HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

«Հետքին» ուղղված նամակի հետքերով

Մի քանի օր առաջ «Հետքը» նամակ էր ստացել Կոտայքի մարզի Նոր Գեղիի գյուղատնտեսական քոլեջի դասախոսներից: Հեղինակները պնդում էին, որ արդեն 5 ամիս է` պետական քոլեջը չի վճարում ոչ միայն իրենց աշխատավարձերը, այլեւ ուսանողների կրթաթոշակները:

«Նոր տարվա շեմին բաժանեցին կասկածելի գումարներ` իբր երկու ամսվա աշխատաբարձ (երկուսն իրար հետ կազմում էր 30 հազար ՀՀ դրամ): Չգիտեինք` ստանա՞լ, թե՞ ոչ: Որևիցե օրինական փաստաթուղթ չենք ստորագրում, ինչպե՞ս կարող է ամսեկան աշխատավարձը կազմել 15 հազար դրամ»,- հարցնում են նամակագիրները:

Նամակի առնչությամբ «Հետքը« դիմել է թե Կրթության եւ գիտության եւ թե Գյուղատնտեսության նախարարությանը: Նոր Գեղիի գյուղատնտեսական քոլեջը վերջինիս ենթակայության տակ է: Երկու նախարարությունից էլ վստահեցրին, որ «Հետքի» հրապարակած նամակի մասին զեկուցվել է նախարարների առաջին տեղակալներին, տրվել են համապատասխան հանձնարարականներ, եւ խնդիրը մանրամասն ուսումնասիրվում է: Իսկ այսօր «Հետքը» զրուցեց քոլեջի տնօրեն Արա Խաչատրյանի հետ:

«Հավաստիացնում եմ` դա լիովին սուտ է: Ճիշտ է` հիմնարկությունը ֆինանսական խնդիրներ ունի, բայց չենք վճարել ընդամենը երկու ամսվա աշխատավարձ, եւ դա հիմնականում վերաբերում է արտաբյուջետային աշխատավարձներին, այսինքն` այն աշխատավարձերին, որոնք գոյանում են ուսանողների վարձավճարից»,- ասում է քոլեջի տնօրենը:

Նա մանրամասնում է, որ անցյալ տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների համար արտաբյուջետային աշխատավարձ չստացած դասախոսները մոտ 20-ն են, իսկ չվճարման պատճառն այն է, որ ուսանողներից շատերը վճարունակ չեն, վարձավճարները մուծելու համար լրացուցիչ ժամանակ են խնդրել, ինչին քոլեջի ղեկավարությունն ընդառաջել է:

«Հենց վարձավճարները սկսեն գոյանալ, արտաբյուջետային աշխատավարձերն անմիջապես կվճարենք: Ուսանողներին վարձերի պարտքերը մարելու համար ժամկետ է տրվել մինչեւ մարտի վերջ»,- ասում է Արա Խաչատրյանը:

Վերջինս հերքում է նաեւ նամակի այն հատվածը, ըստ որի` Նոր տարվա շեմին դասախոսներին վճարվել է 30 հազար դրամ` իբրեւ 2 ամսվա աշխատավարձ. «Ես պատրաստ եմ ցույց տալ ցանկացած ֆինանսական փաստաթուղթ, որ ընդհանրապես 30 հազարի չափով աշխատվարձ չունենք: Նվազագույն աշխատավարձը մեզ մոտ 34 հազար դրամ է` մեկ ամսվա համար: Այսինքն` հնարավոր չէ, որ ինչ-որ մեկը 30 հազար դրամ ստանար, եւ նրան ասվեր, թե դա 2 ամսվա աշխատավարձ է»:

Ինչ վերաբերում է նրան, որ ուսանողների կրթաթոշակները չեն վճարվել, քոլեջի տնօրենը պարզաբանում է, որ ասվածը հիմնավոր է միայն մասնակի. 60 ուսանողը չի ստացել անցյալ տարվա դեկտեմբեր ամսվա կրթաթոշակը. «Պետությունը դեռ այդ գումարները մեզ չի հատկացրել: Հենց գումարները նստեցին մեր բալանսին, ուսանողները միանգամից իրենց կրթաթոշակները կստանան: Ես ակնկալում եմ, որ փետրվար ամսին նրանք կստանան իրենց կրթաթոշակները` հին պարտքերը ներառյալ»:

«Հետքի» ստացած նամակի հեղինակը, Արա Խաչատրյանի համոզմամբ, ոչ թե մի խումբ դասախոսներ են, այլ քոլեջի նախկին դասախոսներից մեկը: Քոլեջի տնօրենի փոխանցմամբ, ուսանողների թվաքանակի կրճատմամբ` առաջ է եկել նաեւ քոլեջի աշխատակազմը փոքրացնելու խնդիր, քանզի պետությունը կրթօջախին ֆինանսավորում է ուսանողների թվին համապատասխան:

«Նոյեմբերին մենք գնացել ենք կրճատման` պահպանելով Աշխատանքային օրենսգրքի բոլոր կանոնները: Կրճատվել են մի քանիսը, բայց վրդովված դուրս է եկել միայն մեկը: Ոչ միայն ես, այլեւ մեր ողջ կոլեկտիվը մտածում է, որ տվյալ անձը փորձել է իր անձնական կարծիքը նման կերպով` չարակամորեն դրսեւորել»,- ասում է քոլեջի տնօրեն Արա Խաչատրյանը:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter