HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

Նարնջապտույտ

Գուցե ես առավոտն էի սխալ սկսել, բայց, մեկ է, գետնին թափված նարինջները պետք է նկարեի յոթերորդ հարկի իմ պատուհանից եւ հետո հետեւեի, թե ինչպես է բեռը տեղափոխող այդ կեղտոտ ծերուկը հավաքում դրանք ու նորից դնում արկղի մեջ:

Նա ոչինչ չէր անում միտումնավոր: Այդ նարինջերը վաճառվում էին ոչ շատ հեշտ, որովհետեւ թանկ էին, բերվում էին  դժվարությամբ , որովհետեւ շուտ էին վնասվում եւ մարսվում էին ոչ  շատ արագ, որովհետեւ դու նայելով միայն կարող էիր պատկերացնել դրանց համը:

Երբ  իջա աստիճաններով, արդեն կեսօր էր:

Ես  պետք էի գտնեի այդ անիծյալ ծերուկին եւ խնդրեի հատ-հատ լվալ նարինջները:
Ինձ ոչ ոք չէր կարող հետ պահել իմ այդ ազնվագույն մտքից, եւ ես շտապում էի:

Հատելով շուկայի մեծ միջանցքը` ես կենտրոնում էի: Ծերուկին տեսա առեւտուր անողների մեջ ու վազեցի որքան ուժ ունեի:

Թվում էր` առավոտյան նարինջներից մեկի պես ուր որ է կգլորվի շուկայի մի անկյուն, ու ես չեմ հասցնի նրանից ոչինչ պահանջել: Ես հասա նրան:

Երբ առաջարկեցի մի գավաթ սուրճ խմել դիմացի սրճարանում, նա նախ զարմացավ, հետո թափ տվեց շորերն ու ինձնից առաջ ընկավ:

Մենք սրճարանում էինք: Մատուցողը մոտեցավ սեղանին, մի զզվելի հայացք նետեց գարշահոտ  ծերուկի դեմքին ու ինձ հարցրեց պատվերի մասին: Ես նախ խնդրեցի ուղեկցիցս հարցնել.

-Ի՞նչ եք ուզում,- առանց գլուխը թեքելու՝ հարցրեց մատուցողը:

Ծերուկս խեղճացած հայացքով փորձեց մի բառ արտաբերել, բայց զգալով, որ ես իրեն եմ նայում, ծոր տվեց.

-Ինչ -որ աղջիկն ուզի:

Ես այդ պահին միայն մի մտորելիք ունեի, եւ ուղեղս ծանրաբեռնված էր դրանով. ուռած շուրթերով կարճլիկ այդ մատուցողուհու դեմքին մի լավ հասցնել ու հետո պատվերը խնդրել ծերուկից:

-Տվեք սրբիչը ձեր ձեռքի:

Մատուցողուհին առանց երկար մտածելու տվեց սրբիչը: Սեղանին երկու բիծ էր:

-Ո՞րը մաքրեմ,- հարցրի ես:

Նա քարի պես լուռ էր:

-Դե, ո՞րը մաքրեմ:

-Ես... Չգիտեմ...

-Ասա...

-Սա:

Նա ցույց տվեց ձախ կողմի բիծը: Ես սկսեցի եռանդով մաքրել աջինը: Մեծ դժվարությամբ բիծը մաքրվեց: Մատուցողուհին կանգնած էր լուռ:

-Հ՞ն... Կողքինը մաքրվու°մ է,- հարցրի ես: Տեսնու°մ ես, որ մեկի մաքրվելու դեպքում մյուսը չի մաքրվում: Բեր, բեր... Երկու նարնջի հյութ բեր: Մեկ է` քո սեղանի նման անլվա են:

Մատուցողուհին շփոթմունքից թողեց սրբիչը սեղանին ու հեռացավ: Ես վառեցի ծխախոտս:

-Կուզե՞ս,- հարցրի ծերուկին:

Նա զարմացած փոքրիկի պես նայում էր դեմքիս:

-Ես... պետք է գնամ բեռ բարձելու:

-Հա, որ առավոտվա պես գետնին թափես ու հետո բարձես, չէ՞...

Նա ավելի շվարեց. ճիշտ հարեւանիս հնգամյա երեխայի պես, որ գողացել էր սանրս ու շփոթվել, երբ նրան նորը նվիրեցի հաջորդ իսկ օրը:

Հյութն այլ մատուցողուհի բերեց: Այդ թռչնակին ես փորձության չենթարկեցի:

Քիչ անց հաստավիզ մեկը հայտնվեց սեղանի մոտ:

-Դուրս արի, ի՞նչ ես էստեղ նստել,- գոռաց նա ուղեկցիս վրա:

-Նա ինձ հետ է:

-Հետո ի՞նչ... Էլ բոմժ չէ՞ր մնացել ` էստեղ գա:

Ես լարվել էի: Ծերուկն արդեն ոտքի էր կանգնել: Հատակին լցնելով նարնջի հյութը` դուրս թռա սրճարանից: Ծերուկը դեռ մայթին էր` շվարած:

Գլորի՜ր նարինջներդ, որքան ուզում ես,- գոռացի ես:

Մեկնաբանություններ (1)

Amalia
Լավն էր: Կարճ բայց շատ կոնկրետ: Տխուր պատկեր է, որ կողմից էլ նայում ես. փնթի, անդաստիարակ և կյանքից դժգոհ մատուցողներ, նվաստ, մերժված ու փնթի ժողովուրդ, հարուստ, հաստավիզ ու ավելի անդաստիարակ ստրկատեր-գործատուներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter