HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

«Հետքի» խմբագրի դիմումը ընթերցողներին

Սիրելի ընթերցողներ, Արդեն տասը տարի է մենք լրատվական գործունեություն ենք ծավալում եւ ունենք մշտական ընթերցողներ ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներում: Խմբագրության գրած նամակներից, հոդվածների տակ թողած Ձեր մեկնաբանություններից ենթադրում եմ, որ դուք վստահում եք «Հետքին»: 2009-ի սեպտեմբերից մենք տպագրում ենք «Հետք» շաբաթաթերթը: Այն տպագրելու միակ նպատակը թերթը այն ընթերցողներին հասցնելն է, որոնք տարբեր պատճառներով չեն կարողանում օգտվել ինտերնետից, իսկ դա Հայաստանի բնակչության մոտ ութսուն տոկոսն է: Մենք Հայաստանի տարբեր մարզերի, Արցախի, սփյուռքի տարբեր համայնքների մասին, մեր ունեցած հնարավորության շրջանակներում, նյութեր ենք պատրաստում: Սակայն այդ  նյութերին հնարավորություն չունեն ծանոթանալ Հայաստանի եւ Արցախի շատ բնակավայրերի, հեռավոր, սահմանամերձ գյուղերի բնակիչները: Դա է նաեւ պատճառը, որ այդ մարդիկ շատ հաճախ իրենց լքված, մոռացված են զգում: Մենք ուզում ենք մեր թերթը կարդան այն մարդիկ, որոնց խնդիրների մասին գրում ենք, որոնց պատմությունն ենք ներկայացնում, ուզում ենք, որ այդ մարդիկ լրատվություն ստանան նաեւ այլ աղբյուրից, ոչ միայն հեռուստատեսությունից, որը հաճախ չի ներկայացնում իրական պատկերը: Ամիսներ շարունակ անվճար բաժանել ենք «Հետք» թերթը տարբեր գյուղերում եւ քաղաքներում, Երեւանի փողոցներում: Շնորհակալություն բոլոր այն կազմակերպություններին, անհատներին, ովքեր աջակցել են մեզ այդ գործում: Սակայն, մենք չենք կարող շարունակել անվճար բաժանել թերթը: Խնդրում եմ բոլոր այն մարդկանց, կազմակերպություններին, ովքեր հնարավորություն ունեն` բաժանորդագրվեք «Հետք»: Որքան մեծ լինի մեր թերթի տպաքանակը, այնքան շատ հնարավորություն կունենանք լինել հեռավոր գյուղերում եւ նյութեր պատրաստել այնտեղից: Դա միաժամանակ հնարավորություն կտա մեր թերթը հասցնել այդ բնակավայրեր: Այն ընթերցողները, ովքեր հնարավորություն ունեն, խնդրում եմ բաժանորդագրվել «Հետքը» որեւէ գյուղի, դպրոցի, գրադարանի համար: Դուք, հավանաբար, պատկերացնում եք, թե ինչ դժվարությամբ ենք թղթակիցներ պահում մարզերում, որոնք այցելում են հեռավոր գյուղեր կամ Արցախի տարբեր շրջաններ: Միայն Ձեր օգնությամբ կարող ենք լինել անկախ, պատրաստել լավ հոդվածներ, ունենալ պրոֆեսիոնալ լրագրողներ: Հավատացեք` մեր անկախության միակ երաշխիքը դուք եք: Ընտրեք որեւէ գյուղ, որեւէ գյուղի դպրոց, գրադարան եւ բաժանորդագրվեք նրանց համար: Ես հատկապես դիմում եմ տարբեր երկրներում ապրող այն հայերին, որոնք ֆինանսական հնարավորություններ ունեն. բաժանորդագրության մեկ տարվա արժեքը 10 800 դրամ է, մոտ 30 դոլար: Բաժանորդագրվեք Ձեր ծանոթի, բարեկամի, հարազատի կամ որեւէ անծանոթի համար` լինի դա Երեւանում, Արցախի, թե Հայաստանի հեռավոր գյուղերում եւ քաղաքներում: Շնորհակալություն: «Հետքի» խմբագիր` Էդիկ Բաղդասարյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter