HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Զոհվածների հարազատները պահանջում են օրենքով հասանելիք գումարները

Այսօր արդեն 4-րդ օրն է, ինչ Թեհրան-Երեւան թռիչքն իրականացնող վթարի ենթարկված (2001 թ.) «Յակ-40» ինքնաթիռի անձնակազմի 5 զոհված անդամների ընտանիքները Կառավարության շենքի դիմաց իրենց բողոքն են արտահայտում` պահանջելով հանդիպում վարչապետի հետ: Քաղաքացիները ցանկանում են ստանալ օրենքով սահմանված նպաստները, որոնք դադարեցվել են 2007 թվականից:

«Մենք տան կերակրողին ենք կորցրել, տղամարդ չկա էլ տանը, երեխաները սոված են, ինչպե՞ս ապրենք»,- «Հետքի» հետ զրույցում դժգոհում էին զոհվածների կանայք: «Հայկական Ավիաուղիներ» ընկերությունը սնանկ է ճանաչվել եւ լուծարվել է, որից հետո զոհվածների հարազատները չեն կարողանում ստանալ իրենց հասանելիք նպաստները: Քաղաքացիների հետ հանդիպեց Կառավարության քաղաքացիների ընդունման եւ դիմումների քննարկման վարչության աշխատակից Հայկ Սիմոնյանը, ով բացատրեց, որ Կառավարությունը չի կարող փոխհատուցել զոհվածների ընտանիքներին նպաստները:

«Հարյուրավոր ընկերություններ լուծարվել են` թողնելով չվճարված պարտքեր, Կառավարությունը չի կարող բոլորի պարտքերն իր վրա վերցնել»,- ասաց Հայկ Սիմոնյանը: Նա քաղաքացիներին համբերության կոչ արեց եւ հորդորեց սպասել այնքան ժամանակ, մինչեւ «Հայկական Ավիաուղիներ» ընկերությունը վաճառի Սեւանի ափամերձ տարածքում գտնվող իր հողամասը եւ վճարի նպաստները: «Էրեխեքը սոված են, ո՞նց բացատրենք, որ սպասեն, մարդիկ Նոր տարի են նշում, իսկ մենք ասենք` սպասեք, մինչեւ հողամասը վաճառվի՞»,- հակադարձեց Սուսաննա Գրիգորյանը: Զոհվածների հարազատները կարծում են, որ «Հայկական Ավիաուղիները» չի ցանկանում վաճառել այդ հողամասը, այլապես այն վաղուց կարող էին վաճառել: Սրան ի պատասխան Հայկ Սիմոնյանը նշեց, որ տնտեսական ճգնաժամի արդյունքում հողատարածքների վաճառքը նվազել է, սակայն վստահեցրեց, որ ինտենսիվ աշխատում են հողամասը վաճառելու համար:

Քաղաքացիներին չհաջողվեց վարչապետին անձամբ հանդիպել. քաղաքացիների ընդունման եւ դիմումների քննարկման վարչության աշխատակից Հայկ Սիմոնյանն ասաց, որ դա հնարավոր չէ: Զոհվածների հարազատները պահանջեցին գրավոր պատասխան, որ մերժում են իրենց նպաստների հարցը լուծել: Հայկ Սիմոնյանը խոստացավ, որ գրավոր պատասխանը մինչեւ ամսվա վերջ կստանան Քաղավիացիայի վարչությունից: Այսքանով չբավարարվելով` զոհվածների հարազատները գնացին նախագահական նստավայր` իրենց խնդրի մասին Սերժ Սարգսյանին հիշեցնելու:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter