HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Ոսկե խնձորը

-Ինչու՞ փոփոխություններ չեն լինում Հայաստանում, որո՞նք են պատճառները:

Կարծում եմ` նշանակալից փոփոխությունների համար նախ մարդը, հետո ժողովուրդը, նաեւ երկիրը պիտի պատրաստ լինի:

Որեւէ անհատ, կուսակցություն, իշխանություն գործում է այն չափով, ինչքանով ընկալում է ազգային կառույցի միջուկը: Ժողովրդի հասունության չափը, ապագայի խորություններին հայացք գցելու կարողությունը, փորձի վերլուծությունը. հենց սրանք են, որ վճռում, ուղեգծում են ազգերի պատմության սահմանները: Շատերը նույնիսկ չգիտեն` սիրու՞մ են, արդյոք, իրենց երկիրը, թե՞ հենց այնպես ապրում են այնտեղ: Այնինչ ամենախորքային հասկացությունն է, ահավոր խորհրդավոր է «հայրենիք» բառն իր զորությամբ:

Հին դարերից մինչեւ մեր օրերը թանկագին կորստի այնպիսի հիշատակներ կան թիկունքներիս, ինչքան էլ նրանք կանչում, աղաղակում են, անգամ վախենում եմ հետ նայել` առասպելի հայտնի հերոսի պես քար չդառնալու համար:

Հենց այդ թանկագին, բացակա հիշատակներն են մեղրի թունդ անուշի պես այրում մեր ներսը: Այդքանից հետո փորձը, թեկուզ գուշակության չափ, մի բան սովորեցրած պիտի լիներ: Գիտեք, չէ՞, մեր բարի, հին հեքիաթների վերջում ինչ է ասվում. «Երկնքից երեք խնձոր ընկավ. մեկը` լսողին, մյուսը` ականջ դնողին, էն մեկը` պատմողին»: Լսողի եւ ականջ դնողի միջեւ մեծ տարբերություն կա, այսինքն` ականջ դնողը պատմության իմաստնությունը սովորողն է, մարդկության` փորձով նվաճված արժեքները առաջ տանողը: Սակայն իմաստություն տվողը խնձորներից մեկն է, բայց երեքի ներդաշնակ միասնությունից է հեքիաթի խնձորը իմաստության ոսկե խնձոր դառնում:

Ազգային թերության պես մի բան է դեպքերից առաջ ընկնելը, իրադարձություններին խոտորնակի, համընթաց չքայլելը:

Իշխանությունն էլ պակաս չէ, փոփոխություններ առաջարկողների դեմ մահակը լավ է օգտագործում, օրինակ` այդքան մեծ աղմուկ կար գնաճի` էլեկտրաէներգիա, ջուր, գազ եւ այլնի պատճառով, էլ չեմ ասում սահմանամերձ գոտիների թշվառության, օրեցօր հողը կորցնող գյուղացու մասին, հողը էլ չի խոսում գյուղացու հետ` ահա եւ ունենք իմաստնությունը կորցրած գյուղացիություն, եթե դեմոկրատիան այս վիճակում է, էլ փոփոխություն որտեղի՞ց լինի: Ազատության արդյունք է եւ փոփոխությունը, եւ սպասումը:

-Ասում ես` համակա՞րգն է պատճառը, իսկ ինչպե՞ս պետք է լինեն այդ փոփոխությունները նման համակարգում:

-Եթե հենվեմ պատմական անցյալի օրինակների վրա, նման իրավիճակներում, երբ երկիրը ճգնաժամի մեջ է հայտնվել, ազգը աշխարհաժողովներ է հրավիրել, նույնն է, թե այսօր էլ ներքեւից վերեւ նոր ընտրությունների կարիք կա: Բայց այս դեպքում էլ հարց է առաջանում. ժողովուրդը, իշխանությունը պատրա՞ստ են այդ նոր ընտրություններին: Կարծում եմ` չէ, մեր չորս կողմը աշխարհներ են ծաղկում, կանաչ-կարմիր նորանոր արեւներ են ծագում, իսկ մենք պտտվում ենք դեռեւս ի շրջանս յուր: Մեր վարքը նման է պղպեղին` այն կանաչ, մուգ կանաչին, այն բարակ երկարին, որ ինչքան բերանդ այրում է` հետը կռիվ տալու պես կրկին ուտում ես:

-Իսկ վերեւներից հնարավոր չէ՞ արմատական փոփոխություններ անել:

-Ինչու՞ չէ, այդպիսի բան հնարավոր է, նման փուլերով անցնող երկրներ էլ կան, մեզ մոտ էլ փոխվում են բաներ, սակայն այն չափով, ինչ չափով փոփոխությունները վտանգավոր չեն իշխանական բուրգի համար: Կարծում եմ` նշանակալից փոփոխություններ գրեթե անհնար են:

-Երբ հասարակության ինչ-որ խմբեր ակտիվ են լինում, սկսում են ազդել իշխանության վրա, կարողանում են ստիպել փոփոխություններ անել, այդպե՞ս է:

Պարբերաբար, եթե ոչ ամբողջ ժողովուրդը, ապա մի ստվար մասը մասնակցում է ազգային նշանակություն ունեցող կարեւոր իրադարձություններին: Բողոքում, ցույցեր է կազմակերպում «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի վերակառուցման, լրագրողներին զսպելու նպատակով ԱԺ-ում քննարկված զրպարտության եւ վիրավորանքին վերաբերող օրինագծերի փաթեթների, «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին եւ օտարալեզու դպրոցների բացման նախաձեռնության դեմ: Երբ հասարակությունը միասնական, միակամ է լինում, հասնում է հաջողությունների:

Բայց այս խնդիրներից ամենակարեւորը լեզվի խնդիրն է: Փոքրից մեծ շատ սրբազան մի բան պիտի իմանանք` ով քուրմ չէ, ով չգիտի լեզվի արարողակարգը, ուրեմն տաբու է դրված, երբեք չպիտի փորձի նրան մոտենալ, առավել եւս օտարալեզու դպրոցների բացման նախաձեռնությամբ հանդես եկողները: Նրանք իրենց գիտեցած հայերենով են չափում հայերենը:

Համաշխարհային լեզվաբանության մեծանուն ներկայացուցիչներ` հայագետներ Մարկվարտը, Հյուբշմանը եւ մյուսներն ասում են, որ հայերենը իր թարգմանական հնարավորություններով երբեք չի զիջում բնագրին, դրա վկայությունն է Մաշտոցի, Սահակի եւ աշակերտների 5-րդ դարի «Աստվածաշնչի» թարգմանությունը, մի՞թե մեզ սրանից ավելի ապացուցելի վկայություն է պետք:

Մեր լեզուն մենք չենք հորինել, մինչեւ գրավոր դառնալն այն կար, Աստված էր տվել: Իսկ պետություն եւ եկեղեցի հաստատություններն ինքնապաշտպանության համար ազգն է ստեղծել: Լեզուն է, որ ժողովրդի արյան մեջ որպես ոգի է բոցկլտում:

-Իսկ կա՞ ինչ-որ բան, որը կարող է հանգեցնել ժողովրդի ըմբոստությանը:

Ես քաղաքագետ չեմ, գրողի տեսանկյունով եմ նայում: Ավելի շատ խղճի անունից եմ խոսում. ժողովրդի խոշոր հատվածը քաղցած է, պետությունը պիտի խոհանոցները մտնի, ժողովրդին օգնել է պետք, իսկ ըմբոստությունը շղթա կտրել է, ժողովուրդը պատրա՞ստ է, վախեցած չէ՞, կցանկանա՞ ազատագրվել: Բայց հարցը մյուս երեսն էլ ունի` երկիրը կդիմանա՞ նման եւս մի ցնցումի… չէ՞ որ մարտի 1-ի տասը հոգու հանգիստ չառած ուրվականները դեռեւս թափառում են քաղաքում…

-Ես միշտ մտածում եմ, որ այս ամենի պատճառը արտագաղթն է, որովհետեւ ակտիվ հատվածը լքում է Հայաստանը, այսինքն` լիցքը չի մնում երկրում, իսկ պարպված երկրում փոփոխություններ չեն կարող լինել:

Կարծում եմ` պետության ամբողջականությունն է ծնում ազգային հոգեբանություն, քաղաքական տրամադրություններ եւ ուղեգիծ: Արտագաղթը սմքեցնում է երկիրը, մանավանդ երիտասարդ մտավորականների եւ կանանց դուրս գալը: Ինձ միշտ սարսափեցրել եւ դաղել է աղջիկների մայրացու գենոֆոնդի եւ մտավորական տղաների մատրիցայի զորության` համար մեկ հակառակորդի դուռը գնալը: Մեր այս երկու չափազանց մեծ արժեքները պետականորեն պաշտպանված չեն:

Կարելի է կարծել` դա էլ է քաղաքականություն, այստեղ աշխատանք չկա. աղքատների, հագնել-ուտել ուզողների, բողոքավորների թիվը մեծ է, ինչքան շատ դուրս գան, այնքան հեշտ կլինի մնացողներին կառավարելը, վերջիվերջո, նաեւ արժույթներ կուղարկեն երկրում մնացած հարազատներին: Նման մտայնությունը, ասել է թե` աչք փակել ազգային անվտանգության մեծ հարցի վրա:

-Ընկերներիցս մեկն ասում է` հայը իր հայրենիքում չի կարողանում հանգիստ ապրել: Միշտ այդպես է եղել, միշտ լքել են երկիրը:

Մենք ունենք նաեւ գնացողների ենթագիտակցական մեղքի զգացողության ինքնաարդարացման փիլիսոփայություն: Ինչքան էլ ճշմարտությանը մոտիկ լինի, ես նման ըմբռնումը չեմ արդարացնում: Հիվանդոտ է, ունայնություն է, երբ մտածում ես. «Միշտ այդպես է եղել, միշտ լքել են երկիրը, դու քո երկրում տեղ չունես»:

Հավատացած եմ` անհատը միշտ իր հայրենիքում է ծաղկում, ամբարները, յուղի կարասները լցնում, ծիծաղկոտ աչքերով երեխաներ ունենում, տնտեսությունը առաջ մղում: Ծաղկեցրու քո հայրենիքը, տես` տեղ կունենա՞ս, թե՞ ոչ, տես` օտար ափերում հեծող քո արյունակիցները կվերադառնա՞ն, թե՞ ոչ: Ասել` հայն իր հայրենիքում չի կարող ապրել, նման մտածելակերպը անաստվածության, անխղճության, ինքնասպանության պես բան է:

Բա որտե՞ղ է կարողանում ապրել, բա այս լեռների խորքերում չէ՞, որ սկսած վաղնջական ժամանակներից` որպես իմաստուն տեր, ուժեղ եւ դիմացկուն ապրում է, այդպիսին կոչվելու իրավունք ստացել է, այս ամենի բանալին ոչ թե մեր բանականության, այլ բնազդի մեջ է:

Էդ ո՞նց է, որ թուրքը, վրացին իրենց երկրներում կարող են երջանիկ լինել, իսկ մենք` ոչ: Պետք է երկրում իշխանությունը խղճով բանեցնել, որ բոլորս տեղ ունենանք, այդ ինչպե՞ս է` վեց-յոթ տոկոսը շքեղության մեջ ծփում է, մնացածը փոր հացով է օրն անցկացնում, ի ամոթ մեզ` աղբարկղներից էլ ուտելիք վերցնողներ կան:

Այդ ինչպե՞ս է` հրեան իր ունեցած-չունեցածը դնում, չի թողնում մի հավաքարար, մի կոշկակար, մի մուրացկան լինի իր ազգից:

Ինչպես որ պետություն ունենալը, այնպես էլ մեծահարուստ լինել` դրամագլուխ ունենալն է մշակույթ, առավել եւս դրա ծախսելը: Տունդարձի ճանապարհին մեր մեծահարուստը պիտի վիրավորվի աղբարկղներին ձեռք գցողների համար:

-Ինձ թվում է, որ հայերն իրենց իրավունքների համար պայքարող ազգ չեն:

-Չէ, ես այդպես չեմ մտածում, հենց նրանց եմ տեսել պատերազմի դաշտում` ինչպես էին պայքարում եւ ընկնում իրենց հայրենիքի, օջախի, զավակների, նախնիների հողերն ազատագրելու համար… Դարձյալ քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանի մասին պիտի ասեմ, թե ոնց էր ջոկատը հանուն հայրենիքի տանում պատերազմի քաոսի միջով: Պատերազմ ասելը բերանով է հեշտ` ժամանակակից տեխնիկայի դեմ կռվել եւ արյուն չմիզել, հողի խորհուրդը հասկացողներին է տրված… Սասունի հարցը լուծված չէ. որքան էլ դատապարտված լինի` ութ տարի, տասը տարի, ցմահ, միեւնույն է, հարցը լուծված չէ, միշտ մեկը լինելու է հիմա, եւ երկուսը կլինի եկող սերունդների մեջ` պատասխան պահանջող:

-Նորից սկսել ենք խոսել պատերազմի մասին, հողերը տալու մասին, ու՞ր են քո ասած տղերքը:

-Այո, ինչքան էլ ԵԽԽՎ-ն, ԱՄՆ-ն, Ռուսաստանը եւ այլ երկրներ փորձեն պատերազմի դեմն առնել, կարծում եմ` սպառնալիքը կա, ավելի շատ Թուրքիայի դարավոր ուխտադրուժ հնարամտություններից եմ վախենում, քան նրանց լավատեսական հույսերին եմ հավատում:

Որպեսզի ժողովուրդը պատրաստ լինի պատերազմի, նախ պիտի արձակել բոլոր տասնհինգ քաղբանտարկյալներին: Մեր մյուս թուլությունը աղքատությունը, թշվառությունը, անհպարտ մարդն է, որոնք երբեւէ չեն եղել հաղթանակ խմորողներ: Միայն ինքնությունը զգացող, խղճով քաղաքացին եւ արժանապատիվ պետությունը կարող են հայրենիքի համար պատերազմ մղել:

Ինչ վերաբերում է հողերի վերադարձին, ժողովուրդն իր լավագույն զավակների զոհողության գնով է ազատագրել, այս դեպքում ժողովրդին էլ պետք է հարցնել. համաձա՞յն է տալուն, թե՞ չէ: Քսաներորդ դարի վերջին իրականացավ ժողովրդի երազանքը: Հայաստանի մի հատվածը` փոքր, բայց կարեւոր մասը` դեռեւս ինքնությունը չկորցրած Արցախը, ազատագրվեց ադրբեջանական լծից:

Այն արյունը, որ նրա համար վերջին անգամ Սյունիք-արցախյան ազատագրական պատերազմների ժամանակ Դավիթ Բեկ-Մխիթար Սպարապետի եւ Եսայի Հասան-Ջալալյանի ու Ավան հարյուրապետի (յուզբաշի) գլխավորությամբ թափել էին հայերը, արդեն երեք դար է անցել:

Եվ դեռեւս այն ժամանակ` 1720-ական թվականներին, Արցախն իրավունք ուներ լիակատար անկախության:

Նրանք ոչ միայն իրանապատկան հյուսիսային Ադրբեջանի խաներին էին ջախջախել, այլեւ հաջողակ հաղթանակներ էին տարել Հալիձորում` օսմանյան թուրքերի դեմ:Մի՞թե հին ժամանակների քաղաքական կողմնորոշումները ուղեցույցներ չեն նոր ժամանակների համար:

Ուզում եմ հարցնել` քաղաքական այս մեծ հարցի հանդեպ ազգային մտադրությունը արդյոք էլ հավատարիմ չէ՞ նախնյաց ավանդներին: Մենք` ինքնապաշտպանվող: Մենք` հայրենասեր: Մենք` մեծապետական:

-Ի՞նչը պետք է դառնա էս երիտասարդության համար իդեալ:

-Շատ բարդ եւ պատասխանատու բան է նման հարցադրման պատասխանելը. ամեն մի դարագլուխ (էպոխա) իր պաշտամունքային արժեքն է բերել, բայց պատմության խորքերը նայելով` համընդհանուր մարդկության համար դարձյալ հայրենիքն է մնում որպես ամենանվիրական իդեալ:

Երիտասարդությունը հոգեւոր եւ ֆիզիկական կառույցով պորտալարով կապված է պետության մարմնի հետ: Ցնցումները, որ պետությունն է կրում, կրում է երիտասարդությունը:

Քիչ եմ գնում հանդիպումների. Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտում, «Գլաձոր» համալսարանում, Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում եմ եղել: Երիտասարդները հարց ու պատասխանով, գրականության իմացությամբ արթուն, երկրի ցավին տիրապետող էին:

Կարծում եմ` նրանց համար առաջին հերթին պիտի կարողանանք մասնագիտական աշխատատեղեր, կայուն աշխատավարձ, բնակարան ունենալու հնարավորություն ստեղծել, այն ամենը, ինչ Եվրոպայում ապրող նրա հասակակիցն ունի:

Գերմանիայի Հաննովեր քաղաքում աչքով եմ տեսել. մի աղջիկ գնացքում ուզում էր ոտքերը դիմացի ազատ նստարանին դնել, հագի բաճկոնը հանեց, գցեց նստարանին, նոր ոտքերը դրեց: Դա է իդեալը, հայրենասիրությունը, երբ քո բաճկոնից ավելի շատ ես սիրում գնացքը, որ քո հայրենիքն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter