HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Օտարալեզու դպրոցների դեմ հանդես եկողների անելիքները կհստակեցվեն համաժողովից հետո

Առաջիկայում «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական նախաձեռնությունը պատրաստվում է անցկացնել համաժողով, որից հետո կհստակեցնի օտարալեզու դպրոցների բացումը կանխելու ուղղությամբ իր անելիքները: Համաժողովի կոնկրետ օրն ու վայրը դեռ քննարկվում են: Այս մասին «Հետքին» ասաց նախաձեռնության անդամ Արամ Ապատյանը:

Հիշեցնենք, որ 2010թ. դեկտեմբերի 22-ին Ազգային ժողովը 69 կողմ, 1 դեմ ձայնով երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, որը հնարավոր է դարձնում Հայաստանում օտարալեզու դպրոցների բացումը:

Օրենքները փոփոխելու՝ կառավարության նախաձեռնությունից հետո քաղաքացիական հասարակությունը բողոքի բազմաթիվ ակցիաներ անցկացրեց, իսկ «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» շարժումը հայտարարեց, որ ավելի ոչ լեգիտիմ օրինագծեր դժվար է պատկերացնել: Չնայած դրան՝ նախագահ Սերժ Սարգսյանը 2011 թ. հունվարի 19-ին ստորագրեց Ազգային ժողովի ընդունած օրենքները:

Արամ Ապատյանի խոսքերով՝ Սերժ Սարգսյանի կողմից օրենքները ստորագրվելուց հետո մտահոգիչ զարգացումներ կան, և օտարալեզու դպրոցների ընդդիմախոսների անհանգստությունն աճել է:

«Տարբեր օտարալեզու դպրոցներ բացվել են, կամ նախատեսվում է, որ պետք է բացվեն: Խոսքը Քվանտ վարժարանի մասին է: Ֆրանսիայի և Գերմանիայի դեսպանատները ևս ցանկանում են օտարալեզու ավագ դպրոց բացել Հայաստանում: Դա ասել էր պրն Աշոտյանը դեռ այս տարվա սկզբին: Նաև քաղաքապետը դիմել էր Թայլանդի դպրոցի հիմնադրին այն ցանկությամբ, որ Հայաստանում բացվի նման մի Ռեգենտների դպրոց: Ճիշտ է, մենք չիմացանք՝ որևէ պատասխան եղա՞վ Ռեգենտների դպրոցի հիմնադրի կողմից, թե՞ ոչ, բայց ամեն դեպքում այս ամենը շատ մտահոգիչ է»,- ասաց Արամ Ապատյանը:

«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական նախաձեռնությունը նաև պատրաստվում է առաջիկայում դիմել արտասահմանյան այն կազմակերպություններին, կառավարություններին ու անհատներին, որոնք մտադիր են այս կամ այն կերպ սատարել Հայաստանում օտարալեզու դպրոցների բացմանը, և կոչ անել դրա փոխարեն աջակցել հայալեզու կրթության բարելավմանը:

Քաղաքացիական նախաձեռնության համոզմամբ՝ միջազգային օտարալեզու կրթական ծրագրերի որակը պայմանավորված է ոչ թե այս կամ այն լեզվով լինելու հանգամանքով, այլ բովանդակությամբ: Հետևաբար, այդ բովանդակությունն անհրաժեշտ է թարգմանել հայերեն և ներմուծել հայկական դպրոց՝ հասանելի դարձնելով բոլոր աշակերտների համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter