HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Ստամբուլյան օրագիր. 18-ը ապրիլի

Մեր ինքնաթիռը վայրէջք կատարեց Ստամբուլի Աթաթյուրքի անվան միջազգային օդանավակայանում կեսգիշերից 20 րոպե անց: Քանի դեռ ինքնաթիռը մոտենում էր տերմինալին, դրա լուսամուտից ակնդետ նայում էի դուրս: Լինելով համեմատությունների սիրահար՝ շատ արագ եկա այն եզրահանգման, որ սրա եւ մեր «Զվարթնոցի» միջեւ չկան համեմատության եզրեր՝ թե ծավալային եւ թե նշանակության առումով: Ծովափնյա օդանավակայանում կանգնած տարբեր ավիաընկերությունների զանազան ինքնաթիռներն ու  դրանց շուրջ աշխույժ շարժը ասածիս վառ ապացույցն են: Նույն իրավիճակն էր նաեւ ընդունման սրահում, որտեղ այս ուշ ժամին տարբեր ազգությունների մարդիկ հերթ էին կանգնել թուրք սահմանապահների խցիկների մոտ՝ մուտքի արտոնագիր ստանալու համար: Իսկ ընդունման սրահի մուտքի մոտ հավաքվել էր էլ ավելի խիտ բազմություն, որի մեջ երեւում էին ծանոթ դեմքեր փնտրող հայացքներ, չնայած եւ կային ցուցանակներով անծանոթների սպասողներ:

Ստամբուլը մեզ դիմավորեց ուժեղ քամով եւ անձրեւով: Մեր ուղեկցորդուհին՝ ազգությամբ շրիլանկացի Սուսայեն, ասաց, թե մի քանի օր է, ինչ եղանակն այսպիսին է ու մի որոշ ժամանակ էլ կշարունակի մնալ այսպես: Դա, իհարկե, այնքան էլ լավ նորություն չէր: Այլեւս ժամանակ չկորցնելով՝ ուղեւորվեցինք Բեյօղլու թաղամաս, որտեղ երեւանցի 5 լրագրողներիս համար (մենք Ստամբուլ էինք մեկնել «Ինտերնյուս» ՀԿ-ի եւ թուրքական GPOT կենտրոնի (Global Political Trends Center) «Հայ-թուրքական երկխոսություն» ծրագրի շրջանակներում) բնակարաններ էին վարձակալվել: Ճանապարհը կարճ չէր՝ օդանավակայանից Մարմարա ծովի ափով ճանապարհը ձգվում էր դեպի Սամաթիա, որտեղ բավականին շատ են հայկական եկեղեցիները, ապա, Պոլսո պատրիարքանիստ Գում Գափուն թողնելով աջում, մտնում Ակսարայ, այնուհետեւ, անցնելով մի քանի նախկին բյուզանդական թաղամաս, հասնում Ոսկեղջյուր ծովախորշ ու ծովը հատում Գալաթայի (արեւմտահայերեն՝ Ղալաթիո) կամուրջով:

Ճանապարհը շարունակեցինք արդեն Կարաքյոյ թաղամասով (նախկին Ղալաթիա) ու մտանք Բեյօղլու, որ նախկինում կոչվել է Փերա: Սա ավելի քան 10 մլն բնակչություն ունեցող Ստամբուլի փոքր կենտրոնն է ու ամենաաշխույժ վայրը: Այստեղով է անցնում քաղաքի կենտրոնական Իսթիկլալ (Անկախության) պողոտան, որը Թաքսիմ (Բաժանման) հրապարակից ձգվում է մինչեւ Գալաթայի աշտարակը:  

Մեր մեքենան կանգ առավ սարալանջի արահետի նմանվող, սալիկապատ ու զառիվեր նեղ փողոցում, որ կոչվում էր Կոջաաղա: Պարզվեց, որ անուն ունի նաեւ այն տունը, որտեղ պիտի ապրենք՝ Էնվեր Կարաբաբա, համար 6: Մեզ դիմավորած թուրք երիտասարդն ինձ ուղեկցեց դիմացի շենքի առաջին հարկում գտնվող բնակարաններից մեկը: Ասացին, որ պետք է գիշերեմ այդտեղ, իսկ առավոտյան կտեղափոխեն իմ «հիմնական» ժամանակավոր տունը:

Բնակարանը հին էր ու միջին կարգի նորոգված եւ կահավորված: Ննջարանում վարպետները տեղ-տեղ չէին ծեփել հին պատը՝ նպատակ ունենալով հնության շունչ հաղորդել սենյակին: Կապույտ ու դեղնավուն ինչ-որ զարդանախշեր էին երեւում, որոնք, կարծում եմ, մահմեդական մշակույթի մաս էին կազմում:

Վերեւի հարկում ինչ-որ մեկը բարձր թուրքական երաժշտություն էր միացրել, մտքումս նրան «ռաբիս» անվանեցի, իսկ քիչ անց, արդեն նյարդայնանալով, հայհոյեցի գիշերվա ժամը 2-ին հարեւանների քունը խանգարող անհայտ անտաշին: Թուրքական մուղամը քիչ անց դարձավ ռոք, ապա՝ ռեփ: Չնայած աղմուկին՝ երկար ճանապարհից հետո այլեւս անկարող էի չքնել: Արթնացա ժամը 5-ին՝ փողոցով անցնով մեքենայի ձայնից: Երաժշտասեր հարեւանս արդեն քնել էր, համենայնդեպս, նվագարկիչն անջատված էր…

Ստամբուլ

Նկարում՝ Կոջաաղա փողոցը

Մեկնաբանություններ (1)

rahageets
Well written story. Keep them coming.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter