HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

Որտե՞ղ պետք է փնտրել հայրենիքում մնալու ցանկությունը

Ժամը երկուսն է: Ոչ  այնքան հարթ ճանապարհով ես գնում եմ Արմավիրի մարզի Առատաշեն համայնքի միջնակարգ դպրոց:

«Մեկամսյա բնակությունս Էջմիածնում թույլ կտա շատերի հետ զրուցել, իմանալ նրանց խնդիրների մասին եւ շարադրել»,- մտածում եմ ես:

Մայրաքաղաքն այստեղից շատ հեռու չէ, բայց մտնելով գյուղ`  միանգամից զգում ես  թեկուզ այդ  փոքր տարածության ազդեցությունը: 800 տնտեսություն ունեցող Առատաշեն գյուղը առաջին հերթին աչքի  ընկավ  մարդկանց առատությամբ:

Ես քայլերս ուղղեցի դեպի դպրոց: Սեպտեմբերմեկյան տրամադրությունները դպրոցում շարունակվում են: Շուտով դասամիջոց կլինի: Ես կանգնած եմ դպրոցի բակում եւ սպասում եմ աշակերտներին: Առաջին երեքը միասին դուրս են գալիս: Աիդան, Հռիփսիմեն եւ Մարինեն: Աիդան եւ Հռիփսիմեն քույրեր են, Մարինեն` նրանց արյունակիցը: Նրանք տասը տարեկան են: Զրույցի ընթացքում հասկացա, որ Հռիփսիմեն դժվարանում է խոսել:

-Հա, քուրիկս չի կարողանում լավ խոսել եւ լսել: Ես կպատասխանեմ հարցերին:

Դպրոցական ծանր պայուսակն ուսերին`  Հռիփսիմեն, որ խոսելու եւ լսելու խնդիրներ ունի, ուշադրությամբ հետեւում է քրոջը:

Ու, հասկանալով խոսակցության մի մասը, միանգամից միջամտում է.

-Ես ութ տարեկան եմ: Սիրում եմ իմ գյուղը:

Աիդան ասաց, որ քույրը նախկինում հաճախել է Երեւանի հատուկ դպրոցներից մեկը, բայց այժմ պետք է այստեղ մնա: Նա դժվարանում է կարդալ, բայց բոլորը գիտեն այդ մասին, եւ նա հանգիստ է:

Երեք աղջիկները դժվարացան խոսել իրենց երազանքների մասին: Նրանք ավելի հեշտությամբ պատմում էին, թե գյուղում ինչպես են զբաղվում հողագործությամբ, ինչ խնդիրներ ունեն, ինչքան նպաստ են ստանում: Սոցիալական յուրաքանչյուր հարցի ավելի դյուրին էին պատասխանում: Ես ներս եմ մտնում: 345 աշակերտ ունեցող այս դպրոցը բավականին մեծ է եւ աղմկոտ: Երեխաները մի տեսակ պատրաստ են ամեն ինչով քեզ օգնելու: Մեկն աթոռ է առաջարկում, մյուսը` ասում, որ ուրախ է ծանոթության համար: Ես փորձում եմ հնարավորինս շատ խոսել նրանց հետ: Տղաներից երկուսը` 16-ամյա Արայիկը եւ 17-ամյա Հայկը, միանգամից աչքի ընկան իրենց ակտիվությամբ:

Նրանք նաեւ այն քչերից էին, ովքեր երազանք ունեին:

Ես նրանց հետ առանձին զրուցեցի:

-Հայկ, ի՞նչ ես անելու դպրոցն ավարտելուց հետո:

-Ուզում եմ ինժեներ-մեխանիկ դառնալ:

-Կկարողանա՞ս գյուղում մնալ եւ աշխատել:

-Ես սիրում եմ կազմակերպել, անընդհատ նոր բաներ մտածել: Հաճախ եմ երազանքների հետեւից ընկնում: Ուզում եմ սովորել եւ մթերքի արտադրամաս բացել գյուղում:

-Այսինքն` գալու ես գյուղ:

-Անպայման, այստեղ ես ընկերներ ունեմ, որոնց չեմ լքի: Բացի այդ` սիրում եմ գյուղը:

Իսկ Արայիկը պատրաստվում է ոստիկան դառնալ.

-Ես էլ եմ գյուղ վերադառնալու: Էստեղ շատ բան կա անելու: Մնում է ցանկությունը երբեք չմարի:

Դպրոցում գտնվելուս ընթացքում երեք աղջիկներ անընդհատ հետեւում էին գործողություններիս: Ես նրանց մոտեցա.

-Ուզո՞ւմ եք ես ասեմ` ինչ եմ երազում:

-Ապա...

-Ուզում եմ պարուհի դառնալ,-ասաց 12-ամյա  Մարիետան:

-Ես էլ,- միջամտեց նրա հասակակիցը` Լիլիթը:

-Երեւի հիմա էլ պարում եք, չէ՞:

-Ըհը, էստեղ կարող ենք պարի գնալ: Ուրիշ ոչ մի բանի: Իսկ ժուռնալիստը լավ բան ա՞,- հարցրեց Մարիետան:

Ես միանգամից տեղափոխվեցի իմ պատանեկություն, երբ ընդամենը ամառային մի դպրոցի ազդեցությամբ որոշեցի լրագրող դառնալ:

-Դու չգիտե՞ս, թե ով է ժուռնալիստը:

-Կուզեի իմանալ:

Դպրոցականներով շրջապատված էի շուրջ երկու ժամ: Եւ շարունակ ինձ տանջում էր այն միտքը, որ նրանցից շատերը չէին կարողանում որոշել, թե ինչ են անելու  դպրոցն ավարտելուց հետո: Նրանք գյուղական ազնիվ եւ ժպտադեմ երեխաներ էին, ովքեր այդքան էլ շատ բան չեն տեսնում եւ լսում: Իսկ հեռուստացույցով տեսածն ու լսածը նրանց համար երբեմն հեքիաթային է եւ անհասանելի:

Դպրոցից դուրս գալուց առաջ մտա դահլիճ:

Վերջին միջոցառումը նվիրված էր եղել Գարեգին Նժդեհին, որի խոսքերը դեռեւս ամրացված էին պատին:

Նրանք իմ շուրջն էին, գիտեին`  ով է Նժդեհը, գիտեին` ինչ հրաշալի մասնագիտություններ կան, պատրաստ էին չլքելու իրենց հայրենի գյուղը եւ սպասում էին շփումների, սակայն  նրանցից շատերը հստակ նպատակներ եւ երազանքներ չունեին:

Մեկնաբանություններ (4)

YURA
Es shatttttttttttt em sirummmmmmmmmmm im gyux@
HOVHANNES
ES NUYNPES CHAT SIRUM EM IM DPROC@ EV IM @NKERNERIN
KAREN
es sirum em im gyux@ & im dproc@
rita gevorgyan
aratashen hamayqi xekavar hovhannes ANDRASYAN hahaynqi xekavaty amen inch anum e gyuxi zargacman hamar nran yshadry tyan kentronum e naev mankapartezy misht el ARATASHENI dprocy exel e arajavor dprocneric meky

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter