HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մեկ-մեկ Գևորգս ասում ա` մամ, ոնց որ զգամ մատներս, ուրախանում է, բայց հետո սառում»

Քրիստինե Աղալարյան
Գրիշա Բալասանյան 

Չնայած Գեւորգի ընկերուհին դեռ մեկ տարի ունի մինչ ուսման ավարտը, բայց նրա ծնողները որոշել են աղջկան Հայաստանից դուրս բերել, տանել Ռուսաստանի Դաշնություն: Ծնողները չեն ուզում, որ աղջիկը հանդիպի կամ ամուսնանա հայրենիքի սահմանը պաշտպանելու համար իր թեւից զրկված եւ հաշմանդամ դարձած երիտասարդի հետ: Իր սիրելիի հետ Գեւորգը ծանոթացել է հիվանդանոցում` թեւը կտրելուց հետո, երբ բուժում է ստացել Միքայելյանի անվան հիվանդանոցում, իսկ աղջիկը բժշկական ուսումնարանի ուսանողների հետ պրակտիկա է անցել նույն հիվանդանոցում:

2010 թ. լույս հուլիսի 13-ի գիշերը` 02:30-ին, 19-ամյա Գեւորգ Մովսիսյանը Արցախի «Եղնիկներ» կոչվող սահմանային N զորամասի խրամատի դիտակետից ոտնաձայներ է լսել: Նույն ձայները լսել է նաեւ խրամատի մյուս ծայրում կանգնած ընկերը: Գեւորգը գլուխը դուրս է հանել խրամատի բջիջից (յաչեյկա) ու լույս է նկատել: Զգուշացրել է խրամատի ընկերոջը, զենքը լիցքավորել ու խրամատով առաջացել դեպի լույսի կողմը: 

Զենքի լիցքավորման պահին մեկ անգամ էլ է լույսը վառվել: Գեւորգը կրակելով առաջ է գնացել մինչեւ խրամատի մյուս բջիջը: «Հենց հասնում եմ էդ յաչեյկի կողը եւ արդեն պետք ա ֆռամ, աջ ձեռքիս վիճակը այ էս դիրքում էր (ցույց է տալիս զենքը բռնելու ժամանակ աջ թեւի դիրքը-հեղ.), համ միանգամից բոց եմ տեսնում, կրակ, համ ձեռքս միանգամից տաքանում է: Ու ինձ ոնց որ ահավոր շպրտի, սենց գամ ու հենվեմ հողից պատին, ու տենց սկսում եմ ահավոր գոռալ: Հետո ընկերս ա գալիս գոռալով, իրա զենքով էնքան է կրակում, իրա փամփուշտները վերջանում ա, իմ զենքն է վերցնում: Էդ ժամանակ արդեն դիրքի մնացած անձնակազմն է գալիս, ու սկսում են կրակել»,- հիշում է Գեւորգը:

Գեւորգի զինակից ընկերը չի վիրավորվել, իսկ հակառակորդն այդ օրը երկու զոհ է տվել եւ մեկ վիրավոր: Գեւորգն այդ ընթացքում գիտակցությունը չի կորցրել եւ հիշում է ամեն ինչ. «Մի քիչ ինձ պահում եմ, էլ չեմ կարողանում, վիրավոր ձեռքիս վրա ընկնում եմ: Դիրքից որ սաղ գալիս են, երկու հոգի ինձ են փորձում տանել, մնացածը կրակում է, էլ չեմ իմանում` ուր են կրակում, ինչ են անում, էնքան որ պառկած եմ, ահավոր ցավ ա, ու եռում ա ձեռքս: Բատարեով լույսը քցում են վրես, սաղ արյունը հոսալով էթում էր յեքա տարածության վրա»:

Գեւորգին դիրք են տեղափոխել, եկել է շտապօգնության ավտոմեքենան եւ նրան տեղափոխել Ալաշանի հոսպիտալ, երեկոյան` Ստեփանակերտ, այնտեղից արդեն Արցախի պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը երիտասարդին ուղղաթիռով հասցրել է Երեւան, բայց արդեն բավականին ուշացրել են, եւ հավանական է` ուշացման պատճառով է, որ Գեւորգի թեւը հետո փրկել չեն կարողացել: Գեւորգը շուրջ 10 օր կոմայի մեջ է եղել:

Հիվանդանոցում ապաքինումը տեւել է մոտ 2,5 ամիս: Գեւորգը դեռ 8 ամիս էր ծառայել, դեպքից հետո նրան զորացրել են: Այդ օրվա մանրամասները հիշելիս Գեւորգը շատ հանգիստ է պահում իրեն, միայն ժամանակ առ ժամանակ դեմքի մկանների ջղաձգումն է մատնում նրա ներքին հոգեվիճակը: 

Դեպքի մասին Գեւորգի մայրը` Անժելա Մովսիսյանը, տեղեկացել է մոտ մեկ շաբաթ անց: Հաշվի առնելով Գեւորգի մոր սիրտ-անոթային հիվանդությունը` հարազատներն անմիջապես նրան չեն ասել կատարվածի մասին: Երբ Անժելա Մովսիսյանը գնացել է հիվանդանոց, Գեւորգի ձեռքը դեռ չէին կտրել, եւ որդին իրեն լավ էր զգում:

«Ինձ ասեց` մամ, կարա՞ս քո ձեռքով տնական մսով ճաշ եփես: Ասեցի` կեփեմ: Եփեցի տարա, կոտլետ էլ էր ուզել, դա էլ կերավ ու հետո վատացավ: Բժիշկները կարծեցին, թե խորոված եմ տարել, կերել թունավորվել է: Առավոտյան, երբ նորից գնացինք հիվանդանոց, բժիշկներն ասացին, որ նորից վիրահատում են, բայց իրանք էլ չգիտեին, որ հնարավոր է` թեւը կտրեն»,- արցունքն աչքերին պատմում էր Գեւորգի մայրը: Նա պատուհանի վարագույրի արանքից նայում էր դուրս, որպեսզի որդին ներս մտնելիս իրեն թաց աչքերով չտեսնի:

Բժիշկներն ասել են, որ Գեւորգը դեռ 2 տարի ցավեր կզգա: «Սիրտս փուլ ա գալիս, մեկ-մեկ Գեւորգս ասում ա` մամ, ոնց որ զգամ մատներս, ուրախանում է, բայց հետո սառում. ո՞նց պիտի զգա, որ ձեռք չունի»,- ավելացնում է Անժելան:

Մայրը զարմանում է, որ դեռ 20 տարին չլրացած  տղան իրեն շատ ուժեղ է պահում եւ երբեք չի կոտրվում: Երբ վիրահատությունից հետո Գեւորգն արթնացել է, նրան արհեստական շնչառություն է միացրած եղել եւ խոսել չի կարողացել: Անմիջապես զգացել է աջ ձեռքի բացակայությունը, բայց իրեն չի կորցրել, ցույց է տվել ձախ ձեռքի բթամատը` ի նշան այն բանի, որ ամեն ինչ լավ է: 

Գեւորգի ձեռքը փրկելու համար բժիշկները նրա ոտքից երակ են կտրել, որպեսզի տեղադրեն ձեռքին, բայց արյունն արդեն վարակված է եղել, ձեռքը փրկել չի հաջողվել: Հիմա Գեւորգի ոտքը ցավում է, երբ փոքր-ինչ շատ է քայլում կամ ծանրաբեռնում: «Ընդհանրապես նման չեմ առաջվան, ամեն ինչով տարբեր եմ, համ կներվայնանամ, համ շատ չեմ կարում քայլեմ,- ասում է  Գեւորգը` հայացքը գետնին, ապա ավելացնում,- պապայիս քեռին էլ պատերազմում վիրավորվել էր, աջ ձեռքը չկար, ոտքից երակ էին հանել, մոտ մի 10 տարի հետո էդ ոտքը կտրեցին»: Բժիշկները խորհուրդ են տվել  քիչ քայլել եւ չծխել: Բայց Գեւորգը նյարդայնանալուց սկսել է ծխել:

Գեւորգի համար պրոթեզ են սարքել, բայց նա չի կարողանում արհեստական ձեռքից օգտվել, ծանր ու օտար է իր համար: Պրոթեզից օգտվում է միայն Երեւան գնալիս, այն էլ` ոչ երկար ժամանակով:

Գեւորգը չի ուզում իրեն «ոչ պիտանի» զգալ. այս տարի նա ուսանող է

Հոկտեմբերի 25-ին կլրանա Գեւորգ Մովսիսյանի 20-ամյակը: Նա իր ընտանիքի հետ ապրում է Գեղարքունիքի մարզի Վարդենիսի շրջանի Տրետուք գյուղում: Մովսիսյանների ընտանիքը Կիրովաբադից է տեղափոխվել Հայաստան 1990 թվականին: Տունը, որտեղ ապրում են, վթարային է: Այն նույնիսկ իրենց սեփականությունը չէ: Պարզապես ազատ է եղել, երբ եկել են, եւ գյուղապետարանը թույլ է տվել Մովսիսյաններին ապրել այդտեղ: Անասուն չունեն, չկան նաեւ կոմունալ հարմարություններ: Տան մոտ մի կտոր հող ունեն, որտեղ էլ կարտոֆիլ են ցանում:

Գեւորգի եղբայրը` Ալբերտը, նույնպես ցանկանում է պայմանագրային զինծառայող աշխատել, այլ աշխատանք չկա: 3 ամիս առաջ փաստաթղթերն ուղարկել է զինկոմիսարիատ, բայց որոշ ժամանակ հետ են եկել: «Վարդենիսի զինկոմիսարիատը ուշացրել է փաստաթղթերի հանձնումը, դրա համար էլ չեն ընդունել: Գնում հարցնում ենք զինկոմիսարիատից, ասում են` թղթերն ուղարկել ենք կորպուս, կորպուսից էլ ասում են` ուղարկել ենք նախարարություն, բայց արդյունքում մի քանի օր անց թղթերը հետ են գալիս, թե ժամկետը բաց եք թողել»,- նշում է Անժելան:

Այժմ Ալբերտը նոր փաստաթղթեր է պատրաստում, որ դարձյալ ներկայացնի զինկոմիսարիատ: Իսկ մինչ այդ Ալբերտը օրավարձով խոտի տուկեր է բարձում, կարտոֆիլ հավաքում, որ ընտանիքը կարողանա ապրել: Աշխատում է միայն Գեւորգի հայրը` Արթուր Մովսիսյանը: Նա պայմանագրային զինծառայող է:

Նախկինում ֆիզիկապես ուժեղ եւ ընտանիքին ձեռք մեկնող Գեւորգն այժմ սրտնեղում է, որ չի կարողանում աշխատել եւ օգնել հարազատներին: Մայրն ասում է, որ որդին միշտ էլ աշխատասեր է եղել, բայց հիմա ֆիզիկական աշխատանքով նրան ծանրաբեռնել չի կարելի: Գեւորգը ցանկանում է բարձրագույն կրթություն ստանալ, որ լավ աշխատանք ունենա: Նա որոշել է հաշվապահություն սովորել: Փաստաթղթերը ներկայացրել է Երեւանի պետական ագրարային համալսարան, բայց այստեղ ասել են, որ հնարավոր չէ ապահովել Գեւորգի անվճար ուսուցումը, կարող են միայն 50 տոկոսով զեղչել վարձավճարը: Այդ 50 տոկոսն էլ մեծ գումար է ընտանիքի համար, եւ Գեւորգը ստիպված ընդունվել է Վարդենիսի քոլեջ, որտեղ ուսումն իր համար անվճար է:

Նա ուզում է զուգահեռ աշխատել, որպեսզի օգնի ընտանիքին: Պաշտպանության նախարարությունից խոստացել են Գեւորգի համար որեւէ աշխատանք գտնել, բայց դեռ ոչինչ չեն առաջարկել: «Երեւի պետք է շատ գնամ-գամ,- ասում է Գեւորգը,- ես սովոր չեմ խնդրել, եթե հարցնում են, իմ ցանկությունն ասում եմ»:

Գեւորգն ասում է, որ եթե զորամասում համակարգչի հետ կապված որեւէ գործ լինի, սիրով կաշխատի, առավել եւս փոքրուց սիրել է զինվորականի գործը, նույնիսկ ցանկություն ուներ բանակից հետո շարունակել ծառայությունը: Բայց նախարարությունից դեռ միայն խոստումներ է լսել:

Տիկին Անժելան ասում է, որ որդու  դեղորայքը, վիրահատություններն անվճար են եղել, միայն դա է եղել պաշտպանության նախարարության օգնությունը: Իսկ պետության օգնությունն այն է, որ Գեւորգն ամսական 30.500 դրամ հաշմանդամության թոշակ է ստանում: Այդ թոշակն էլ անմիջապես չեն տվել: Տիկին Անժելայի խոսքերով` դեպքից մոտ մեկ տարի անց են կարողացել թոշակի թղթերը ձեւակերպել: Մեկ Գեւորգի զինվորական գրքույկն են զինկոմիսարիատից ուշացրել, մեկ փաստաթղթեր ներկայացնելու ժամկետն է լրացել, ու թղթերը չեն ընդունել: Եվ այսպես մեկ տարի:

Այնուամենայնիվ, տիկին Անժելան Աստծուց գոհ է, որ որդին ողջ է: Գեւորգի ուժեղ կամային հատկանիշների եւ նրա լավատեսության շնորհիվ մոր սիրտը «չի ճաքում»: Գեւորգն էլ չի հուսահատվում իր նկատմամբ ցուցաբերած անտարբերությունից, ասում է` եթե պետք լինի, պատրաստ է կյանքն էլ տալ հայրենիքի համար, բայց երբ ընկերուհու մասին հարց ես տալիս, գլուխը կախում է:

Մեկնաբանություններ (7)

Louso
This is tragic.
onno
saddd story
mari
de ay dra hamara eli vor nor serund@ asuma um hamar en banakum carayelu.ete petucyun@ esa.et txayi cnoxner@ irenc vordun voxj,aroxj uxarkel en carayucyan.,u aysor petucyun@ tqac uni nra apagayi vra.edpisi herosnerin petqa hargel u srbacnel.ayl voch te anushadrucyan matnel
rahageets
And hosw large is the disability pension that the army's bloated generals get when they get a paper cut from doodling at their office desks sitting in a comfy armchair?? $85 a month for a young man who lost his arm? Tragic!!
Տաթևիկ
ՀՀ պետական բուհերի 2011թ. ընդունելության կանոնները հաստատելու մասին ՀՀ ԿԳ նախարարի հրամանի համաձայն` 1-ին ու 2-րդ խմբերի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամները, որոնց համար բժշկասոցիալական փորձաքննության գործակալության կողմից տրված եզրակացության համաձայն տվյալ մասնագիտությամբ սովորելը և հետագայում աշխատելը հակացուցված չէ, բուհ ընդունվելու դեպքում օգտվում են համապատասխան օրենքներով սահմանված ուսման վարձի լրիվ փոխհատուցման իրավունքից (այսինքն` սովորում են ավնվճար): Քննությունները դրական միավորներով հանձնած դիմորդներից պետական բյուջեի հաշվին, մրցույթից դուրս, ընդունվում են ժամկետային զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած քաղաքացիները` համաձայն ՀՀ ՊՆ և ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տված տեղեկանքների:
Zorro
Ara ba wor senc txun el cheq ognum ba petutyunn inchi hamar a ?????????????????????????? es txun petutyun@ pti amis@ $1000 pox ta ! mer hamar ira kyanq@ chi xnayel !!!!!!!!!!!!!!!!!
A.
edkan oligarxner kan ,kazinonerum millioner ktapen,uremn es txan arjani cher ha barzraguin krtutun stanalu,petutun@ piti anvchar tex tar es txain,ba drank mard en ,kardum em u nervaynanum.Amerikaym banak@ partadir chi,baiz ov tsarayma inch hargank u pativ uni,bolor drner@ baz en irenz araj,amboxj kianknern el apahovaz,isk viravorvaz zinvori masin el chem xosum,arajin@ tsarazner@ heto mnazaz@,unenk hay zinvorner amerikyan banakum tsarayaz duk piti tesnek vonz en aprum irenk.Gnhatvaz u hargvaz petutyan koxmiz.isk ed voxormelineri tvaz toshak@ mard lsuma zarmanuma.Hayastanum henz amenavotnaharvazner@ zinvornern en.Inch mexk en mer zinvorner@,mer joxovurd@ u vonz enk handurjum????

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter