Շաբաթ, 22 սեպտեմբերի

Ասա որն է բլոգդ, ասեմ` ով ես դու



Բլոգն անհատի դրսեւորումն է ինտերնետային որոշակի տիրույթում: Այս տիրույթներն ունեն Wordpress.com, Livejournal.com, Blogspot.com եւ այլ անուններ: Եթե դիտարկենք հողագործության տեսնկյունից, Wordpress.com-ը մի մեծ հողատարածք է, որտեղից անվճար կերպով փոքրիկ հողամասեր են տրվում բոլոր ցանկացողներին:

Հողամասերի տերերն իրենց տարածքներում ցանում եւ աճեցնում են այն, ինչ ուզում են: Այս դեպքում հողագործությունը բլոգինգն է, հողագործները` բլոգերները, իսկ հողամասերը` բլոգները: Իրականում, հողագործության եւ բլոգինգի միջեւ շատ մեծ տարբերություն չկա: Երկու դեպքում էլ, մարդը ստեղծում է արտադրանք: Հողագործության դարաշրջանում մարդիկ բերք էին ստեղծում, իսկ այժմ` 3-րդ ալիքային` ինֆորմացիոն դարաշրջանում, կարեւոր է ինֆորմացիայի «ստեղծումը», տարածումը եւ մեկնաբանումը: Հենց սրանք էլ բլոգների հիմնական գործառույթներն են: Բլոգում տեղ գտած ինֆորմացիան կարող է ներառել տարբեր ոլորտներ. քաղաքական, սոցիալական, մշակութային, անձնական եւ այլն: Սա կախված է բլոգերի ճաշակից եւ նախասիրություններից: Բլոգը վարողի` տվյալ օրվա տպավորությունների մասին գրված նյութը եւս ինֆորմացիա է պարունակում: Ավելին, սա յուրահատուկ ինֆորմացիա է, քանի որ այն տարբերվում է օրվա մամուլում տեղ գտած նյութերից եւ պակաս կարեւոր չէ: Արեւմտյան երկրներում մարդը, իր մասին պատմելու փոխարեն, տալիս է սեփական բլոգի հասցեն, որտեղ ներառված են նրա քաղաքական հայացքները, անձնական մոտեցումներն այս կամ այն խնդրին: Արեւմտյան մարդուն շրջապատողներն առավել մեծ հետաքրքրությամբ կարդում են իրենց ընկերոջ բլոգը, քան հետեւում ամենօրյա լրատվությանը: Հայաստանում բլոգինգի ձեւավորման մասին խոսվում էր վերջին 3-4 տարիներին: Այսօր Հայաստանում կան մոտավորապես 3000-4000 բլոգներ, որոնցից 500-ն ակտիվ են: Բլոգների նկատմամբ հետաքրքրությունն աճեց հատկապես 2008-ի նախագահական ընտրությունների ժամանակ: Ընտրությունների մասին հայ բլոգերները գրում էին առավել հետաքրքիր, կարդացվող նյութեր եւ ունեին ավելի շատ ընթերցողներ, քան շատ այլ տպագիր եւ էլեկտրոնային թերթեր: Այժմ նույնիսկ նկատվում է մրցակցություն բլոգների եւ լրատվամիջոցների միջեւ: Լրագրողներն արդեն փորձում են ունենալ սեփական բլոգները: Լրագրող Աննա Գրիգորյանը համարում է, որ բլոգերներն, իրոք, մրցակից են լրագրողներին. «Կան բլոգներ, որոնք այսօր լրատվություն են ներկայացնում. ունեն սեփական աղբյուրները, այսինքն արդեն աշխատում են ինչպես լրատվամիջոցները: Օրինակ «Ջավախք» բլոգում միշտ կարող ես թարմ ինֆորմացիա գտնել Ջավախքում տեղի ունեցող իրադարձություններից: Բացի այդ, նրանք ծաղկաքաղ են անում տարբեր աղբյուրների ինֆորմացիան եւ ներկայացնում հետաքրքիր, քննարկման ենթակա նյութ»: Բլոգեր Վարդան Պապիկյանը (blog.papikyan.biz), ով նաեւ նոյեմբերին տեղի ունեցած հայ բլոգերների հանդիպման կազմակերպիչներից էր, կարծում է, որ բլոգներն ունեն իրենց գործառույթը եւ ամենեւին էլ անհրաժեշտ չէ, որ դրանք կատարեն լրատվամիջոցների դեր. «Բլոգերներն անհրաժեշտություն չունեն իրենց վրա վերցնելու լրատվամիջոցների դերը, քանի որ մեծամասամբ նրանց այդ տեսակ բեռ պետք չէ: Գրավիչը հենց իրենց անկախությունն ու սուբյեկտիվությունն է»: Իսկ լրագրող-բլոգեր Արտյոմ Լեւոնյանը պնդում է. «Եթե բլոգում տեսնում ենք ինֆորմացիա, որը նաեւ մասսայական է, ապա կարելի է համարել, որ այն լրատվամիջոց է»: Ինֆորմացիայի ճշգրտության տեսանկյունից, հաճախ, բլոգերներն ավելի շատ վստահում են միմյանց, քան լրագրողներին: Նրանք կարծում են, որ բլոգերն ազատ է եւ կարող է կարծիք արտահայտել քաղաքական կամ տնտեսական նույնիսկ վտանգավոր իրադարձությունների մասին, իսկ լրատվամիջոցները միշտ ներկայացնում են որեւէ մեկի շահը: Բլանշ լրագրող-բլոգերը կարծում է, որ բլոգում տեղ գտած ինֆորմացիան առավել վստահելի է, քան լրատվամիջոցներում. «Լրատվամիջոցի հայտնած ինֆորմացիան ուղղորդված է, թեկուզ հենց նրանով, որ այն համապատասխանում է լրագրողական էթիկային: Բլոգի պարագայում, ամեն ինչ շատ անմիջական է` սկսած մատուցման ձեւից: Ժամանակակից աշխարհում ավելի ճիշտ է վստահել անմիջական, անկախ մարդու ասածին, քան լրատվամիջոցին»: Սակայն Լրագրող Աննան կարծում է, որ իրադարձության սուբյեկտիվորեն ներկայացումը դեռեւս ազատություն չի կարող համարվել. «Ինչքանով ազատ չէ լրագրողը, այդքանով էլ անազատ է բլոգերը: Եթե լրագրողն իր առջեւ ունի որոշակի սահմանափակումներ կամ սկզբունքներ` իրադարձությունն օբյեկտիվորեն ներկայացնելու, ապա բլոգերը չունի այդ սահմանները: Այո, բլոգերն ազատ է արտահայտվելու տեսանկյունից, բայց խնդիրն այն է, թե որքանով է նրա արտահայտածը համապատասխանում իրականությանը»: Վարդան Պապիկյանը կարծում է, որ բլոգերի ներկայացրած ինֆորմացիան պետք է տարբերակել լրատվական նյութից. «Բլոգերի ինֆորմացիային հղում անելով` միշտ պետք է հիշել, որ դա բլոգերի ինֆորմացիան է: Իհարկե, եթե տվյալ բլոգերը մեծ վարկանիշ եւ երկար տարիների բլոգերային համբավ ունի, ուրեմն կարելի է ավելի վստահ լինել նրա տված ինֆորմացիայի ճգրտության վրա: Ուղղակի միշտ պետք է հիշել, որ բլոգինգը զուտ անձնական մոտեցման հիմքում է»: Այս հարցում բլոգ կարդացող հասարակության կարծիքները եւս իրարամերժ են: Արմանն ընթերցում է տարբեր բլոգներ, բայց չի ընկալում դրանց որպես լրատվամիջոցների. «Ես բլոգ եմ կարդում ոչ թե որպեսզի տեղեկանամ իրադարձությունների մասին, այլ արդեն եղած դեպքերը քննարկելու, իմ կարծիքը հայտնելու համար»: Եթե համեմատենք հայկական բլոգների եւ լրատվամիջոցների թեմատիկան, դրանք միմյանցից շատ չեն տարբերվում: Ինչպես լրատվամիջոցներում, բլոգներում նույնպես, մեծամասամբ քննարկվում են քաղաքական թեմաները: Բլոգերներից ոմանք կարծում են, որ պատճառը «պիոներ» բլոգերների քաղաքականացված լինելն է, կամ էլ, միայն քաղաքական թեմաներով կան հետաքրքիր նյութեր: Մինչդեռ սոցիոլոգ Արթուր Աթանեսյանի հավաստմամբ` բլոգոսֆերան էլ հասարակության արտացոլումն է համացանցում. «Մարդիկ մշտապես խոսում են իրենց ցավացող տեղերի մասին: Այս դեպքում մեր հասարակության համար «ցավացող տեղը» քաղաքականությունն է: Մենք չունենք լավ քաղաքականություն. այդ է պատճառը, որ դրա մասին խոսում են թե լրագրողները, թե բլոգերները եւ թե հասարակ մարդիկ»: Եթե համարենք, որ լավ բլոգոսֆերան կարող է ստեղծել նաեւ լավ քաղաքականություն, ապա կարեւոր է բլոգների բազմազանությունը: Բլոգերներից ոմանք համարում են, որ «օդնոկլասնիկի» օգտագործողների գոնե 50 տոկոսը, եթե ունենա իր սեփական բլոգը, շփումներ հաստատի բլոգային տիրույթում, ապա մենք կունենանք առավել հետաքրքիր, բազմաբովանդակ եւ ուժեղ բլոգոսֆերա: Այս կարծիքը, սակայն, չի կիսում Ռադիո Վան բլոգի հեղինակներից Արման Սուլեյմանյանը. «Բլոգն ինքն ազատություն է: Եթե ուսանողների մեծամասնությունը «օդնոկլասնիկ» է, ինչու՞ եք ուզում նրանց «facebook» դարձնել, չի ստացվի: Ուսանողության մեծամասնությունը բջջային հեռախոսների օդնոկլասնիկից այն կողմ բան չի հասկանում, անիմաստ է նրանց բացատրել` ինչ է բլոգը»: Իսկ բլոգեր դեպ այդ կարծիքն, ավելացնում է. «Ինքս դասախոս եմ եւ երբ ուսանողներիս ասացի, որ կարող են իրենք էլ Վիքիպեդիան (ինտերնետային շտեմարան) խմբագրել, նոր տեղեկություններով թարմացնել, շատ էին ոգեւորվել: Եւ եթե ոչ բոլորը, ապա հաստատ 15 հոգի փորձել է լրացնել Վիքիպեդիան: Այսինքն այն, որ ուսանողը բան չի հասկանում, միանշանակ չէ»: Կարեւոր է նաեւ երիտասարդների տեղեկացված լինելը: Այժմ, առավել հաճախ են կազմակերպվում սեմինարներ` բլոգների վերաբերյալ: Դրանց մասնակցելուց հետո, սակայն, ուսանողների շատ քիչ մասն է շարունակում զբաղվել բլոգային գործունեությամբ: Երիտասարդներից ոմանք պատճառաբանում են, որ բլոգ չունեն, քանի որ Հայաստանում էժան եւ որակյալ ինտերնետ չկա: Շատերն էլ, խոստովանում են, որ բլոգ վարելը մեծ պատասխանատվություն է: Նկարչուհի Անահիտ Գրիգորյանը բլոգ չունի, բայց կարծում է, որ բլոգը լավ հնարավորություններ կարող է ընձեռել. «Բլոգում կարող ես նկարներդ, բանաստեղծություններդ տեղադրել: Կամ, պարզապես, եթե ինչ-որ ինֆորմացիա ունես, որի մասին ուզում ես հրապարակավ խոսել, ազատ ես գրելու այդ մասին: Ես չունեմ բլոգ, քանի որ պետք է որոշակի պատասխանատվություն կրեմ, որպեսզի ժամանակին թարմացնեմ այն, որ մարդիկ էլ հետաքրքրված լինեն բլոգով: Իսկ ես չեմ ուզում այդ պատասխանատվությունը վերցնել ինձ վրա»: Բլոգ վարելու պատասխանատվությունը մեծ է, սակայն դրա դիմաց բլոգերը չի վարձատրվում (բացի հատուկ կորպորացիաների բլոգներից): Սակայն փորձառու բլոգերները հավաստիացնում են, որ գումար աշխատելու ճանապարհներ կան` չնայած հայաստանյան իրականությունում այս մասին խոսելը դեռ վաղ է: Բլոգերները հիմնականում գումար են վաստակում ակնհայտ եւ թաքնված գովազդի միջոցով: Բլոգեր Բլանշի կարծիքով դա անհատական կարողություն է. «Բլոգում գովազդ դնելն ավելի թանկ արժե, քանի որ բլոգի ընթերցողի ճաշակն ու զգացողությունն այլ է: Ինչ վերաբերում է թաքնված գովազդին, դա եւս անհատական է. այսինքն եթե բլոգերը կարծում է, որ դա իրեն պետք է, անում է»: Վարդան Պապիկյանը նշում է, որ ակնհայտ գովազդ ունենալը հայ բլոգերի համար հեշտ չէ. «500 այցելու ունեցող բլոգը լավ դաշտ է գովազդի համար, սակայն հայ գովազդատուին դժվար է բացատրել, որ այդ 500 հոգին թանկ են»: Պարսկահայ բլոգեր Շիրակ Թորոսյանի կարծիքով բլոգային տիրույթների (wordpress եւ այլն) հայերեն տարբերակները ստեղծելով` կզարգանա նաեւ բլոգոսֆերան. «Պարսկաստանում 70 մլն բնակչություն կա եւ երկրորդն է բլոգոսֆերայի մեծությամբ: Դրա հիմնական պատճառը ինտերնետային տիրույթների պարսկերենով լինելն է»: Այս խնդրի վերաբերյալ հայ ծրագրավորողներն արդեն աշխատում են: Ըստ «Ակադեմիական համագործակցության եւ օժանդակության հայկական ասոցիացիա - ARMACAD»-ի, Ֆեյսբուքի հայերեն տարբերակում մինչ այսօր թարգմանվել է 10286 բառ, որը կազմում է թարգմանության ենթակա ընդհանուր հատվածի 36 տոկոսը: Եւս 30717 բառ ենթակա է թարգմանության: Այս փաստերը հույս են ներշնչում, որ մի օր համաշխարհային ինտերնետ տիրույթում, հայկական բլոգոսֆերան եւս, կլինի թելադրող եւ կձեւավորի այդքան բաղձալի «Քաղաքացիական լրատվություն» ասվածը:


Գլխավոր էջ

Տպել    |  In English


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ