան: Ապա «արդարանում է», թե ուրիշ ելք չունեին, ձմեռ է, ու օրվա մեջ գոնե մեկ ժամ պիտի վառարանը վառեն: Մինչեւ անցած տարի նրա ավագ որդու` Արամի չորս երեխաներն ապրում էին մանկատանը: Կրտսերը դեռ երեք տարեկան չկար, երբ մայրը երեխաներին տարավ մանկատուն, իսկ ինքը մեկնեց Երեւան` աշխատանք գտնելու: Փնտրտուքից հետո սկսեց որպես պարուհի աշխատել գիշերային ակումբներից մեկում: Տատն ու պապը երկար ժամանակ չէին համակերպվում, որ թոռները մանկատանն են, եւ երկու տարի անց որդուն համոզեցին ետ վերցնել երեխաներին. «Մի կերպ կպահենք»: 14_12-samvel-1«Լսելով, որ երեխաներն այլեւս մանկատանը չեն ապրում, մայրը Երեւանից եկավ, երկու մեծերին տարավ, իսկ վեց եւ յոթ տարեկան Վազգենին ու Էմմային թողեց մեր խնամքին»,- պատմում է Գալյան: Նրա խոսքով` որդին չի ներել կնոջը գիշերային ակումբում աշխատելու համար եւ ամուսնալուծվել է: «Մայրը չի էլ հետաքրքրվում փոքրերով, չի զանգում, չգիտի, թե երեխաներն ինչպես են ապրում, լսել ենք, որ մյուս երկուսին Երեւանում գիշերօթիկ դպրոց է ուղարկել»,- ասում է Սամվելը: Գորիսում գիշերօթիկ դպրոց է հաճախում նաեւ Էմման, իսկ քանի որ գիշերօթիկն առաջին դասարանի ընդունելություն չի կատարում, Վազգենը դեռեւս դպրոց չի գնում: Սամվելը 20 տարուց ավելի լուսանկարիչ է աշխատել Գորիս քաղաքի կենցաղի տանը: 1991 թ. մի քանի օրվա մեջ գործազուրկ դարձան այնտեղ աշխատող տասնյակ մարդիկ` վարսահարդարներ, կարող վարպետներ, ժամագործներ: Այդ օրվանից Սամվելն այդպես էլ աշխատանք չի գտել. «Ժամանակին քանի~-քանի~ լուսանկարներ եմ արել, շատ ձեռնտու գործ էր, կարգին վաստակում էի, անգամ բնակարան ստացա: Սակայն, կարիքից ելնելով` անցյալ տարի վաճառեցի քաղաքի կենտրոնում գտնվող բնակարանս եւ հարմարվել ենք անհարմար պայմաններ ունեցող մի առանձնատան»,- ասում է 64-ամյա Սամվելը: 14_12-samvel-2Ընտանիքի միակ եկամուտը նրա, կնոջ եւ քսանամյա հաշմանդամ որդու կենսաթոշակն է` ընդամենը 47 հազար դրամ: Երկու օր առաջ հաշմանդամ որդին, ով կարիքից դրդված երբեմն փայտ է կոտրում հարեւանների համար կամ ավտոմեքենաներ լվանում, կացնով վնասել է ոտքը: Շտապ օգնության մեքենայով հիվանդանոց էին հասցրել, վիրակապ դրել, սակայն կրկին բժշկի տանելու համար ոչ տաքսու, ոչ էլ բուժսպասարկման համար միջոցներ չկան: «Նախկինում սոցիալական ծառայությունից երբեմն այցելում էին մեզ, բայց վերջին տարվա ընթացքում ոչ ոք չի հիշում, ասում են` պետության վիճակն էլ լավ չի,- նշում է Գալյան եւ հավելում, որ դիմել է նպաստ ստանալու համար, բայց մերժել են` պատճառաբանելով, որ թոշակ են ստանում: «Դժվար է փոքր քաղաքում սրա-նրա տանը փայտ ջարդելով ընտանիք պահել,- ասում է Սամվելը:- Հիմա մարդկանց վիճակն էլ այդքան լավ չի, որ իրենց այգում կամ տնտեսությունում աշխատելու համար մարդ վարձեն, նախընտրում են իրենք անեն, որովհետեւ վճարելու միջոցներ չունեն: Կինս սպասում է, թե ով է կանչելու, որ տան մաքրության մեջ օգնի: Դա էլ հազիվ ամիսը երկու-երեք անգամ է պատահում, մնացած օրերին մնում ենք Աստծո հույսին»: «Երկու օր է օգնում եմ հարեւանուհուս` աղջկա օժիտի բուրդն եմ լվանում, օրը երկու անգամ հաց են տալիս: Մի անգամ թոռանս եմ կանչում կերակրում, մյուսը տանում եմ տուն` հաշմանդամ որդուս համար, 20 տարեկան է, բայց 170 կգ քաշ ունի եւ չեմ կարողանում նրա համար լիարժեք սնունդ ապահովել: Ի՞նչ անեմ, ո՞նց արգելեմ, չի կշտանում, օրական 6-7 հաց կարող է ուտել,- դառնությամբ ու անհարմար զգալով պատմում է Գալյան: «Գոնե թոռներիս համար նպաստ նշանակեին, մնացել եմ երկու կրակի արանքում` փոքրերի՞ համար ուտելիք հայթայթեմ, թե՞ մեծերի»,- արցունքը չի կարողանում զսպել նա: Աշխատանք չունի նաեւ ավագ որդին` Արամը: Մի քանի տարի ապրելով Քաշաթաղի գյուղերից մեկում` վերադարձել է հայրական տուն, բայց չի կարողանում աշխատանք գտնել: «Դիպլոմավորների համար գործ չկա, Արամն ու՞ր պիտի գնա: Ավարտել է Գորիսի պրոֆտեխնիկական ուսումնարանը, տրակտորիստ-մեխանիզատորի մասնագիտություն ստացել, բայց ոչ մի օր այդ մասնագիտությամբ չի աշխատել: Սովորելու միակ օգուտն էն էր, որ ամսական 3000 դրամ կրթաթոշակ էին տալիս»,- ասում է Սամվելը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter