HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

«Այլևս բարոյական հաղթանակներն անբարոյական են»

 Վարդան Մամիկոնյանի արձանին հարակից տարածքում մեկնարկել է Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքը` ի պաշտպանություն թիվ 10 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի: Հանրահավաքը բացեց և այն վարում է ՀՀՇ վարչության անդամ Արամ Մանուկյանը: Նա նշեց, որ իրենք պայքարի են դուրս եկել հետևյալ կարգախոսով` «այլևս բարոյական հաղթանակներն անբարոյական են»:

Արամ Մանուկյանը հիշեց, որ Խորհրդային Միության փլուզման տարիներին հայ ժողովուրդը սատար է կանգնել «Ուզբեկստանում մաֆիայի դեմ համառ պայքար մղող քաղբանտարկյալներ Թելման Գդլյանին և Նիկոլայ Իվանկովին», որոնց 1990-95 թթ. դարձրել է ՀՀ ԱԺ պատգամավորներ: Եթե ժամանակին սատարել ենք օտարազգի քաղբանտարկյալի, ուրեմն, Արամ Մանուկյանի խոսքերով` ամոթ մեզ, «եթե Նիկոլ Փաշինյանի անվտանգության, ազատության պաշտպանության գործը չվերցնենք մեզ վրա»: Հանրահավաքին առաջինը ելույթ ունեցավ Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչ Արամազդ Ղալամքարյանը: Նա նշեց, որ քիչ առաջ է եկել անազատության մեջ գտնվող Փաշինյանի մոտից, վերջինի անունից ողջունեց բոլորին ու շեշտեց, որ «այսօրվա պայքարը ոչ թե հանուն աթոռի է, այլ հանուն սրտերի, ոչ թե հանուն վայելքների, այլ հոգիների, ոչ թե հարստության, այլ մտքերի»: Ըստ Արամազդ Ղալամքարյանի` հունվարի 10-ի ընտրություններում Փաշինյանի հաղթանակով վերջինիս սատարող Հայ ազգային կոնգրեսը չի հաղթելու` պարտության մատնելով ինչ-որ կուսակցության, կամ հակառակը: Նրա խոսքերով` Փաշինյանի հաղթանակով հաղթելու է Հայաստանի Հանրապետությունը, իսկ պարտությամբ` տանուլ է տալու մեր երկրի ապագան: Հանրահավաքը վարող Արամ Մանուկյանը նշեց, որ երբևէ քաղաքական միավորը` ՀԱԿ-ը, «այդքան խիտ» չի եղել, ինչպես այսօր, և ՀԱԿ-ի բոլոր անդամ-միավորները պաշտպանում են Նիկոլ Փաշինյանին, ու այդ պաշտպանությունն ավելի է ուժեղանում հատկապես նախկին քաղբանտարկյալների աջակցությամբ: Նա հավաքվածների անունից զորակցություն հայտնեց Հնչակյան կուսակցության վաղը կայանալիք համագումարին և կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանին` վստահեցնելով, որ իշխանություններին չի հաջողվելու իրենց գործն առաջ տանել. «Իշխանություններն ուզում էին «Ժառանգության» միջոցով կոտրել ժողովրդի հավատը: Բայց այդ կուսակցությունից առանձնացավ քաղաքական մի թև», որն ակտիվ լծվել է երկրում սահմանադրական կարգի վերականգնման պայքարին: Հանրահավաքին ելույթ ունեցավ նաև «Ժառանգություն» կուսակցությունից առանձնացած թևի ներկայացուցիչ Արթուր Սարդարյանը` հայտարարելով, որ իրենց հասարակական-քաղաքական նախաձեռնությունը միանում է ՀԱԿ-ին և այդ անդամակցությունը նվիրում է «քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի հաղթանակին»: Ելույթ ունեցավ նաև, ինչպես Արամ Մանուկյանը ներկայացրեց, «նախկին քաղբանտարկյալ և Նիկոլ Փաշինյանի ընկեր Միքայել Հայրապետյանը»: Վերջինս ասաց, որ որևէ մեկը չի հավատում, թե այս երկրում հնարավոր է ընտրություններով ինչ-որ բան փոխել. «Մենք պետք է 100 տոկոսով ասենք` Նիկոլ, իրենք (իշխանությունները) պետք է 100 տոկոսով կեղծեն և խեղդվեն այդ կեղծիքի մեջ: Սա է խնդիրը»,- հայտարարեց Միքայել Հայրապետյանը: Ելույթ ունեցավ նաև թիվ 10 ընտրատարածքում իր թեկնածությունը հօգուտ Նիկոլ Փաշինյանի հանած Հմայակ Հովհաննիսյանը: Հանրահավաքը շարունակվում է: Այս պահին ելույթ է ունենում ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը: Մարդկանց հոսքը` դեպի Մամիկոնյանի արձանի տարածք շարունակվում է: Ըստ երևույթին` հավաքվածները սպասում են առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter